Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Ո՞վ է վերջապես գրելու պատերազմի իրական պատմությունը

Դավիթ Շահնազարյանը Սասուն Միքայելյանին մեղադրեց Օմարի լեռնանցքը «հանձնելու» մեջ, եւ թեման գնա՜ց-ծավալվեց: Խոսեցին եւ դեռ խոսում են: Ով ում գիտի, այդ ծանր մարտերում եղել է, մեկին տեսել, հետը մի երկու բառ փոխանակել՝ պատմում է: Պրոֆեսիոնալ զինվորականները գերադասում են չծավալվել: Երեւի քառորդ դար անց էլ ինչ-որ բաներ կան՝ պետական գաղտնիք են, չեն բացահայտում: Չգիտեմ: Այդ ճակատագրական օրերին երկու ռազմաճակատային գործուղման եմ եղել՝ որպես Արցախի հանրապետական թերթի թղթակից: Առաջինը թռուցիկ էր: Երկրորդին հասել եմ մինչեւ Յանշաղ:

Հիշում եմ սառը-մանրահատ ձյունը: Եւ՝ որ այդ բարձրության վրա օդը կարծես չէր հերիքում: Գումարտակի հրամանատար Արկադի Շիրինյանը, վիճակս տեսնելով, կարգադրեց, որ իջնեմ՝ Դրմբոնում սպասեմ: Օրվա վերջին արդեն պարզ էր՝ ճակատում մեծ բեկում է տեղի ունեցել: Այդ երկու օրվա տպավորություններս շարադրել եմ «Հաղթանակի արեւ՝ ձյուների մեջ» հոդվածում: Բայց դա չէ բուն ասելիքս: Ստեփանակերտ էի վերադառնում բենզատարով: Վարորդն իմ աշակերտ Արթուր Քոչարյանն էր: Դրմբոնից դուրս եկանք՝ առջեւում Ղազարահողի զառիվերն էր: Օրը մթնում էր, ձյունը՝ ձաղկում խցիկի հողմնապակիները:

Երկսռնանի «Ուրալը» հազիվ էր ճեղքում ծնկահար ձյունը: Շրջադարձի վրա տեսա՝ մեկը քաշվեց ճամփեզր: Դեմքը ծանոթ թվաց: Արթուրին խնդրեցի՝ մեքենան կանգնեցրեց: Չէի սխալվել: Ձյուների մեջ քամու պոռթկումներից դեմքը բուշլատի օձիքով պաշտպանած՝ կանգնել էր չլդրանցի Խուդի Բենիկը: Իմ ազգական Բենիկ Ղուլյանը՝ մեջքին ձիու համետ: Հարցրի՝ որտեղի՞ց է գալիս: Ասաց՝ Օմարից: Գեներալ Իվանյանը կարգադրել՝ Խաչենի ու Թարթառի հովտի բոլոր ձիերը «զորակոչել» էին ռազմաճակատ: Լեռներում ճանապարհներ չկային, եղածներն անանցանելի էին: Զորքին զինամթերք, սնունդ հնարավոր էր հասցնել ձիով: Բենիկը պատմեց, որ տասնհինգ օր ձիով հրետանու արկեր է հասցրել:

Հերթական երթին ընկել է թշնամու կրակի տակ, բեկորը խոցել է ձիուն: Տուն էր վերադառնում՝ Չդրան՝ ձիու համետը շալակին: «Ձի կգտնեմ»,- ասաց: Առաջարկեցի, որ տեղավորվի խցիկում: Դառը ժպտաց. «Հրես հասնում եմ, էլի, դուք ձեր ճամփան շարունակեք»: Արթուրն շտապում էր: Պիտի հասցներ լիցքավորվել եւ վերադառնալ Յանշաղ: Շարժվեցինք: Բենիկը մնաց ձյուների մեջ՝ դանդաղաքայլ, կորամեջք:

Նրա տղան 92- ի ամռանը զոհվել էր Մարտակերտի դիրքերում: Հարսը սպանվել էր ռմբակոծությունից: Նրանց որբերի խնամքը Բենիկի ուսերին էր: Իսկ ձին մնացել էր Օմարի ձյուներում: Տուն պահող ձին, գյուղացի մարդու անմռունչ օգնականը... Ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս է հիշելու այդ մարդկանց՝ երկրորդ գծի աշխարհազորայիններին, որ խրամատ էին փորում, զինամթերք էին հասցնում առաջնագիծ: Խրամատներում նրանց տղաներն էին, տանը՝ սպասող մայրերը, կանայք, հարսները: Երեխաները, թոռները: Նրանք ոչ ստրատեգիա գիտեին, ոչ՝ տակտիկա: Իրենց տվել էին հրամանատարության կարգադրություններին եւ անխոս ենթարկվում էին՝ այդ ոչ զորակոչային տարիքի տղամարդիկ, որ մի քանի ամիս առաջ էին վերադարձել թշնամուց ազատագրված իրենց գյուղերը եւ բառիս բուն իմաստով ամեն ինչ սկել էին զորյից՝ տան դուռուպատուհան դնելուց մինչեւ հարկավոր ամանեղեն հայթայթելն ու մի ձեռք անկողին Քելբաջարի կորած գյուղերից շալակով բերելը: Ո՞վ է վերջապես գրելու պատերազմի իրական պատմությունը:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ