Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Ս․ Հովհան Ոսկեբերան․ Սիրո մասին

Մարդասեր Աստված մեր, կամենալով ամենքիս կապել փոխադարձ կապերով, ով սիրելինե՛ր, մարդկանց գործերում այնպիսի օրենքներ հաստատեց, որ մեկի օգուտը մշտապես միանում է մյուսի օգուտին: Այսպես, երկրագործը այնքան հատիկ չի ցանում, որքան իրեն պետք է, այլապես նա վաղուց կկործաներ և՛ իրեն, և՛ ուրիշներին, ապա թե զինվորը իրեն վտանգի է ենթարկում ոչ այն բանի համար, որպեսզի փրկի միայն ինքն իրեն, այլ որպեսզի անվտանգ դարձնի նաև քաղաքները, և առևտրականը այնքան չի բերում, ինչքան իրեն պետք է, այլ այնքան, որ ուրիշներն էլ ունենան:

Եթե մարդիկ այդպիսի անհրաժեշտության առջև չդրվեին, ապա չէին ցանկանա մերձավորների օգուտը, այդ պատճառով Աստված ամեն ինչ այդպես առնչակցեց և թույլ չտվեց օգուտին հասնել այլ կերպ, քան ուրիշների օգուտը նկատի ունենալով:

Այլ ճանապարհով անկարելի է նաև փրկվել, և եթե դու անգամ վարժվում ես բարձրագույն իմաստասիրությամբ, ուրիշների` կործանվողների նման, ապա Աստծո առաջ ոչ մի շնորհ չես ունենա: «Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ, -ասում է Աստծո առաքյալը, - իմ այս մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ շահի» (Ա Կորնթ. 11, 3):

Եվ եթե դու ցանկանում ես իմանալ, թե ինչ զորություն է ձեռք բերում նա, ով հրապուրում է եղբայրներին, թեպետ երբեմն` նաև անհավատներին, կամ նրան, ով խոնարհ է, խաղաղ, վարքով հաճելի, ապա լսիր, թե ինչ է ասում նույն այդ երանելի Պողոսը` դատարան գալով անհա-վատ դատավորի մոտ. «Ինձ երանելի եմ համարում, քանի որ այսօր քո առաջ եմ պատասխան տալու» (Գործք 26, 2):

Սա նա ասում է ոչ նրան շողոքորթելու նպատակով, ամենևին ո՛չ, այլ ցանկանում է այդպիսի խոնարհությամբ հասնել օգտակարության: Մասամբ նա դրան հասավ. նա, ով մինչ այդ համարվում էր ամբաստանյալ, հմայեց դատավորին և այդ հաղթության մասին բոլորի ներկայությամբ հստակորեն վկայում է ինքը` հմայվածը, ասելով. «Քիչ է մնում` ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ» (Գործք, 26,28):

Իսկ Պողո՞սը: «Կխնդրեի Աստծուն, որ վաղ թե ուշ, ոչ միայն դու, այլ բոլոր նրանք, որ այսօր ինձ լսում են, լինեն այնպիսին, ինչպիսին ես ինքս եմ» (Գործք, 26, 29):

Արդ, եթե նա այդքան մեծ բան է պահանջում, իսկ մենք նույնիսկ փոքրը չենք պատկերացնում, ապա մենք արժանի կլինե՞նք որևէ ներողամտության: Եվ մի կարծիր, թե ուրիշի օգնության կարիքն ունենալը նսեմացուցիչ է. դա Աստծո անճառելի իմաստնության գործն է: Եթե մենք միմյանց կարիք ունենք և անգամ փոխադարձ օգնության անհրաժեշտությունը մեզ չի միացնում ընկերական կապերով, ապա, եթե մենք ինքներս կարողանայինք բավարարել մեր կարիքները, արդյոք, անսանձ գազանների չէի՞նք նմանվի:

Զորությամբ և անհրաժեշտությամբ է Աստված մեզ հաշտեցրել իրար հետ, և մենք ամեն օր առնչվում ենք միմյանց:
Եթե Աստված քանդեր այդ հանգույցը, ո՞վ կփնտրեր մերձավորի բարեկամությունը:

Հենց այդ պատճառով է Աստված մեզ տվել մեկ բնակատեղի` այս աշխարհը, բոլորիս համար վառել է մեկ լուսատու` արևը, մեզ վրա տարածել է մեկ արյուն` երկինքը, և մեզ պարգևել է մեկ սեղան` հողը:

Հարուստին Նա ավելին չի տվել կամ ավելի արժեքավոր, իսկ աղքատին` քիչ և պակաս արժեքավոր, որպեսզի մեր միջև լինի լիակատար և անտրոհելի միասնություն, և որպեսզի ոչ ոք չկարողանա ասել` այս մեկը ինձ ո՛չ ընկեր
է, ո՛չ հարազատ, ո՛չ մերձավոր, և ես նրա հետ ընդհանուր բան չունեմ, ապա ես ինչպե՞ս կարող եմ գնալ նրա մոտ կամ ինչպե՞ս կարող եմ նրա հետ զրուցել:

Մեր միջև կապը պետք է ավելի ամուր լինի, քան ընկերների միջև եղած կապը. այն պետք է անդամների միջև կապ լինի: Եվ նման այն բանին, երբ չես կարողանա ասել` ես ի՞նչ հարազատություն կամ մերձավորություն ունեմ նրանց հետ, որովհետև դա ծիծաղելի կլիներ, ճիշտ այնպես, ինչպես որ նույնը եղբորդ մասին չես կարող ասել:

Թող որ նա քո հարազատը չէ և ոչ էլ ընկերը, բայց նա մարդ է, որ քեզ նման միևնույն բնությունն ունի, միևնույն Տերը և ապրում է միևնույն աշխարհում:

Փողի մասին խոսելիս մենք գովաբանում ենք նրան, ով ոչինչ պարտք չէ, վասն սիրո խոսելիս, մենք փառաբանում և հարգում ենք նրանց, ովքեր մշտապես պարտապան են: Հաստատվենք այս ճշմարտությամբ և միանանք իրար. և եթե որևէ մեկը կամենա բաժանվել, ինքդ մի բաժանվիր և մի ասա այդ սառը խոսքերը. եթե սիրում է ինձ, ես էլ նրան եմ սիրում, իսկ եթե ինձ չի սիրում աջ աչքը, ապա կհանեմ: Ընդհակառակը, եթե նա չի կամենում սիրել, ապա նրան ավելի մեծ սեր ցույց տուր, որպեսզի նրան գրավես, չէ՞ որ այն քո մի մասն է: Եթե ինչ-որ հանգամանքների բերումով մասը բաժանվում է մարմնից, ապա մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նրան վերստին միացնենք մեզ, և հատուկ հոգածություն ենք ցուցաբերում նրա հանդեպ: Եվ քո պարգևն ավելի մեծ կլինի, եթե դու հրապուրես սիրել
չցանկացողին: Եթե խնջույքին Աստված հրամայում է կանչել նրանց, ովքեր չեն կարող հատուցել մեզ, որպեսզի ավելանա վարձատրությունը, ապա առավել ևս պետք է անի ընկերության մասին դատելիս:

Նա, ով քեզնից սիրված լինելով, փոխադարձում է սերդ, ապա դրանով արդեն իսկ շնորհ է անում քեզ, իսկ նա, ով, քեզնից սիրված լինելով, քեզ չի սիրում, ապա իր փոխարեն քեզ է Աստծուն պարտապան դարձնում: Եվ բացի այդ,
երբ նա քեզ սիրում է, փոքր-ինչ ջանք է պահանջում, իսկ երբ չի սիրում, ապա քո օգնության կարիքն ունի: Մի արա այն, որ կարող է դառնալ հոգացողության պատճառ, անհոգության պատճառ, և մի ասա` քանի որ նա տկար է, ես զանցառում եմ, տկարությունը սիրո սառչումն է. ջերմացրու սառածը: Չէ՞ որ ուժգին սիրվելու ցանկությունը ուժգին սիրելուց է:

Երբ մենք բարեհաճ չենք ինչ-որ մեկի հանդեպ, ապա նրա ընկերակցության կարիքը չունենք, թեպետև նա մեծ ու հռչակավոր մարդ է, սակայն երբ ինչ-որ մեկին ջերմագին և անկեղծորեն սիրում ենք, ապա թեկուզ և մեր սիրելին փոքր ու չնչին մարդ է, մեզ համար մեծ պատիվ ենք համարում այն սերը, որ նա ներշնչում է մեզ:

Եթե դու անկարող ես եղբորդ պետքն ունենալ, ապա ունակ կլինե՞ս երբևէ ճիշտ օգտվել ուրիշներից: Եթե ի զորու չես դիմելու սեփական մարմնամասին, ապա երբևիցե կարո՞ղ ես գրավել և քեզ միացնել դրսում եղածը: Դու ցանկանու՞մ
ես, որ քո մասին վատ չխոսեն: Ուրեմն, ինքդ ուրիշների մասին վատ մի արտահայտվիր: Ուզում ես, որ քեզ գովաբանե՞ն: Դու էլ ուրիշներին գովաբանիր: Ուզում ես, որ քեզ գթա՞ն: Դու էլ գթառատ եղիր: Ուզում ես, որ քեզ
ներե՞ն: Ներիր նաև ինքդ: Ուզում ես, որ քեզ չկողոպտե՞ն: Դու էլ մի կողոպտիր: Մերձավորներին հարկ է վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում ենք, որ նրանք վերաբերվեն մեզ: Ինչպես հոգուն առանց մարմնի մարդ չես անվանի, այնպես էլ` մարմինն առանց հոգու, ճիշտ այդպես նաև սերն առ Աստված է, եթե չի ուղեկցվում առ մերձավորը սիրով:

Ուզում ես ինչ-որ մեկին ծառայե՞լ: Չեմ առարկում. բայց թող որ դա ուրիշին դառնություն չպատճառի: Չէ՞ որ, դրա համար չեն մեզ ուսուցիչներ տրված, որպեսզի թշնամանք ունենանք միմյանց հանդեպ, այլ որպեսզի բոլորս մի միություն կազմենք: Ինչու՞ ես դու մենակ: Ինչու՞ շատ ընկերներ ձեռք չես բերում: Ինչու՞ չես դառնում սիրո արարիչ:

Ինչու՞ չես հաստատում բարեկամություն` առաքինության այդ մեծագույն փառաբանումը: Նման այն բանին, որ չարերի հետ համաձայնելը առանձնապես բարկացնում է Աստծուն, այնպես էլ բարիների հետ համաձայնությունը ուրախացնում է Նրան: Շատերի հետ անազնիվ մի եղիր. բնակարանից առաջ և ամեն ինչից առաջ բարեկամներ պատրաստիր: Եթե խաղաղարարը Աստծո որդի է, ապա որքան առավել է նա, ով բարեկամներ է արարում: Եթե սոսկ հաշտեցնողը կոչվում է Աստծո որդի, ապա ինչ պարգևի է արժանի նա, ով հաշտեցնում է բարեկամներին:

Սատանան դրդում է մեզ բոլորի հետ թշնամանալ, Աստված մեզ հրամայում է բոլորին բարեկամ համարել և սիրել.
առաջինը, բևեռելով մեզ անցավորին և կավին (այսպիսին է հարստությունը), չի թողնում փոքր-ինչ շունչ քաշել անգամ գիշերները, իսկ Նա, ազատելով մեզ այդպիսի ավելորդ և աննպատակ հոգսից, պատվիրում է հարստություն դիզել երկնքում և ոչ թե ուրիշներին նեղություն պատճառելու գնով, այլ սեփական առաքինությամբ. առաջինը, այդքան չարչարանքներից ու դառնություններից հետո, ոչ միայն չի կարող պաշտպանել մեզ, երբ մենք այն աշխարհում պատիժներ ենք կրում և Աստծո օրենքները չպահպանելու պատճառով տառապանքների ենթարկվում, այլև ավելի է բորբոքում կրակը, իսկ Նա` պատվիրելով մեզ մի ըմպանակ սառը ջուր տալ, թույլ չի տալիս, որ մենք նույնիսկ այդ չնչին ողորմության համար զրկվենք պարգևներից, և դա անում է մեծ առատաձեռնությամբ:

Այդքանից հետո ծայր խելագարություն չէ՞ չսիրել այդքան հեզաբարո և այդքան առատ բարիքներ ունեցող Տիրոջը,
և ստրկանալ այդքան երախտամոռ և դաժան տիրակալին, ով ոչ այստեղ, ոչ էլ այնտեղ որևէ օգուտ չի բերում իրեն հնազանդածներին և հավատարիմներին:

Մի՛ տրտնջացեք իմ խոսքերի համար: Չէ՞ որ, ես էլ ինձ սիրողին կասեի, որ նա ոչ միայն այն ժամանակ, երբ ինձ գովում է, այլև այն ժամանակ, երբ ուղղելու նպատակով նախատում է, հատկապես այդ ժամանակ է ավելի շատ սիրում:

Առանց խտրության ամեն ինչ` լավը և վատը, գովաբանելը ոչ թե բարեկամի վարք է, այլ` շողոքորթի և զազրախոսի. ընդհակառակը, լավ գործի գովաբանումը և վատ արարքի ծանակումը` ահա ընկերոջ և բարեկամի պարտքը:

Ահա թե ինչու անհաճո է թշնամին, երբ գովաբանում է, և հաճո է բարեկամը, անգամ երբ նախատում է ինձ: Նա, ով թեպետև համբուրում է ինձ, անհաճո է, նա, ով թեպետև վիրավորում է ինձ, հաճո է: Ճշմարիտ է ասված` «լավ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբույրը» (Առակ. 27,6):

Մեկը` արդարացիորեն կամ անարդարացի, հանդիմանում է, բայց չի անում, որպեսզի խոցի, այլ ուղղելու համար, մյուսը թեկուզև արդարացիորեն է նախատում, բայց չի անում, որպեսզի ուղղի, այլ ավելի ջանում է նսեմացել:

Այնպես որ, ո՛վ սիրեցյալներ, ոչինչ չի կարող համեմատվել համախոհության հետ. ըստ այդմ մեկը կարող է հավասար լինել շատերին: Եթե, օրինակ, միաբան լինեն երկուսը կամ տասը, ապա մեկը դադարում է մեկ լինել, այլ նրանցից յուրաքանչյուրը տասնապատիկ շատ է, և դու տասի մեջ կգտնես մեկին, իսկ մեկի մեջ` տասին: Եթե նրանք թշնամի ունեն, նա արդեն հարձակում է գործում ոչ թե մեկի վրա, և, պատահում է` պարտվում է այնպես, ասես, հարձակվել է տասի վրա: Եթե մեկը աղքատանում է, նա չքավորության մեջ չէ, որովհետև չունևոր փոքր մասը հատուցվում է ունևոր մեծով: Նրանցից յուրաքանչյուրն ունի քսան ձեռք, քսան աչք և նույնքան ոտք, ամեն մեկն ունի տասը հոգի, որովհետև նա ամեն ինչ անում է ոչ միայն իր անդամներով, այլև մյուսների: Եթե նրանք լինեին հարյուր, նույնը կլիներ:

Միևնույնը կարող է լինել և՛ Պարսկաստանում, և՛ Հռո-մում, ու ինչ որ չի կարող անել բնությունը, անում է սիրո ուժը: Եթե նա ունի հազար կամ երկու հազար բարեկամներ, հապա մտածիր, թե որքանով կմեծանա նրա ուժը: Իսկապես հրաշք է մեկը հազար դարձնելը: Արդ, ինչու՞ ձեռք չենք բերում սիրո ուժը և ապահովում մեր անվտանգությունը:

Մինչև ե՞րբ մեզ պիտի սահմանափակենք մեկով կամ երկուսով: Նա, ով ունի բազմաթիվ բարեկամներ, թեկուզև աղքատ լինի, հարուստներից ավելի հարուստ է. ինչ չի հանդգնի ասել իր համար, նրա փոխարեն կասեն բարեկամները, ինչ չի կարող ձեռք բերել իր համար, ձեռք կբերի մյուսների շնորհիվ: Հնարավոր չէ որևէ չարիք պատճառել նրան, ով շրջապատված է այդքան զինակիրներով. այդքան զգոն չեն թագավորի թիկնապահները, որքան սրանք: Նրանք պաշտպանում են կարիքից և վախից, իսկ սրանք` կամավորությամբ և սիրով: Ընդ որում, թագավորը երկյուղում է իր պահապաններից, իսկ նա, ով բարեկամներ ունի, նրանց ավելի է վստահում, քան ինքն իրեն: 

Եվ, բացի այդ, կա՞ այնպիսի պատ` այդքան անկործանելի, այդքան վիթխարի քարերով ամրակուռ, թշնամիների
այդքան անմատչելի, միաբանությամբ այդքան համախումբ, ինչպես իրար սիրողների միությունը: Այն սատանայի դավադրության խափանումն է, և միանգամայն բնական:

Իրար հետ միասնաբար ըմբոստանալով սատանայի դեմ` այդպիսի մարդիկ անպարտելի են նրա խորամանկություններից և կարողանում են կանգնեցնել սիրո հոյակապ տաճարը: Եվ ինչպես քնարի լարերը թեպետև բազմաթիվ են, սակայն գործում են համաձայնությամբ ու հնչում են չափազանց հաճելի ձայնով, ճիշտ այդպիսի համաբանությամբ միավորվածները արձակում են սիրո քաղցրահունչ բարբառը:

Ո՛չ, չէ՞ որ սիրուց ավելի քաղցր բան չկա: Ինչե՞ր չի անի անկեղծ ընկերը: Ի՜նչ հաճույքներ չի պատճառի նա, ինչպիսի՜ օգուտներ, ի՜նչ ապահովություն: Հազարավոր գանձեր էլ ցուցանես, մեկ է, ոչինչ համեմատելի չէ իսկական ընկերոջ հետ:

Նման այն բանին, որ փայլ ունեցող մարմինները իրեն փայլն են տարածում շրջակա միջավայրի վրա, այդպես և ընկերները` ուր էլ լինեն, ամենուր շռայլում են իրենց բարեհաճությունը:

Այդու, լավ է բնակվել խավարում, քան ապրել առանց ընկերների: Տենդն այդպես չի վառում մարմինը, որքան սիրելիից
բաժանումը` հոգին: Սիրո կիրքն այնպիսին է, որ հարկադրում է մեզ ամեն օր պատկերացնել մեր սիրելիներին, երբ նրանք մեզ հետ չեն, այլ բացակայում են. այն սիրածի հոգին շեղում է աչքի առաջ ներկա բոլոր դեմքերից և կապում միայն սիրելիի հետ:

Իսկ եթե նա, ով տեսնում է սիրելիին կամ թե նույնիսկ հիշում է նրան, հոգով աշխուժանում և մտքով բարձրանում և, հաճույք ստանալով հիշողություններից, ամեն ինչ թեթևությամբ է տանում, ապա Նրան իր մտքերում ունեցողը, ով հաճեցավ իսկապես սիրել մեզ, և Նրան հիշողը երբևէ կարո՞ղ է ինչ-որ տրտմություններ ունենալ կամ կարո՞ղ է երկյուղել ինչ-որ ահալի և վտանգավոր բանից: Իհարկե, երբե՛ք:

Եթե օգտվելով ուժեղ մարդկանց սիրուց` մենք ահազդու ենք դառնում բոլորի համար, ապա ավելին ենք` Աստծո
սերն ունենալով: Եվ եթե հարկ լինի այդ սիրո համար վճարել դրամով կամ մարմնով, կամ թե` անգամ հոգով, մենք
ոչինչ չենք խնայի: Չէ՞ որ բավարար չէ սոսկ խոսքերով հայտնել մեր սերը, այլ հարկ է այն ապացուցել նաև գործով,
ինչպես և Նա առ մեզ ունեցած սերը լոկ խոսքով չապացուցեց, այլև` գործով: Եթե երևելի մարդկանց տան ծառան բարեգործություն է անում, իսկ իրականում ոչ թե իր ինչքով է բարի գործ կատարում, այլ տիրոջ ունեցածով և միևնույն ձևով օգտվում է և՛ իր, և՛ տիրոջ ունեցածից, ապա ինչու այդ ծառաներից շատերը ավելի երկյուղում են
դրանից, քան տիրոջից և եթե ի հետևանք դրա քամահրում են իրենց ինչքը, մինչդեռ իրականում չեն քամահրում այն,
այլ ավելին են ստանում, ապա առավել ևս նույնը կատարվում է հոգևոր գործերում:

Այդ պատճառով պետք չէ հոգ տանել վասն սեփական շահի, որպեսզի իսկապես հոգ տանենք առ այն, այլ պետք
է քամահրենք, որպեսզի ունենանք: Եթե մենք արհամարհում ենք այն, Աստված հոգ է տանում, որ ունենանք, իսկ եթե ինքներս հոգ տանենք, Աստված կարհամարհի:

Եթե որևէ մեկը ցանկանում է անկեղծորեն սիրել և ճանաչել սիրո ուժը, ապա թող փութա նրա հոգեզավակի` երանելի Պողոսի մոտ, և նա կուսուցանի, թե ինչ արիություն է տանել սիրելիից բաժանումը, և ինչ մեծ հոգի է հարկավոր ունենալ: Իրոք, այդ Պողոսը, օտարելով և հրաժարվելով մարմնից, պտտելով ողջ աշխարհը գրեթե մերկ հոգով, ոգուց զատելով ցանկացած կիրք, նմանակելով անմարմին ուժերի անխռովությունը, թեպետև կարծես թե տառապելով օտար մարմնի մեջ, հեշտությամբ տանում էր մնացյալ նեղությունները` և՛ զնդանները, և՛ շղթաները, և՛ արտաքսումները, և՛ խարազանումները, և՛ սպառնալիքները, և՛ մահը, և՛ պատժի բոլոր ձևերը, սակայն հոգով բա-
ժանված լինելով մեկից, որին սիրում էր, այնպես տրտմեց և խռովվեց, որ իսկույն հեռացավ քաղաքից, որտեղ պետք
է տեսներ սիրելի էակին և չգտավ:

Ի՞նչ եղավ քեզ, երանելի Պողոս: Բանտարկված ջրհորում, ապրելով զնդանում, մարմնին ունենալով խարազանի հետքեր, կռնակից հոսող արյուն` դու խորհրդին հաղորդակից էիր դարձնում, կնքում, զոհեր մատուցում, և
անգամ որևէ մեկին չէիր արհամարհում, ով փրկությանկարոտ էր, իսկ գալով Տրոյա և տեսնելով, որ արտը մաքրված
է և պատրաստ` սերմ ընդունելու, դու ձեռքից բացթողեցիր այդպիսի մեծ շահույթը և անմիջապես հեռացա՞ր:

Այո, ասում է, որովհետև տրտմած էի, որովհետև ոգիս շատ էր շփոթահար իմ սիրելի Տիտոսի բացակայությունից և թախիծն ինձ այնպես տիրապետեց, այնպես հաղթեց, որ ստիպեց անել դա:

Տեսնու՞մ ես, թե ինչ մեծ սխրանք է անխռով տանել սիրելիից բաժանումը, ինչ դառն է ու թախծալի և ինչպիսի վեհ ու արի հոգի է պահանջում: Սիրահարների համար բավական չէ սոսկ հոգիներով միանալը, նրանք դրանով չեն հանգստանում, և միմյանց մարմնական ներկայության կարիքն ունեն, իսկ եթե դա չկա, ապա իրենց ուրախությունը նվազում է: Օ՜, հրաբորբոք սեր:

Պողոսը, չերկյուղելով հրից, ամրակուռ, անհողդողդ, անդրդվելի, անսասան, ասում է. «Ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. նեղությու՞նը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգները, թե՞ սուրը» (Հռոմ. 8, 35), հանդգնորեն կոխոտելով հողն ու ծովերը, ծանակելով մահվան երկաթակուռ դարպասները` այդ նույն Պողոսը, երբ արցունքներ էր տեսնում սիրելի մարդկանց աչքերին, այնպես էր տրտմում և խռովվում, որ ան-
գամ չէր թաքցնում անձկությունը, այլ անմիջապես ասում էր. «Ի՞նչ եք անում, ինչու՞ եք լաց լինում  իմ սիրտն էլ ճմլում»
(Գործք 21, 13):

Օ՜, զարմանք: Ջրերի անհունությունը չէր ճմլում նրան, իսկ չնչին արցունքները ճմլում և կոտրու՞մ էին: Ի՞նչ եք անում, ինչու՞ եք լաց լինում և իմ սիրտն էլ ճմլում: Այդ ի՞նչ ես ասում, պատասխանի՛ր ինձ: Այդ ամրակուռ հոգին արցունքներից կարող է ճմլվե՞լ:

Այո՛, ասում է նա, որովհետև մեծ է սիրո ուժը, այն հաղթում և պարտության է մատնում ինձ, ամեն ինչի կարող եմ դիմանալ, բացի սիրուց: Ո՞վ չի զմայլվի: Ո՞վ չի զարմանա:

Ավելի լավ է ասել, թե ով կարող է արժանիորեն զմայլվել և զարմանալ այդ` մինչև երկինք հասնող հոգու արիությունից, մտածելով այն մասին, որ փակված լինելով զնդանում և շղթաների մեջ, ուղերձ ուղարկեց փիլիպպեցիներին այդքան հեռու տեղից: Չէ՞ որ դուք գիտեք, թե Մակեդոնիան որքան հեռու է Հռոմից:

Սակայն ո՛չ ճանապարհի հեռավորությունը, ո՛չ ժամանակի տևականությունը, ո՛չ բազում գործերը, ո՛չ վտանգավորությունը, ո՛չ հավերժող աղքատությունը, ո՛չ էլ որևէայլ բան չմարեցին նրա սերն ու հիշատակը աշակերտների նկատմամբ, ընդհակառակը, նա նրանց բոլորին մտապահեց: Եվ նրա ձեռքերն այդքան շղթայված չէին, որքան կապկպված և գամված էր նրա հոգին սիրով առ իր աշակերտները:

Ինչպես թագավորը, առավոտյան գահ բարձրանալով և տեղավորվելով ապարանքում, անմիջապես ընդունում է ամեն տեղից ուղարկված հազարավոր նամակներ, այդպես և նա, նստած լինելով զնդանում, ինչպես արքայական ապարանքում, ամեն տեղից մշտապես և՛ ուղարկում, և՛ ստանում էր ավելի շատ նամակներ, որոնցով մարդիկ դիմում
էին նրա իմաստնությանը և իրենց գործերի մասին տեղեկացնում, և որքանով թագավորի համեմատ շատ գործեր էր
գլուխ բերում, այդքանով նրան ավելի մեծ իշխանություն էր տրվում:

Այսպիսին է սիրո ուժը. այն ոչ միայն ընդգրկում, միացնում և կապում է ներկաներին, որոնք կան մեր շրջապատում և մեր աչքի առջև են, այլև մեզնից հեռու գտնվողներին, և ո՛չ ժամանակի տևականությունը, ո՛չ ճանապարհների
հեռվությունը և նման այլ կարգի բաներ չեն կարող կտրել և խզել հոգևոր բարեկամությունը:

Սիրողին պետք է այնպես սիրել, որ նրանից հոգին խնդրելու դեպքում, եթե հնարավոր լինի, նա չմերժի, որովհետև
անկեղծ ընկերոջից թանկ բան չկա: Տեսնելով սիրելիին` սիրողը ուրախանում և հալվում է հիացմունքից, հյուսվում նրա հետ հոգու անխզելի հյուսվածքով, որ անճառելի հաճույք է պատճառում: Եթե լոկ նրան հիշելիս նրա հոգին աշխուժանում է և թևավորվում, ամեն օր տեսնելով` նա չի հագենում, նա ոչինչ չունի, որ չպատկանի ընկերոջը, նա նրան ցանկանում է այն նույնը, որ կցանկանա իրեն:

Ես մի մարդ գիտեի, որը, սուրբ այրերից խնդրելով ընկերոջ համար, հորդորում էր աղոթել նախ նրա, այնուհետև իր համար: Գիտեմ և Պողոսին, որ առանց խնդրելու էլ պատրաստ էր հոգին տալ և սիրելիների համար դժոխք
նետվել: Հրաբորբոք սիրտը պետք է այնպես սիրի, որպեսզի սիրվողին թվա, որ ոչ թե սիրելին է քեզ պարտապան,
այլ դու ես նրան պարտապան այն բանի համար, որ նրա նման պարտապան ունես:

Սիրողը կամենում է ոչ միայն, որ ինքը հրամայի, այլև իրեն հրամայեն, նա ավելի է ուրախանում, երբ իրեն հրամայում են, քան երբ ինքն է հրամայում: Սիրողը կամենում է ավելի շատ տալ, քան ստանալ, ցանկանում է, որ ընկերն իրեն ավելի պարտք լինի, քան ինքը պարտք լինի ընկերոջը:

Սիրողը ցանկանում է և՛ բարեգործություն անել սիրելիին, և՛ չի ցանկանում բարեգործ երևալ, ցանկանում է և՛ բարեգործության մեղավորը լինել, և՛ չի ցանկանում դրա մեղավորը լինել:

Ես ձեզ խնդրում եմ իմ ասածներից չհասկանալ պարզապես ընկերներ, որոնք խնջույքի մասնակիցներ են և ընկերներ
են կոչվում սոսկ անվանաբար. ով ընկեր ունի, որի մասին ես եմ խոսում, նա կհասկանա իմ ասածները:

Ընկերը իսկական կյանքից քաղցր է: Ահա թե ինչու շատերը, ընկերոջ կորստից հետո, չեն ցանկանում այլևս ապրել:
Ճշմարիտ եմ ասում, ընկերը տենչալի է լույսից: Մեզ համար ավելի լավ է, որ արեգակը մարի, քան զրկվեն ընկերներից:

Շատերը, որոնք թեպետև տեսնում են արևը, մնում են խավարում, իսկ ով բազում ընկերներ ունի, նա չի կարող որևէ վիշտ ունենալ: Սակայն եթե որևէ մեկի ընկերությունը քեզ վնասում է, հեռացրու նրան քեզանից:

Եթե մենք հաճախ հեռացնում ենք մեզնից մեր այս կամ այն մարմնամասերը, որոնք անհուսալի հիվանդ են և վնասում են մյուսներին, ապա նույնը կարելի է անել նաև ընկերների դեպքում: Ոչինչ այնքան վնասակար չէ, որքան վատ ընկերակցությունը: Այն, ինչ ի վիճակի չէ անել անհրաժեշտությունը, հաճախ կարող է անել բարեկամությունը` ինչպես վնասակար, այնպես էլ օգտակարության տեսակետից:

Նա, ով բարեկամություն է անում թագավորի թշնամիների հետ, չի կարող բարեկամ լինել թագավորին: Ատելությունը հանուն Քրիստոսի շատ ավելի լավ է, քան բարեկամությունը հանուն Նրա: Երբ մեզ սիրում են հանուն Աստծո, մենք հանուն մեր պատվի դառնում ենք Նրա պարտապանը:

Այսպիսով, մենք բոլորս, նույնիսկ հանուն Քրիստոսի, ավելի ճիշտ` հանուն ինքներս մեզ, փողն արհամարհողներս,
մտքում պատկերացնելով առ Քրիստոս ունեցած Պողոսի սերը, դողում ենք: Նա Քրիստոսին սիրում էր ոչ թե Քրիստոսի պարգևած բարիքների համար, այլ այդ վերջիններն էր սիրում հանուն Քրիստոսի և միայն մի երկյուղ ուներ` չկորցնել առ Նա ունեցած սերը:

Սա նրա համար սարսափելի էր անգամ դժոխքից և պահպանել այդ սերը շատ ավելի տենչալի էր թագավորությունից:

Այսպիսով, երբ նա հանուն Աստծո նկատմամբ ունեցած սիրո պատրաստ էր դժոխք նետվել, զրկվել թագավորությունից, եթե առիթ լիներ, իսկ մենք անգամ ի զորու չենք արհամարհելու ներկա կյանքը, ապա արժանի՞ ենք մենք նրա ներբաններին` այդքան հեռու լինելով նրա հոգու վեհությունից:

Այդ պատճառով էր Քրիստոս ասում. «Ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի» (Մատթ. 10, 39), և` «Ով որ ինձ
կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մատթ. 10, 32):

Իսկապես, մեծ է այդ քաջության գինը, այն գրեթե գերազանցում է բնությանը: Եվ դա շատ լավ գիտեն նրանք, ովքեր արժանացել են հիշյալ պսակին: Ոչ մի խոսք ի զորու չէ արտահայտել այդ սխրանքը. հոգուց այդքան քաջություն պահանջող և այդքան արժանի զարմանքի: Եվ, սակայն, այդ հրաշալի սխրանքը, ըստ Պողոսի, ոչ մի օգուտ չի բերի սիրո բացակայությամբ, թեկուզև այն միացված լինի ընչազրկությանը:

Ինչու՞ այդպես ասաց (Պողոսը), կփորձեմ հիմա բացատրել, նախապես լուծելով այն խնդիրը, թե ինչու մարդը, որ բաժանում է իր ողջ ունեցվածքը կարիքավորներին, կարող է սեր չունենալ:

Որպեսզի մարդը, որ պատրաստ է խարույկ բարձրանալ և հոգևոր շնորհներ ունի, չսիրի, դեռ հնարավոր է ենթադրել, սակայն նա, ով ոչ միայն տալիս է ունեցվածքը, այլև օգտագործում է այն ուրիշներին կերակրելու համար, ինչպե՞ս
կարող է չսիրել: Ի՞նչ կարելի է ասել այդ մասին:

Կամ այն, որ նա գոյություն չունեցողը պատկերացնում է որպես գոյություն ունեցող, կամ նա սիրում և անում է
այն, երբ ցանկանում է որևէ բանի անչափությունը պատկերացնել:

Այսպես, օրինակ, գաղատացիներին ուղղված ուղերձում նա ասում է. «Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյալ լինի» (Գաղատ. 1, 8), թեպետև ո՛չ ինքը, ո՛չ էլ հրեշտակը չէին կարող այդ անել, սակայն որպեսզի դա ցույց տա չափազանցված տեսքով, նա այնպես է ցույց տալիս, որ հնարավոր չէ, որ այդպես կատարվի:

Նույն կերպ, երբ առ հռոմեացիներ ուղերձում ասում է. «Ո՛չ հրեշտակները և ո՛չ իշխանությունները  ո՛չ մի ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծո այդ սիրուց, որ կա Քրիստոս Հիսուսով» (Հռոմ. 8, 38-39), թեպետև  չեն կարող այդ անել, այնուամենայնիվ, առաքյալն այստեղ ևս պատկերացնում է գոյություն չունեցողը ճիշտ այնպես, ինչպես  ո՛չ մի ուրիշ արարած, հետագա խոսքերում, թեպետ և, անշուշտ, ոչ մի ուրիշ արարած չկա, քանի որ անվանելով բոլոր բարձրություններն ու խորությունները` դրանով իսկ ընդգրկում է բոլոր արարածներին, սակայն, որպեսզի ցույց տա իր սիրո անհունությունը, առավել ևս այստեղ ենթադրում է գոյություն չունեցողը:

Նույն բանը նա անում նաև այստեղ, ասելով, որ թեկուզև «որևէ մեկը ամեն ինչ տա, բայց սեր չունենա, ոչ մի օգուտ չի ունենա» (Ա Կորնթ. 13, 3):

Այսպիսով, կամ այս պետք է հասկանալ, կամ այն, որ առաքյալն ուզում է, որպեսզի տվողները միասնական լինեն ստացողների հետ և ոչ թե պարզապես առանց կարեկցանքի տան, այլ խղճալով կարիքավորներին, խոնարհումով գթաշարժվեն և նրանց պետքերին իսկապես կարեկցեն:

Չէ՞ որ հենց այդ պատճառով է Աստված ողորմությունը հաստատել: Կերակրել աղքատներին Աստված կարող է նաև առանց դրա, բայց կամենում է, որպեսզի մենք կապվենք սիրո համագործակցությամբ և միմյանց բորբոքենք
սիրով: Նա պատվիրել է, որ կերակրենք իրար: Ահա թե ինչու մի տեղ ասվում է. «ավելի լավ է բարի խոսքը, քան ողորմությունը և այդ խոսքը ավելին է ողորմությունից» (Սիրաք. 18,16-17): Եւ Ինքը (Աստված) է ասում. «Ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ» (Մատթ. 9, 13):

Քանի որ սովորաբար մենք սիրում ենք նրանց, ում համար բարի գործ ենք կատարում, իսկ բարերարություն ստացողները բարեկամաբար են տրամադրված բարերարների հանդեպ, ապա հաստատելով բարեկամության միությունը` Աստված այդպիսի օրենք դրեց: Եվ որպեսզի դուք իմանաք, թե ինչքան մեծ և կարևոր է այդ առաքինությունը, ապա այն արտահայտենք խոսքով, քանի որ այն որևէ տեղ չի երևում գործով, և մտովի պատկերացնենք, թե ինչ բարի գործեր կկատարվեին, եթե այն ամենուր առատ լիներ: Չէ՞ որ այդ ժամանակ ո՛չ օրենքների, ո՛չ դատարանների, ո՛չ պատիժների, ո՛չ մահապատժի, ո՛չ էլ որևէ նման բաների կարիք կլիներ: Իրոք, եթե բոլորը սիրեին և սիրված լինեին, ապա ոչ ոք ոչ մեկին չէր նեղացնի. սպանությունները, հայհոյանքը, պատերազմները, բարկությունը, հափշտակումները, շահախնդրությունները և բոլոր մյուս արատները կանհետանային, և չարը միայն անվանապես գոյություն կունենար: Դա չեն կարող անել անգամ հրաշքները, հակառակը` անզգույշ մարդկանց կհասցնեն փառասիրության և ամբարտավանության:

Եվ ահա թե որն է զարմանալի սիրո մեջ. այնժամ, երբ բոլոր բարիքները միահյուսված են չարի հետ, օրինակ, ընչազուրկը, հաճախ նկատի ունենալով իր աղքատությունը, հպարտանում է, ճարտարախոսը արատավորվում է փառասիրությամբ, խոնարհը հենց այն պատճառով, որ այդպիսին է, հաճախ հոգու խորքում ինքն իրեն փառաբանում է, մինչդեռ սերն ազատ է այդպիսի արատներից, որովհետև ոչ ոք երբեք չի մեծամտանա սիրած էակի հանդեպ: Եվ պատկերացրու, թե սերը եզակի չէ, և բոլորը միատեսակ են սիրում, և այդժամ կտեսնես սիրո ուժը:

Ի միջի այլոց, եթե հարմար է, սկզբում պատկերացրու մեկ սիրողի և մեկ սիրվածի, ճիշտ այնպիսի սիրողի, որ իսկապես սիրում է: Այդպիսի մարդը երկրի վրա կապրի այնպես, ինչպես երկնքում` ամենուր վայելելով խաղաղություն և իր համար անհամար պսակներ հյուսելով: Այդպիսի մարդը իր հոգին անարատ կպահի և՛ նախանձից, և՛ բարկությունից, և՛ զրպարտանքից, և՛ հպարտությունից, և՛ փառասիրությունից, և՛ չարակամությունից, և՛ սիրուն անարժան բոլոր բաներից, և՛ բոլոր արատներից:

Նման այն բանին, որ ոչ ոք իրեն չարիք չի պատճառում, այդպիսի մարդը նույնը չի անի իր մերձավորին: Եվ այդպիսին լինելով` նա կքայլի երկրի վրա` կանգնելով Գաբրիելի կողքին: Ահա թե ով է նա, ով սեր ունի:

Իսկ նա, ով նշաններ է ստեղծում և իմացությամբ կատարյալ է, սակայն զուրկ է սիրուց, թեկուզև հազարավոր մեռյալների է հարություն տվել, ոչ մի օգուտ չի բերի` լինելով բաժանված բոլորից և Աստծո արարածներից որևէ մեկի հետ միություն չկազմելով:

Այդ պատճառով և Քրիստոս ասաց, որ առ Ինքն իսկական սիրո նշանը մերձավորի հանդեպ սերն է:

Եթե, ասում է, սիրում ես ինձ, Պետրոս, «ավելի, քան դրանք, արածացրու իմ ոչխարներին» (Հովհ. 21, 15-17):

Տեսնու՞մ ես, որ այստեղ Նա վերստին հասկացնել է տալիս, որ սերն ավելին է, քան նահատակությունը:

Եթե մեկն ունենա սիրելի որդի, որի համար պատրաստ է անգամ հոգին տալ, իսկ որևէ մեկը սիրի հորը, սակայն
ուշադրություն չդարձնի որդուն, ապա նա խորապես կդառնացնի հորը, այնքան, որ իր նկատմամբ էլ սեր չի զգա` ի հետևանք որդու նկատմամբ եղած արհամարհանքի: Եթե այդպես է հոր և որդու վերաբերյալ, ապա առավել ևս է Աստծո և մարդկանց վերաբերյալ, որովհետև Աստված բոլոր հայրերից սիրառատ է:

Ահա թե ինչու ասելով` «այս է մեծը և առաջին պատվիրանը. պիտի սիրես քո Տեր Աստծուն», ավելացրեց` «և երկրորդը, -առանց ընդմիջման շարունակելով. սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22, 37-39): Եվ տես, որ Նա գրեթե նույն խստապահանջությամբ կամենում է այս պատվիրանի կատարումը:

Աստծո մասին Նա ասում է. «քո ամբողջ սրտով», իսկ քո մերձավորի մասին` «ինչպես քո անձը», որ համազոր է քո ամբողջ սրտով արտահայտությանը: Եթե դա ճշտությամբ կատարվեր, ո՛չ ծառա կլիներ, ո՛չ ազատ, ո՛չ ղեկավար, ո՛չ ենթակա, ո՛չ հարուստ, ո՛չ աղքատ, ո՛չ փոքր, ո՛չ մեծ, երբեք հայտնի չէր լինի նաև սատանան, չեմ ուզում այդպես ասել, բայց եթե դրա նման մեկը լիներ, կամ եթե սատանաների թիվը անհամար լիներ, նրանք ոչ մի զորություն չէին ունենալու սիրո տիրապետության դեպքում: Իրոք, չոր խոտն ավելի հեշտ կդիմանա կրակին, քան սատանան սիրո բոցերին: Սերը պինդ է պատից, ամուր է պողպատից, և եթե դու ուրիշ ամուր նյութ ցույց տայիր, սիրո ամրությունը կգերազանցեր նաև դրան: Նրան չի կարող հաղթել ո՛չ հարստությունը և ո՛չ էլ աղքատությունը, ավելի ճիշտ կլինի ասել` չէր լինի ո՛չ աղքատություն, ո՛չ ավելորդ հարստություն, եթե սեր լիներ, կունենայինք և՛ դրանից, և՛ մյուսից միմիայն լավը, որովհետև վերջինից կունենայինք առատություն, իսկ առաջինից` անխռովություն, և ո՛չ հարստության հոգսը կունենայինք, ո՛չ աղքատության կարիքավորությունը: Սակայն ի՞նչ կարող եմ ասել սիրո օգուտների մասին:

Մտածիր, թե ինքնին ինչ մեծ բարիք է սերը, ինչ ուրախություն է պարգևում և ինչ երանություն է հոգուն հաղորդում: Հենց այդ է սիրո յուրահատուկ առավելությունը: Մյուս բոլոր առաքինությունները միահյուսված են վշտալի վիճակների հետ, ինչպես, օրինակ, պահեցողությունը, ողջախոհությունը, հսկումը` նախանձը, տռիփը, հպարտությունը, իսկ սերը, բացի օգուտից, ունի նաև մեծ հաճույք և ոչ մի տրտմություն, և ինչպես բարի մեղու, բոլոր տեղերից բարիք հավաքելով, դրանք հյուսում է սիրողի հոգուն:

Ով որ գտնվում է ստրկության մեջ, այն ստրկությունը ազատությունից հաճելի է դարձնում, որովհետև սիրողը այնքան չի ուրախանում, երբ հրամայում է, որքան այնժամ, երբ ենթարկվում է: Անշուշտ, հրամայելը հաճելի է: Սակայն սերը փոխում է իրերի բնույթը և բոլոր բարիքներով օգնության է հասնում, այն սիրալիր է բոլոր մայրերից, հարուստ է բոլոր թագուհիներից և բոլոր դժվարությունները դարձնում է հեշտ և հարմար` բոլոր առաքինությունները մեզ համար դարձնելով հրապուրիչ, իսկ արատները` ծայրագույնս անհաճո:

Տես` ինչքի կորուստը տխուր բան է, իսկ սերը դա նույնիսկ դարձնում է հաճելի, ուրիշի ունեցվածքը վերցնելը
հաճելի է թվում, սակայն սերը թույլ չի տալիս, որ այն հաճելի լինի, այլ հարկադրում է խուսափել դրանից` որպես
ցածր արարք: Բամբասանքը բոլորին հաճելի գործ է թվում, մինչդեռ սերը այն դարձնում է հակակրելի, իսկ գովքը` հաճելի, որովհետև մեզ համար ոչինչ այնքան հաճելի չէ, որքան սիրած էակին գովաբանելը:

Նույն կերպ` զայրույթն ունի որոշ հաճելիություն, սակայն սիրելիս այն արդեն չքանում է, քանի որ բարկության բոլոր ջղերն արդեն սպանված են, և եթե սիրելին տրտմեցնում է սիրածին, զայրույթը ոչ մի բանով չի արտահայտվում, այլ լինում են արցունքներ, հորդորներ և պաղատանքներ` այնքան հեռու է սիրողը զայրույթից: Եթե նա իր հանդեպ մեղանչում է տեսնում, ապա վշտանում և տկարանում է, սակայն հենց այդ վիշտը շատ ավելի հաճույք է պատճառում, որովհետև և՛ արցունքները, և՛ տխրությունը հաճելի են ցանկացած ծիծաղից և խնդությունից: Իսկապես այնքան հաճույք չի ստանում ծիծաղողը, որքան սիրած էակի համար արցունք թափողը, իսկ եթե ասածիս չես հավատում, արգելիր նրանց արտասվել և դու կտեսնես, որ նրանք այնքան վատ են տրամադրվում, կարծես անդառնալի դժբախտություն է պատահել: Սակայն կարող ես ասել, թե սերը նաև պիղծ հաճույքներ ունի: Վերջացրու՛, մի՛ չարախոսիր, ո՛վ մարդ. այդ կրքից ավելի մաքուր հաճույք չկա, քան իսկական սերն է պարգևում: Ինձ մի պատմիր այդ ցածրակարգ, փողոցային սիրո մասին, որն ավելի շուտ հիվանդություն է, քան սեր, այլ խոսիր այն սիրո մասին, որ պահանջում է Պողոսը, այն սիրո, որ ցանկանում է սիրելիի լավը, և կտեսնես, որ այդպիսի սեր ունեցողը գորովալից է հորից: Եվ ինչպես փողի հանդեպ կիրք ունեցողները չեն կարողանում զսպել այն և համաձայն են նեղություն կրել, քան տեսնել դրանց նվազումը, այնպես և նա, ով ուրիշի հանդեպ սեր է տածում և համաձայն է հազար նեղություն ունենալ, քան տեսնել, որ սիրելիին վատ բան է պատահել: Ի՞նչ կարող ես ասել` մի՞թե պետք չէ ատել թշնամինե-
րին և հեթանոսներին: Պետք է ատել, միայն ոչ թե նրանց, այլ նրանց վարդապետությունը, ոչ թե մարդուն, այլ
նրանց գործունեությունը և ապականված կամքը: Մարդը Աստծո արարած է, իսկ մոլորությունը սատանայի գործն է: Չէ՞ որ եթե հարկ է ատել Աստծո թշնամիներին, ապա պետք է ատել ոչ միայն անօրեններին, այլև մեղանչածներին, իսկ այդ դեպքում մենք գազաններից վատը կլինենք` փարիսեցիների նման երես թեքելով բոլորից և հպարտությամբ մեծամտանալով: Սակայն այդպես չի պատվիրել Պողոսը, այլ` «խրատեցե՛ք ստահակներին, մխիթարեցե՛ք սրտնեղածներին, պատսպարա՛ն եղեք տկարներին, համբերատա՛ր եղեք միմյանց հանդեպ»(Ա Թեսաղ. 5, 14): Բայց այդ դեպքում կհարցնես, թե ի՞նչ են նշանակում նրա հետևյալ խոսքերը. «Եթե որևէ մեկը չհնազանդվի այս թղթի մեջ ասած խոսքին, նշեցե՛ք նրան և մի հարաբերվե՛ք նրա հետ» (Բ Թեսաղ. 3, 14):

Ճշմարիտ է նաև ինչ ասված է եղբայրների մասին, սակայն այս դեպքում ևս ոչ թե հենց այնպես, այլ խոնարհությամբ:
Այդ խոսքերից մի անջատիր հաջորդողները` ավելացնելով և այն, ինչ ասվում է շարունակության մեջ. ասելով` «մի՛ հարաբերվեք», նա հավելում է. «Բայց նրան որպես թշնամի մի՛ համարեք, այլ խրատեցե՛ք որպես եղբայր» (Բ Թեսաղ.3, 15):

Տեսնու՞մ ես, որ նա պատվիրում է ատել վատ արարքը և ոչ թե` մարդուն: Սատանայի գործը մեզ իրարից բաժանելն է, նա մեծ ջանք է թափում, որպեսզի ոչնչացնի սերը` դրանով խոտորելով ուղղվելու ճանապարհը և պահելով մոլորության մեջ, իսկ քեզ գցի անհավատության և թշնամանքի մեջ` այդ կերպ փակելով փրկության ուղին:
Եթե բժիշկն ատի և երես թեքի հիվանդից, իսկ հիվանդը խուսափի բժշկից, ապա կարո՞ղ է հիվանդը բուժվել, երբ բժիշկ չկանչի, իսկ բժիշկը չայցելի նրան: Ինչու՞ ես դու խուսափում և երես թեքում նրանից: Որովհետև նա պի՞ղծ է: Հենց այդ պատճառով հարկ է գալ և բժշկել, որպեսզի վերականգնվի հիվանդի առողջությունը:

Թեկուզև նա տառապի անբուժելի հիվանդությամբ, միևնույն է, դու պետք է քո գործն անես: Հուդան նույնպես բռնված էր անբուժելի հիվանդությամբ, սակայն Աստված չդադարեց նրան բժշկել:

Այդ պատճառով դու մի թուլացիր: Թեկուզև ջանքեր թափելով դու անկարող ես նրան ազատել պղծությունից, միևնույն է, դու պարգև կստանաս` կարծես թե ազատել ես նրան և կստիպես նրան զարմանալ քո խոնարհությամբ` դրանով իսկ փառաբանելով Աստծուն: Թեկուզև հրաշքներ գործես, թեկուզև հարություն տաս մեռյալներին, թեկուզև նման այլ բաներ կատարես, հեթանոսները երբեք այդքան չեն զարմանա քեզ վրա, որքան երբ քեզ տեսնեն այդպես խոնարհ, այդքան բարի և սիրալիր վարվեցողությամբ: Իսկ դա պակաս կարևոր չէ, որովհետև շատերն այդ կերպ կարող են ազատվել արատներից: Ոչինչ այնպես չի կարող գրավել, քան սերը:

Այլ բաների պատճառով, այսինքն` նշանների և հրաշքների, կարող է և նախանձեն քեզ, իսկ դրա (սիրո) պատճառով կսկսեն և՛ զարմանալ, և՛ սիրել, իսկ սիրելով` կամաց-կամաց կընդունեն ճշմարտությունը: Ի դեպ, եթե հեթանոսը շուտափույթ հավատացյալ չի դառնում, մի զարմացիր և մի շտապիր, ամեն ինչ փութով մի պահանջիր, թող որ նա առայժմ գովաբանի, սիրի, և կամաց-կամաց կհասնի և դրան:

Այսպիսով, եթե սերը առաքինության մեղավորն է, ապա ջանք չխնայենք, որ նա բնակվի մեր հոգիներում, որպեսզի
նա մեզ պարգևի բազում բարիքներ, և որպեսզի մենք մշտապես հավաքենք նրա հավերժ ծաղկող և երբեք չթառամող առատության պտուղները: Այդ կերպ մենք հասու կլինենք և հավերժական բարիքներին, որոնցով և կարժանանանք մենք բոլորս` բարեշնորհ և մարդասեր մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Նրանով և Հորը և Սուրբ Հոգուն` փառք այժմ և միշտ, և հավիտյանս հավիտենից. Ամեն: