Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Տնտեսի առակը

«Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ»: (Ղուկ. 16:9)

«Անիրաւ տնտեսի» առակը Յիսուսը պատմում է Իր աշակերտներին: Յիսուսի աշակերտները նրանք են, ովքեր դարձել են Աստծուն, Նրան հաւատարմութիւն են խոստացել, եւ որ կոչուած են Աստծուն ծառայելու եւ Նրան գործակցելու: Աշակերտների միջոցով պատգամ է փոխանցւում բոլոր քրիստոնեաներին: Մեծահարուստն Աստուած է, տնտեսը` քրիստոնեան, մանաւանդ` Քրիստոսի Եկեղեցու սպասաւորը: Պօղոս առաքեալը գրում է. «Մարդիկ թող համարեն մեզ իբրեւ սպասաւորներ Քրիստոսի եւ տնտեսներ` Աստուծոյ խորհուրդների» (Ա Կորնթ. 4:1): «Պէտք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի` որպէս Աստուծոյ տնտես» (Տիտ. 1:7): Աստուծոյ հարստութիւնն է` սէր, քաղցրութիւն, ներողամտութիւն, փրկութիւն, Խօսքի քարոզութիւն, շնորհների մատակարարում… Ամէն մի տնտես ի վերջոյ պիտի հաշիւ տայ: Իսկ ո՞րն է այս աննիւթական հարստութեան վատնումը: Այն բոլոր քայլերը, որոնցով վնասւում է Աստուծոյ գործի տարածումը, ընդարձակումը: Օրինակ, եթէ հաւատացեալի (հոգեւոր սպասաւորի) առջեւ առիթ է բացուել հոգեւոր գիտութիւն քարոզելու, ուսուցանելու, եւ նա չի քարոզում, իմաստութիւն յորդորելու` չի կատարում, իր հաւատքը գործերով չի պտղաբերում, իր ստացած բժշկութեան շնորհը չի բաշխում հիւանդներին, մարգարէութեան պարգեւ ունի` Աստուծոյ կամքը չի պատգամում:

Աստուծոյ հարստութիւնը նաեւ ամբողջ աշխարհն է, եւ մեզանից իւրաքանչիւրը տնտես է: Ու պիտի հաշիւ տանք մեր վարած տնտեսութեան համար: Առակի տնտեսը նիւթական հարստութիւնն էր վատնում: Կան նաեւ հոգեւոր բարիքներ՝ մարդուն տրուած շնորհները, պարգեւները, կարողութիւնները, ձիրքերը, բարին գործելու առիթները, հոգեւոր աճի համար առատ ժամանակը, Աստծուց հեռացածներին փրկութեան առաջնորդելու պատեհութիւնները, սգաւորներին մխիթարելու կարողութիւնը…

Աստուծոյ մեծագոյն հարստութիւնը փրկութիւնն է: Ով որ ընդունում է Յիսուսի փրկութիւնը՝ դառնում է դրա տնտեսը: Հաւատացեալի մեծագոյն կոչումը փրկութեան շնորհի մատակարարումն է: Եթէ առիթը կայ, եւ մենք չենք վկայում, ապա վատնում ենք հարստութիւնը: Առակի տնտեսը վատնում էր նիւթականը եւ խիստ պատժուեց, իսկ եթէ մենք վատնենք հոգեւորը, արդեօք Աստուած խիստ չի՞ գտնուի մեր հանդէպ: Վատնել հոգեւոր հարստութիւնը նշանակում է Աստուծոյ փառքի համար չգործածել, այսինքն՝ հափշտակել Իր փառքը, հետեւաբար ենթակայ լինել դատապարտութեան, քանի որ Ինքը՝ Տէրն ասում է. ‹‹Իմ փառքը ուրիշին չեմ տայ›› (Ես. 42:8):

Առակի տնտեսին ամբաստանեցին, սակայն Աստուած առանց ամբաստանութեան էլ գիտի ամէն ինչ.

Նա հետեւում է, զօրակցում, ուղղութիւն տալիս եւ պահանջում: Ուստիեւ ստացուած շնորհներն անպայման պիտի գործի դնենք: Պետրոս առաքեալը պատուիրում է. «Իւրաքանչիւր ոք ինչպիսի շնորհ, որ ընդունել է, ուրիշի հանդէպ թող նոյնը մատակարարի որպէս բարի տնտես Աստուծոյ շնորհների…» (Ա Պետր. 4:10-11): Աստուած՝ մեր Հայրը, ամէն մէկիս համար ծրագիր ունի: Մեր նպատակը պիտի լինի ապրել Աստուծոյ հետ եւ Նրա համար, գործել Աստուծոյ հետ եւ Նրա համար, մօտենալ Աստծուն եւ ուրիշներին էլ մօտեցնել Նրան: Հաշիւ պիտի տանք Տիրոջը: Եթէ մենք այդպիսին չենք, եթէ մեր նպատակը այդ չէ` մենք Աստուծոյ հարստութիւնը վատնող ենք:

Աշխարհ եկած ամէն մարդ կոչուած է մի պակաս բան ամբողջացնելու, մի արցունք սրբելու, մի թշուառութիւն ջնջելու, մի շեղուածի ուղղութեան բերելու: Եւ եթէ ամէն մէկը կարողանար մի հոգի ազատել մեղքի ստրկութիւնից, մի անօրէնութիւն արմատախիլ անել, մի դժբախտութեան վերջ դնել` մեր երկիրը կվերածուեր դրախտի:

Առակի տնտեսը միայն իր շահն էր հետապնդում: Աստուծոյ շնորհն ստացողը պիտի դառնայ շնորհ բաշխող: Տնտեսը հաշիւ ներկայացրեց եւ հեռացուեց պաշտօնից: Աստուծոյ տնտեսը լինելու կոչուած մարդը (քրիստոնեան) պիտի հեռացուի այս կեանքից: Այս առումով տեղին է անդրադառնալ յետեւեալ ճշմարտութիւններին.

ա) Աշխարհում անհաւատարիմն անմիջապէս է հեռացւում: Աստուած համբերատարութեամբ նորանոր առիթներ է տալիս Իր ծառաներին ուղղուելու եւ հաւատարմութեան մէջ հաստատուելու:

բ) Աշխարհում նախ հաշուետւութիւն են ներկայացնում, նոր դրանից հետոյ` հեռացւում: Աստուծոյ տնտեսը նախ մեռնում է, յետոյ նոր` հաշուետւութիւն տալիս (կանգնում դատաստանի առաջ):

գ) Մահը խլում է մարդուց ամէն մի շնորհ ու կարողութիւն, բարիք գործելու ամէն մի առիթ ու պատեհութիւն: Ինչ որ կարող ենք անել` հիմա´ պէտք է անենք:

դ) Տնտեսը, երբ ամբաստանուեց, պաշտպանուելու փորձ չարեց` լուռ մնաց: Մահուանից հետոյ` դատաստանի օրը, մենք էլ պիտի լռենք, չենք կարող պաշտպանուել, արդարանալ. չէ՞ որ վատնել ենք Աստծուց ստացածը: Ադամն ու Եւան էլ դատաստանից հետոյ ոչ մի բառ չասացին:

Երբ առակի տնտեսից հաշիւ պահանջուեց, նա իր մտքում ասաց. «Ի՞նչ պէտք է անեմ»: Այս հարցը շո´ւտ պէտք է տրուի: Տնտեսը թերեւս դեռ ինչ-որ բան կարող էր անել, իսկ քրիստոնեան` անապաշխար մեռնելով` այլեւս ոչ մի բան չի կարող անել: Տնտեսը մտածում է, որ ինքը հողի վրայ աշխատել (ջանք, քրտինք թափել) չի կարող, իսկ մուրալ (առանց աշխատանքի մի բան ձեռք գցել) ամաչում է: Մահից յետոյ այդ երկուսն էլ անհնար են: Աշխատանքի ժամանակը հիմա է` այս կեանքում, իսկ Աստուծոյ արքայութիւնը հնարաւոր չէ մուրալով ձեռք բերել. այն ձեռք է բերւում հոգեւոր պատերազմի, պայքարի արդիւնքում` «բռնութեամբ», այսինքն` ճիգ, ջանք գործադրելով եւ հալածանքներ կրելով ու համբերելով: Իսկ ինչո՞ւ տնտեսը չէր կարող աշխատել: Չէր ուզում: Նա սովոր էր հեշտ ապրել` առանց քրտնելու:

Հոգեւոր հացը նոյնպէս ձեռք է բերւում անձնական աշխատանքով. փրկութիւնը փոխանորդական չէ, այսինքն` ես չեմ կարող փրկուել ուրիշի փոխարէն կամ ուրիշը` իմ փոխարէն: Անձնապէս պէտք է ընդունել փրկութիւնը` «ահով ու դողով դրա համար աշխատելով» (տե´ս Փիլիպ. 2:12):

Իսկ ինչո՞ւ էր տնտեսն ամաչում մուրալ: Սա արդէն արժանապատւութեան հարց է, նաեւ` ինքնահաւանութեան ու հպարտութեան: Նա չէր ամաչում վատնել, յափշտակել ուրիշի ունեցուածքը, սակայն ամաչում էր մուրալ: Աստուած չի ուզում, որ Իր զաւակները մուրացկան լինեն, այլ` որ իրենց կարողութիւններն ու շնորհները կիրարկեն: Փրկութիւնն Աստուծոյ կողմից ձրի է տրւում, բայց եւ` համագործակցելով Աստծուն` բարիք գործելով, առաքինութիւններով զարդարուելով: Երբ յանձնւում ենք Տիրոջը եւ ապաւինում Նրան ու Նրա տուած պարգեւները գործածում մարդկանց բարիքի ու փրկութեան համար` փրկութիւնը դառնում է մեր իրաւունքը, այլեւս կարիք չկայ այն մուրալու…

Տնտեսը գտնում է ելքը. «Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ»: Նա առաջին անգամ սկսում է մտածել իր տիրոջ պարտապանների մասին, այն էլ, որպէսզի ապագայում իրե´ն լաւ լինի (եւ ոչ թէ նրանց մասին մտահոգուելով, նրանց կարեկցելով): Տնտեսը դեռ չէր հեռացուել պաշտօնից: Մենք էլ մինչեւ մեր մեռնելը պիտի հաշտուենք Աստուծոյ եւ մեր նմանների հետ, պիտի զղջանք ու ապաշխարենք, որպէսզի երբ գնանք այս կեանքից` յաւիտենականը ժառանգենք:

Տնտեսը, զեղչելով պարտապանների պարտքերը, ճարպկօրէն, հնարամտօրէն վարուեց: Նրա տէրը գովեց ոչ թէ լրացուցիչ անիրաւութիւնը, արարքը, այլ` ապագան ապահովելու նրա հնարամտութիւնը: Մեզանից իւրաքանչիւրը տնտես է, որից հաւատարմութիւն եւ պարտաճանաչութիւն է ակնկալւում: Սովորաբար շատերս անփոյթ ենք ու անհաւատարիմ: Բայց երբ մէկն սթափւում է, արթնանում Տիրոջով հոգեւոր թմբիրից եւ սկսում է իր ստացած հարստութիւնից բաշխել ուրիշներին, շահում է ե´ւ նրանց, ե´ւ Աստծուն: Ընդ որում, ինչքան տալիս է, այնքան աւելանում է իրենը: Իրապէս երանելի կլինենք, երբ մեր կոչմանը հաւատարիմ, իմաստութեամբ եւ յօժարակամ կատարենք մեր պարտականութիւնը, այսինքն՝ ազնիւ ու արդար վարենք Աստուծոյ տնտեսութիւնը: Այդժամ
կվարձատրուենք ե՛ւ այստեղ, ե՛ւ այնտեղ՝ Երկնքում:

Տնտեսը պարտապաններին շնորհեց ձէթ ու ցորեն. ձէթը լուսաւորութեան, լոյսի խորհուրդն ունի, ցորենը՝ կերակուրի, ուտելիքի: Այս պարտքերը շնորհել՝ նշանակում է չզրկել կեանքի համար անհրաժեշտ տարրերից: Աստուծոյ տնտեսն էլ կոչուած է Քրիստոսի լոյսը եւ Նրա հացը բաժանելու իր մերձաւորներին (իր խնամքին յանձնուած հօտին), որպէսզի մեղքերով չծանրաբեռնուեն եւ կորստեան չդատապարտուեն, այլ՝ Քրիստոսով փրկութիւն գտնեն: Աստուծոյ պարտապանը մեղաւոր, Աստծուց հեռացած մարդն է: Աստուծոյ տնտեսը՝ Քրիստոսի փրկութիւնն այդ մարդուն մատակարարողն է: Եթէ տէր չկանգնի իր կոչմանը՝ ենթակայ կլինի խիստ դատաստանի: Մի քանի անդրադարձ կատարենք.

ա) Առակի տնտեսը մասամբ շնորհեց պարտքերը, քանի որ իր պարտապանները չէին: Մենք մեր պարտապաններին կարող ենք ամբողջովին շնորհել:

բ) Տնտեսն օգնեց, այդ մարդիկ էլ հետոյ իրեն պիտի օգնէին: Մենք էլ, եթէ օգնենք՝ կվայելենք Աստուծոյ օգնութիւնն ու օրհնութիւնները: Լաւ է, ճիշտ է օգնել տառապեալին, բայց ոչ նրանից ինչ-որ բան ակնկալելով: Հոգեւոր օգնութիւնը՝ ամէն ջանք ներդնելն է՝ մեղքի բեռան տակ ճնշուած մարդկանց ազատագրելու:

գ) Տնտեսն արեց՝ զուտ սեփական շահերից ելնելով: Մենք պէտք է օգնենք անկեղծ սիրով, Քրիստոսի սիրով: Առաքեալի խօսքերով. «Եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ» (Ա Կորնթ. 13:3): Մեր գործով (վկայութիւն, քարոզ, խրատ, յորդոր) Աստուած պիտի փառաւորուի:

դ) Տնտեսը լաւ բան արեց, բայց` իր տիրոջ հաշուին: Եթէ մենք նիւթական օգնութիւն պիտի ցուցաբերենք` ապա այն պիտի լինի մեր արդար վաստակից: Հոգեւոր առումով ինչ էլ որ տանք, մերը չէ, այլ` Աստծունը. մենք ոչինչ չունենք, որ Աստուած տուած չլինի:

ե) Եթէ ներենք, Աստուած էլ մեզ կների:

զ) Տնտեսն շտապում էր, ժամանակ չունէր, շուտով պաշտօնից պիտի զրկուէր: Ուստի պարտապաններին հերթով ասում է. «Նստի´ր ու անմիջապէս գրի´ր…»: Մենք էլ զգոյշ լինենք. ապաշխարութիւնն անյետաձգելի է: Առաքեալը յորդորում է. ‹‹Հիմա՛ է յարմար ժամանակը, հիմա՛ է փրկութեան օրը›› (Բ Կորնթ. 6:2): Յիշենք, որ շատերիս համար մահուան օրը անակնկալ պիտի լինի: Շատերի համար գայթակղութիւն է, որ ‹‹տէրը գովեց անիրաւ տնտեսին››: Սակայն պիտի նկատենք, որ

ա) Տէրը գովեց տնտեսի հնարամտութիւնը: Անելանելի թուացող վիճակից նա ելք գտաւ: Իսկ մենք օգտւո՞ւմ ենք ներկայացող առիթներից եւ օգտագործո՞ւմ ենք դրանք՝ մեզ համար երկնքում անսասան ապագայ ապահովելու:

բ) Տնտեսը գովուեց, քանի որ նա իր անձի շահը փնտրեց, մտածեց, գտաւ եւ իրագործեց: Գովելի է, երբ մարդ իր փրկութեան համար հնարամտութեամբ է գործում:

գ) Տնտեսն անազնիւ միջոցներով հասաւ իր նպատակին: Աստուած չի ուզում, որ իր ծառաներն անարդար, անազնիւ միջոցներ օգտագործեն:

Առակի դասը յետեւեալն է. անմիտ ու անխոհեմ չլինենք, այլ ճարպիկ ու հնարամիտ, շարժուենք Ս. Հոգու առաջնորդութեամբ: Ստեփանոս Սիւնեցին ասում է. ‹‹Անիրաւ տնտեսը խորհրդանշում է բոլոր այն մեղաւորներին, ովքեր ներում են իրենց պարտապանների պարտքերը եւ առատապէս բաշխում են իրենց ինչքերը: Նրանք, ներելով ուրիշների պարտքերը, իրենք իրենց սիրելի են դարձնում հրեշտակներին ու արդարներին››. ուրեմն նաեւ՝ Աստծուն: Իսկ Զարեհ արք. Ազնաւուրեանը համարում է, որ ‹‹լոյսի որդիները Աստուծոյ հետ կապուած մարդիկ են››: Աշխարհի մարդիկ ամէն միջոցի դիմում են՝ իրենք իրենց հաստատելու եւ հանգստաւէտ ապրելու՝ յաճախ նոյնիսկ համագործակցելով … Իսկ լոյսի որդիները, ցաւօք, ամէն ինչ չէ, որ անում են՝ յաւերժական հանգստի հասնելու համար, եւ յաճախ էլ միաբան չեն, ոմանք էլ նոյնիսկ գժտուած են իրար հետ (անգամ հարազատ քոյր եւ եղբայր):

Յիսուսն ասում է. ‹‹Եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարուի իմ Հօր կողմից, որ երկնքում է›› (Մատթ. 18:19): Եկէք խոստովանենք, որ փոխանակ միաբանութեան, սիրոյ, անկեղծութեան, մտերմութեան՝ մեր մէջ (քրիստոնեաներիս) կայ աւելի մրցակցութիւն, անհանդուրժողութիւն, ոխակալութիւն, չարութիւն, ատելութիւն, նախանձ…

Տնտեսին մենք անիրաւ ենք անուանում: Իսկ մենք, որ Աստուծոյ կողմից մեզ տրուած պարգեւները, շնորհները, ձիրքերն ու կարողութիւնները չենք գործածում մեր նմանի բարիքի համար, Աստուծոյ տեսակետից անիրաւ չե՞նք: Անշուշտ, անիրաւ ենք, քանի որ կարող ենք սիրել, բայց չենք սիրում, կարող ենք ներել, բայց չենք ներում, կարող ենք օգնել, բայց չենք օգնում, կարող ենք բաշխել, բայց չենք բաշխում, կարող ենք ընկածին կանգնեցնել, չենք կանգնեցնում, տրտմածին չենք ուրախացնում, մի խօսքով, կարող ենք բարիք գործել Աստուծոյ փառքի համար, բայց զլանում ենք:

Յիսուսն ասում է. ‹‹Անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք›› (Ղուկ. 6:9): Առակի տնտեսը շահեց մարդկանց բարեկամութիւնը, մենք պիտի ձգտենք շահել Աստուծոյ բարեկամութիւնը: Աշխարհի հարստութիւնը օգտագործենք Աստուծոյ փառքի համար, Եկեղեցու համար, կարիքաւորների համար:

Պարտապանը նեղութեան մէջ եղողն է (նիւթական կամ հոգեւոր): Տնտեսի պէս իմաստուն լինենք. տանք մեր ունեցածից, մեր սրտից ու հոգուց, մեր ժամանակից ու հանգստից, մեր ուրախութիւնից: Բարեկամը մամոնան չէ, այլ մամոնայի միջոցով է շահւում: Մամոնան ինքնին անիրաւ չէ. անիրաւ է, երբ անիրաւ միջոցներով է ձեռք բերւում, երբ անիրաւ մէկի ձեռքերում է, երբ օգտագործւում է անիրաւ նպատակների համար…

Սիրելինե՛ր, Աստուծոյ կողմից տրուածը գործածենք Իր իսկ փառքի համար, տրուածը Տուողից շատ չսիրենք, սրտներս կապենք ոչ թէ ստեղծուածի, այլ՝ Ստեղծողի հետ, իշխենք աշխարհին եւ ոչ թէ նրա ստրուկը լինենք: Մի խօսքով, մեր Տիրոջ ու Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի օրինակով լինենք Երկնքի դեսպան, փրկութեան միջնորդ եւ աստուածային շնորհների մատակարար, եւ այդժամ մենք էլ առաքեալների պէս կարժանանանք Սուրբ Հոգու երկնառաք պարգեւներին. ամէն:

ՄԻՆԱՍ ԱՒ. ՔՀՆ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

«Հոգին է կենդանարար»