Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Սիրոյ խորհուրդը

«Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը
թող չբաժանի»: (Մատթ. 19:6)

Մեզ շրջապատող աշխարհում ոմանք ապրում են շահոյթի համար, ոմանք` մշակոյթի, ոմանք էլ` ինչ-որ իդեալի:

Հասարակութիւնը տրոհւում է: Աշխարհում տիրում է բաժանուածութիւն, հակառակութիւն, լարուածութիւն մարդկանց, հասարակական խմբերի եւ ժողովուրդների միջեւ:

Ամուսնութիւնը հրաշք է երկրի վրայ: Այն միասնութեան, հաշտութեան վերականգնման հրաշքն է:

Երկու մարդ` տղամարդ եւ կին, որ սիրում են իրար, դառնում են մէկ, միասնական. անմիաբանութիւնը վերանում է, սկսում է միասնական կեանքի իրականացումը: Երկու հոգի, քանի որ իրար սիրում են եւ ընդունում մինչեւ վերջ, կատարելապէս, դառնում են միութիւն, մէկ անձնաւորութիւն` երկու դէմքով:

Ամուսնութեան, ընտանիք կազմելու հիմնական երաշխիքներից մէկը սէրն է: Իսկ ի՞նչ է սէրը: Սիրում ենք Աստծուն, ծնողներին, կնոջը, ամուսնուն, զաւակներին, բայց նաեւ` ուտելիք, զուարճալիքներ, խաղեր եւ այլն:

Սէրը զարմանալի զգացմունք է, նաեւ` ամբողջ էութեան վիճակ: Սէրը սկսում է, երբ մենք «տեսնում ենք» մարդու էութիւնը (թափանցում ենք այդ էութեան մէջ): Այդպէս մենք զգում ենք, ընկալում ենք երաժշտութեան գեղեցկութիւնը, բնութեան գեղեցկութիւնը, արուեստի գործի գեղեցկութիւնը. «Աստուած իմ, ի՜նչ գեղեցիկ է»,– հիացած գոչում ենք մենք: Մարդու նկատմամբ սիրոյ խորհուրդը սկսում է այն ժամանակ, երբ մենք նայում ենք նրան՝ առանց ցանկանալու տիրել նրան, իշխել նրա վրայ, ինչ-որ ձեւով օգտուել նրա շնորհներից եւ անձից, այլ նայում ենք եւ հիանում նրա գեղեցկութեամբ, որ մեր սրտի համար բացուել է…

Երբ մարդուն սիրով ես նայում (եւ ո´չ անտարբերութեամբ կամ ատելութեամբ), ձեր մէջ սկսւում է ընդհանուր կեանք: Մաքուր սիրոյ լոյսի տակ մենք մարդու մէջ տեսնում ենք Աստուծոյ պատկերը, սրբապատկեր: Ամէն մէկս Աստուծոյ պատկեր ենք, բայց յաճախ մոռանում ենք: Եթէ միայն յիշեինք, որ մեր առջեւ սրբապատկեր է…

Յիշենք նաեւ, որ սրբապատկերը ժամանակի ընթացքում կարող է վնասուել, աղարտուել, փչանալ:

Սակայն եթէ այն մեծ վարպետի աշխատանք է (իսկ մարդը Աստուծո´յ ձեռքի գործն է), ապա մենք կարող ենք տեսնել կամ վնասուած լինելը, կամ էլ` պահպանուած գեղեցկութիւնը: Եթէ նայենք հիացական սիրոյ աչքերով, ապա կտեսնենք գեղեցիկը, սքանչելին, իսկ մնացածի համար կվշտանանք, կլացենք: Եւ երբեմն մենք կարող ենք որոշել ամբողջ կեանքը տալ` այդ սրբապատկերի վնասուածքը, աղարտուած մասը վերականգնելու համար` որպէս արուեստի մեծ գործ: Դա սիրոյ գործն է …

Մարդը, մի կողմից, ստեղծուած է գեղեցիկ, սքանչելի: Միւս կողմից կեանքը փոխում է նրան, աղարտում: Սէրը հիանում է առաջինով, ցաւում` երկրորդի համար: Եթէ այսպէս նայենք մարդուն գոնէ մէկ անգամ, կարելի է սիրել նրան:

Երբեմն մենք չենք հասկանում երիտասարդ տղայի կամ աղջկայ կատարած ընտրութիւնը եւ զարմացած հարցնում ենք. «Ի՞նչ ես գտել նրա մէջ»: Եւ ի պատասխան լսում ենք. «Մի՞թէ չես տեսնում, թէ ինչքան գեղեցիկ է նա»: Սէրը պատրաստ է կեանքը դնելու, որպէսզի ցաւը, ցաւացող տեղը եւ փչացած ամէն բան բուժուի եւ շտկուի: Սէրը արտաքին, զգայական նշաններին չի նայում, այլ խորքն է թափանցում, որն էլ հենց սրբապատկերն է, գեղեցիկն է մարդու մէջ` երբեմն վնասուած կեանքից, անցեալից, իրավիճակներից. բայց այն (սրբապատկերը) առկա է, եւ միայն այն է կարեւոր մարդու մէջ:

Ամուսնութիւնը գերագոյն (ծայրայեղ) ուրախութեան, գերագոյն լրիւութեան արտայայտութիւնն է: Այդ լրիւութիւնը ոչ թէ հանգստութեան ու հանդարտութեան, այլ ուրախութեան եւ սիրոյ յաղթարշաւի լրիւութիւնն է:

Պօղոս առաքեալը տղամարդու եւ կնոջ փոխյարաբերութիւնն ընտանիքում նմանեցնում է Քրիստոսի եւ Եկեղեցու միջեւ եղած փոխյարաբերութեանը: Եկեղեցին Գառան (Յիսուսի) հարսնացուն է (տե՛ս Յայտն. 21:9): Ո՞վ է հարսնացուն: Հարսնացուն այն աղջիկն է, որ իր մէջ գտել է այնպիսի խորութիւն եւ ամրութիւն, որ կարողացել է սիրել միակ, անկրկնելի սիրով մէկ մարդու եւ պատրաստ է թողնել ամէն ինչ եւ լինել նրա հետ, հետեւել նրան, ուր էլ որ նա գնայ: Իսկ Փեսան՝ անարատ, անմեղ Գառնուկը, Իր կեանքն է դրել հարսնացուի՝ Եկեղեցու փրկութեան համար: Սա կատարեալ, մինչեւ վերջ զոհաբերուող, ցնծացող սէրն է:

Պահպանուել է մի աւանդութիւն՝ ըստ որի, երբ Քրիստոսին հարցնում են. ‹‹Ե՞րբ կգայ Աստուծոյ Թագաւորութիւնը››, Նա պատասխանում է. ‹‹Աստուծոյ Թագաւորութիւնը արդէն իսկ եկել է այնտեղ, ուր որ երկուսը այլեւս երկուս չեն, այլ՝ մէկ››:

Եթէ Աստուծոյ Թագաւորութիւնն իրոք եկել է ամուսնութեան մէջ, այդ դէպքում ինչպիսի՞ն է այդ Թագաւորութեան վերաբերմունքը վանականների նկատմամբ:

Եկեղեցում քրիստոնեութեան տարածման ամենավաղ շրջանից սկսած գոյութիւն ունի երկու վիճակ՝ ամուսնութիւն եւ վանականութիւն (կուսակրօնութիւն): Ամուսնութեան դէպքում երկուսը միաւորում են իրենց ճակատագրերն այնպէս, որ ամբողջ երկրային կեանքն անցնեն միասին: Վանականը հրաժարւում է անձնական մարդկային մերձաւորութիւնից, որ կազմում է ամուսնութեան ուրախութիւնն ու լրիւութիւնը: Բայց նա չի հրաժարւում սիրուց՝ Աստուծոյ եւ մարդկանց հանդէպ:

Վանական կարող է լինել այն մարդը, որ բաւականին խորութեամբ գիտակցել եւ ընդունել է աշխարհի ողբերգականութիւնը, որի համար աշխարհի տառապանքը այնքան կարեւոր է, որ նա պատրաստ է կատարեալապէս մոռանալ իրեն այն բանի համար, որպէսզի յիշի տառապանքի մէջ գտնուող աշխարհը, որը կտրուած է Աստծուց եւ յիշի Աստծուն, որ խաչվել է աշխարհի սիրոյ համար: Վանական լինել չի նշանակում փախչել աշխարհից: Մի ճգնաւոր այն հարցին, թէ ինչո՞ւ ինքը վանական չի դառնում, պատասխանում է.
‹‹Վանականն այն մարդն է, որ ամբողջ սրտով ողբում ու լացում է աշխարհի դժբախտութեան համար, եւ ես դրան դեռեւս պատրաստ չեմ››:

Ուրեմն, ե՛ւ ամուսնութեան, ե՛ւ վանականութեան հիմքը սէրն է. աշխարհի ողբերգական վիճակի գիտակցումը եւ ուրախութիւն, որ գոյութիւն ունի սէր, միութիւն, բարեկամութիւն… Դրանք աշխարհը դարձնում են հնարաւոր դրախտ: Եւ իրապէս, եթէ բոլոր քրիստոնեաներն ապրէին ճիշտ քրիստոնէական կեանքով, այսինքն՝ աւետարանական պահանջներին համապատասխան, ապա դրախտն իրականութիւն կդառնար:

Երջանկութիւնը վերագտնելու այդ ճանապարհին մեծ դեր ունի յոյսը: Դա ոչ թէ երազանք է, որ ապագայում լաւ կլինի, այլ ցնծացող հաւատի, վստահութեան գործողութիւն: Յոյսը մեր վստահութիւնն է, որ լոյսը՝ սիրոյ բերած լոյսը, ի վերջոյ կյաղթի. լոյս, որ վառւում է դժբախտութիւններով լցուած այս աշխարհում եւ փարատում խաւարը: Ճշմարիտ քրիստոնեայի բարձրագոյն կոչումն է լինել լոյս: Այս յոյսի եւ հաւատի վրայ կարող է աճել սիրոյ յաղթանակը ե՛ւ վանականութեան մէջ, ե՛ւ ամուսնութեան:

Իսկ ինչո՞ւ են մարդիկ ամուսնալուծւում:

Նախ, ոմանք ամուսնանում են, քանի որ հաւանում են միմեանց, եւ նրանց միջեւ ֆիզիկական (մարմնաւոր) կամ հոգեբանական ձգողութիւն կայ: Նրանց նպատակն է միմեանց բաւարարել ֆիզիկապէս կամ հոգեբանօրէն: Աստուծոյ օրհնութիւնը ստանալը եւ մարդկային հասարակութեանը իրենց ընտանեկան ճիշտ փոխյարաբերութիւնների միջոցով ինչ-որ բան տալն այստեղ անտեսուած է: Այսպիսի ամուսնութիւնները չունեն կայունութեան, ամրութեան իրական երաշխիքներ:

Ոմանք էլ ամուսնանում են՝ ունենալով համաձայնութիւն մարմնաւոր եւ մտաւոր ոլորտներում, ինչպէս նաեւ՝ ընդհանուր նպատակ: Միասին մտնում են կեանք եւ կեանք են արարում: Անհաւատներն այս դէպքում ստեղծում են կեանք առանց Աստուծոյ. այսպիսի ընտանիքն էլ յաճախ չի դիմանում կեանքի փորձութիւններին եւ փլուզւում է՝ չունենալով ամուր հիմք: Հաւատացեալներն ընտանեկան կեանքում փնտրում են Աստուծոյ օրհնութիւնն ու առաջնորդութիւնը՝ ձգտելով միմեանց օգնելով վերականգնել իրենց մէջ աստուածանմանութիւնը:

Ամուսնութիւնը քրիստոնէական Եկեղեցու մէջ յաւիտենական կեանքի պատկերն է, միութիւն՝ երջանիկ յաւերժութիւն ապրելու համար: Այն անխախտ է, անսասան: Նրա հիմքը, բուն երաշխաւորը Քրիստոսի Խաչի սէրն է, ինքնազոհաբերման պատրաստ սէրը, հաւատի եւ խոնարհութեան զոյգ թեւերով դէպի երկինք ճախրող սէրը, ներող եւ համբերող սէրը, ճշմարտութեան յաղթանակի համար ուրախացող սէրը, իրենը չփնտրող, չար բան չխորհող, մշտապէս յոյս տածող, երբեք չանհետացող սէրը:

Ընտանեկան երջանկութեան եւ անմար սիրոյ ուշագրաւ նկարագրութիւն է տուել կոլումբիացի հանրաճանաչ գրող Գաբրիէլ Գարսիա Մարկէսը. ‹‹Մարդուն ասել. ‹‹Ես քեզ սիրում եմ››, նոյնն է թէ նրան ասել. ‹‹Դու յաւերժ պիտի ապրես, դու երբե՛ք չես մեռնի››››:

Ո՞րն է այս յաւիտենական կեանք տուող սէրը, ինչո՞վ է այն բնութագրւում:

Սիրոյ մէջ կայ երեք կողմ:

ա) Սիրող մարդը տալիս է, ուզում է տալ: Որպէսզի այնպէս տաս, որ ստացողին ցաւ չպատճառես, պէտք է կարողանաս (ճիշտ) տալ: Երբեմն մարդիկ տալիս են, որպէսզի ինքնահաստատուեն, աճի իրենց կարեւորութիւնը, փառքը, վեհութիւնը: Սէրը միայն այն ժամանակ կարող է տալ, երբ մոռանում է իր մասին:

Օրինակ, երբ թռչունը երգում է (տալիս է իր երգը), դա անում է՝ որպէս սրտի աւելցուկ, առանց պարտադրուելու: Պէտք է տալ որպէս հոգու երգ, ուրախութիւն, ինքնամոռացում՝ ուրիշի ուրախութեան համար:

բ) Սիրոյ մէջ պիտի կարողանալ ընդունել: Ընդունողը պիտի սիրի եւ անվերապահօրէն հաւատայ տուողի սիրուն: Արեւմտեան Եկեղեցու ճգնաւորներից մէկը՝ Վենսան դէ Պոլը, ուղարկելով կոյսերից մէկին աղքատներին օգնելու, ասել է. ‹‹Յիշի՛ր, քեզ անհրաժեշտ կլինի այն ամբողջ սէրը, որին ի վիճակի է քո սիրտը, որպէսզի մարդիկ կարողանան ներել քո բարերարութիւնները››:

գ) Սիրոյ մէջ կարեւոր է զոհողութիւնը: Խօսքը սովորական զրկանքների մասին չէ՝ ուրիշի բարիքի համար (օրինակ, երբ ծնողն իրեն զրկում է, որ կերակրի, հագցնի եւ նուէրներով ուրախացնի երեխաներին): Երբեմն ամուսինները խանդում են միմեանց ոչ թէ ինչ-որ մէկի հանդէպ, որ ահա հիմա կարող է հարցականի տակ դնել իրենց սէրը, այլ՝ անցեալի: Պահանջւում է խզել բոլոր հին կապերը, յարաբերութիւնները, մի կողմ վանել մանկութեան ծանօթներին ու մտերիմներին, մի խօսքով, կեանքը սկսել այն պահից, երբ իրենք հանդիպել են: Բայց մարդը չի կարող իր կեանքը սկսել ինչ-որ օրից, թեկուզեւ՝ շատպայծառ օրից…

Սիրողը պէտք է ընդունի անցեալի խորհուրդը՝ որպէս իրականութիւն, որպէս առկայ խորհուրդ, եւ պատրաստ լինի այն խնամել, պահպանել. պիտի ընդունի, որ անցեալում իր սիրեցեալը ունեցել է այնպիսի յարաբերութիւններ ծնողների, ընկերների, ընկերուհիների հետ, կեանքի այնպիսի դէպքեր, որոնք պէտք է փայփայել, պահպանել քնքուշ, յիշարժան սիրով:

Այստեղ սկսում է հաւատի տիրոյթը. ոչ միայն Աստուծոյ հանդէպ, այլեւ՝ մարդկանց փոխադարձ հաւատը միմեանց հանդէպ: Այդ հաւատը իրական վստահութեան եւ հաւատարմութեան վրայ է հիմնւում:

Սիրելիներ, Աստուած ընտրել է Եկեղեցին՝ որպէս մաքուր կոյս՝ Քրիստոսի հարսնացու:

Բայց մենք բոլորս մեղաւոր ենք, թերութիւններ ունենք, բաւական վնասուած, փչացած ենք …

Բանն այն է, որ Աստուած մեզ նայում է եւ տեսնում է մեր մէջ եղած գեղեցկութեան հնարաւորութիւնը, տեսնում է մեր մէջ այն, ինչ որ մենք կարո՛ղ ենք լինել, եւ այդ բանի համար, ինչ որ Ինքը տեսնում է, մեզ ընդունում է: Եւ սա նպաստում է, որ մենք աճենք, քանի որ ինչ-որ մէկը մեր մէջ նկատել է լաւը, բարին, գեղեցիկը, վեհը եւ ոչ թէ՝ վատը, չարը, տգեղը, ստորը …

Ամուսնական կեանքի մէջ էլ նոյնն է …

Սիրող զոյգի համատեղ կեանքը պիտի նպաստի ամուսինների փոխադարձ աճին, բարձրացմանը հենց սիրոյ միջոցով: Ամուսնական սիրոյ սկզբունքը հետեւեալն է. ‹‹Պէտք է սիրել՝ որպէս սեւամորթ, սպիտակամորթին ամէն մէկն էլ կսիրի››, որպէսզի դառնանք այն, ինչի որ կոչուած ենք եւ ինչ որ ներունակաբար կարո՛ղ ենք դառնալ Աստուծոյ շնորհով եւ մարդասիրութեամբ: Նրան փառք յաւիտեանս. Ամէն:

ՄԻՆԱՍ ԱՒ. ՔՀՆ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

«Հոգին է կենդանարար»