Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Մեծանուն նկարիչ, քանդակագործ՝ Երվանդ Քոչար

ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը
հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր
ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ
գեղանկարչության հիմնադիրներից:

Երվանդ Քոչարը (իսկական ազգանունը՝ Քոչարյան) 1918 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1915-18 թթ-ին միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում (դասատու՝ Եղիշե Թադևոսյան), 1918-19 թթ-ին՝ Մոսկվայի Ազատ գեղարվեստի արվեստանոցների վերջին կուրսում (ղեկավար՝ Պյոտր Կոնչալովսկի):

1919 թ-ին նկարչություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում, 1921 թ-ին՝ բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում:

1918-22 թթ-ին ստեղծել է գույնի նուրբ զգացողությամբ, հոգեբանական խնդիրներ արծարծող, ջերմ ու հուզական կտավներ («Կշռաքարերով նատյուրմորտ», 1918 թ., «Ջութակ», 1919 թ., «Նկարչի մոր դիմանկարը», 1919 թ., «Ըմպանակով կինը», 1920 թ., և այլն), որոնցով դրսևորվել են Քոչարի արվեստին բնորոշ ռացիոնալիզմը, սիմվոլիստական մտածելակերպն ու ձգտումը պլաստիկ ծավալային ձևին:

1922 թ-ին եղել է Կոստանդնուպոլսում, Վենետիկում (դիմաքանդակների համար արժանացել է արծաթե մեդալի), ապա՝ Ֆլորենցիայում, Հռոմում, 1923 թ-ից՝ Փարիզում, որտեղ ստեղծագործել է և ցուցադրվել նշանավոր սալոններում: Այդ շրջանի գործերում («Ղազարոսի հարությունը», 1923 թ., «Տեսիլք», 1924 թ., «Սրճարան», 1925 թ., «Պտուղներով հուրին», 1926 թ., և այլն) նկատելի է ժամանակակից հոսանքների և ձևերի համադրումը, որի հանրագումարը «Ընտանիք-սերունդներ» (1925 թ.) կտավն է:

Քոչարն այդ շրջանում ստեղծել է նկարչության նոր տեսակի՝ եռաչափ (տարածական) երկ (1926 թ.). մեկ կտավի փոխարեն նկարել է նույն առանցքով միմյանց զոդված թիթեղներին:

Ուրբանիզացիայի և տեխնիկայի դեմ է նրա «Մարդը և քաղաքը» (1933 թ.) շարքը: 1935 թ-ին մասնակցել է Պրահայում, Բռնոյում, Բրատիսլավայում, Նյու Յորքում և Բրյուսելում, 1936 թ-ին՝ Լոնդոնում կազմակերպված ֆրանսիացի նկարիչների ցուցահանդեսներին: 1936 թ-ից ապրել և ստեղծագործել է Երևանում, մասնակցել տեղի և միութենական ցուցահանդեսների: Պահպանելով նորարարական որոշ ձևամիջոցներ՝ դիմանկարում կարևորել է բովանդակությունը, բնորդի անհատական նկարագրի ու ներաշխարհի բացահայտումը. գեղարվեստական վարպետությամբ արված գործերից են «Ինքնանկարը» և «Ա. Մովսիսյանի դիմանկարը» (երկուսն էլ՝ 1936 թ.): 1936-56 թթ-ին ստեղծել է Մաքսիմ Գորկու, Ալեքսանդր Պուշկինի, Հովհաննես Աբելյանի, Խաչատուր Աբովյանի, Տիգրան Չուխաճյանի և այլ նշանավոր գործիչների կիսանդրիներ ու արձաններ (հիմնականում՝ գիպսե):

Հայկական գծանկարչության լավագույն նմուշներից է «Սասունցի Դավիթ» էպոսի հոբելյանական ակադեմիական համահավաք տեքստի հրատարակության նկարազարդումների շարքը (1939 թ.), որն առանձնանում է միանգամայն նոր ձևով և գեղարվեստական մեկնաբանմամբ: Նույն եղանակով է ստեղծել «Տիգրան Մեծ» (1940 թ.), «Ոսկան Երևանցի» (1946 թ.) և այլ գրաֆիկական գործեր: Քոչարը 1955 թ-ին կերտել է «Զվարթնոցի արծիվը» մոնումենտալ ուղենշան-կոթողը (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան): Նրա «Սասունցի Դավիթ» (1959 թ., ճարտարապետ` Միքայել Մազմանյան, Երևան, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1967 թ.) արձանը դարձել է հայկական ոգու խորհրդանիշ. ձիարձանի ոճավորված ցայտուն ծավալաձևերն ստեղծում են լուսաստվերային հարուստ խաղ, ընդգծում ձիու և հեծյալի անկասելի թռիչքը պայմանավորող հոգեկան ծայրահեղ լարումը:

Փաստավավերագրական ֆիլմաշար՝ «Արվեստակիրներ»
Արտադրությունը՝ Շարմ Հոլդինգի