Այսպէս է ասում Տէրը. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան» (Տիմոթեոս 2:11-13)

Սարդարապատի հերոսամարտի կանայք. ճակատագրերը եւ բնավորությունը

Թամարա Բեհբութովա

Ծնվել է Թիֆլիսում: Ապրել է Մոսկվայի Պլյուշչիխա փողոցի հսկայական տան առաջին հարկում` զբաղեցնելով մի ընդարձակ բնակարան` ձեռագրերի, գրքերի, ամսագրերի, թերթերի կապուկների մի ամբողջ թանգարան:

1912թ. Թամարան ծնողների հետ մեկնում է Ֆրանսիա` Փարիզում բժշկություն սովորելու:

Պատերազմը սկսվելուց հետո նրա հայրը՝ գնդապետ Օսիպ Բեհբութովը, մեկնում է ճակատ: Նրան է հետեւում նաեւ կինը: Մի օր էլ տուն է գալիս գթության քրոջ համազգեստ հագած Թամարան` զարմացնելով իր Մարիա տատին:

Երիտասարդ Բեհբութովան ծեր իշխանուհուն ասում է. «Եթե իմ նախապապը` Բաշ-Կադիկլարի, Քյուռուկ-Դարայի, Ախալցխայի հերոսը, օսմանների սարսափը` հետևակի գեներալ Վասիլի Օսիպովիչ Բեհբութովը, կենդանի լիներ կօրհներ իմ վճիռը…Դեռ չի եղել մի արդարացի պատերազմ, որին Բեհբութովների կանայք և տղամարդիկ մասնակցած չլինեն»:

Կովկաս թերթի էջերում տպագրվում է երիտասարդ իշխանուհու լուսանկարը. «Հին փառքը նորին է սիրում… իշխանուհի Թամարա Օսիպովնա Բեհբութովան գնում է թուրքերի դեմ պատերազմ, ուր արդեն կռվում են նրա հայրը, մայրը և հորեղբոր 4 տղաները… Բարի՛ ճանապարհ, իշխանուհի՛»:

Ամբողջ պատերազմի ընթացքում նա 3 անգամ եղավ տանը, և նրա կրծքին փայլում էին հերթական պարգևները: Նա Գեորգիևյան 3 մեդալ վաստակեց, որոնք շնորհվում էին մարտերում անմիջական մասնակցության համար:

1917թ. սկզբին Բաղեշ և Վան քաղաքների միջև՝ նահանջող ռուսական բանակի թիկունքում, քուրդ ավազակները հարձակվեցին Բեհբութով ամուսինների կառքի վրա, և Թամարան որբացավ:

Հենց այս օրերին Թամարան հիվանդացավ բծավոր տիֆով: Պողոս Բեկ-Փիրումյանը Թամարայի հոր մոտիկ ծանոթն էր, որի հետևակային գնդում ծառայում էր Թամարան: Վերջինիս գնդապետն ուղարկում է Երևան բուժվելու:

1918թ.Թամարա Բեհբութովան մասնակցում է Սարդարապատի ճակատամարտին` գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանի հետևակային գնդի կազմում: 5-րդ հայկական հրաձգային գունդն ուրախությամբ ընդունեց իր գթության քրոջը:

5 օր ու գիշեր Թամարան իր ներկայությամբ ոգեշնչում էր մարտիկներին: Սարդարապատի հերոսամարտի 6-րդ օրը, երբ թուրքերն ամբողջ ճակատով նահանջում էին, պատահական գնդակը վիրավորում է Թամարային:

Հունիսի կեսերին Բեհբութովային տեղափոխում են Թիֆլիս: Վերքը վտանգավոր չէր, և նա ապաքինվում է:
1918թ. հոկտեմբերից Բեհբութովան ընդունվում է բոլշևիկյան կուսակցության շարքերը: Դեկտեմբերի 2-ին նրան կալանավորում են և գցում Մետեխի բանտ:

1919թ. փետրվարին Վրաստանի մենշևիկները նրան բաց են թողնում բերդից «անկախ վրացական պետության» սահմանը թողնելու պայմանով: Նրան աքսորում են Բաքու: Այստեղ էլ մուսաֆաթականները կալանավորում են նրան, նստեցնում շոգենավ, իսկ նրան ուղեկցող ժանդարմը ծաղրանքով խորհուրդ է տալիս. «Խանու՛մ, կմեկնես Ռուսաստան և հեղափոխություն կանես»:

Աստրախանի նավահանգստում նրան կրկին ձերբակալում են, այս անգամ՝ բոլշևիկները: Նրան փրկում է մանկության ընկեր Արտավազդ Կարաօգանովը, որի հայրը Կարսի հրետանու հրամանատարն էր եղել:

1919թ. մարտի 12-ից Օսիպովնան դառնում է 11-րդ բանակի հատուկ բաժնի աշխատակից: Նրան տալիս են համազգեստ և ատրճանակ: Նա հրաժարվում է այդ համազգեստից և ծառայում քաղաքացիական շրջազգեստով:
Աստրախանում նա շատ բարեկամներ է ձեռք բերում:

Մեկ տարի անց 11-րդ բանակը պատրաստվում էր հարավ արշավել: Նա համաձայնեց մասնակցել արշավին, ուրախացավ, որ շուտով կվերադառնա տուն` Թիֆլիս, Երևան, Կարս: Նա դեռ չէր որոշել, թե Անդրկովկասում որտեղ կապրի սովետական կարգերի հաստատումից հետո:

1920թ. 11-րդ բանակը մոտենում է Բաքվին, ապրիլի 28-ին` մտնում քաղաք: Այստեղ էլ նա հանդիպում է այն ժանդարմական սպային (կարմիր հրամանատարի նոր համազգեստով, հրամանատարական կրծքագոտիներով), որը նրան խորհուրդ էր տվել, թե խանո՛ւմ, կգնաս Ռուսաստան և հեղափոխություն կանես»...

Նույն թվի աշնանը Թամարան առաջադրանք ստացավ անլեգալ անցնել Թիֆլիս: 1921թ. մարտին նա արդեն Թիֆլիսում էր և ծառայում էր բանակի հատուկ բաժնում: 1922թ. օգոստոսին նրան ուղարկում են Երևան:

Հատկապես նրան զայրացնում է տեղական կառավարության վերաբերմունքը Սարդարապատի երեկվա հերոսների նկատմամբ, որոնց հալածում էին ինչպես հանցագործների, բռնում և բանտ էին նստեցնում, աքսորում հյուսիս:

Պողոս Բեկ-Փիրումյանը ինքնասպան է լինում օրը ցերեկով: Հանդիպելով Գևորգ Աթարբեկյանին` նա շպրտում է իր չեկիստի վկայականը և դուրս վազում:

Հետո նա ընդունվում է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտ, ավարտելուց հետո` մնում ասպիրանտուրայում: Ստեփան Շահումյանի անվան կուլտուրայի տանը նրան մոտենում է իրենց ընտանիքի հին բարեկամներից մեկի որդին` Հարզաս Արեշյանը, որն ավարտել էր զինվորական ակադեմիայի արևելյան ֆակուլտետը:

Վերջինս խնդրում է նրան ֆրանսերենից թարգմանել մի փոքրիկ գրքույկ: Ահա այսպես է Թամարան ծանոթանում իր ապագա ամուսնու հետ: Նրանք ամուսնանում են Թիֆլիսում:

Թամարայի ամուսնուն աշխատանքի են նշանակում Թեհրանում` որպես ռազմական կցորդի օգնական: Թամարա Օսիպովնան դեսպանությունում բժշկուհի էր: Շուտով Թամարան որդի է ունենում, որին կոչում են պապի անունով` Վասիլի: 1931թ. ամուսինը վերադառնում է Թեհրանից և նոր աշխատանքի է անցնում Պաշտպանության ժողկոմում: Այդ ժամանակ կուսակցության մեջ սկսվում է հերթական զտումը:

Թամարային առաջարկում են կենսագրության մեջ շտկել 2 կարևոր պահ. «Չի սազում, իբր թե, կուսակցության անդամին հպարտանալ Սարդարապատի ճակատամարտում մասնակցություն ունենալով, ճակատամարտ, որը ամրապնդել է դաշնակների իշխանությունը, չի սազում իբր թե, պարծենալ իր իշխանական ծագմամբ, սրան տեսեք «կապույտ արյու՜ն է»...

Թամարա Օսիպովնան զայրալի նամակով դիմեց կուսակցության Կենտկոմին: Մի՞թե Սարդարապատի պատերի տակ կռվելով թուրք մարդասպանների, բռնացողների դեմ նա ամրապնդել է դաշնակների իշխանությունը, մի՞թե նա ժողովրդի համար չի կռվել:

Կուսակցության զտումը նա անցավ: Ամուսնուն նորից ուղարկում են արտասահման: Եվ նա գնում է մենակ: Նրան այլևս վիճակված չէր վերադառնալ:

Այս ժամանակահատվածում ծնվում է նրանց աղջիկը, որին հայրն այդպես էլ չտեսավ: Ըստ լուրերի, Հարզաս Արեշևին ետ էին կանչել Մոսկվա, ձերբակալել էին հենց կայարանում:

Միայն ամիսներ հետո հայտնի դարձավ, որ գնդակահարել էին որպես «սովետական իշխանությունը տապալելու նպատակով ստեղծված պրոֆաշիստական խմբի մասնակից»: Միաժամանակ անհետանում է նաև հին չեկիստ Արտավազդ Կարաօգանովը, որի հետ Թամարա Օսիպովնան շարունակում էր իր բարեկամությունը:

1937թ. մայիսյան մի գիշեր Թամարային ձերբակալում են` խաբեությամբ տնից հանելով: «Տականքնե՛ր, թու՛յլ տվեք երեխաներին հրաժեշտ տամ» ,-ասում է Թամարան: Սակայն նրան պատասխանում են. «Քո վիժվածքների հետ ոչինչ էլ չի լինի… Ձեզ բոլորիդ էլ սպասում է Վալենտինա Միխայլովնան…»:

Թամարան ցնցվեց. «Վալենտինա Միխայլովնան» նրանց լեզվով նշանակում էր բարձրագույն պատժաչափ: Նրան փակում են ՆԺԳԿ-ի ներքին բանտում` Լուբլյանկայում: Հետո նրան տեղափոխում են Բուտիրյան բանտի 6-րդ խուցը:

Խցում նա հիշում է քննիչ լեյտենանտ Շիրինկինի խոսքերը. «Ստորագրի՛ր, գարշելի՛ էակ, կստիպեմ, կփտեցնեմ… երեխաներիդ էլ»...
Քննիչը նրան տեղափոխում է նույն բանտի Պուգաչևյան աշտարակի մենախուցը: 312 օր ու գիշեր նա անցկացնում է մենության մեջ հաշվելով օրերը, որից հետո կորցնում է օրերի հաշիվը:

Թամարա Բեհբութովան իր կյանքի 10 տարիներն անցկացնում է Կարագանդայի բանտում` կանանց ճամբարում:
Միայն 1947թ. նրան հանկարծ ազատ են արձակում: Հետագայում նա տեղեկանում է, որ իրեն ազատողը եղել էր անվնաս մնացած փոքրաթիվ չեկիստներից մեկը:

Ազատության մեջ Թամարան ստացավ երկու հարված միանգամից. որդին դեռ 1937թ. «հրաժարվել էր ժողովրդի թշնամի ծնողներից»` վերցնելով Նեիզվեստնի ազգանունը: Նա ընդունվել էր Բաումանյան բարձրագույն ուսումնարանը: Երբ սկսվել էր պատերազմը, կամավոր մեկնել էր, դարձել ավագ լեյտենանտ և հերոսի մահով զոհվել Կարպատներում:

Թամարան աղջկան այդպես էլ չի գտնում: Ասում էին, թե նրան տեսել են Աստրախանի հատուկ մանկական ճամբարում: Թամարան մնաց Մոսկվայում: Նրան մասնագիտությամբ աշխատանքի չէին վերցնում: Նրան օգնում են հին ծանոթները, տեղավորում են բակապան աշխատելու:

Թամարան փորձում է վերականգնվել կուսակցության շարքերում: Գրում է կուսակցության Կենտկոմ: Լռություն: Գրում է մարշալ Վորոշիլովին, որին գիտեր անձամբ: Որպես պատասխան՝ նրան են այցելում երկու զինված չեկիստների:

Ինչպես առաջին անգամ, այս անգամ ևս նրան չեն դատում, բայց տալիս են ևս 10 տարի պատժաժամկետ` աքսորելով Վորկուտա: Այստեղ էլ նրա ուղեկիցը դառնում է քաղաքացիական պատերազմի լեգենդար հերոս Գրիգոր Խախանյանի այրին` Էմմա Պարունակյանը:

1954թ. հոկտեմբերի 4-ին Թամարա Օսիպովնան ազատվում է և վերադառնում Մոսկվա: Կես տարի անց նրան արժանացնում են անհատական թոշակի և կարմիր կազմով տոմսի՝ նրա ամբողջ կյանքի գնահատականը:

1978թ. աշնանը Թամարա Օսիպովնան այցելում է Սարդարապատի հուշահամալիր:
Երբ նրան խնդրել են պատմել Սարդարապատի մարտերի մասին, նա ասել է. «Բայց այ թե ինչն է ավելի ծանր. ախր այն ամենը ինչի մասին պետք է ասեմ ես նորից պետք է ապրեմ, և դրանից սիրտս նորից ցավում է»...

Նշխե Քամալյան

Ծնվել է Բաշ-Ապարանում: 1918թ. մայիսի 21-29-ը զինվորական հագուստ հագած, զենքը ձեռքին, իր համագյուղացի Գյարան Մովսիսյանի հետ, որպես աշխարհազորային, մարտնչել է Բաշ-Ապարանի ռազմաճակատում:

1932թ. մտել է կոլտնտեսություն, աշխատել է որպես կալվոր, պահակ` կոլտնտեսության վառելանյութի պահեստում` մինչև թոշակի անցնելը:

Երբեք ամուսնացած չի եղել: Մահացել է 1970-ին:

Նուբար Գրիգորյան

Ծնվել էր 1883թ. Վանի Արճեշ քաղաքում։ Վանի կոտորածների ժամանակ նրա աչքի առաջ սպանել էին հորը եւ 4 եղբայրներին։ Պահպանվել է նրա առաջին ամուսնու ողբերգական ճակատագրի մասին պատմությունը: Զինված թուրքերը հայ տղամարդկանց հավաքում, լցնում են մարագն ու այրում: Նուբարը, երբ մութն ընկնում է, գնում եւ այրված դիակների տակից հանում է ամուսնուն: Հագցնում է կանացի շորեր եւ տանում տուն:

Թուրքերը տեղեկանալով` գալիս տանից հանում են ամուսնուն ու շեմքի վրա գլուխը կտրում:

Նուբարին հաջողվում է հորեղբոր փոքր տղային հետը վերցնելով` հասնել Ղարս: Ղարսում ամուսնանում է սոգյութլեցի Եկմալյան Շաբոյի հետ, որը Կարսում զինվորական ծառայության մեջ է լինում։ Նրանք գալիս են Սոգյութլու։

1918թ. մայիսի 16-ին Սոգյութլու է մտնում Ալլա փաշայի գլխավորությամբ թուրքական ջոկատը։ Ըստ ականատեսների, Նուբարը տղամարդկանց հետ հավասար կռվում էր թուքերի դեմ: Կռվի ամենաթեժ տեղում նա, ճարպկորեն տեղից տեղ թռչելով, դիպուկ կրակով իրար հետեւից գետնին էր տապալում առաջ շարժվող թուրքերին:

Սոգյութլուի հերոսական ինքնապաշտպանությանը մասնակցեցին նաեւ Ղուրշուդյան Ջեյրանը (Ջեյրոն), Սարգսյան Թարգյուլին, Ենգոյի Վարսիկը, Հովեյի Նոյեմը, Մալխասի Շուշիկը, Խերքոն., Զառոն, Թառոն, Մուրադի Նոյեմը, Կտեյ Մարոն։

1918 թվականի Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում, որոնցից կախված էր հայ ժողովրդի ճակատագիրը, տղամարդկանց կողքին կռվում էին տասնյակ կանայք: Այդ իրադարձություններից գրեթե մեկ դար անց նրանց մասին տեղեկությունները չեն պահպանվել:

Աղբյուր՝ News.am: