Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Ղազար Փարպեցի

5-րդ դարի պատմիչ: Հայտնի է «Հայոց պատմություն» և «Թուղթ Վահան Մամիկոնյանին» երկերով: Մանկությունն անցկացրել է Վահան Մամիկոնյանի հետ՝ վրաց Աշուշա բդեշխի արքունիքում: Նրան զրպարտում են, ինչի հետևանքով Վահան Մամիկոնյանը Փարպեցուն աքսորում է, որտեղ էլ գրում է նշանավոր «Թուղթը»: Ապա Վահան Մամիկոնյանը Փարպեցուն հետ է կանչում և հանձնարարում գրել «Հայոց պատմությունը»: Այս երկը պատմական հավաստի աղբյուր է ոչ միայն հայերիս, այլև վրացիների և աղվանների համար:

*Ամեն մարդ սրտագին փափագում էր հայերեն գիտության ուսումը և ուրախ էր, որ փրկվում էր ասորերենի պատճառած տանջանքներից, որպես թե խավարից դեպի լույսը ելներ:

*Վատ է, որ լուսավորությունն ու քաջությունը, միտքն ու գիտությունը, որոնցով աշխարհը շինվում է ու ծաղկում, չեն փնտրվում, այլ արհամարհվում են:

*Միաբանության մեջ պետք է տեսնել Աստծո օգնությունը մարդկանց ու աշխարհին, իսկ քակտելու և պառակտության մեջ՝ մարդկանց ու աշխարհի վնասներն ու կորուստները:

*Մեղավոր են ոչ միայն գործողները, այլև նրանք, որ հանդուրժում են:

*Մեկը ջրից չի կարող խնդրել չորություն, հրից՝ խոնավություն, գիշերվանից՝ լույս:

*Ի՞նչ օգուտ այն մարդուն, որն ամբողջ աշխարհը պիտի նվաճի և իր անձը կորցնի:

*Այն աստվածները, որոնք երկինք ու երկիր չեն ստեղծել, կկորչեն գետնի տակ:

*Քաջ մարդու համար երկար ժամանակ հարվածների տակ ապրելուց ավելի լավ է մեկ օր իր անձի քաջությունը ցույց տալ ու մեռնել:

*Ով որ հավատում է ճշմարտությանը, փրկվում է գեհենից, իսկ ով սայթաքելով մոլորվում է ուղիղ ճանապարհից, անհետ կորստյան է մատնվում:

*Արդարություն փնտրելիս ամենից առաջ պետք է քննել այն և նրա ճշգրտությունը պարզելով պետք է կամ զարմանալ, կամ որպես անարդար բան արհամարհել:

*Արդարև անդիմադրելի են երկու բան՝ սերը և նախանձը: Նրանցից յուրաքանչյուրը դեպի բարին առաջնորդողներին արքայություն է հասցնում, իսկ չարը բազմացնողներին ժառանգություն է թողնում դժոխքը:

*Թող հզորն իր հզորությամբ չպարծենա և մեծն էլ՝ իր մեծությամբ:

*Ով հաճույքով սպասավորի ամենքին, մեծ պիտի կոչվի:

*Դու, որ շատերին ես սովորեցրել, քո անձին չսովորեցրիր:

*Անպիտան ու վատատոհմիկ մարդկանց կեղծավորությունն է տեղ անցնում ու հարգվում, և դուք էլ ձեզ ճանաչո՜ղ եք համարում:

*Միայն մեր երկպառակությունից ու դավաճանությունից էր, որ վնասվեցինք:

*Հարսնացած խոզի համար կոյաջուրը բաղնիք է:

*Նրանք մոռացած իրենց աչքի գերանը՝ անձնահաճ սնապարծությամբ ուրիշների աչքի մեջ շյուղ էին փնտրում:

*Այն տերը, որը չի կարողանում իր ծառաների մեջ լավը վատից ջոկել և չի կամենում յուրաքանչյուրին գնահատել ըստ արժանվույն, դժվար թե կարողանա լավ ծառայի տեր դառնալ:

*Գործին նայեցեք՝ ըստ վաստակի հատուցելու համար և ոչ թե ըստ լեզվի խաբեության:

*Թագավորը, երբ ամեն ինչ բռնությամբ է անում, ոչ մեկին բանի տեղ չդնելով, ոչ մեկից խորհուրդ չհարցնելով, կործանում է բերում ոչ միայն իր անձին, այլև աշխարհին:

*Թագավորը պետք է ինքն իր աչքով տեսնի, իր ականջներով լսի, ինքը ճանաչի, ինքը խոսի իր բերանով:

*Պարտավոր ես կատարել ոչ միայն այն, ինչ անում ես, այլև՝ ինչ հանձն ես առնում:

*Ոչ ոք պսակի չի արժանանա իր ընկերների հետ, եթե նրանց հետ չտանջվի:

Աղբյուր՝ Մագաղաթ․am: