Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ խոտորվեք և մի՛ գնացեք ունայն կուռքերի հետևից, որոնք ոչ մի օգուտ չեն բերում և չեն կարող ազատել. չէ՞ որ դրանք ունայն են» (Սամուել 12:21)

Բաբկեն Ներսիսյանը՝ որդուն, Տիգրան Ներսիսյանին

«Տղաʹս, համարձակ մտիր մեր արվեստի վսեմ աշխարհը, համարձակ, բայց և խելոք եղիր միշտ, որ չմոլորվես: Դժվար կլինի ճանապարհդ, բայց դու անպայման կհաղթահարես բոլոր դժվարությունները, եթե համարձակ ու թեթև անցնես ուղիդ: Հավատը քո ուժերի նկատմամբ թող երբեք չլքի քեզ, և երբեք չի լքի, հավատա ինձ, եթե հոգիդ զվարդ պահես և ծիծաղես դժվարությունների երեսին: Միշտ ձգտիր դեպի վեր, մոռացիր հանգիստ, գիտցիր՝ հանգիստը ծուլության երկվորյակն է կամ ընկերը: Նրանք մարդու ամենամեծ թշնամիներն են. կյանքը պայքար է, նետվիր պայքարի մեջ, ազնիվ պայքար մղիր, շուրջդ քեզ նման մարդիկ են:

Միշտ բարի եղիր նրանց հանդեպ, թող գեղեցիկը, բարին ու ճշմարիտը լինեն քեզ առաջնորդ: Օ´ն…հառա՜ջ…՚. վարպետն իրենից հետո այս խոսքերն էր կտակել որդուն՝ Տիգրան Ներսիսյանին:

Տիգրան Ներսիսյանն ընդամենը 19 տարեկան էր, երբ կյանքից հեռացավ հայրը` ճանաչված դերասան Բաբկեն Ներսիսյանն, ում նա համարում է իր առաջին և վերջին ուսուցիչը:

«Երբ նա մահացավ, իմ ու ընտանիքիս համար աշխարհը շրջվեց: Մնացինք անտեր: Ես իմ մեջ ուժ գտա ու իր տված պաշարով ավարտեցի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հայրս չի եղել, որ իր հնարավորություններով, կապերով ինձ օգնի: Ուղիղ հակառակը կատարվեց: Հորս մահից հետո այն մարդիկ, որ իրեն վատ էին վերաբերվում, հայացքները շրջեցին դեպի ինձ և սկսեցին հարվածել: Ես շատ դժվարությունների միջով եմ անցել: Հորս անունը ոչ թե օգնել է, այլ` հակառակը: Անընդհատ պետք էր ապացուցել բոլորին: Բայց ես շնորհակալ եմ այդ դժվարությունների համար, դրանք ինձ ավելի ուժեղ են դարձրել»,- պատմում է Տիգրան Ներսիսյանը:

Բաբկեն Ներսիսյանը եղել է լայն դիապազոնի դերասան, հանդես է եկել կատակերգական, բնութագրական, դրամատիկական և ողբերգական դերերով: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), «Քանդած օջախ» (Օսեփ), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Միքայել), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Բեն Ալեքսանդր), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» և այլ ներկայացումներում:

Պարգևատրվել է մի շարք շքանշաններով ու մեդալներով: 1961թ. արժանացել է Հայաստանի, 1972թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: