Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Մեծերից հետո

Շատ ժամանա՛կ չի անցել՝ մենք մի շարք խոշոր եկեղեցականներ ունեինք, որոնց մեծ մասը ավելի շատ ազգային-ժողովրդական հերոսների հմայք ու հռչակ ունեին, քան սոսկ հոգևորականի։ Նրանց անունները գիտեր հայ ժողովուրդը աշխարհի մի ծայրից մինչև մյուսը, նրանց պատկերները ամենալավ զարդարանքն էին ամեն հայի տան, նրանցից ոմանց վրա երգեր էին հորինում ու երգում։ Այդպիսի մարդիկ էին Ներսես Վարժապետյան, Խրիմյան Հայրիկ, Մելքիսեդեկ Մուրադյան, Մատթեոս Իզմիրլյան։ Եվ նրանց կենդանության օրով, երբ կաթոլղիկոսական ընտրության խոսք էր լինում՝ արդեն պատրաստ ընտրված կային կաթուղիկոսացուները, ընտրված ու սիրված ամբողջ ազգից։ Վեճը միայն նրա վրա կարող էր լինել, թե այդ ընտրյալներից ո՞րն է արժանագույնը։

Ճշմարիտ է, նրանք էլ են ունեցել իրենց հակառակ ձայները, բայց այդ հակառակ ձայները շատ չնչին ու տկար են եղել ժողովրդական այն համատարած կեցցեների մ՛եջ, որ առաջնորդում էին նրանց դեպի հայոց հայրապետության գահը։ Պատգամավորները ասես թե մի տեսակ ձևականություն էին միայն, ժողովուրդը հրամայում էր ամեն կողմից և ընտրողներն էլ կատարում էին ժողովրդի կամքը։

Եվ նրանց՝ այն հռչակավորների, գահ բարձրանալով ճշմարիտ որ գահ էր բարձրանում հայ ժողովրդի կամքը, ցանկությունը, սիրած հերոսը, պաշտած մարդը ու կաթուղիկոսանում։ Եվ այս էր պատճառը, որ ինչքան էլ նրանց վրա հարձակումներ լինեին, ինչքան էլ նրանք քննադատելի քայլեր ունենային, այդ ամենը մոռացվում ու ներվում էր և դարձյալ նրանց հետ էր ազգի սիրտն ու սերը։

Իզմիրլյանի մահով վերջացավ այդ կարող ու ընդհանուրից սիրված հոգևորականների շարքը։ Այլևս չկա պատրաստի, ամենքից վկայված ընտրյալ և դրա հետ միասին այլևս չկա ժողովրդի ճնշումն ու կեցցեն։ Այժմ, այն մեծերից հետո, մեջտեղը կանգնած են սովորական մահկանացուներ, համեստ գործիչներ և նրանց միջից պետք է ընտրել Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Այս ընտրությանը ժողովուրդը ձեռնպահ է, պատրաստ ընտրյալ չունի։ Այս ընտրությունը պետք է կատարեն հոգևորականությունը, ինտելիգենցիան, մամուլը, պատգամավորները։

Այժմ պետք է փնտրել ու ընտրել, և այս ընտրության պատասխանատվությունն էլ արդեն ընկնելու է հոգևորականության, ինտելիգենցիայի, մամուլի, պատգամավորների վրա։

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ