Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Ողջ աշխարհի ցավն ես զգում, երբ խաչված ես

Չգիտեմ, հայտնի՞ է քեզ արդյոք, որ անգլերեն kiss բառը համբուրել է նշանակում: Այն հունարեն κυνέω (inf. κύσσαι) բայից է առաջացել, որը նույն նշանակությունն ունի: Իսկ προσκυνω նշանակում է առաջ գնալ ու համբուրել, այդ պատճառով էլ ասում ենք, որ երկրպագում ենք սրբապատկերներին, այսինքն մի քայլ առաջ ենք գնում, խոնարհվում ու համբուրում ենք սրբապատկերը:

Հիմա ես քեզ մեկ այլ տեղ կտանեմ՝ Խաչի մոտ:

Ասում ենք, որ երկրպագում ենք Խաչին, որը մեզ ստիպում է ցավ զգալ, այսինքն մոտենում ենք նրան, խոնարհվում ու համբուրում ենք: Եվ ահա այնտեղ, Խաչի մոտ ես ինչ-որ բան հասկացա: Ինչպե՞ս համբուրել, եթե այն մեզ ստիպում է ցավ ապրել: Բայց ամեն ինչ հենց դրանում է. Քրիստոսի կողքին ես գտնվում ու սեր ես զգում Նրա հանդեպ, իսկ հետո նայում ես Խաչին և երբ ուժեղ ցավ է առաջանում քեզ մոտ՝ չես շրջվում նրանից, այլ համբուրում ես:

Խաչը ստիպում է քեզ ուժգին ցավ զգալ, և տարօրինակ ու հակասական է համբուրել այն, ինչ ցավ ու արցունքներ է առաջացնում քեզ մոտ, բայց նրանից շրջվելու փոխարեն ուզում ես գրկել այն: Եկեղեցեկան տոների ժամանակ եկեղեցի ես գալիս, օրինակ՝ Սուրբ Խաչի տոնին, ուզում ես համբուրել այն, բայց ինչ-որ մեկն ասում է. «Ախր ցավոտ է: Խաչը հենց ցավ է նշանակում»: Դու համբուրում ես Խաչը, որովհետև մտածում ես, որ այլ ճանապարհ չկա, բայց կա. կարող ես ընդվզել, հակառակվել, հեռանալ, զայրանալ, հիասթափվել ու ինքդ քեզ ասել. «Ընդհանուր ի՞նչ ունեմ այս ամենի հետ»:

Եվ ի՞նչ տեղի կունենա այդ ժամանակ: Ի՞նչ կփոխվի:

Եթե թողնես Խաչը, ապա մեկ այլ մտադրությամբ կկրես այն, բայց միևնույն է կկրես: Եվ եթե նույնիսկ փորձես փախչել, ապա միևնույն է չես կարողանա, ինչ էլ անես, միևնույն է, պիտի Խաչը տանես: Միևնույն է կտանես: Ինձ ասացիր, որ ուրիշները ուրախ-զվարթ ապրում են և միայն դու ես ուժեղ ցավ զգում և ահա հարցնում ես. «Այս ի՞նչ է ինձ հետ կատարվում, ինչո՞ւ է այս ամենն իմ գլխին թափվել»: Վատառողջություն, հետազոտություններ, հիվանդանոցներ, հոգեկան ցավ, դժվար հարաբերություններ, ֆինանսական անբավարարություն, բժիշկներ ու դեղեր… Այդքա՜ն խնդիրներ:

Մի անգամ էլ ասացիր, որ նախանձում ես ուրիշներին՝ նրանք նորմալ կյանքով են ապրում, ուրախ են, երջանիկ ու չեն տառապում այնպես, ինչպես դու: Հիշո՞ւմ ես, թե քեզ ինչ հարցրեցի այն ժամանակ: «Այդ ի՞նչ կենսուրախ ու երջանիկ մարդիկ են, որոնց հետ այնպիսի բաներ չեն պատահում, ինչպես քեզ հետ: Որոնք չեն տառապում: Այդ ո՞ւմ նկատի ունես»: «Նրանց, ում մոտ ամեն ինչ հրաշալի է»,- պատախանեցիր:

Բայց ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր, քո կարծիքով, հրաշալի ժամանակ են անցկացնում և նրանց մասին շատ ավելին գիտեմ, քան՝ դու: Եվ ես քեզ պատասխանեցի, որ դու սխալվում ես, որ նրանք էլ են ուժեղ ցավ ապրում, իսկ դու զարմացար ու մի քիչ հանգստացար:

Այդպիսի մարդ չկա, որ իր Խաչը չտանի: Հարուստ ու աղքատ, գեղեցիկ ու տգեղ, բարձրահասակ ու կարճահասակ, և՛ կանայք, և՛ տղամարդիկ, և՛ երեխաները, և՛ այն մարդիկ, որոնց անհոգ կյանքին նախանձում ես. բոլորն իրենց Խաչն ունեն: Հնարավոր է նրանք ուրախանում են իրենց առողջությամբ, որը, ենթադրենք, դու չունես, բայց միևնույն ժամանակ հոգեկան ցավ են ապրում կամ ծանր իրավիճակում են գտնվում:

Այդպիսի մարդ չկա, որ Խաչ չունենա, ուղղակի ոչ բոլորինն է այնպիսին, ինչպիսին քոնն է: Երբ մարդն իր Խաչն է կրում, ապա բնական է, որ նրան թվում է, թե իրեն ամենածանրն է բաժին հասել. «Իմ կրածն ամենասարսափելին է, որ կարող է այս աշխարհում լինել»:

Անբացատրելի մեծագույն արժեք է խաչ ունենալը: Մեծագույն խորհուրդ է և ես չգիտեմ, թե քեզ ինչպես բացատրեմ: Երբ ինձ մոտ ես գալիս՝ բողոքելու, ոչինչ չեմ կարող պատասխանել, չեմ կարող առարկել, չեմ կարող խելացի ձևանալ:

Դա այն պահերից մեկն է, երբ զգում եմ, որ ասելու բան չունեմ, չգիտեմ, պատասխան չունեմ: Ինքս էլ տարակուսանքով, զարմանքով, հարցերով, բացականչություններով լի եմ Աստծո առջև, ինչպես ուզում ես, այնպես էլ անվանիր, իմ տարակուսանքը քոնին եմ միացնում՝ այն վերածելով աղոթքի:

Հիշո՞ւմ ես, որ Անտոն Մեծը նույն հարցը տվեց Աստծուն.

- Տե՛ր Աստված, ինչո՞ւ է այդպես. հարուստ մարդիկ լավ են ապրում, առանց հիվանդանալու ապրում են մինչև խոր ծերություն, չեն տառապում, ոչնչի մասին չեն անհանգստանում և ամեն ինչ լավ է նրանց մոտ: Իսկ աղքատ, համեստ, ազնիվ, արդար մարդն այդքան ուժգին է տառապում… Ինչո՞ւ է այդպես: Ինչո՞ւ է մեկը երիտասարդ մահանում՝ չհասցնելով ուրախանալ այս կյանքում, իսկ մյուսը, ճոխության, հաճույքների, անառակության մեջ մինչև 95-100 տարեկան ապրում է, ասես մոռանալով մյուս կյանք գնալու մասին, և մահանում է խորը ծերության հասակում: Մի՞թե արդարացի է: Ինչպե՞ս տանենք այն խաչերը, որ տալիս ես: Ինչպե՞ս նայենք դրանց:

Այս հարցերն էր տալիս սուրբ Անտոնը, նաև ուրիշներն են տալիս, ոչ միայն դու, շատ շատերն են այդ մասին մտածում, երբ ծանր փորձությունների մեջ են գտնվում: Բայց նա իր հարցերն աղոթքի վերածեց, այլ ոչ թե՝ աստվածանարգության, վրդովմունքի ու ցասման, այլ հենց աղոթքի, և ասաց.

- Տե՛ր, ասա՛ ինձ, բացի՛ր այդ գաղտնիքը:

Եվ Տերը պատասխանեց նրան.

- Անտո՛ն, դու քո գործերին հետևիր, այլ ոչ թե Իմ: Դրանք Իմ գաղտնիքներն են, որոնք չեն կարող քո ուղեղում տեղավորվել: Դու տանջվում ես այդ հարցերի պատճառով, որովհետև դրանք քո ուժերից վեր են, դրանք քեզ չեն վերաբերում, ուսերդ չեն կարող դրանք կրել:

Եթե քեզ որևէ հավասարում սովորեցնեն, ապա սովորելուց մի քանի րոպե անց կմոռանաս այն: Եթե աշակերտ ես ու քեզ գրատախտակի մոտ կանչեն ու մի շաբաթ առաջ անցած հանձնարարությունը հարցնեն, ապա չես կարողանա հիշել այն: Դու, ում ուղեղն այդքան փոքր, խղճուկ, տկար ու սահմանափակ է, ուզում ես անիմանալին հասկանալ, իմանալ այն գաղտնիքները, որ չես կարողանա հասկանալ:

Դու դրանք չես հասկանա և դրանք քեզ չեն վերաբերում: Միակ բանը, որ կարող ես հասկանալ այն է, որ Աստված Սեր է: Բայց ինչպե՞ս դա հասկանաս, եթե քեզ թվում է, որ Նա այդքան դաժան է քո նկատմամբ: Ինչպե՞ս պիտի հասկանաս, որ Աստված Սեր է, եթե ասում ես, որ Նա դաժան է:

Մի անգամ, այն դպրոցում, որտեղ դասավանդում եմ, ուսուցիչներից մեկն ինձ մոտեցավ: Այն ժամանակ Հայիթիում երկրաշարժ էր տեղի ունեցել, որի արդյունքում հազարավոր մարդիկ էին մահացել, փոքրիկ երեխաներ էին հայտնվել փլատակների տակ: Նա ուսուցչանոց մտավ ու շշուկով ինձ հարցրեց, որպեսզի մյուսները չլսեն ու չվրդովվեն.

- Հիմա ի՞նչ պիտի ասենք երեխաներին, երբ Աստծո մասին հարցնեն, հարցնեն, թե Նա ինչպե՞ս կարող է այդպիսին լինել: Ի՞նչ պիտի պատասխանենք:

- Ինչո՞ւ ես շշուկով խոսում:

- Որպեսզի մեզ չլսեն:

- Բայց դա բոլորի համար է հարցական: Նույնիսկ՝ ինձ, չնայած, որ ես հոգևորական եմ: Նույնիսկ մեծագույն սրբերն էին այդ մասին Աստծուն հարցնում՝ չհասկանալով, թե ինչպես կարելի է սերը ցավի հետ համատեղել, ողորմածությունը՝ տառապանքի, բարությունը՝ արյան, Աստվածային խաղաղությունը՝ երկրաշարժի, որ ամեն ինչ կործանում է: Այդ ամենն ինչպե՞ս են միմյանց հետ զուգակցվում: Ինչպե՞ս են համատեղվում:

Նա ասաց, որ երեխաները ցնցված են, նրանցից շատերը հարցնում են. «Աստված ինչո՞ւ թույլ տվեց»:

- Եվ ի՞նչ ես նրանց պատասխանում:

- Փորձում եմ քննարկել նրանց հետ, փիլիսոփա եմ ձևանում: Իսկ դու ի՞նչ կասեիր:

- Ի՞նչ կարող եմ ասել: Ազնվորեն ասում եմ. «Ես չգիտեմ: Չգիտեմ: Երեխանե՛ր, եկե՛ք աղոթենք, եկե՛ք մեր ցավն աղոթքի վերածենք ու արտասանենք այն Աստծո առջև: Ու եկե՛ք մի փոքր սպասենք, որպեսզի հետո ավելի շատ բան իմանանք:

Տարիներ անց, տասնամյակներ հետո, երբ ամեն ինչ արդեն հետևում մնացած կլինի, մենք ավելի զուսպ կնայենք մեր վշտերին: Մեծ տառապանքների միջով անցնելուց հետո և դեպի անցյալ վերադառնալով, ինքներս մեզ ասում ենք. «Ինձ թվում էր, որ այն, ինչի միջով անցնում էի, ամենասարսափելի բանն էր, բայց ի վերջո դա օգտակար եղավ ինձ: Ավելի հասուն դարձրեց: Ես ավելի ուժեղ դարձա, հոգիս պայծառացավ, մաքրվեց, վերացավ այն բեռը, որ կրում էի իմ մեջ, հեռացան տարատեսակ հիվանդագին վիճակները, ազատվեցի կրքերից ու տկարություններից: Հոգիս փայլեց շնորհիվ այդ ցավի: Այն ժամանակ ես դա չէի հասկանում և մտածում էի, որ չեմ դիմանա, որ ուղղակի անհնար է դիմանալ, որ կփլվեմ, բայց ի վերջո հաղթահարեցի»:

Մի կին բազմիցս ասում էր. «Եթե ես ամուսնուցս երկար ապրեմ, ապա ուղղակի չեմ կարողանա առանց նրա, որովհետև մենք անբաժան ենք…»:

Նրա ամուսինը մահացավ, անցան տարիներ և ահա 30-40 տարի անց, նա բոլորովին այլ կերպ է նայում կյանքին: Իսկ այն ժամանակ այդ բաժանումը մեծագույն տառապանք էր թվում նրան և այդպես էլ կար, նրան թվում էր, թե աշխարհի վերջն է եկել, սակայն վերջը չէր:

Երբ երեխան գնդակ է խաղում, իսկ դու մոտենում ու վերցնում ես այն նրա ձեռքից, ապա նա կարող է ողջ օրը լաց լինել, որովհետև գնդակը նրա համար ամեն ինչ է նշանակում: Բայց դու մեծ ես ու գիտես, որ կյանքում միայն այդ գնդակը չէ, այլ բազում ավելի կարևոր բաներ կան: Դու հասկանում ես, որ նրա լացը փոքր երեխայի լաց է և, որ ժամանակ կգա, երբ նա ուրիշ բանի համար լաց կլինի, մի բանի, որ իրապես արցունքների արժանի է:

Մեզ թվում է, թե սարսափելի բան է կատարվում մեզ հետ, բայց իրականում այդքան էլ այդպես չէ:

Մեր միտքը ճշգրտորեն չի պատկերացնում ամեն բան: Հարյուր տարի անց հետք էլ չի մնա այն ամենից, ինչն այսօր անհանգստացնում է մեզ, ինչն անտանելի ցավ, վիշտ, բոլոր հնարավոր Խաչերից ծանրագույնն է թվում ու ապագայում Հարություն է դառնալու: Դա լույս ու ցնծություն կլինի, մեր հոգիներն իրենց այնպես կզգան, ասես լողացել ես ու թեթևություն ես զգում, քեզ անկշիռ ու մաքուր ես զգում և ասում ես. «Այժմ այլ կերպ եմ նայում ամեն ինչին»:

Եթե չես ուզում ընդունել այն, ինչ հիմա քեզ ասում եմ՝ մի ընդունիր: Ապրելու ուրիշ եղանակ գտիր: Ճամփան բաց է, ինքդ ես ընտրում, թե ինչպես մտածել: Կարող ես փորձել հեռանալ Խաչից, գոռալ կամ նույնիսկ հայհոյել այն, Խաչը կարող է քո համառության ու ընդվզման պատճառը դառնալ՝ քո իրավունքն է: Բայց եթե Խաչը միասնության պատճառ դառնա ու դու միավորվես դրա ու Նրա հետ, Ով խաչի վրա է, այնժամ Քրիստոսի հոգու հատկանիշները, Նրա բնավորությունը քեզ կփոխանցվեն: Եթե դիմադրում ես, ուզում ես Խաչիցդ ցած իջնել ու ըմբոստանում ես, ապա ոչինչ չես շահի: Հապա մտածիր Խաչյալ Քրիստոսի մասին: Նա Իր բարությունը, ողջ Իր սերը ցույց տվեց Խաչի վրա, Նրա հոգին ծաղկեց՝ իր քաղցրությունն ու գեղեցկությունը սփռելով, Նրա սիրտն այնքան մեծ դարձավ… Նա սիրեց, միավորեց, ներեց բոլորին, Նա լույս ու շող էր սփռում, որոնք ողջ աշխարհը փոխեցին: Այդ ամենն առանց Խաչի չէր լինի:

Քրիստոսի խաչը ոչ թե դառնություն, այլ բարություն է շողարձակում: Նա տարածեց Իր ձեռքերն ու ողջ աշխարհն ընդգրկեց:

Խաչը քեզ էլ այդպիսին կդարձնի, եթե իհարկե ընդունես այն: Բայց եթե այլ կերպ նայես նրան, դա տեղի չի ունենա: Եթե Խաչը նյարդայնացնում է քեզ, չարանում ես, բարկանում, մի կողմ ես վանում քեզնից, ապա միայն վերքերդ ես խորացնում դրանով ու ոչ մի օգուտ չես ստանում: Բայց եթե Խաչը քեզ Քրիստոսի հետ միավորող նշան է դառնում. «Մնացե՛ք իմ մեջ, և ես՝ ձեր մեջ» (Հովհ. 15:4): Որտե՞ղ: Ամենո՛ւր: Խաչի վրա էլ: Այնտեղ կճանաչեք Ինձ, այնտեղ Իմ մեջ կտեսնեք այն, ինչ այլ կերպ հնարավոր չէ տեսնել: Այնտեղ Իմ բարությունը ձերը կդառնա, Իմ սերը ձեր սերը կդառնա: Այնտեղ կսովորեք ներել, որովհետև Ես ձեզ կփոխանցեմ այն, ինչ Խաչի վրա զգացի:

Դժվար է, և գիտեմ, որ այժմ, երբ լսում ես ինձ, այնպիսի ցավ ես զգում, որն անծանոթ է ինձ, որովհետև ամեն մեկիս ցավը մերն է: Բայց գիտեմ, որ Տերը քեզ վնաս չի պատճառի: Միայն լավը կտա քեզ: Եվ ամենալավը քո տառապանքից կստացվի, որովհետև երբ քեզ խաչեն, երբ ցավ զգաս, լաց լինես, այն ժամանակ հոգիդ գեղեցկություն ձեռք կբերի, որը շատ է տարբերվում նրանից, որն այլ ճանապարհով են ստանում, երբ շուրթերին շրթներկ են քսում, մազերն են հարդարում և օծանելիք ցանում: Այդ ամենն այս աշխարհի մակերեսային գեղեցկությունն է:

Իսկ խաչն այլ գեղեցկություն է պարգևում՝ քեզ հնարավորություն է ընձեռվում ցավի միջոցով մաքրվելու, որպեսզի միջիցդ դուրս գա այն, ինչ այլ եղանակով ոչ մի կերպ դուրս չի գա:

Օրինակ՝ ինչպե՞ս սովորես համբերել: Այն քո սրտում է թաքնվում, դա հարստություն է, հասունություն, իմաստություն, բայց ինչպե՞ս վեր ելնի: Ինչպե՞ս պիտի սովորես ուրիշներին հասկանալ, եթե ինքդ տառապանք չես կրել: Երբ խոսում ես մեկի հետ, ով գիտի, թե ցավն ինչ է, ապա նկատում ես, որ նա հասկանում է քեզ: Տառապանքիդ մասին պատմելով, տեսնում ես, որ նա լսում է քեզ, նայում է քեզ, նրա աչքերը կարծես քո արցունքներով են լալիս և ականջներն այնպես են լսում, ասես իրենց սեփական լացը լսելիս լինեն: Իսկ այն մարդն, ով դեռ ոչինչ չի վերապրել, դեռը ինքը չի արտասվել, նույնպես քեզ լսում է, բայց մակերեսորեն, նա չի կարող քո ցավն զգալ:

Օրինակ բերեմ՝ եթե այրին կամ իրենց երեխային կորցրած ծնողները, հետագայում, երբ նրանց կողքին գտնվող ինչ-որ մեկը ցավ ապրի ու նրանք խոսեն նրա հետ, ապա այդ մարդը կզգա, որ նրանց աչքերում ինչ-որ բան է ճառագում, որովհետև մի քանի ամիս առաջ, երբ նրանց երեխան մահացավ, այդ ծնողները շատ տառապեցին ու լաց եղան: Նրանք մտախոհ էին, մտորումների մեջ, հարցեր էին տալիս իրենք իրենց: Դա նրանց հասուն դարձրեց և այժմ, երբ դու խոսում ես նրանց հետ, նրանք քեզ զգում ու հասկանում են:

Կհարցնես՝ մի՞թե ուրիշին հասկանալու համար պետք է նման սարսափելի բաների միջով անցնել: Բայց ես այդ հարցիդ չեմ պատասխանի:

Սակայն սա ցույց է տալիս, որ մարդու կյանքում այլ ճանապարհ չկա բացի ցավի, արցունքների ու տխրության միջով անցնողից: Վիշտ ու Խաչ, սա այն ճանապարհն է, որով բոլոր մարդիկ գնում են: Բացարձակապես բոլորը: Տեսնում ես ոմանք ամուսնանում են, իսկ մյուսները նախանձում են նորապսակներին՝ իբր, ահա, նրանք երջանիկ են, իսկ մենք դատարկաձեռն մնացինք:

Կարող եմ ասել քեզ, որ նրանք էլ իրենց տառապանքն ունեն: Նրանք չեն զգում այն, ինչից դու ես վախենում ու անհանգստանում, բայց նրանց համար էլ նոր տառապանքների ժամանակն է եկել՝ նորապսակների, ծնողների տառապանքների: Դու երեխա չունես և դա քո Խաչն է, իսկ նրանք ունեն և հնարավոր է, որ դա էլ նրանց Խաչը դառնա: Մտածի՛ր այդ մասին:

(Շարունակելի)

Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am: