Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Ո՞վ պետք է պաշտպանի Հայոց Հայրապետին

Համացանցում տարածվեց մի տեսագրություն, որում երևում էր, թե ինչպես է հոգևորականներից մեկը հարվածում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով նրա հետևից Հաղարծինի վանական համալիր հասած ակտիվիստին։ Անմիջապես սոցիալական ցանցերում աղմուկ-աղաղակ բարձրացավ, թե տեսեք՝ «ինչպե՞ս է հոգևորականը բռնություն գործադրում, ժողովրդավարությունը վտանգի տակ է, պե՛տք է պահանջել նրա ձերբակալությունը»։

Իսկ ի՞նչ պետք է աներ հոգևորականը

Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով հանդես եկողները պարբերաբար աչքի են ընկնում իրենց լկտի պահվածքով, որն էլ թերևս, պատճառ է դարձել նրանց շարքերի օրեցօր նոսրանալուն։ Վեհարանում քյաբաբ ուտելն ու Հայոց հոգևոր դասի ներկայացուցիչներին պարբերաբար վիրավորելը չի՛ կարող ադեկվատ մարդու մոտ, ով անգամ այնքան էլ գոհ չէ Կաթողիկոսի գործունեությունից, առնվազն տարակուսանք չառաջացնել։ Բոլորն էլ հիշում են հայտնի դեպքը, երբ անհավասարակշիռ պահվածքով աչքի ընկնող մի խումբ անձինք փակեցին Կաթողիկոսի ճանապարհը, իսկ նրանցից մեկը հանդգնություն ունեցավ Հայոց Հայրապետին հրելու։ Իսկ ոստիկանները, ովքեր կոչված են պաշտպանելու ցանկացած քաղաքացու անվտանգությունը, իսկ Հայոց Հայրապետը ՀՀ քաղաքացի է, միտումնավոր կամ պատահմամբ բավական ուշացան և այդ կերպ թույլ տվեցին, որպեսզի իրավիճակն ավելի շիկանա։ Հիմա երեկվա դեպքը կրկին կարող էր հանգեցնել նույն վիճակին, ու հոգևորականը, որ պարտավոր է պաշտպանել իր Հայրապետին հայրական ապտակ հասցրեց նրան, ով արդեն վաղուց դուրս էր եկել պատշաճության սահմաններից։ Բայց այստեղ կա մեկ այլ կարևոր դիտարկում՝ ու՞ր է պետական իշխանությունը։

Ինչու՞ չի հսկվում Վեհափառի անվտանգությունը

Խորհրդային տարիներից մինչև այսօր Վեհափառ Հայրապետի անվտանգությունը միշտ իր վրա է վերցրել պետությունը՝ անվտանգության հատուկ աշխատակիցներ կցելով։ Մանավանդ տարածաշրջանային նմանատիպ խառն իրավիճակում ընդհանրապես բացառված չէ, որ ծայրահեղ իսլամիստական մի որևիցե խմբավորում որոշի հարձակում իրականացնել առաջին Քրիստոնյա ազգի հոգևոր առաջնորդի նկատմամբ՝ իրավիճակն ավելի խառնելու և Հայաստանին կրոնական հակամարտությունների մեջ ներքաշելու համար։ Էլ չեմ ասում, որ ամենասովորական ագրեսիվներից բաղկացած մի խմբակ պարբերաբար սպառնալիք է դառնում Հայրապետի անվտանգության համար։ Նախկին «հանցավոր և ստոր ռեժիմի» ժամանակ, անգամ, Կաթողիկոսի անվտանգությունը պետական հոգածության հարց էր։ Ի՞նչն է պատճառը, որ հիմա նրան կցված չեն պետական անվտանգության աշխատակիցներ, ովքեր կկարողանան զսպել թե՛ ահաբեկիչներին, թե՛ լկտիության չափերն անցած խմբակի գործողությունները։

Պաշտպանե՛լ Վեհափառին

Եթե Հայաստանի պետությունը հրաժարվում է պաշտպանել երկրի հոգևոր առաջնորդի անվտանգությունը (ով էլ որ նա լինի), ուրեմն և այդ գործառույթն ընկնում է սովորական քաղաքացիների և հոգևոր դասի ներկայացուցիչների վրա։ Եվ պետք չէ զարմանալ, որ առաջիկայում նույնպես կլինեն համարժեք պատասխաններ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն սպառնալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությանը։

Նարեկ ԳԱԼՍՏՅԱՆ
Աղբյուր՝ 24news.am: