Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

«Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին». Երվանդ Օտյան

Երվանդ Օտյանը հայ դասական երգիծաբանության ականավոր ներկայացուցիչներից է: Ստեղծել է սոցիալական և քաղաքական երգիծանքի փայլուն երկեր:

Երվանդ Օտյանը մեծացել է հորեղբոր՝ պետական և հասարակական հայտնի գործիչ Գրիգոր Օտյանի տանը, որտեղ մշտապես ներկա է եղել գրական անվանի դեմքերի բանավեճերին: Գրաճանաչ է դարձել հորաքրոջ՝ Եվփիմե Օտյանի օգնությամբ, ապա հաճախել է Պերպերյան վարժարան: Տկարության պատճառով թողել է դպրոցը և կրթությունը լրացրել մասնավոր դասերով:

Օտյանը գրական ասպարեզ է մտել 1880-ական թվականների վերջերին՝ թարգմանություններով և պատմաբանասիրական հետազոտություններով: 1892 թ-ին «Հայրենիք» օրաթերթի խմբագիր Արփիար Արփիարյանի հրավերով ստանձնել է թերթի օգնական-խմբագրի, իսկ 1896 թ-ին՝ խմբագրի պաշտոնը:

Ստեղծագործության առաջին շրջանի (1889-95 թթ.) քրոնիկ-ֆելիետոններում, պատմվածքներում ու նորավեպերում («Սիրո նահատակ», 1892 թ., «Վաշխառուն», 1893 թ., «Կաղանդի վիպակ», 1895 թ., և այլն) Օտյանը ներկայացրել է սոցիալապես անապահով խավի ծանր կացությունը, աշխատավորների շահագործումը, քննադատել բարոյական չարիքները: Օտյանի քրոնիկներն ընդգրկում են կյանքի բոլոր ոլորտները, ծաղրում և ձաղկում ոսկու ուժով դիրք ու պատիվ ձեռք բերած կեղեքիչ, չարագործ, բութ արարածներին, որոնք «ամենքն ալ բարերար, ամենքն ալ մեկենաս, ամենքն ալ ազնվասիրտ ու ամենքն ալ իմաստուն» են հռչակվում:

1896 թ-ին Կոստանդնուպոլսում սկսված հալածանքների պատճառով Օտյանը մեկնել է Հունաստան, 1897 թ-ին հաստատվել է Եգիպտոսում: Տարագրության 12 տարիները՝ մինչև 1908 թ-ը, գրողի ստեղծագործության երկրորդ շրջանն է. նա խմբագրել է «Ազատ խոսք» (1901-08 թթ.), «Ազատ բեմ» (1903-06 թթ.), «Օրենք» (1905 թ.), «Կրակ» (1905 թ.) և այլ պարբերականներ, ստեղծել տասնյակ բարձրարժեք գործեր՝ «Լևոն թագավորի սուրը» (1898 թ.), «Համբարձում աղա» (1904 թ.), «Ոսկեմոլը» (1905 թ.) և այլ պատմվածքներ, «Հեղափոխության մակաբույծները» (1899 թ.) պատմվածաշարը, «Պրոպագանդիստը» (1901 թ.) երգիծավեպը, «Ազգային բարերարը» (1905 թ.), «Միքեի սիրարկածը» (1906 թ.) վիպակները, «Զավալլըն» (1905 թ.) վոդևիլը, «Ֆրանքո-թրքական պատերազմ կամ Չարշըլը Արթին աղա» (1906 թ., համահեղինակ՝ Միքայել Կյուրճյան) կատակերգությունը և այլն:

Գրական այս շրջանում Օտյանը հանդես է եկել գերազանցապես որպես քաղաքական երգիծաբան՝ սատիրայի վառ գույներով նկարագրելով քաղաքական, կուսակցական «գործիչների» դիմակ հագած, կեղծիքի ու խաբեության «ասպետների» ոչ միայն ծիծաղելի, այլև հույժ վնասաբեր շահատակությունները: Նրբորեն է հյուսված Սահակ էֆենդու կերպարը («Ազգային բարերարը»), որը չի զլանում ուրիշների դառն աշխատանքով դիզած իր հարստությունից «մեծահոգաբար» չնչին ողորմություն նետել եկեղեցուն, աղքատախնամին և հռչակվել «ազգային բարերար»:

1909 թ-ին Օտյանը վերադարձել է Կոստանդնուպոլիս: Գործունեության երրորդ շրջանում (1909-15 թթ.) խմբագրել և հրատարակել է «Խարազան», «Հայրենիք», «Արևելք», «Կառափնատ» և այլ պարբերականներ, գրել «Ընկ. Բ. Փանջունի» (1909-14 թթ., եռամաս) և այլ վեպեր, մի շարք վիպակներ, գրական-հրապարակախոսական հոդվածներ, ֆելիետոններ, կատարել թարգմանություններ, հրատարակել «Մեր երեսփոխանները» (1913 թ.) երգիծական դիմանկարների շարքը:

«Ընկ. Բ. Փանջունի» վեպը քաղաքական սատիրայի գլուխգործոց է, որի մասին Օտյանն ասել է. «Իրական դեմք մը չէ Փանջունին, այլ տեսակ մը ընդհանուր տիպար է, խտացումը այն օրերու «հեղափոխական տիպարներու»: Փանջունու օրինակով նա անխնա ծաղրում ու ծանակում է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով «հեղափոխական» են, «ազգային հերոս», մինչդեռ իրականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար՝ դառնալով հասարակական չարիք:

Հայ ռեալիստական գրականության բացառիկ արժեքավոր էջերից են Օտյանի սոցիալական երգիծավեպերը՝ «Միջնորդ տեր պապան» (1895-1920 թթ.), «Ընտանիք, պատիվ, բարոյական» (1910 թ.), «Վաճառականի մը նամակները» (1910 թ.), «Թաղականին կնիկը» (1915 թ.) և այլն, որտեղ հասարակական ոչ մի խավ, սոցիալական ոչ մի երևույթ, ընտանեկան, կենցաղային ու բարոյական ոչ մի ոլորտ դուրս չի մնացել երգիծաբանի տեսադաշտից:

1915 թ-ի Մեծ եղեռնի ժամանակ Օտյանին հաջողվել է ազատվել աղետից, սակայն օգոստոսի վերջերին ձերբակալվել ու աքսորվել է արաբական անապատներ: Օտյանը Դեյր էզ Զորում մնացել է մինչև 1918 թ.: Նրան փրկել է դիպվածը. ազգությունը թաքցրած հայ վարորդը տարագրյալ հայերի մեջ ճանաչել է Օտյանին՝ Համայի վարժարանի (Սիրիայում. այստեղ Օտյանը դասավանդել է 1916 թ-ի վերջերից մինչև 1917 թ-ի ապրիլը) իր ուսուցչին, գաղտնի դուրս է բերել և տարել մի ապահով վայր: 1918 թ-ի զինադադարից հետո Օտյանը վերադարձել է Կոստանդնուպոլիս, սակայն 1922 թ-ին նորից հեռացել է այնտեղից, մեկնել Բուխարեստ, 1924 թ-ին տեղափոխվել Սիրիա, ապա՝ Կահիրե:

Ստեղծագործական վերջին շրջանում (1918-26 թթ.) Օտյանն ակտիվորեն աջակցել է Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությանը Կոստանդնուպոլսում, Հայաստանի օգնության կոմիտեի աշխատանքներին, զբաղվել հայ որբերի ճակատագրով: Միաժամանակ հիմնել և խմբագրել է մի շարք պարբերականներ և երգիծաթերթեր, գրել է 8 վեպ, բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, ֆելիետոններ, պարսավագրեր:

Արժեքավոր են Օտյանի թարգմանությունները Լև Տոլստոյի, Ֆեոդոր Դոստոևսկու, Մաքսիմ Գորկու, Էմիլ Զոլայի, Մարկ Տվենի և ուրիշների գործերից:

Օտյանի ծննդյան 130-ամյակի առթիվ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն առանձին գրքերով լույս է ընծայել գրողի «Հայ Տիասբորան» վեպը, «Վերնատունեն» ֆելիետոնների ժողովածուն, «Նամակները» (երեքն էլ՝ 1999 թ.), «Թիվ 17 խաֆիեն» (գիրք 1-3, 2000-01 թթ.) վեպը (պատկերված է Մեծ եղեռնի նախապատրաստումն ու իրագործումը), «Նաիրի» հրատարակչությունը՝ «Անիծյալ տարիներ 1914-19, անձնական հիշատակներ» (2004 թ.) գիրքը:

Օտյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, բուլղարերեն, հունարեն, թուրքերեն, ալբաներեն և այլ լեզուներով:

Օտյանի պիեսները բազմիցս բեմադրվել են Հայաստանի և Սփյուռքի թատրոններում, նաև հեռուստաթատրոնում:

«Ընկ. Բ. Փանջունի» վեպի հիման վրա նկարահանվել է «Ընկեր Փանջունի» (1992 թ., ռեժիսոր՝ Արման Մանարյան), «Կեղծ լրտեսը» պատմվածքի մոտիվներով՝ նույնանուն (1966 թ., ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան, երկուսն էլ՝ Հայֆիլմ) կինոնկարները:

Երվանդ Օտյանի անունով Երևանում կոչվել է փողոց, Էջմիածնում` դպրոց:

«Պիտի խնդանք՝ առանց քեն կամ ոխ, ատելություն կամ նախանձ խառնելու մեր ծիծաղին մեջ, որովհետև ծիծաղը սուրբ, աստվածային է»:

«Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին»:

Երվանդ Օտյան

«Քրոնիկն իրմե (Օտյանից) ավելի մեծ վարպետ մը չունեցավ մեր մեջ»:

Վահան Թեքեյան

«Կը խնդանք կուշտ-կուռ գիրքը («Ընկ. Բ. Փանջունի») կարդալով, որովհետև անկարելի է դիմադրել Օտյանի կատակերգական հրաշալի ավյունին. բայց եթե խնդալե դադրելով՝ փորձվինք պահ մը խորհիլ այդ գործունեության և փորձարկության արդյունքներուն - ըսել կուզեմ՝ դիզած ավերակներուն - նույնքան անկարելի կըլլա դիմադրել լալու փափագի մը...»:

Միքայել Կյուրճյան 

«Կրթությամբ կատարյալ եվրոպացի՝ նա (Օտյանը) գիտեր իր մեջ սանձահարել այն, ինչ որ կարող էր գրգռել դիմացինի նողկանքը կամ ատելությունը: Նրա հոգեկան հարստություններն էին բարությունը, մարդասիրությունը և սերը դեպի գեղեցիկը: Նա արտիստ էր ոչ միայն էպիկուրյան իմաստով, այլև հոգեկան բարձր ու աննյութական պահանջներով»:

Ալեքսանդր Շիրվանզադե