Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Էդվարդ Մկրտչի Ջրբաշյան

Էդվարդ Մկրտչի Ջրբաշյան՝ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956)։ Խմբագրել է «Սովետական գրականություն», «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսները, գլխավորել է ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժինը և ԵՊՀ գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը։

Ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել է, կորցրել ոտքը։ 1950 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։

1954 թվականին պաշտպանել է թեկնածուական («Պոեմի ժանրը սովետահայ գրականության մեջ»), 1965 թվականին՝ դոկտորական ատենախոսություն («Թումանյանի պոեմները»)։ 1967 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։

1974 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թվականից՝ ակադեմիկոս։

1950-1972 թվականներին դասախոսել է ԵՊՀ հայ գրականության տեսության ամբիոնում։ 1972-1985 թվականներին ղեկավարել է իր իսկ հիմնադրած գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը, 1982 թվականից՝ գրականության տեսության և արտասահմանյան գրականության ամբիոնը։

1953-1954 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագրի տեղակալ, 1961-1962 թվականներին խմբագրել է «Սովետական գրականություն» ամսագիրը։ 1967 թվականին հիմնադրել է «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսը, որի հիմնադիր խմբագիրն է եղել մինչև 1977 թվականը։

1966-1970 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես գրականության տեսության բաժնի վարիչ։1977 թվականից մինչև մահը եղել է գրականության ինստիտուտի տնօրեն։

Էդվարդ Ջրբաշյանը հեղինակ է ավելի քան երկու տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների։ Նա նախաձեռնել և խմբագրել է հայ դասականների երկերի հրատարակություններ։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Թումանյանի պոեզիան» (Մոսկվա, 1969), «Պոետիկան և գրականության զարգացումը» (Երևան, 1985) գրքերը։ Նրա խմբագրությամբ, առաջաբանով ու ծանոթագրություններով լույս է տեսել Վահան Տերյանի «Բանաստեղծություններ. լիակատար ժողովածու» գիրքը (Երևան, 1985)։

Վախճանվել է 1999 թվականին՝ Երևանում։