Այսպէս է ասում Տէրը. «Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ եւ դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն:Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք»(Իմաստ. Սողոմոնի 6:11-12)

Հայրենիքի սերը. հատված Րաֆֆու «Կայծեր»-ից

Բայց ի՞նչ էր, որ կապում էր հայերին մի այնպիսի երկրի հետ, ուր նրա կյանքը հանապազօրյա վտանգի մեջ էր, ուր նրա կայքը ապահովված չէր, ուր նրա ապրուստը խառն էր արյան ու քրտինքի մեջ, ուր նրա ընտանեկան սրբությունը արատավորվում էր, ուր նրա կրոնքը և ամեն ինչ, որ նվիրական էր նրա համար, սրբապղծվում էր: Ի՞նչ էր, որ կապում էր հայերին այսպիսի երկրի հետ. - Հայրենիքի սերը:

Հայրենիքը լի էր անթիվ հիշատակարաններով, որոնք ասում էին հային` «դա քո երկիրն է, այստեղ էին ապրում քո նախնիքը, և այստեղ մեռան նրանք, դու էլ պետք է այստեղ մեռնես և քո ոսկերքը խառնես նրանց ոսկերքի հետ»:

Վանա բերդի պարսպաքարերի վրա և Վասպուրականի մեջ` բլուրների գագաթին` հայը տեսնում էր անթիվ արձանագրություններ, իրանց սեպաձև բևեռագրերով, որոնք հազարավոր տարիներ պատերազմելով ժամանակի հետ, պահել էին հայոց հին, շատ հին թագավորների հիշատակարանները: Այն անբարբառ և խուլ նշանագրերի մեջ հայը կարդում էր իր վաղեմի մեծությունը:

Նույն երկրում հայը դեռ չէր մոռացել իր հին աստվածներին, որոնց հետ այնքան շատ դարեր ապրել էր նա միշտ հաշտ կերպով, որոնց նվիրել էր իր զոհերը, որոնցից խորհուրդներ և պատգամներ էր հարցրել իր գործերի մասին:

Դեռ Աստղիկը, Աշտիշատի գեղեցիկ դիցուհին, իր վաղեմի սովորության համեմատ, ամեն օր վաղ առավոտյան, լողանում էր Մուրադ գետի (Եփրատի) ալիքների մեջ:

Նույն ժամուն հայոց երիտասարդ դյուցազունները հավաքվում էին Տաղոնաց սարի գլխին, այնտեղից գաղտնագողի կերպով դիտելու գեղեցիկ աստվածուհու մարմինը: Բայց Աստղիկը Մշու դաշտի ամբողջ երեսը և նրա լեռները պատում էր թանձր մշուշով, և անթափանցիկ օդեղեն վարագույրները անտեսանելի էին կացուցանում նրա լոգարանը անհամեստ աչքերից: Դեռ Արշակա ծովակի մեջ բնակվում էին հայոց ջրային հավերժահարսունքը: Եվ հայ պատանին, լի ախտաբորբոք կրքերով լուսնկա գիշերներում թափառում էր լճի ափերի մոտ «հրեղեն աղջիկներ» որսալու համար:

Դեռ հայոց ամենահին և ծերունի աստվածը - Արեգը - հրային-լուսափայլ ճաճանչներով, ամեն գիշեր հանգստանում էր Վանա ծովակի մեջ, որի հատակի վրա դրած էր նրա ոսկեղեն անկողինը: Այնտեղ Հրային կույսեր իրանց գողտրիկ երգերով անուշցնում էին ցերեկվա հոգնած լուսատվի քունը: Դեռ Լեզք կոչված բլուրի վրա ապրում էին Հարալեզ դիք, որոնք լիզելով կյանք էին շնորհում պատերազմի դաշտում ընկած հայոց քաջերին:

Այն երկրում, Հայոց ձորով անցնելու ժամանակ, հայը միշտ հիշում էր իր նախահոր - Հայկ դյուցազնի, այն մեծ հսկայի կռիվը տիտանների հետ: Ցույց էր տալիս իր զավակներին Նամրութա սարը, ուր մեր Հայկ պապը վեր հանեց Նեբրովթի դիակը, նրան սպանելեն հետո: Եվ իր աշխարհին ցույց տալու համար գոռոզ վիթխարիի ամբարտավանությունը, նույն սարի բարձրության վրա մեխեց նրա դիակը և հետո այրեց նրան: Մինչև այսօր մնում են նույն սարի մոտ Նեբրովթա քարավանի ուղտերը, երկար քարացած շարքերով, որոնք նրա զինվորների համար պաշար էին կրում և հայոց աստուծո հրամանով քար դարձան: Եվ հայը միշտ պարծենալով է հիշում իր նախահոր - Հայկ դյուցազնի հաղթությունը, և հպարտանում է, որ ինքը մի այնպիսի մեծ մարդու սերունդ է, որ շառավիղում էր աստվածների արյունից:

Այն երկրում դեռ չէին ցամաքել չորս գետերը, որոնք բխում էին աստուծո դրախտից, և Բինգյոլի ծաղկավետ դաշտին նայելով, հայը ասում էր իր որդուն` «տես, տես, այստեղ էր մեր նախահոր և նախամոր բնագավառը»: Նա ցույց էր տալիս «կայենի ծառերը», որոնց հովանու տակ հանգստանում էր առաջին երկրագործը: Նա ցույց էր տալիս «Ղամեքա բերդը» - այն քաջ որսորդի ամրոցը, որը սպանեց Ադամի անդրանիկ, բայց դատապարտյալ որդուն: Նա ցույց էր տալիս դաշտերը, ուր առաջին խաշնարած Աբելը արածացնում էր իր ոչխարները: Իսկ Մարանդի մեջ գտնում էր նա Նոյի կնոջ` Նոյեմզարի գերեզմանը:

Հայի որդին տեսնում էր, որ առաջին հոր և առաջին մոր ժամանակից, ինքն անբաժան է մնացել այն երկրից, ուր բնակվում էր մարդկության նախաստեղծ զույգը:

Ջրհեղեղը մինչև անգամ իր աշխարհավեր սասանմունքով չկարողացավ դուրս մղել հային հայրենի երկրից: Գրգուռ սարին նայելով, նա միշտ հիշում էր այն ավանդությունը, թե Նոյի տապանը այս սարին քսվելով, անցավ դեպի Սիփան լեռը, խնդրեց նրանից ընդունել իրան իր գագաթի վրա: Սիփանը համեստությամբ պատասխանեց, թե ինքը հայոց լեռների ամենակրտսերն է, և ցույց տվավ դեպի իր անդրանիկ եղբայրը - հսկա Արարատը, ասելով` «գնա՛ ի Մասիս, որ բարձր է քան զիս»:

Ահա` այսպիսի պատմական հիշատակներով էր կապված հայի սրտի հետ հայրենիքը, ուր սկսյալ ամենախորին հեթանոսական դարերից, ժողովրդի մեջ կենդանի մնացած ավանդությունները հիշեցնում էին նրան իր հին առասպելա-վիպական անցյալը:

Այս հիշատակները պահպանել էին հսկայական լեռները, որոնք ստեղծվել էին ժամանակի հետ և ապրում էին, քանի որ նա կար: Այս հիշատակները պահպանել էին ահագին գետերը, ծովակները և լճերը, որոնց կյանքը տևում է անթվելի դարերով: Այս հիշատակները պահպանել էր վերջապես ժողովրդի ոգին, որ երբեք չէ մեռնում:

Հայը չէր ուզում բաժանվել հայրենիքից: Հայրենիքը նրա սրբությունն էր: Այնտեղ ամեն մի քար, ամեն մի ավերակ հիշեցնում էին նրան իր վաղեմի մեծությունը: Դեռ բոլորովին չէին անհետացել բերդերի, ամրոցների փլատակները, ուսկից մի ժամանակ նրա ազգի պետերը տարածում էին իրանց իշխանությունը: Դեռ մնում էին հին քաղաքների ավերակները, որոնց փշրանքի մեջ երևում էր հայ մարդու արհեստը և ճարտարությունը, որոնք քարոզում էին, թե որքա՜ն հանգիստ էր քաղաքացու կյանքը, որքա՜ն զարգացած էր նրա մեջ գիտությունը: Դեռ բոլորովին չէին անհետացել հետքերը բազմաթիվ ջրանցքների, ստորերկրյա խողովակների, որոնք ցանցատեսակ հյուսվածքով տարածվել էին ընդարձակ դաշտերի վրա, անցնում էին ամենադժվարին լեռների և բլուրների միջով, որոնք ցույց էին տալիս, թե որքան ծաղկած էր մշակ մարդու գործը, որքան նա սերտ կերպով կպած էր բնության և երկրի հետ:

Իսկ այժմ տիրում էր անապատ և ամայություն...

Մի բան, որ մնացել էր անջնջելի թե ժողովրդի սրտի մեջ և թե երկրի վրա, դա էր կրոնքը և նրան արտահայտող հիշատակարանները: Ամեն տեղ, անմարդաբնակ և խուլ ձորերի մեջ հանդիպում էին հսկայակապ վանքեր, ուր տոնական հանդեսների ժամանակ միայն հավաքվում էր ուխտավորների բազմությունը, իսկ այնուհետև նրա շեմքը չէր կոխում աղոթողի ոտքը: Միայն միաբան աբեղաները ամենայն ջերմեռանդությամբ կատարում էին սովորական ժամերգությունները: Բլուրների վրա, լեռների խորին ծոցերում, ցրված էին անթիվ մատուռներ, որոնք կրում էին իրանց մեջ այս և այն ճգնավորի մարմնի փշրանքը: Սարերի անմատչելի տեղերում տեսնվում էին մթին քարանձավներ, ուր միայնակյացները, հեռանալով աշխարհի աղմուկից, նվիրել էին իրանց աստծուն: Այս քարանձավները, երևի, մի ժամանակ նախնական մարդիկների բնակարաններ էին, որ հետո դարձան ճգնավորների ապաստարաններ: Քիչ չէր այն հիշատակությունների թիվը, որոնք կոչվում էին «խաչքար» կամ «թուխմանուկներ». դրանք կանգնած էին զանազան բարձրավանդակների վրա, ուր մի նահատակ թափել էր իր արյունը հավատքի համար, կրոնական հալածանքների ժամանակ: Ժողովուրդը ջերմեռանդությամբ հարգում էր սուրբի հիշատակը և ծխում էր այնտեղ իր խունկը: Իսկ եկեղեցիները ոչ թիվ ունեին և ոչ համար: Յուրաքանչյուր գյուղ, որ բաղկանում էր մի քանի գետնափոր խրճիթներից, ուներ մի փառավոր եկեղեցի: Իսկ այն հոյակապ տաճարը շատ հին ժամանակների գործ էր, երբ գյուղի ժողովուրդը բազմաթիվ էր և հարուստ, և ոչ այնպես աղքատ և փոքրաթիվ որպես այժմ:

Ես մոռացել եմ բոլոր վանքերի անունները, որոնք գտնվում էին իմ նկարագրած գավառներում, բայց մի քանիսը դեռ հիշում եմ: Մագվա գավառումն էր սուրբ Թադևոս առաքելո վանքը, որը մեր Աբգար թագավորի խնդրելով, ուղարկվեցավ Հայաստան և այստեղ նահատակվեցավ: Նույն գավառումն էր և սուրբ Ստեփաննոս Նախավկայի վանքը: Այստեղ էր պատմական Արտաղը, Ավարայրն, Տղմուտը, ուր հայոց քաջերը այնպես եռանդով պատերազմեցին Հազկերտի և նրա մոգերի հետ կրոնքի ու հայրենիքի պաշտպանության համար: Վանա ծովակի կղզիներումն էին` Լիմ, Կտուց և Աղթամարա անապատները իրանց խստակյաց աբեղաներով: Հաղբակումն էր սուրբ Բարդուղիմեոս Առաքելո վանքը, որը սուրբ Թադեոսից հետո Հայաստան եկավ և այնտեղ նահատակվեցավ:

Վանքերը, ոչ միայն իբրև կենտրոն հայերի կրոնական կյանքի, պահպանում էին իրանց մեջ ազգի սրբությունները, այլև ամփոփում էին իրանց մեջ նախնյաց մտավոր վաստակները, հին մագաղաթների վրա, ժամանակակից դեղնած և գունատված տառերով: Վանքերի մեջ դրած էին և շիրիմները հայոց մեծ մարդերի: Օրինակ` Աշտիշատա եկեղեցին Մուշի մեջ կրում էր Սահակ պարթևի գերեզմանը, այն մեծ քահանայապետի, որ այնքան երկար տարիներ պատերազմելով պարսից արքունիքի և Բյուզանդիոնի խորամանկ քաղաքականության հետ, պահպանեց Արշակունիների այն ժամանակ խարխուլ գահը: Սուրբ Ղազարու կամ Առաքելոց վանքը, Մուշի մեջ, ուներ Մովսես Խորենացու գերեզմանը, որը մտցրուց Հայաստան հունական գիտությունը, որ տվեց հայերին իրանց նախնյաց պատմությունը, որպես Եհովայի Մովսեսը տվեց Իսրայելին Հին Կտակարանը: Նույն վանքումն էր Դավթի, «անհաղթ» փիլիսոփայի գերեզմանը, Խորենացու աշակերտակցի, որ նույնպես Աթենքից բերավ Հայաստան հունաց դպրությունը և սովորեցրուց հային իմաստասիրություն և առողջ մտածություն: Այնտեղ էին և Հովհան և Ղազար թարգմանիչների գերեզմանները: Վանքն Ոստանա, Ռշտունյաց երկրում, ուներ Եղիշեի գերեզմանը, այն ոգելից բանաստեղծի, որ այնքան եղերական կերպով երգեց հայոց քաջերի նահատակությունը Ավարայրի դաշտում: Վանքն Նարեկա ուներ Գրիգոր Նարեկացու գերեզմանը, որի գիրքը յուրաքանչյուր հայ մարդու սրտի սրբազան բուրվառն է, որով ծխում է նա իր ջերմ օրհներգությունը դեպի հավիտենականի աթոռը: Հոգվոց վանքը, Անձևացյաց երկրում, ուներ Տրդատ մեծի գերեզմանը, այն հզոր թագավորի, որ մտցրուց Հայաստանում Ավետարանի լույսը: Վարագա վանքը, Վանի մոտ, ուներ Սենեքերիմ Արծրունու գերեզմանը. այնտեղ էին դրած և Խոշոշ թագուհու և Պետրոս գետադարձի գերեզմանները:

Վանքն Կոփա, Մուշի մոտ, ուներ Դանիել երջանիկի, Լուսավորիչի թոռան շիրիմը: Վանքը Բասենու կամ Հասան-կալեի Գրիգոր մագիստրոսի գերեզմանը: Վանքն Խեկայ` Հայոց ձորում` Աբրահամ խոստովանողի գերեզմանը: Տարոնի սուրբ Կարապետի վանքը` Մուշեղ և Գայլ-Վահանի գերեզմանները: Իշխանագամ գյուղի եկեղեցին` Վարդ Պատրիկի գերեզմանը:

Բայց կային վանքեր և եկեղեցիներ, որոնք պահում էին զանազան սուրբերի մարմնի փշրանքները, անփոփած ոսկու և արծաթի մեջ: Օրինակ - Վանա սուրբ Վարդանի եկեղեցումն էր Մամիկոնյան Վարդանի մեկ մատը: Մշո սուրբ Կարապետա վանքումն էր սուրբ Ղևոնդա մասունքները: Կային վանքերում և այլ սրբություններ, որպես Ռոստանա վանքը պահում էր իր մեջ այն խաչը, որ Սահակ պարթևը տվեց իր թոռին - Վարդանին, և Քրիստոսի այդ խաչակիր զինվորը, Ավարայրի դաշտում ընկած ժամանակ, արձակեց իր պարանոցեն պապենական նվերը, և Եղիշեին տալով ասաց. «Այս եմ թողնում քեզ իմ վերջին հիշատակ, առ, թող պարսկի ձեռքը չդիպչե դրան»...

Վանքերը և եկեղեցիները շատ ունեին այսպիսի սրբություններ, որոնք ամփոփում էին իրանց մեջ այս և այն ճգնավորի, առաքյալի, մարտիրոսի և եկեղեցո հարց մարմնի մասունքները: ԲՆրանք պատած էին արծաթով և ոսկով, զարդարած էին թանկագին քարերով և պահվում էին նույնպես թանկագին արկղների մեջ: Եթե ավելացնենք դրանց վրա արծաթի բուրվառները, սկիհները, աշտանակները, արծաթակազմ ավետարանները և ազնիվ մետալներից կազմված այլ եկեղեցական անոթները, կարելի է ասել, որ ազգի հարստությունը կենտրոնացած էր այդ ժամանակ եկեղեցիների և վանքերի մեջ: Այդ հարստությունները շատ անգամ գրավում էին մահմեդական ավարառուների շահասիրությունը, և քիչ չէր պատահում, որ վանքերի սրբությունները գերի էին ընկնում: Քուրդերը հարգում էին իրանց ձեռքը ընկած սրբությունները և չէին ոչնչացնում նրանց: Քուրդի համար քրիստոնեական տաճարի սրբությունը նույն նշանակությունն ուներ, որպես իր շեյխի տված թիլիսմանը, որը նա կապում էր աջ թևին թշնամու զենքերից անխոցելի մնալու համար: Քուրդը դարձնում էր սրբազան կողոպուտը, միայն ծանրագին փրկանք ստանալեն հետո:

Պարսիկները և թուրքերը այն ակնածությունը չունեին դեպի քրիստոնյաների սրբությունները. նրանք կոչնչացնեին, եթե տեսնեին, որ նրանցից գոյացած ոսկին ու արծաթը կարող էր ավելի գին բերել, քան թե այն գումարը, որ ստանալու էին իբրև փրկանք: Իսկ փրկանքը լինում էր միշտ ավելի բարձր, քան սրբության արժեքը: Օրինակի համար ես կհիշեմ մի դեպք, որը պատահեց իմ ժամանակում: Բարդուղիմեոս առաքելո աջը, որ գտնվում էր Հաղբակա նույն անունով վանքում, գերի ընկավ պարսիկների ձեռքում: ժողովուրդը վճարեց սուրբ աջի ծանրության չափով տասն անգամ ոսկի և փրկեց գերին: Ամբողջ գավառի կանայքը զրկվեցան իրանց ոսկի և արծաթի զարդերից. նրանք իրանց մատանիները, քամարները, գլխի պաճուճանքը և պարանոցի մանյակները թափում էին վանահոր մոտ, որպեսզի հայոց առաքյալի սուրբ աջը` «իրանց երկրի պաշտպանը», գերի չմնա «անօրենների և անհավատների» ձեռքում:

Ես մինչև այսօր հիշում եմ նույն սուրբ աջը, նա մի հսկայական բազուկի մեծություն ուներ. տասն անգամ նրա ծանրությամբ ոսկին` այդ սարսափելի քանակություն էր աղքատ ժողովրդի համար: Բայց նա զոհեց բոլորը, միայն թե իր սրբությունից չզրկվեր, որովհետև նրանից կախված էր իր ներկա և հանդերձյալ կյանքի բախտավորությունը, - իր հոգու և մարմնի փրկությունը....

Ես դեռ չեմ մոռացել, երբ երաժշտություն էր լինում կամ մարախ էր գալիս, ժողովուրդը դիմում էր վանահորը, որ «անդաստան» անե: Վանահայրն առնում էր սուրբ աջը, և խաչերով, խաչվառներով, բոլոր եկեղեցական սպասով դիմում էին դեպի դաշտերը և սուրբ թափորը, ժողովրդի անհուն բազմության հետ, հանդարտ և դանդաղ ընթացքով շրջում էին մշակության դաշտերում, և իրանց արտասուքով, խնկարկությամբ, ողբալի շարականներում աղերսում էին երկնքի հաշտությունը, միջնորդ ունենալով սուրբ աջը, որ ամբոխը տանում էր իր առջևից, որպես Իսրայելը «տապանակ ուխտին»:

Եվ այսպես, վանքերի և եկեղեցիների ամեն մի սրբությունը ուներ իր հրաշագործ հատկությունները: Մեկը նշանավոր էր որպես դիվահարներին ազատող, մյուսը հռչակված էր որպես անդամալույծները բժշկող, երրորդը` որպես ջերմախտի փրկարար և այլն: Եվ ժողովուրդն ամենայն ջերմեռանդությամբ դիմում էր դեպի սրբությունները իր հիվանդություններից բժշկություն գտնելու համար: Հրաշագործ էին և զանազան ավետարաններ, նարեկներ, որոնք գրված էին սուրբ մարգերի գրիչով: Այս մագաղաթյա գրքերը, ոսկենկար պատկերներով, զարդարած թանկագին կազմով, պահվում էին փաթաթած մետաքսյա և զառ թաշկինակների մեջ, և բոլորովին անմերձենալի էին ժողովրդին:

Նրանց բաց էր անում միայն շատ անհրաժեշտ դեպքերում վանահայրը, երբ հարկավոր էր նույն գրքերով մի գլուխ ավետարան կարդալ որևիցե հիվանդի վրա:

Ես բոլորովին անօրեն և անհավատ էի համարում Կարոյին, երբ նա ասում էր ինձ, թե «վանքերի սրբությունները մեր ազգի տունը քանդեցին, թե նրանք մի պատրաստի առարկա էին դարձել մեր թշնամիների և նույնիսկ մեր վարդապետների շահասիրությանը»: Նա ասում էր, եթե հնար լիներ, ինքը պատրաստ էր բոլորը ոչնչացնել, որովհետև նրանց վրա գտնված ոսկին և արծաթը իր համար շատ հարկավոր էին...

Կարոյի անպատկառ խոսքերը մինչ այն աստիճան գրգռում էին իմ բարկությունը, որ մի օր մտածեցի` խենջարս խրեմ նրա սրտի մեջ, ուր ամենևին չկար ոչ աստուծո երկյուղը և ոչ ակնածություն դեպի եկեղեցու սրբությունները: Բայց ես ո՜ւշ հասկացա, շա՜տ տարիներից հետո, որ իմ կարծիքը Կարոյի մասին բոլորովին սխալ էր, - հասկացա, որ մի շատ բարի նպատակի համար Կարոն ցանկանում էր գործ դնել վանքերի ոսկին և արծաթը...

Թեև վանքերը և եկեղեցիներն ունեին գաղտնի պահեստներ, ուր խռովության միջոցներում թաքցնում էին սուրբ տաճարների հարստությունները, բայց շատ անգամ վանահայրը կամ եկեղեցու ավագ քահանան չդիմանալով ավարառուների տված չարչարանքին, հայտնում էին պահեստի տեղը: Գտնվում էին եկեղեցականներից և այնպիսիները, որոնք ավելի հեշտությամբ ավանդում էին իրանց հոգին, քան թե պահեստի գաղտնիքը:

Վանքերի և եկեղեցիների սրբազան սպասները, արդարև, որպես Կարոն ասում էր, դարձել էին շահասիրության առարկա: Թողյալ այն, որ վարդապետները նրանց շնորհիվ բավականին արծաթ էին քամում ժողովրդի աղքատ քսակից, թողյալ այն, որ ժողովուրդը շատ անգամ ստիպված էր փրկել իր սրբությունները գերությունից, պատահում էր, որ երկրի իշխանը - իհարկե, չնչին պատճառի համար - վանքը, եկեղեցին կամ ամբողջ հայոց գյուղորայքը տուգանքի էր ենթարկում: Պատճառները հնարում էին իրանք` իշխանները: Օրինակ, լուր էին տարածում, թե հայոց քահանաները մի մահմեդական երեխա գողացել և մկրտել են, կամ գցում էին վանքի գավիթումը մի մահմեդականի սպանված դիակ: Այն բավական էր գրգռելու մահմեդականների կատաղությունը. նրանք կամ կողոպտում էին քրիստոնյաների գյուղերը և կամ սպանվածի արյան փոխարեն նշանակում էին մի մեծ տուգանք: Ժողովուրդը պատրաստի փող չուներ. նա ստիպված էր վեր առնել պարտքով: Եվ այնպիսի ծանր տոկոսներով վաշխառուն միշտ պատրաստ էր փող տալ, մանավանդ որ նա ստանալու էր խիստ ապահով գրավական, - այսինքն վանքի սրբությունները: Հրեա կամ մահմեդական վաշխառուն գիտեր, որ իր պարտականը եթե կինը, աղջիկը, տղան գրավ դնե, եթե ժամանակին չկարողանա վճարել, կասե` տիրե գրավներիդ, իսկ իր եկեղեցական սրբությունը նա երբեք չի թողնի օտարի ձեռքում:

Երբեմն այսպիսի դժբախտությանց պատճառ դառնում էին վանահայր աբեղաները կամ վիճակավոր առաջնորդները: Նրանցից շատերը կաշառքներով իրանց կողմն էին գցում քուրդ, թուրք կամ պարսիկ իշխաններին և նրանց օգնությամբ խլում էին միմյանցից վանքեր, տիրում էին թեմերի: Այսպիսի հափշտակությունները խիստ թանկ էին նստում: Վանահայրը կամ առաջնորդը գրավ էր դնում վանքի սրբությունները, պարտք էր անում իր խոստացած կաշառքը վճարելու համար: Բայց ո՞վ էր թափում գրավները: - Դարձյալ ժողովուրդը:

Ես հիշում եմ մի այսպիսի դեպք, որ պատահեց իմ ժամանակում: Վանա ծովակի կղզիներից մեկում գտնվում էր Աղթամարա անապատը. այնտեղ նստում էին կաթողիկոսներ, որոնց մեկը իր կողմը ձգելով Շատախու, մյուսը Սասնո կիսավայրենի հայ լեռնականներին, անդադար միմյանց ձեռքից խլում էին հայրապետական աթոռը: Այսպիսով ծագել էր ժողովրդի մեջ երկու կուսակցություններ, և խռովությունը հասավ մինչև արյունահեղության: Կաթողիկոսներից մեկը տարավ հաղթությունը քուրդ իշխանի օգնությամբ: Պաշտպանությունը արժեց նրան մի քանի տասնյակ «քիսա» արծաթի, որը նա պարտք առավ, իհարկե, ամենաապահով գրավականով` վանքի սրբազան սպասներով:

Հաստատվելով իր աթոռի վրա, նորին վեհափառությունը ուզեց թափել գրավականները, և այս նպատակով պատրաստեց նա նվիրակների մի խումբ, որ գնացին թեմերից ժողովք անելու: Միաբաններից մի ծերունի աբեղա առաջարկեց, թե նա կարող էր նույնիսկ վանքից գոյացնել ցանկացած գումարը, եթե նորին վեհափառությունը կընդուներ իր տված խորհուրդը: Կաթողիկոսը մի օր բոլոր աբեղաներին կանչեց իր մոտ ճաշի, հացկերույթը վերջանալեն հետո հրամայեց փակել նրանց նույնիսկ սեղանատան մեջ: Հետո ինքը վեհափառը, մտնելով աբեղաների խուցերը, բաց անել տվավ «աշխարհից հրաժարված» աբեղաների փոքրիկ արկղիկները, և հիրավի, հայտնվեցան ավելի քան կաթողիկոսի ցանկացած գումարը ոսկի և արծաթ: Ո՞վ կկարծեր, որ աշխարհի հարստությունից հրաժարված ճգնավորները, - որոնք իրանց վանքում կին ուխտավորներ չէին ընդունում, որոնք հագնում էին կոշտ մազից զգեստներ, որոնք մերկ ոտքերով էին ման գալիս, որոնք աղ ու հացով էին կերակրվում, որոնք արծաթից այնպես էին վախենում, որպես դևից, - ունենային իրանց սնդուկների մեջ այնքան ոսկու և արծաթի մթերք:

Ծերունի աբեղայի հնարագիտությունը, որ երևան հանեց այս գաղտնիքը, վարձատրվեցավ նրանով, որ քանի օրից հետո գտան նրա խեղդված դիակը ծովակի ափում....

Չնայելով, որ վանքերում այսպիսի եղեռնագործություններ էին պատահում, դարձյալ ժողովրդի ջերմեռանդությունը դեպի իր սուրբ աթոռները մնում էր տաք և իր բոլոր բարեպաշտական ոգևորության մեջ: ԲՆա ինքը, ժողովուրդը, իր տանը հաց չուներ ուտելու, նրա որդիքը նոթի և կիսամերկ էին, նա իր աղքատ դրության մեջ դարձյալ հագցնում էր և կերակրում էր իր հոգևոր հայրերին, որպես իր վանքերի պաշտոնյաներին, որպես աստուծո տան սպասավորներին, որոնց աղոթքովն էր ապրում ինքը, որոնք հաշտեցուցիչ կապ էին իր և երկնքի մեջ... Ժողովուրդն իր հունձքից մասն էր հանում աբեղաների համար, իր անասունների յուղից և պանրից նրանց բաժին էր տալիս, ինքը և իր արորը ձրի աշխատում էին վանքապատկան կալվածքների մեջ, մի խոսքով, նա վճարում էր իր աբեղաներին ավելի, քան թե իր կարողությունը ներում էր:

Ահա ինչ էր, որ կապում էր հային իր հայրենիքի հետ:

Բայց Կարոն ասում էր, թե վարդապետները նույնպիսի հարստահարողներ են, որպես քուրդ և թուրք աղաները: Ես բարկանում էի...