Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Յիսուսը՝ փրկութեան դուռ

‹‹Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը››: (Յովհ. 10 : 7)

Սիրելիներ, Պաղեստինում Յիսուս Քրիստոսի երկրաւոր կեանքի ժամանակներում երկու տեսակի փարախ կար: Բնակավայրերում ընդհանուր փարախներ կային, որտեղ գիշերում էին բոլոր հօտերը: Դրանք ունէին ամուր դռներ, բանալին դռնապանի մօտ էր, եւ միայն նա կարող էր բացել: Իսկ երբ հօտերը արածում էին հեռաւոր սարերում, ամռանը, նրանք չէին վերադառնում գիւղ կամ քաղաք գիշերելու, այլ հաւաքւում էին սարերի լանջերին կառուցուած փարախներում, որոնք պատի վրայ անցք ունէին, որի միջով ոչխարները մտնում ու դուրս էին գալիս, իսկ դուռ չունէին: Գիշերը հովիւը պառկում էր անցքի դիմաց, եւ ոչ մի ոչխար չէր կարող դուրս գալ՝ չանցնելով նրա վրայով. այսինքն՝ բառացիօրէն հովիւը դուռ էր: Սա ի նկատի ունէր Յիսուսը, որ ասում էր. ‹‹Ես եմ ոչխարների դուռը››:

Անդրադառնանք ընթերցուած հատվածին (Յովհ. 10:1-10) եւ փորձենք դասեր քաղել դրանից:

Ա) ‹‹Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի›› (Յովհ. 10:10): Յիսուսն այստեղ ակնարկում է բոլոր նրանց, որ Իրենից առաջ էին եկել, բայց ո՛չ Աստուծոյ մարգարէներին ու հաւատի հերոսներին, այլ նրանց, որ Պաղեստինում խռովութիւններ էին կազմակերպում եւ խոստանում էին Ոսկեդար ու մարդկանց տանում էին իրենց ետեւից: Այդ բոլոր առաջնորդ կոչուելու հաւակնորդները, ովքեր համարում էին, թէ Ոսկեդարը կարելի է բերել արիւնահեղութեան ճանապարհով, խռովարարներ էին, ուրեմն՝ Յիսուսի խօսքերով՝ գող: Հրեա պատմիչ Յովսէփոս Փլաւիանոսը գրում է այդ ժամանակի խռովութիւնների մասին, որոնց հրահրողները կեղծ քրիստոսներ եւ մարտնչող խռովարարներ էին: Նա յիշատակում է նախանձայոյզներին, որոնք պատրաստ էին իրենց հարազատների հետ մեռնել՝ յանուն իրենց նպատակի իրականացման. նրանք համարում էին, որ իրենք ուղարկուած են Աստծուց, սակայն հաւատում էին միայն դաւադրութիւններին եւ սպանութիւններին: Այս ճանապարհը, ինչ խօսք, չի տանում դէպի Աստուած: Յիսուսը բազում անգամներ զգուշացրել է Իր աշակերտներին նման կեղծ մարգարէներից՝ համարելով այդպիսիներին գառան մորթիով գայլեր եւ յորդորելով, որ նրանց գործերի՛ն նայեն (չէ՞ որ ծառը պտղից է ճանաչւում):

Մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ Ոսկեդարը (բարեկեցիկ, բարօր, խաղաղ կեանքը) կարելի է ձեռք բերել բռնութեամբ, դասակարգային պայքարով, դաժանութեամբ եւ չարութեամբ: Սակայն քրիստոնէական ուսմունքը մեզ սովորեցնում է, որ այդ երանելի կեանքը թէ՛ այստեղ եւ թէ երկնքում կարելի է ձեռք բերել միայն սիրոյ, խաղաղութեան, հեզութեան ու խոնարհութեան ճանապարհով: Երջանկութեան ճանապարհը Քրիստոսն է, Ով եւ

Ուսուցիչն է այդ խաղաղութեան, սիրոյ եւ խոնարհութեան՝ Իր իսկ օրինակով եւ խօսքով:

Բ) Դուռը մտնելու համար է եւ ոչ թէ իր տեսքով մարդկանց հիացնելու: Դժբախտաբար, ոմանք սքանչանում են Քրիստոս Յիսուսով եւ Նրա ուսմունքով, բայց չեն մտնում Քրիստոսով Աստուծոյ Թագաւորութիւն: Պարզապէս մտնելու համար նախ պիտի ապաշխարենք՝ գիտակցելով մեր մեղաւոր վիճակը եւ զղջալով այդ վիճակի համար ու Պետրոս առաքեալի նման գոչելով. ‹‹Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ››: Այդժամ Քրիստոսը կմեկնի Իր ձեռքը դէպի մեզ ու կասի. ‹‹Որդեակ, քո մեղքերը ներուած են քեզ›› ու կյաւելի. ‹‹Ես եմ դուռը. եթէ մէկը Իմ միջով մտնի, կփրկուի››:

Գ) Յիսուսն ասում է. ‹‹Ես եմ ոչխարների դուռը››: Դուռն, անշուշտ, դարպաս չէ, որի միջով կարելի է մտնել խոտ բարձած սայլով (հիմա՝ բեռնատար մեքենայով): Դա փոքրիկ դուռ է ոչխարների համար: Մտնելու համար պէտք է խոնարհուել. այս յանգամանքը շատերին դուր չի գալիս: Աւելի որոշակի. մեզ Երկինք մտնելու ճանապարհին յաճախ խանգարում են մեր ինքնակամութիւնը, եսասիրութիւնը, ինքնավստահութիւնը եւ ինքնամեծարումը: Իսկ Սուրբ Գիրքը սովորեցնում է. ‹‹Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ›› (Յակ. 4:6): ‹‹Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն›› (Մատթ. 7:14): Սիրելինե՛ր, ազատուենք եսապաշտութեան մոլութիւնից, որպէսզի կարողանանք հաղորդակցութեան մէջ մտնել Տէր Յիսուս Քրիստոսի հետ՝ գտնելու մեր փրկութիւնը:

Դ) Դռնով կարելի է մտնել տուն. այն միացնում է ներքին տարածքը արտաքին շրջապատի հետ: Այդպէս էլ Յիսուս Քրիստոս մեր Տէրը միացնում է Աստուածային աշխարհը (արքայութիւնը) մարդկային աշխարհի հետ: ‹‹Քանզի մէ՛կ Աստուած կայ եւ մէ՛կ միջնորդ՝ Աստուծոյ եւ մարդկանց միջեւ. Յիսուս Քրիստոս՝ մարդը, որ տուեց ինքն իրեն որպէս փրկանք բոլորի համար›› (Ա Տիմ. 2:5): Նաեւ. ‹‹… Երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկուենք›› (Գործք 4:12): Դա նշանակում է, որ Յիսուսից բացի այլ դուռ չկայ: Եւ փրկութեան համար միայն այդ դռնով պէտք է մտնել:

Ե) Յիսուսն ասում է. ‹‹Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով›› (Յովհ. 14:6): Այսինքն՝ ոչ հրեական զոհաբերութիւնները, ոչ էլ հեթանոսական պաշտամունքի ձեւերը, եւ ոչ էլ անձնական որեւէ ճիգ ու ջանք առանց Յիսուս Քրիստոսի՝ մարդուն չեն միացնի Հայր Աստծուն, նրան չեն մտցնի Երկնքի թագաւորութիւն:

Զ) ‹‹Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կփրկուի›› (Յովհ. 10:9): Հարցը շատ յստակ է դրուած. կամ կմտնենք դռնով եւ կփրկուենք, կամ չենք մտնի ու կդատապարտուենք: Ամեն մարդու առաջ ընտրութեան հնարաւորութիւն է դրուած: Մե՛նք պիտի մեր ընտրութեամբ լուծենք մեր փրկութեան խնդիրը: Եթէ մեր ժամանակաւոր կեանքի ընթացքում դառնանք Իրեն եւ հաւատքի կեանք ապրենք, Նա Վերջին Դատաստանի ժամանակ մեզ կասի. ‹‹Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը››: Իսկ եթէ մերժենք Իր կոչը, ապա յաւերժութեան մէջ կհնչեն մեզ համար սարսափելի խօսքեր. ‹‹Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար››: Մեր այսօրուայ որոշումից է կախուած մեր վիճակը յաւիտենականութեան մէջ:

Է) Այն մարդը, որ մտնում է դռնով, մտերիմ փոխյարաբերութիւնների մէջ է մտնում ոչ միայն Յիսուս Քրիստոսի հետ՝ որպէս բարի, քաջ հովուի, այլեւ Նրա հօտի ոչխարների, այսինքն՝ Քրիստոսի Եկեղեցու հաւատացեալների, Երկնքի թագաւորութեան զինուորեալ անդամների հետ, եւ ճանաչում ու ճաշակում է իրական երջանկութիւնն ու երանութիւնը:
Աստուծոյ զաւակների հետ հաղորդակցութիւնը, նրանց հետ համատեղ աղօթքը, Աստուծոյ Խօսքի սերտողութիւնը զարմանալիօրէն զօրութիւն ու մխիթարութիւն են փոխանցում մեզ: Այդ հաղորդակցութիւնը մեզ անանց մի ուրախութեամբ է համակում, եւ մենք մեր զգացումները փոխանցում ենք նաեւ ուրիշներին, ովքեր չեն ճանաչում Տիրոջը: Աստուծոյ սէրն է մղում մեզ այդ վկայութեանը: Մենք բոլորս կոչուած ենք նախանձախնդրօրէն վկայելու Յիսուս Քրիստոսի մասին, Նրա բերած փրկութեան մասին (ինչ խօսք, առաջին հերթին մեր ապրած հաւատքի կեանքով, մեր հեզութեամբ եւ խոնարհութեամբ, մեր սիրով, բարութեամբ, քաղցրութեամբ եւ համբերատարութեամբ):

Ը) Քրիստոսն ասում է, որ Ինքը եկել է, որպէսզի մարդիկ ‹‹կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան›› (Յովհ. 10:10): Ընդունել Քրիստոսին, դառնալ Նրա հետեւորդը եւ ձգտել կատարել այն ամէնը, ինչ Նա պատուիրել է, նշանակում է վերականգնել կորցրած աստուածանմանութիւնը, հաշտուել Աստուծո հետ, եւ ուրեմն՝ ունենալ առաւել կեանք, լիարժէք կեանք: Յովհաննէս աւետարանիչը գրում է. ‹‹Մենք բոլորս Նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն›› (Յովհ. 1:16): Իսկ առաքեալների աւետիսները գալիս են ամբողջացնելու մեր մխիթարութիւնը. ‹‹Աստուած կարող է ամէն շնորհ շատացնել ձեր մէջ, որպէսզի ամէն ինչում ամենայն ժամ ամենայն բաւականութիւն ստանալով՝ առատանաք բոլոր բարի գործերում›› (Բ Կորնթ.9:8): ‹‹Արդարեւ, նրա աստուածային զօրութիւնը մեզ շնորհեց ամէն ինչ, որ վերաբերում է կեանքին ու աստուածապաշտութեանը՝ ճանաչեցնելով մեզ նրան, ով կանչեց մեզ իր փառքին եւ առաքինութեանը: Դրանցով մեծամեծ ու թանկագին խոստումներ պարգեւուեցին մեզ, որպէսզի հաղորդակից լինենք աստուածային բնութեանը եւ հեռու մնանք այս աշխարհի ցանկութիւններից եւ ապականութիւններից›› (Բ Պետր. 1:3 4): Սիրելիներ, մեր Տէր Յիսուս Քրիստոսը՝ բարի եւ քաջ հովիւը, արել է ամէն բան, որպէսզի մենք՝ որպէս Իր հօտի ոչխարներ, ունենանք կեանք եւ՝ առաւել եւս կեանք, այսինքն՝ երջանկութիւն, երանութիւն, ուրախութիւն եւ մխիթարութիւն: Մեզ մնում է աներեր, աներկբայ հաւատ ունենալ Իր հանդէպ եւ քայլ կատարել՝ մտնել Դռնով, այսինքն՝ հենց Իրենով, դէպի Իր պատրաստած փրկութեան փարախը՝ Սուրբ Եկեղեցին, լսել միայն Իր ձայնը, հետեւել Իր պատուիրաններին, եւ մեզ համար էլ կբացուեն հոգեւոր կեանքի, շնորհալից կեանքի, երջանիկ կեանքի զօրութեան աղբիւրները, այնպէս, որ մենք էլ կդառնանք կենդանի ջրի աղբիւրներ. ամէն:

ՄԻՆԱՍ ԱՒ. ՔՀՆ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

«Հոգին է կենդանարար»