Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Տաթևի վանք

Տաթևի վանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում:

Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Տաթևի վանքը հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին - Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։

895 թ-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Մատենդարան:

Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի մանրանկարչության դպրոցը:

Հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում, Xդ. սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժներից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին:

Տաթևի վանքի որմնանկարները, շնորհիվ գեղարվեստական բարձր արժանիքների և ինքնատիպության, բացառիկ նշանակություն ունեն միջնադարյան արվեստի պատմության համար, մանավանդ, որ X դ. եվրոպական որմնանկարներ գրեթե չեն պահպանվել:

Ներկայացվող ֆիլմի ռեժիսորը Էդուարդ Համբարձումյանն է։ Սցենարի հեղինակ` Կարինե Հարությունյան։
Արտադրությունը` Շողակաթ հեռւստաընկերության։