Այսպէս է ասում Տէրը. «Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը» (Առակներ 11:2-3)

Վարդան Այգեկցի.Մարդիկ պետք է ճանաչեն` օրհնաբանեն, փառաբանեն Աստծո շնորհը և ոչ մարդուն

Ես` ողորմելի Վարդանս, որ Մարաթայից եմ, Դրազարկ ուխտի մենակայացներից, բազում անգամներ խորհեցի առակներով այլաբաներով գրել տաս վաճառականների և ութ որոգայթների մասին և գտնել ութ մեղքերին նմանվող որոգայթները, և այդ մեղքերի միջոցով խոսել ձեզ հետ ո˜վ Աստծո քահանաներ, բարեպաշտ իշխաններ և Քրիստոս աստծո հավատավոր ժողովուրդ: Եվ խորհեցի այդ ութ մեղքերի մեջ հավաքել բոլոր մեղքերը և բարեգործությունները:

Եվ շատ չարչարվեցի, փորձեցի սկսել և հաջողություն չունեցա, տրտմած վարանեցի, բայց հետո ստույգ հասկացա, որ իմ անչափ անօրենությունները խավարեցրել են իմ միտքը և կապել լեզուս ու շրթներն իմ. բայց անոխակալ Աստված ըստ իմ մեղքերի չգործեց, այլ ընդհանուրի օգուտի, քանի որ Աստված սիրում է և կամենում է օգուտ անել հասրակությանը:

Եվ մի գիշեր քնիս մեջ տեսա, թե իմ բերանը լցված է սև այծի մազերով, շունչն իմ կտրվում էր և սրտի տագնապից չէի կարող խոսել. ձեռքս տանելով բերանս սկսեցի փունջ առ փունջ հանել այդ մազերը և երբ դուրս էի հանում սաստիկ դուրեկան էր ինձ, բայց գարշահոտ էր գալիս նրանից, ես գոչեցի բարձր ձայնով և այդ հոտը կուպրի նման ռունգներիցս դուրս եկավ:Եվ ինձ տեսա մի գետի վրա, որը սաստիկ ջինջ էր ու խաղաղ և շատ ցանկալի: Եվ ձեռքիս գավազանը գցում էի նրա մեջ և ջուր էի հանում բանջարները ջրելու համար:

Եվ ահա հանկարծակի արթնացա, օրհնելով փառավորեցի ողորմած Աստծուն, որ գարշանք չզգաց մեղքի մեջ շաղախված իմ անձից այլ տվեց ձրի շնորհը անարժանիս, քանի որ մարդասերն Աստված կարող է մեղավորների ձեռքով փրկություն բերել շատերին: Այնպես ինչպես Սինա վրա մարգարեացան Հովդատն ու Մովդատը, Բաղամը կռապաշտ էր բայց ունեցավ սքանչելի մարգարեություն: Իսկ Գեդեոնին Աստված վերցրեց կռապաշտության տնից նրանով փրկելով Իսրաելի տունը:

Սավուղը մարգարեացավ. և այս ամենը Աստված նրա համար է գործում, որ մարդիկ ճանաչեն, որ պետք է օրհնաբանեն փառաբանեն Աստծո շնորհը և ոչ մարդուն:

Գրաբարից փոխադրեց` Տեր Շահե քահանա Հայրապետյանը
Աղբյուր՝ Մագաղաթ․am: