Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

«Չարենցը լեգենդ էր»

Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն …

Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան:

Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են:

Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմանենրում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով' մի-մի ժամ: Երբ վերջացրի և սկսեցի երանգապնակս մաքրել' վեր թռավ տեղից ու մոտեցավ դիմանկարին:

- Ա՛յ մարդ, էս ո՞նց ես աշխատում: Այսքան էլ արագ աշխատե՞լ կլինի:

- Այդքան էլ արագ չէր:

- Չէ՛, չէ՛, ի՞նչ ես ասում: Այսինքն՝ ես էլ ոչինչ: - Ու քմծիծաղելով, ապա կոմիկ լրջությամբ ցուցամատը քունքին դնելով, ավելացրեց, - ասենք մեղքը ժամանակինն է, տեխնիկայի դար է:

Բարեբախտաբար հիշում եմ, թե ինչպես եղավ, որ գործը սկսեցի: Մի օր իջնում էի Աստաֆյանով: Տեսնեմ դիմացից Չարենցն է գալիս՝ մի քանի գիրք թևի տակ: Մոտեցավ ու թե «լա՛վ է չէ՞ մեր փողոցը, ճիշտ է, շատ է գավառական, բայց համ ու հոտ ունի, կոլորիտ ունի. հ՛ը, ի՞նչ կասես»: «Այդպես է, ասում եմ, - իսկ ե՞րբ ենք սկսում աշխատել»:

- Վա՛ղը, հենց վա՛ղը; Կիրակի օր էլ է: Վաղը 12-ին արի:

Հաջորդ օրը գնում եմ: Տանը բացի իրենից, ոչ ոք չկա: Ամեն ինչից զգում եմ, որ նախապատրաստվել, տրամադրվել է նկարվելու: Նստում է: Պատկերակալը տեղադրելու, երանգապնակն ու վրձինները դիտմամն դանդաղ կարգի բերելու ընթացքում խոսում եմ դեսից դենից: Աշխատում եմ տրամդրությունը ցրել չի ստացվում: Նայում եմ դեմքին ի՛նքը չէ: Ծուլորեն մի քանի պատահական գծեր եմ դնում կտավին և, ի միջի այլոց, հայտարարում, թե այսօր մի տեսակ վրձին բռնելու ցանկություն չունեմ:

- Ինչո՞ւ, - հարցնում է զարմացած:

- Չգիտեմ, վաղը գամ:

Մի քիչ խռոված տոնով պատասխանում է, որ աշխատանքի է:

- Ոչինչ, - ասում եմ, - գործդ վերցրու հետդ ու արի տուն: Դու կաշխատես, ես կամաց-կամաց կքսմսեմ գուցե մի բան դուրս գա: Լռում է, մտքի մեջ հաշիվներ անում ու համաձայնում: Մի երկու ժամ էլ լավից վատից խոսում ենք ու բաժանվում: Փայտե պատկերակալը մնում է Չարենցի աշխատասենյակում, նրա գրասեղանից երկու-երեք քայլ հեռու՝ համր ու անտարբեր … Լուսիկն արագ - արագ ճաշի պատրաստություն է տեսնում, հետն էլ կշտամբում է ինձ. «Ի՞նչ ես արել մարդու հետ, քո երեխա՞ն է, ինչ է. կնեղանա» և այլն, և այլն: «Հա՛, հա՛, երեխա է, բա ի՞նչ է, եթե ճիշտն ուզում ես իմանալ, երեխա՛ է»: Եվ իսկապես երեխա էր, մեծ երեխա, ազնիվ, բյուրեղյա հոգու տեր:

Հաջորդ օրը տնից դուրս եմ գալիս, մտածելով՝ տեսնես փորձե արդյունք տվել է:

… Դուռը բացում է ինքը: Ա՛յ, սա հասկանալի է՝ տնեցիք էլ տանն են: Չերենցն էլ Չերենց է: Սովորական նախադասությունները փոխանակում ենք և անցնում գործի: Կարծես չի էլ նկատում ո՛չ պատկերակալը, ո՛չ ինձ: Երեկվա արհեստականությունից ոչինչ չի մնացել դեմքին: Բնական է գլխի շարժումը, դիմախաղը՝ ազատ, տիպիկ չարենցյան: Տարածված հայկական տիպաժ է: մազերը՝ սև, փոքր-ինչ ալիքավոր, խիտ ու ճակատաին թափված: Քիթը մեծ է, ներքևի շրթունքը՝ հաստ: Փոքրամարմին է, բայց ներքին կրակով այրվող մարդու ազդեցիկ արտահայտությունը և, հատկապես, խոշոր աչքերի սուր, արծվային հայացքը ժայռեղեն հսկայի տպավորություն են ստեղծում: Գեղեցիկ դեմք չէ, կարելի է նույնիսկ ասել, որ տգեղ է, բայց հմայիչ է ու համակրելի: Այդ դեմքն է, որ արտացոլում է նրա անհաշտ ու խիստ, ակտիվ ու բռնկվող բնավորությունը. Այդ դեմքն է, որ կրում է վեհ ու դրամատիկական հանճարի և մեծ հայի արտահայտությունը:

- Չարենց անձնավորության հիմնական հատկանիշներն են դրանք, որ պետք է ընդգծել ու խտացված ներկայացնել կտավի վրա …

Դիմանակարը դուր եկավ թե՛ իրեն, թե՛ ինձ:

- Մեկ էլ մի քսան տարի հետո այսպես հիմնավոր կնկարես, - ասաց, - հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինեմ: «…»:

Հաճախ, և Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ կնշանակեն դիմակները իմ գործերում: Ճիշտն ասած, նման հարցերի չեմ սիրում պատասխանել: Բայց գուցե պետք է այս առիթով մի երկու խոսք ասել: Միայն մի պայմանով կնշեմ առհասարակ դիմակի իմ «կոնցեպցիայի» մասին, Չարենցի հետ նկարված դիմակի կռահումը թողնելով դիտողին: Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը: Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ: Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ: Կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար:

Վ.Մաթևոսյան «Մարտիրոս Սարյանի էսթետիկական հայացքները»
Աղբյուր՝ Մագաղաթ․am: