Այսպէս է ասում Տէրը. «Որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ» (Ղուկասի 12:2-3)

Մուրադ Աննամամեդովը՝ Ավետ Տերտերյանի մասին

Ավետ Տերտերյանի արվեստը, պարզվում է, անգնահատելի դպրոց է ոչ միայն մեր, այլեւ արտերկրի կոմպոզիտորների համար եւս։ Յարոսլավլի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Սոբինովի անվան մրցանակի դափնեկիր Մուրադ Աննամամեդովը, սկսած 80-ական թվականների սկզբից, պարզապես ապրում է տերտերյանական սիմֆոնիաներով եւ հարմար առիթը բաց չթողնելով պատմում իր հուշերը, իր տեսածն ու լսածը հայ մեծ արվեստագետ- մարդու մասին։

Ասենք, որ 1994-ին Եկատերինբուրգում նա ղեկավարել է Ա. Տերտերյանի երաժշտության փառատոնի բոլոր համերգները։ Այսօր մաեստրոն հիշում է.

«1985 թվականին Թուրքմենստանից տեղափոխվեցի Սարատով եւ առաջին օրերն էին, երբ լսեցի Տերտերյանի 4-րդ եւ 5-րդ սիմֆոնիաները Ռոժդենստվենսկու ղեկավարությամբ եւ… եւ ինչ եք կարծում, գտա կոմպոզիտորի Երեւանի բնակարանի հեռախոսահամարը, զանգահարեցի, ներկայացա՝ ասելով. ես, պարզապես, չեմ կարող չղեկավարել ձեր 4-րդ եւ 5-րդ սիմֆոնիաները։ 87-ին հրավիրեցի Սարատով, որտեղ տեղի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էի եւ կազմակերպեցի կոմպոզիտորի հեղինակային համերգները։ Հենց առաջին համերգից հետո, երբ գնացի հյուրանոց, ի՞նչ տեսնեմ՝ այն համարը, որտեղ նա ապրում էր, պարզապես անշլագ էր, բացի ժուռնալիստներից կային փիլիսոփաներ եւ սա այն դեպքում, երբ Սարատովում մինչ այս համերգները, Տերտերյանին պարզապես չէին ճանաչում։ Այո, նա ոչ միայն երաժշտության մեջ էր փիլիսոփա, այլ նաեւ պարզապես փիլիսոփա էր։ Եվ նույնիսկ հիմա, երբ 20-րդ դարի մեծերից է հայ կոմպոզիտորը, զարմանում ես, թե ինչպես առաջին հանդիպումից ժամանակակից կոմպոզիտորի հետ, իհարկե՝ իր նորամուծություններով, կարող է հանդիսատեսը, լսարանը այդպես ընդունել։ Արդեն 18 տարի ապրում եմ Ռուսաստանում եւ ամեն անգամ 4-րդ ու 5-րդ սիմֆոնիաները ղեկավարելուց հետո (իսկ դուք գիտեք, որ այստեղ օգտագործված են հայկական ժողովրդական նվագարանները՝ դուդուկը եւ քամանչան), երաժիշտները, որ նվագում են այդ ժողգործիքներով, հավաքվում են իմ տանը եւ հնչում է հայկական երաժշտությունը։ Այս ամենը, իհարկե, մեծ կոմպոզիտորի շնորհիվ։ Հիշում եմ, 88 թվականին, եթե չեմ սխալվում, ինձ զանգահարեց այն ժամանակ սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը՝ Վահագն Պապյանը եւ ասաց, որ ես չգամ Երեւան, քանի որ ազգանունս այն չէ, հասկանալի պատճառներով։ Երեւի իմանալով վերջինիս մասին, Տերտերյանը զանգեց ու ասաց. «Եթե գաք Երեւան, Աննամամեդով ազգանունից կթողնեք միայն Աննան… սրա համար կներեն ձեզ, իսկ Մամեդովի համար՝ չեն ների եւ ի՞նչ է պատահել, մտածենք ձեզ բեմական անուն, օրինակ՝ Մուրադ»։ Իհարկե, սա կատակ էր, բայց ես այնքան էի հարգում Տերտերյանին, որ մտածեցի՝ ի՞նչ կա որ, թող գրվեմ Մուրադ։ Եվ ի՞նչ եք կարծում։ Սարատովում փակցնում են հայտագրեր, որոնց վրա չեն գրում նույնիսկ ոչ մի կոմպոզիտորի ազգանուն։ Օրինակ, Լյուդվիգ վան Բեթհովեն, թողնում են միայն Լյուդվիգ… եւ գրում են վերջում՝ ղեկավարում է Մուրադը։ Եվ զանգահարում է կուլտուրայի նախարարն ու ասում. «Սա ինչ խայտառակություն է, մոռացել են թե հեղինակների ազգանունները գրել եւ թե ձերը…»։ Կներեք, երեւի շատ եմ խոսում, բայց սա չեմ կարող չպատմել։ Յալթայում, համերգից հետո քայլում ենք Տերտերյանի հետ։ Տեսնելով, որ հավաքված է մարդկանց մեծ խումբ, որոնք խոսում էին ձեռքերով ու ոտքերով, աշխատում էի ամեն կերպ ճանապարհի ուղղությունը փոխել, իսկ Ավետ Ռուբենովիչը կարծես չէր ուզում ինձ ենթարկվել։ Քայլում էր հպարտ, ձիգ, խիստ, բայց բարի հայացքով։ Ինչ մեծ էր զարմանքս՝ հասնելով խմբվածներին, ավելի ճիշտ՝ դեռ չհասած, նրանք հեռացան իրարից, կարծես ճանապարհ բացելով մեզ։ Երբ արդեն անցնում էինք, ականջիս հասան հետեւյալ բառերը. «Նայիր, նայիր, սա Ֆելինին չէ՞»։ Հպարտ եմ, որ հայ մեծ կոմպոզիտորը, իր 8-րդ սիմֆոնիան նվիրել է ինձ։ Երջանիկ եմ, որ հանդիպել եմ այդ մեծ մարդուն ու կոմպոզիտորին։ Տերտերյանն ինձ համար կյանքի մեծ դպրոց էր եւ որպես մարդ, եւ որպես կոմպոզիտոր…»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Աղբյուր՝ Առավոտ։