Այսպէս է ասում Տէրը. «Որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ» (Ղուկասի 12:2-3)

Ընտանիքի ամրութեան պայմաններից մէկը

«Միմեանց բեռը կրեցէ´ք եւ այդպիսով կատարեցէք Քրիստոսի օրէնքը»: (Գաղատ. 6:2)

Ինչպիսի՞ն է այսօր աշխարհը: Այն բզկտւում է չարութեամբ, ատելութեամբ, հակառակութեամբ: Իսկ ինչպէ՞ս պիտի մենք ապրենք: Մենք` քրիստոնեաներս, հնարաւորութեան սահմաններում պիտի ապրենք անխախտ միութեան եւ միմեանց ծառայելու պայմաններում:

Պօղոս առաքեալն ասում է, որ բարձրագոյն ճանապարհը սիրոյ ճանապարհն է: Ցաւօք, սէր բառը, որ յաճախ է գործածւում, դարձել է սովորական, կորցրել է իր հարազատ իմաստը: Ուստի փորձենք անդրադառնալ սիրոյ խորհրդին, քանի որ մանաւանդ ընտանիքի ամրութեան, կայունութեան համար այն հիմնական երաշխիքն է:

«Սէրն իրենը չի փնտրում» (Ա Կորնթ. 13:5): Սէրը նուիրումի, տրման զգացմունք է, որը չի փնտրում իր շահը: Իսկ մենք, ցաւօք, միշտ մերն ենք փնտրում… Մենք մերն ենք փնտրում ե´ւ Աստծուն դիմելիս, ե´ւ այլ մարդկանց հետ փոխյարաբերութիւնների մէջ: Իսկ առաքեալն ասում է¸ կրկնելով Տիրոջ խօսքը. «Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը» (Գործք 20:35): Յաճախակի յիշենք այս երանին ամուսնական կեանքի պատասխանատու պահերին: Եւ խնդրենք Տիրոջը. «Տէր, սովորեցրու մեզ հետեւել Քո ճանապարհին եւ ողորմիր մեզ` մեղաւորներիս»:

«Սէրը համբերող է, … ամէն բանի դիմանում է» (Ա Կորնթ. 13:4,7): Իսկ մեր համբերութիւնը չի բաւարարում, մենք միշտ խռովուած, բարկացած, գրգռուած վիճակում ենք: Ոչ միայն սեփական ինքնազգացողութիւնից, շրջապատող աշխարհից, այլեւ ամէն բանից, ինչի մենք առնչւում ենք, մեր մէջ բողոք ու անբաւարարութիւն է առաջանում: Եւ այսպիսով, մենք մատնում ենք մեր հոգու թուլութիւնը, քանի որ համբերութիւնն է այն քարը, ապառաժ հիմքը, որի վրայ ամէն ինչ կառուցւում է, մանաւանդ՝ սուրբ, քրիստոնէական ընտանիքը:

«Սէրը քաղցրաբարոյ է» (Ա Կորնթ. 13:4), այսինքն` ողորմած է, կարեկցող, ուրիշին ցաւակցող: Ինքներս մեզ հարցնենք. կա՞յ այդ զգացմունքը մեր մէջ, մեր ընտանիքում: Պարզւում է` շատ քիչ, շատ թոյլ: Տէ´ր, ներիր մեզ` մեղաւորներիս, եւ ողորմիր:

Առաքեալն ասում է, որ եթէ մարդը մեծ հաւատ ունենայ, բայց սէր չունենայ, ապա կնմանուի հնչող պղնձի կամ դատարկ ծնծղայի (տե´ս Ա Կորնթ. 13:1): Ոչինչ չի կարող փոխարինել սիրոյ այդ զօրութեանը` տալո´ւ զօրութեանը:

Եթէ մեր մէջ ցանկութիւն է առաջանում դատելու ուրիշներին, ապա մենք սէր չունենք: Եթէ մենք միշտ ուրիշների մէջ տկարութիւններ, թուլութիւններ եւ թերութիւններ ենք փնտրում, եթէ մեր աչքին առաջին հերթին երեւում է վատը, ստուերայինը, ապա մեր մէջ խաւար է եւ մթութիւն. եւ մեր խաւարը դէպի մեզ է ձգում շրջապատող մարդկանց մէջ եղած սեւութիւնը, եւ մենք աւելի ենք հեռանում սիրուց եւ նրա Աղբիւրից` Աստծուց: Մանաւանդ ընտանեկան փոխյարաբերութիւնների մէջ ամուսինները կոչուած են միմեանց բարձրացնելու, ըստ ամենայնի օժանդակելու, օգնելու` վերացնել թերութիւնները, սխալ հակումները, տկարութիւնները, այլ կերպ ասած, օգնելու միմեանց՝ սրբանալ, կատարեալ դառնալ: Իրականում յաճախ այդ թերութիւնները եւ նման միւս երեւոյթները պատճառ են դառնում ընտանեկան վեճերի, գժտութիւնների եւ անգամ բաժանումների: Ամուսինները միշտ պիտի յիշեն իրենց ուխտը` արուած Սուրբ Խորանի առաջ:

Պօղոս առաքեալը սովորեցնում է. «Ուրա´խ եղեք միշտ …» (Փիլիպ. 4:4): Իսկ մենք չափազանց յաճախ լինում ենք վհատութեան, ճնշուածութեան, յուսահատութեան, տրտնջոցի մէջ: Ընտանիքի բուն նպատակն է մշտական ուրախութիւնը, երանական, երջանիկ վիճակը: Եթէ չկայ սպասուած ուրախութիւնը, ուրեմն Տիրոջ ներկայութեան, Նրա հետ հաղորդակցութեան պակաս կամ բացակայութիւն կայ: Առաքեալն ասում է. «Անդադար աղօթեցէ´ք» (Ա Թես. 5:17): Դա հնարաւո՞ր է արդեօք: Այո´: Դա չի նշանակում մշտապէս կրկնել աղօթքները, այլ՝ ապրել այնպէս, որ քո սիրտը միշտ լինի Աստուծոյ հայեացքի առաջ, երբ դու քայլում ես, երբ կանգնած ես, անգամ… երբ քնած ես: Յիշենք միշտ. առանց Աստուծոյ, Նրանից դուրս, Նրանից հեռու կեանք չկայ:

Տէր, ներիր մեզ` մեղաւորներիս, որ յաճախ մոռանում ենք դրա մասին:

«Ամէն ինչում գոհութի´ւն մատուցեցէք» (Ա Թես. 5:18): Իսկ մենք շատ քիչ ենք շնորհակալութիւն յայտնում մեր ծնողներին, դաստիարակներին, ուսուցիչներին, հարազատներին, բարերարներին եւ հենց Իրեն` Տիրոջը:

Երախտամոռութիւնը շատ ցածր հատկանիշ է. նոյնիսկ կենդանիները երախտագիտութեան զգացում ունեն (օրինակ` շները, ձիերը): Այդ զգացումը չունեցողը (փաստօրէն) աւելի ցածր է, քան՝ անբան անասունները:

Առաքեալը սովորեցնում է. «Միմեանց բեռը կրեցէ´ք» (Գաղ. 6:2): Իսկ մենք ոչ միայն լծակից չենք դառնում, այլ ձգտում ենք ողջ ուժով փախչել: Եւ հակառակը, ամէն բան անում ենք մեր բեռն ուրիշի վրայ գցելու համար եւ չենք կատարում Քրիստոսի օրէնքը: Պսակի օրհնութեան ընթացքում փեսան ու հարսը միասին մէկ բաժակ գինի են խմում` ուխտելով դրանով, որ իրենց համատեղ կեանքի թէ´ քաղցրութիւնները եւ թէ դառնութիւնները (փորձութիւնները, դժուարութիւնները, նեղութիւնները) միշտ պիտի կրեն որպէս մէկ ընդհանուր լուծ` երբեւէ ծանրութիւնը միայն մի կողմի վրայ չթողնելով: Իրականում շատերս յաճախակի դրժում ենք մեր սուրբ ուխտը՝ արուած Տիրոջ առաջ:
Տէր, ներիր մեզ` մեղաւորներիս, եւ ողորմիր:

Քրիստոնէութիւնը քարոզուել է սիրով, ո´չ բռնութեամբ, եւ յաղթել է: Այն յաղթել է, որովհետեւ քրիստոնեաները ամենաբարի, ամենաազնիւ, ամենաուժեղ մարդիկ էին, որոնց հեթանոսները նայում էին նախանձով, եւ որոնց արարքները նրանց զարմանք էին պատճառում: Եկեղեցում տիրապետում էր մարդկայնութիւնը, բարութիւնը, ծառայասիրութիւնը, մաքրութիւնը, ներողամտութիւնը, հանդուրժողականութիւնը, համբերատարութիւնը, մէկը միւսին օգնելու, միմեանց բեռը կրելու անկեղծ պատրաստակամութիւնը: Այս ամէնը սկիզբ էր առնում սուրբ, քրիստոնէական ընտանիքներից եւ լոյսի պէս սփռւում-տարածւում էր համայնքային կեանքում եւ մարդկային փոխյարաբերութիւնների այլ ոլորտներում:

Այսօր էլ, ինչ-որ բան Աւետարանի մասին իմանալուց առաջ մարդիկ նայում են մեզ` քրիստոնեաներիս եւ մեր ընտանիքներին: Իսկ ինչպիսի՞ն ենք մենք. անհաշտ, անհամբեր, չար, մռայլ, տրտնջացող, բամբասկոտ, նախանձ, բարկացկոտ, որկրամոլ, ծոյլ, ագահ… Ըստ էութեան, ապրում ենք այնպէս, կարծես հաւատը մեր կեանքին չի առնչւում:

Ուրեմն, մեր խօսքը եւ գործը բոլորովին հակառակ են իրար, եւ այդ պատճառով մեր եկեղեցական համայնքային կեանքը ուժ չունի մարդկանց դէպի իրեն ձգելու: Նոյնը կարելի է ասել նաեւ այսօրուայ քրիստոնէական ընտանիքների մասին: Լաւ, գեղեցիկ օրինակ լինելու փոխարէն յաճախ գայթակղութիւն են դրանք այլոց :

Այսօր հասարակութեան մէջ փոխուել են ու շարունակում են փոխուել արժէքները, բարու եւ չարի, սխրանքի ու մեղքի պատկերացումները, գնալով ապականւում են բարքերը, մերժւում է ճշմարիտ հոգեւորը, բարոյականը … Ո՞րն է ելքը:

Մօտենալ Աստծուն` հաւատալով Յիսուս Քրիստոսին, ահով եւ երկիւղով մեր փրկութիւնն իրագործելով, աստուածային սիրուց մղուած՝ միմեանց բեռը կրելով, որով կզօրանանք մենք, կամրանան ու կսրբանան մեր ընտանիքները, կպայծառանա մեր Մայր Եկեղեցին եւ շատ-շատերը կդառնան դէպի Աստուած: Տէր Յիսուս Քրիստոս, օգնիր մեզ:

ՄԻՆԱՍ ԱՒ. ՔՀՆ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

«Հոգին է կենդանարար»