Այսպէս է ասում Տէրը. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը» (Օրենք 30:19)

Սարգիս Շնորհալի․ Դավանական աղոթք

Ով Աստված և Տեր և Հայր և խնամակալ այս բոլոր ստեղծվածների: Ով արարիչ, ստեղծիչ և պահապան քրիստոնեաներիս, Հիսուս Քրիստոս, Հոր Որդի և Բան: Ով դատավոր, այցելու, քննիչ և հատուցող՝ յուրաքանչյուր մտածության, խոսքի և գործի, Հոգիդ Աստված: Ով Հայր, Որդի և Սուրբ Հոգի՝ անբաժանելի Երրորդություն: Քո ուղղափառ դավանության խոստովանությունը, որ ավանդեցիր մեզ, հաստատուն և անպղտոր պահիր մեր մեջ: Ոչ այնպես, ինչպես մենք ենք հասկանում և խոսում մեր աղքատամիտ խոսքերով, այլ ինչպես որ, Դու իսկ գիտես Քո անճառելի և խորին իմաստությամբ և ինչպես որ կաս Քո անփոփոխելի բռնությամբ, նույնը մատակարարիր և ճանաչեցրու մեզ: Եվ նույնով բաց մեր բերանները՝ հավատքի խոստովանության: Քանզի մենք մեր իմացությամբ և քննությամբ՝ Քո արարածների ետիններին իսկ չենք կարող իսկապես ճանաչել, ուր մնաց թե՝ արարածների Արարչիդ:

Քանզի որքան էլ երբևէ ասում ենք Քո մասին, խոսում ենք Քո շուրջ և ոչ թե ճառում Քո էությունից: Եվ այս բաներում եթե, մարդկեղեն տկարությամբ խոսելով Քո անճառ փառքի մասին, անգիտությամբ զառանցում ենք ինչ-որ բան կամ անցում՝ մարդ լինելով և դիվրագայթ՝ խոսքերում, Դու որպես մարդասեր և ներող, գթա և ներիր մեզ: Եվ որպես ամուր դուռ դիր մեր շուրթերին Քո ճշմարտությունը, որպեսզի երբեք չբացենք այն առանց Քո կամքի հաճության: Եվ Քո այս սուրբ Եկեղեցու հովիվների և հոտի ընդհանուր ամբողջությունը խնամիր մարմնի մեջ և պահիր ուղղափառ խոստովանությամբ՝ ըստ առաքելական ավանդության, մինչև Քո վերստին գալուստը երկնքից: Եվ այնժամ նորոգիր մեր խոնհարության մարմինն ըստ Քո անեղծ փառքի, Քրիստոս Աստված մեր: Եվ Քեզ Հոր և Ամենասուրբ Հոգուդ հետ փառք, իշխանություն, տերություն և արքայություն և երկրպագություն համայն արարածների կողմից այժմ և անվախճան հավիտեաններում և հավիտյանս հավիտենից. ամեն: