Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Արարատից Սիոն

«Արարատից Սիոն», հայ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի և Վէմ մեդիա արվեստներ (Vem Media Arts) ստուդիայի նկարահանած ֆիլմը, որը ներկայացնում է հայ ժողովրդի դերն ու ներդրումը մարդկության պատմության մեջ, քրիստոնեության առաքելության և Սուրբ հողի վրա հայերի ներկայության մասին։

«Արարատից Սիոն» ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը ըստ քահանա Մեսրոպ Արամյանի սցենարի, ով նաև ֆիլմի պրոդյուսերն է: Նկարահանման աշխատանքներն ավարտվել են 2009 թվականի սեպտեմբերի 22-ին: Ֆիլմի սյուժեում և պատմության մեջ ներառված են ասորական, հունական, եգիպտական և այլ աղբյուրներ:

Ֆիլմը պատմում է Սուրբ Երկրի ժառանգության մեջ հայերի հոգևոր ներկայության մասին: Պատմական վայրիվերումներում, ահռելի զոհողությունների ու մաքառումների գնով, հայերը շարունակաբար ներկա են Սուրբ Երկրի կյանքում քրիստոնեությունը պետական կրոն հռչակումից ի վեր: Ֆիլմում օգտագործված պատմական տվյալների մեծ մասը հայ պատմագրության մեջ պահպանված չէ, և հայ ինքնության կարևորագույն վկայությունները ցուցադրվում են առաջին անգամ:

Ֆիլմի հերոսը հայ ուխտավորն է, ով անցել է մահվան մեծ հավանականություն ունեցող ճանապարհներով և իրեն կոչել «մահտեսի»` «մահը տեսնող»: 18-րդ դարի Երուսաղեմի պատմիչ Հանա եպիսկոպոսը խորհուրդ է տալիս հայ ուխտավորներին այս կենաց և մահու ճամփան բռնելուց առաջ խոստովանել մեղքերը քահանային և կտակ գրել, որովհետև վերադառնալու հավանականությունը մեծ չի եղել: Այս մեծագույն հոգևոր սխրանքի և զոհաբերության շնորհիվ հայերն այսօր աշխարհի կենտրոնում են և քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից են: