Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Մահուան մասին

‹‹Քո բոլոր գործերի մէջ յիշի՛ր վախճանդ եւ չես մեղանչի երբեք››: (Սիրաք 8:40)

Սիրելի եղբայրներ եւ քոյրեր: Հնում մեր նախնիները հանգուցեալին յատուկ դագաղի մէջ չեն դրել, այլ պատանել են նրան սպիտակ կտորով այնպէս, ինչպէս նորածին մանկանն են բարուրում, քանի որ մահը ծնունդ է դէպի մի այլ կեանք:

Ամեն մի բնակավայր ունի իրենից ոչ հեռու, իրեն ‹‹ուղեկից›› մէկ այլ բնակավայր՝ գերեզմանոց: Օրեցօր այնտեղ ծնւում են նոր մանուկներ՝ իր բնակիչները՝ հանգուցեալները: Սկզբում հանգուցեալի հարազատներն ու բարեկամները յաճախակի այցելում են նրա գերեզմանը, յետոյ տարեցտարի աւելի ու աւելի հազուադէպ, եւ վերջապէս դադարում են խախտել գերեզմանի լռութիւնը:

Ամեն մի գերեզման գաղտնիքներ ունի. այդտեղ հանգչողը ի՞նչ զգացումներ է իր հետ տարել, ի՞նչ ապրումներ է ունեցել մահուան ժամին, ի՞նչն է թագաւորել նրա սրտում. սէ՞րը, թէ՞ ատելութիւնը, մարդկանց հանդէպ երախտագիտութի՞ւնը, թէ՞ դառը յուսալքութիւնը: Ինչպէ՞ս է նա մահացել՝ շրջապատուած բարեկամներով ու հարազատներով, թէ՞ լքուած բոլորից եւ միայնակ:

Մահը նման է գիշատիչ թռչունի… Այն անխնայ է եւ անգութ, տարիք չի հարցնում, ոչ մի տեղ հնարաւոր չէ թաքնուել նրանից, ոչ մի հարստութեամբ չենք կարող փրկագնուել: Նրան միայն մարդն է հետաքրքրում. անկուշտ է դժոխքի պէս: Ամէն մի նորածին արդէն իսկ նրանն է…

Երբ յոյն մեծ իմաստասէր Սոկրատէսին մահուան դատապարտեցին, նա, լսելով այդ մասին, ասաց.

‹‹Դուք ինձ դատապարտել էք մահուան մարդկային դատով, սակայն դուք ինքներդ նոյնպէս վաղուց արդէն դատապարտուած էք մահուան բնութեան կողմից, այնպէս որ մենք նոյն վիճակում ենք գտնւում. մենք մահկանացու ենք, դուք եւ ես, միայն մի տարբերութեամբ, որ ես առաջինը կգնամ, իսկ դուք աւելի ուշ, ինձնից
յետոյ››: Կեանքը, սիրելիներ, նման է ճամփորդութեան: Մարդու կեանքը մէկ օրուայ նման է. առաւօտը նրա մանկութիւնն է, կէսօրը՝ երիտասարդութիւնը, երեկոն՝ ծերութիւնը, իսկ գիշերը մահն է: Հերթով գալիս ու
ճամփորդում են մարդիկ, սերունդներ, և չքանում Երկրի երեսից, ինչպէս թիթեռները, որ մի օր են ապրում:

Կեանքը նման է ահռելի մի գետի, որ հաւաքում է իր մէջ վտակների, առուների ու անձրեւների ջրերը եւ վերջում կորչում ծովի խորքերում: Կեանքը նման է մի գեղեցիկ դաշտի, որ գարնանը զմրուխտէ գործքով գորգի պէս փայլում է ու շողում, սակայն արեւի կիզիչ ճառագայթները չորացնում են հրաշագեղ ծաղիկները եւ այն վերածում անապատի:
Երկու աշխարհ կայ՝ ամուր միահիւսուած իրար՝ կեանքի աշխարհը եւ մահուան աշխարհը: Ապրելով այստեղ՝ Երկրի վրայ, մենք անընդհատ մօտենում ենք մահուանը: Հենց հասնում ենք սահմանին, սկսում ենք հեռանալ կեանքից այնպէս, ինչպէս նաւը՝ ափից: Եւ այնտեղից, յաւերժութիւնից, կեանքն ակնթարթ է թւում:

Մենք շրջապատուած ենք մահուան պատկերներով, տեսնում ենք, թէ ինչպէս են մեռնում մարդիկ, բայց, ինչքան էլ տարօրինակ թուայ, չենք մտածում նրա մասին, կարծես թէ չենք հաւատում, որ մահը մեզ մօտ էլ կգայ: Սրտի խորքում չենք հաւատում, որ մենք էլ պիտի մեռնենք: Հենց այդ պատճառով էլ մահը վրայ է հասնում յանկարծակի, եւ մենք յայտնւում ենք անօգնական եւ անպատրաստ վիճակում: Իրապէս դժուար է պատկերացնել, որ օրերից մի օր մենք չենք տեսնի, չենք խօսի, չենք քայլի, չենք շնչի…

Եղբայրներ եւ քոյրեր: Մահուանից առաջ վերջին րոպեներին մարդն այնպէ՜ս է ուզում, որ երկարի իր կեանքը: Այրող, տանջալից ծարաւ է դա կեանքի: Նրա սիրտը ճնշւում է մեղքերի ծանրութիւնից, նրան տանջող մի զգացում է պատում: Սակայն մահը դաժան է, անողոք: Եթէ մենք միշտ յիշէինք մահուան մասին, ապա մեր կեանքի ամէն մի օրը կգնահատէինք որպէս Աստուծոյ մեծագոյն պարգեւ, ամէն մի ժամը կօգտագործէինք մեր փրկութեան համար: Սակայն դեւը խաբում է մեզ. նա գողանում է մեզանից մահուան յիշողութիւնը:

Քորեբ լեռան վրայ մի ժամանակ Իսիքիոս անունով մի վանական էր ապրում` մեղաւոր ու անփոյթ կեանքով: Երբ նա մեռնում է, եղբայրները գալիս են թաղելու, սակայն նա յանկարծ կենդանանում է: Նա բարձրանում եւ նստում է մահճին: Երբ նրան հարցնում են, թէ ինչ է տեսել այն աշխարհում, նա չի պատասխանում, այլ միայն դառը լացում է եւ խնդրում, որ իրեն մենակ թողնեն: Դրանից յետոյ նա փակւում է քարայրում եւ երկար տարիներ անցկացնում ճգնութեամբ: Երբ մօտենում է մահուան ժամը, եղբայրները, իմանալով, թէ ինչպէս է նա հրաշքով փոխուել եւ, իմանալով նրա սուրբ կեանքի եւ հոգեւոր սխրանքների մասին, հարցնում են. ‹‹Հայր, ասա՛ մեզ, ինչպէ՞ս փրկուենք››: Նա պատասխանում է. ‹‹Եղբայրներ, յիշէք մահուան մասին: Ով իր սրտում ամուր է պահում մահուան յիշողութիւնը, նա չի մեղանչի››: Մահուան յիշողութիւնը մաքրում է մեր սիրտը կրքերից, նորոգում մեր մտքերն ու զգացումները: Հայրերից մէկն ասել է. ‹‹Մահուան յիշողութիւնն իմ հոգեւոր հարսն է. ես միշտ անբաժան եմ նրանից››:

Սիրելիներ, Ղուկասի Աւետարանում (7:11-17) նկարագրուած է մեր Տիրոջ հրաշքներից մէկը՝ Նային քաղաքի գերեզմանի ճանապարհին այրի կնոջ մինուճար որդու յարութիւնը: Մահացած պատանին մեր հոգու պատկերն է: Մարդն ապաշխարութեամբ յարութիւն է առնում: Տէրը վերցնում է ապաշխարող հոգին եւ տալիս դառը հեկեկացող մօրը. այդ մայրը Եկեղեցին է: Յայտնութեան գրքում խօսւում է մի կնոջ մասին, որ յղի էր ու ճչում էր երկունքի մէջ եւ բազում ցաւերով մօտ էր ծնելու (Յայտն. 12:1-2): Ըստ սուրբ հայրերի մեկնութեան` կինը Եկեղեցին է, մանուկը՝ ամեն մի քրիստոնեայ հոգի, ցաւը՝ տանջող ցաւն է մեր մեղքերի համար, որ աւելի մեծ է, քան մօր ցաւը իր մեռած որդու համար: Մեր շրջապատում էլ կան մարդիկ, որ մահուան յիշողութիւն չունեն, մոռացել են նրա մասին, ուստիեւ մատնում են այն թանկարժեք ժամանակը, որ տրուած է իրենց՝ պատրաստուելու համար յաւիտենականին: Ս. հայրերն ասել են. ‹‹Ժամանակը թանկ է ամէն ինչից››: Այն ետ շրջել հնարաւոր չէ: Մարդիկ այս մասին չեն մտածում, ուստիեւ հեշտութեամբ տրւում են արատաւոր կեանքի, չարանում են միմեանց հանդէպ, տանջում են իրենք իրենց եւ մերձաւորին, ատում են, ատամներն են կրճտացնում շների նման՝ մոռանալով, որ իրենց բերանն ի վերջոյ գերեզմանի հողով է լցուելու:

Ով յիշում է մահուան մասին, նա գիտի. այն ամենը, ինչ որ մեզ հետ չենք տանելու յաւիտենութիւն, մերը չէ: Ոմն ճգնաւոր ասել է. ‹‹Ես՝ դա իմ հոգին է, իմը՝ դա իմ մարմինն է, մնացած ամէն ինչ՝ ուրիշինն է: Միակ գանձը, որ ես կարող եմ տանել յաւերժութիւն, դա Սուրբ Հոգու շնորհն է››: Յաճախ մենք նախանձում ենք այն մարդկանց, ովքեր մեռնում են հեշտութեամբ, ում վրայ մահը հանկարծակի է վրայ հասնում: Սակայն, սիրելիներ, չնայած այն բանին, որ մեզ համար սարսափելի են մահուանը նախորդող հիւանդութիւններն ու տանջանքները, դրանք մաքրող հուր են մարդու հոգու համար. մարդն այնտեղ դրանց համար շատ աւելի է շնորհակալ լինելու Աստծուց, քան այս կեանքում ստացած հաճելի զգացումների: Մենք պիտի աղօթենք, որ Տէրը մեզ ազատի անսպասելի, յանկարծահաս մահուանից, եւ որ կարողանանք քրիստոնէաբար պատրաստուել մահուանը` խոստովանութեամբ եւ սուրբ հաղորդութեամբ:
Երբեմն մենք շփոթւում ենք, որ իրապէս բարի մարդիկ հիւանդանում են, տառապում, հալածւում եւ նեղւում եւ յաճախ շուտ են մեռնում, իսկ որոշ արատաւոր եւ մեղաւոր մարդիկ ապրում են մինչեւ խոր
ծերութիւն` առողջ ու բախտաւոր: Եղբայրներ եւ քոյրեր, ով բարիք է գործում եւ տառապում է, նա ամենաերջանիկն է, քանի որ նրան սպասում է մեծ պարգեւ Աստծուց: Սուրբ Յովհան Ոսկեբերանն ասում է.

«Եթէ դու բարիք ես գործում եւ փոխարէնը Երկրի վրայ որպէս պատասխան երախտամոռութիւն ու չարիք ես ստանում, ապա իմացիր, որ մեծ է քո պարգեւը, քո պսակը պիտի կրկնապատկուի»: Իսկ այն մարդիկ, որ մեղանչում են եւ օգտւում են այս երկրի բարիքներից ու մնում են անպատիժ, նրանք մոռացուած ու մերժուած են Աստծուց. դա ամենասարսափելի վիճակն է. արդէն այստեղ, երկրի վրայ, նտեսնում է, թէ ինչպէս է մեռնում նշանաւոր մի ճգնաւոր, եւ ինչպէս է մեռնում աղքատ մի մարդ`րանք կենդանի դիակներ են: Մարդկային դատաստանն այլ է, Աստծունը` այլ: Ոմն վանական-պայծառատես աստուածային շնորհով արհամարհուած ու մոռացուած աշխարհից: Մարդիկ մտածում էին, որ միայնակեաց ճգնաւորը սուրբ է, եւ որ իրենց քաղաքը նրա աղօթքներով է կանգուն մնում: Երբ լուր տարածուեց, որ մեռնում է ճգնաւորը, վանքիպատերի մօտ հսկայական ամբոխ հաւաքուեց` մոմերով ու կանթեղներով: Բոլորը լացում էին ու աղօթում, որ Տէրը երկարացնի ճգնաւորի կեանքը, ով, ինչպէս մտածում էին նրանք, իրենց փրկիչն էր: Սակայն պայծառատես սուրբը տեսնում է, թէ ինչպէս ճգնաւորին շրջապատեց դեւերի ոհմակը, եւ երկնքից ձայն լսուեց.

«Այդ մարդը տեղ չի տուել Ինձ իր հոգում, նա Իմը չէ»: Դա Տիրոջ ձայնն էր: Դեւերը, յարձակուելով ճգնաւորի վրայ, խոցեցին նրան եռաժանիով եւ խլեցին-հանեցին նրա հոգին ու տարան: Իսկ աղքատը մեռնում էր ցանկապատի մօտ` ցնցոտիներ հագած: Տէրը Միքայէլ եւ Գաբրիէլ հրեշտակապետներին ուղարկեց, որ աղքատի հոգին բերեն Իրեն, սակայն պատուիրեց չբռնանալ: Միքայէլ հրեշտակապետը մօտեցաւ աղքատին ու ասաց. «Քո երկրաւոր կեանքն աւարտւում է»: Սակայն աղքատը վախենում էր մեռնել, վախենում էր իր մեղքերի պատճառով: Հրեշտակապետն ասում է Աստծուն. «Տէր, Դու պատուիրել ես բռնութեամբ չվերցնել նրա հոգին»: Եւ Տէրն ասում է. «Ուղարկէք նրա մօտ սաղմոսերգու Դաւիթ մարգարէին, թող նրա համար երկնային երգեր երգի»: Եւ երբ աղքատը լսեց այդ քաղցր հնչիւնները, նրա հոգին դուրս թռաւ մարմնից, եւ հրեշտակապետները վերցրեցին այն ու տարան Տիրոջը: Եղբայրներ եւ քոյրեր: Մեր կեանքը կնքուած գիրք է: Այստեղ, երկրի վրայ, մենք կարող ենք կարդալ միայն առաջին մի քանի էջերը, իսկ մնացածը մենք կտեսնենք ու կկարդանք միայն յաւիտենականութեան մէջ: Տէրը յարութիւն տուեց այրի կնոջ որդուն ու նրան յանձնեց իր մօրը. սա ննջեցեալների ապագայ յարութեան պատկերն է: Տէրն իշխանն է կեանքի ու մահուան: Իր Երկրորդ Գալուստին` համընդհանուր յարութեան ժամանակ նա յարութիւն կտայ եւ կփրկի ճշմարիտ ապաշխարութեամբ լուացուած քրիստոնեաներին եւ կյանձնի նրանց իրենց մօրը` Երկնային Եկեղեցուն` արդէն յաւերժ ու երջանիկ ապրելու Երկնքում:

Սիրելիներ, մենք այսօր հռչակում ենք. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբն Իւրով մեզ զկեանս պարգեւեաց. Նմա փառք յաւիտեանս. ամէն»: Երգել այս ամէնը հաւատով` նշանակում է լինել քրիստոնեայ, հաւատալ Քրիստոսին, այսինքն` հաւատալ, որ Քրիստոսն Ինքն է Կեանքը, Ինքն է Լոյսը… «Կեանքը Նրանով էր, եւ կեանքը մարդկանց լոյսն էր» (Յովհ. 1:4): Սիրել Քրիստոսին` նշանակում է Նրան դարձնել մեր կեանքի իմաստը, ճանաչել Նրան եւ ունենալ որպէս մեր կեանքի առանցք, կենտրոն: Միայն նրա հետ հաղորդակցուելու ուրախութիւնն ու խաղաղութիւնն են իմաստաւորում Քրիստոսի մահուան հռչակումը եւ յարութեան խոստովանութիւնը: Քրիստոսով նոր կեանքն արդէն սկսուել է, Նա է յաւիտենական կեանքը, Լրումը, Յարութիւնը եւ ուրախութիւնն աշխարհի: Մտնենք այդ նոր կեանքի մէջ հաւատով եւ ապաշխարութեան գործերով: Իսկ դա նշանակում է մտնել փրկութեան տապան, որ է Քրիստոսի Եկեղեցին: Եկեղեցին մուտքն է յարուցեալ Քրիստոսի կեանք, հաղորդութիւն է յաւիտենական կեանքի հետ, «խաղաղութիւն եւ ուրախութիւն է Սուրբ Հոգով»: Եկեղեցին Արքայութեան «անմայրամուտ օրուայ» սպասումն է, այսինքն` սպասումն է Քրիստոսով ամէն ինչի, ամբողջ կեանքի լրման:

Քրիստոսով մահը կեանքի իրողութիւն դարձաւ, որովհետեւ Տէրն այն լցրեց Իրենով, Իր սիրով ու լոյսով: Քրիստոսով «ամէն բան ձերն է… թէ´ աշխարհը, թէ´ կեանքը, թէ´ մահը, թէ´ ներկայիս բաները, թէ´ գալիք բաները. ամէն բան ձերն է. դուք Քրիստոսինն էք, եւ Քրիստոսը` Աստծունը» (Ա Կորնթ. 3:21-23): Դարձնենք մերը այս նո´ր կեանքը, մերը` Արքայութեան հանդէպ քաղցն ու ծարաւը, մերը` սպասումը Քրիստոսին, մերը` այն համոզումը, որ Քրիստոսն է կեանքը, ուրեմն իմ մահը կդառնայ համբարձում առ Կեանք: Ո´չ կեանքը, ո´չ մահը չեն կարող մեզ բաժանել Քրիստոսի սիրուց: Քրիստոսով սկսուել է աշխարհի մեծ անցումը` Զատիկը (Պասխան): Քրիստոսը յարութիւն է առել, եւ կեանքն է իշխում: Եւ վերջապէս, հաւատով ու համոզումով են մեզ փոխանցուել Պօղոս առաքեալի խօսքերը, որ ընթերցւում են մեր եղբայրներից կամ քոյրերից որեւէ մէկի «անցումի»` ի Քրիստոս ննջելու առիթով. «Որովհետեւ, երբ հրամանը լսուի,
հրեշտակապետն ազդարարի եւ Աստուծոյ փողը հնչի, Տէրը կիջնի երկնքից, եւ նախ յարութիւն կառնեն նրանք, որ հաւատացին Քրիստոսին ու մեռան: Եւ ապա մեզնից նրանք, որ այն ժամանակ դեռ ողջ մնացած կլինեն, նրանց հետ միասին ամպերի վրայ կյափշտակուեն-կտարուեն երկինք` դիմաւորելու Տիրոջը, եւ այնուհետեւ յաւիտեան Տիրոջ հետ կլինենք: Ուրեմն, մխիթարեցէ´ք միմեանց այս խօսքերով» (տե´ս Ա Թեսաղ. 4:15-17):

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ ընդ
ամենեսեանդ. ամէն:

ՄԻՆԱՍ ԱՒ. ՔՀՆ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

«Հոգին է կենդանարար»