Այսպէս է ասում Տէրը. «Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը» (Առակներ 11:2-3)

Մեղքերի մասին․ Վարդան Այգեկցի

Վարդան Այգեկցին միջնադարյան մատենագիր է, դավանաբան, առակագիր, քարոզիչ, հոգևոր գործիչ, առակավոր ճառի հիմնադիրը հայ գրականության մեջ:

Վարդան Այգեկցին (Մարաթացի) սովորել է ծննդավայրում, ապա՝ Սև լեռների Արքակաղին վանքում: Ուսումն ավարտելուց և վարդապետ ձեռնադրվելուց հետո զբաղվել է քարոզչությամբ Ամիթում, ապա՝ Տլուքում: 1198 թ-ին մասնակցել է Կիլիկիայի Լևոն Բ Մեծ արքայի թագադրության հանդեսին: Ենթադրվում է, որ եղել է Լամբրոնի արքեպիսկոպոս և Սկևռայի վանքի առաջնորդ: Ինչ-ինչ պատճառներով հալածվել է և 1208 թ-ին հարկադրված հեռացել վանքից: 1210 թ-ից մինչև կյանքի վերջն ապրել ու գործել է Սև լեռների Այգեկ (այստեղից էլ՝ Այգեկցի մականունը) վանքում:

Վարդան Այգեկցին գրել է բազմաթիվ ճառեր, թղթեր, խրատներ, կազմել է «Արմատ հավատոն» (1205 թ.), որը հայ և օտար եկեղեցական մատենագրություններից քաղված վկայությունների ժողովածու է: Պայքարել քաղկեդոնականության դեմ, ջատագովել է հայ ժողովրդի ազգային ու բարոյական նկարագրի անաղարտությունը, քարոզներում ու խրատներում պարսավել է մարդկային արատները, հանդես եկել ժողովրդական խավերի իրավունքների պաշտպանությամբ:

Այգեկցին իր ճառերն ու քարոզները լսելի, ազդեցիկ և ընկալելի դարձնելու համար համեմել է առակներով: Խրատական ճառերում վերամշակել և օգտագործել է «Բարոյախոս» ժողովածուն, Եզոպոսի և հայ ժողովրդական առակներից, ժողովրդի կյանքն ու կենցաղը պատկերող բանավոր զրույցներ, որոնք փոքրիկ նովելներ են, զվարճալի ու խրատական պատմություններ: