Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Արշակ Չոպանյան․ Օրոր Մայր Հայաստանին

Դուն նստեր ես ճամփաներուն անկյունը,
Մազերդ ի վար իջեր կախվեր է ձյունը,
Մարմնույդ վրա կփոսանան մութ խոցեր,
Եվ աչվըներդ արյունի լիճ են դարձել:

Ո՞ր չար պարիկը հյուսեց թելը բախտիդ...
Ո՞վ տեսնելով քեզ տապալված ու վտիտ՝
Պիտի հիշե, որ դուն երբեմըն հզոր
Աղջիկն էիր սև աչքերով լուսավոր:

Կծփային մազերդ ինչպես դրոշ մը լայն՝
Ազատ լեռան մեջ ուր հոգիդ մեծաձայն
Կմռընչեր խոյանալով սարե սար,
Ու ծոցդ հպարտ՝ մեղր ու կաթով կուռենար:

Քեզ ցանկացին հելուզակները բոլոր.
Պաշարեցին քեզ ոսոխներ ահավոր.
Երկար ատեն ոգորեցար, կռվեցար,
Մինչև ա՛լ խոնջ ինկար գետին ուժասպառ:

Եվ քու հոգիդ արգավանդ էր ու բարի՝
Կործանարար ուժերուն մեջ վիթխարի.
Դուն կյանքի ծիլ մ’ ավելցուցիր աշխարհին,
Մատներդ հողեն գեղեցկություն հանեցին:

Դուն Անահիտն էիր խաղաղ աչքերով,
Ոսկիամայրն էիր պայծառ լանջքերով,
Ծոցեդ բարիք, նայվածքեդ լույս կտեղար,
Շրթներդ դաշն էին ու ձեռքըդ ճարտար:

Եկան խուժերն ու ձեռքիդ կապ անցուցին,
Բզըքտեցին, աղարտեցին ծոցդ անգին.
Եվ բյուրախոց դարձար դուն Մայրը կարմիր՝
Գողգոթային ճամփուն վրա ծնրադիր:

Ի՜նչ գեղեցիկ, ի՜նչ քաջ եղար ցավին մեջ ...
Աղետքին տակ հոգիտ մնացեր էր անշեջ.
Կարծըր լուծեր կոտրտեցիր ու մահեն
Քանի՜ անգամ ոտքի ելար դուն նորեն:

Աչքըդ լույսին կսևեռեր անդադար.
Միտքըդ, խիզախ, նոր աշխարհին կդառնար.
Ու դարերով համառեցար, առանձին,
Թումբ ձևանալ ասիական հեղեղին:

Մեծցավ հեղեղն ու զգետնեց քեզ մոլեգին
Ու մարեց բոցըդ թափով իր ալիքին.
Չվառական, խավարին մեջ, հողամած,
Միշտ կենդանի, դուն սպասեցիր գալարված:

Գիշեր ատեն, մերթ հին շիրմաց խաչերը
Կերերային, ու Մասիսի քաջերը
Մութին մեջեն կշողային բարկաճայթ,
Աչվըներեն արձկելով շառ ճառագայթ,

Օդին մեջ խուլ կթընդային թմբուկներ,
Դուն, դող ելած, կառնեիր պահ մ’ աչքըդ վեր,
Ու, վրդոված, կնայեիր լեռներուն,
Ոչի՜նչ՝ բայց մութը ծանր ու պաղ լռություն...

Օր մ’ ալ ցավի ցնցման մը մեջ անսահման՝
Ցցվեցար մեծ ճիչով մ’ անձկոտ ընդվզման,
Աշխարհ ձայնիդ խուլ մնաց ու բիրտ ուժին
Կույր գարշապարը ճզմեց ճիգըդ քուկին:

Բարկ հուրերու մեջ ճիվաղներ ցատկեցին,
Սիրտդ այրեցին ու աչվըներդ փորեցին,
Տունեդ վանված, հովերուն տակ մնացիր,
Մերկ տարածված - չորս դիդ արյուն ու մոխիր:

Հիմա նստեր ես, ցավագի՛ն ուրվական,
Ավերներուն պատկերին մեջ տխրական.
Կխածկրտե վերքերըդ հովը սառուտ,
Արյուն կիյնա խեղճ ծիծերեդ կաս-կապուտ:

Դանդաղորեն կժաժես գլուխդ ու կուլաս,
Ու ցած անուշ ձայնով օրոր կկարդաս
Զավկըներուդ, որ արյունին մեջ ինկան
Եվ անոնց, որ չորս հովերուն ցրվեցան:

Օրո՛ր կանանչ արևներուն, լուսավետ
Աչվըներուն, որ մարեցան առհավետ,
Եվ անոնց, որ դեռ կապրին ու կտանջվին
Զնդաններուն մեջ ու մռայլ աքսորին:

Հերի՛ք, հերի՛ք... այդ օրորդ ողբ է մահու.
Հերի՛ք... մենք նոր օրոր ունինք երգելու,
Պիտի երգինք օրորն հույսին ու վրեժին,
Ու մեռելներն պիտի հողին տակ սարսին...

Հերի՛ք, հերի՛ք... վեր առ գլուխդ ու մի՛ լար,
Ցավը սուրբ է, ցավը՝ մեծ ու փրկարար.
Ոչինչ կա վեհ, քան խաչին տակ զոհն արի,
Գիշերին մեջ կհյուսվի այգը բարի:

Ժանտ դահիճներն ու քանդողները մթին
Փոշիի պես պիտի անցնին ու ցնդին,
Ու մոխիրին մեջեն պիտի ելլես դուն,
Տառապանքեն նորոգված ու շողշողուն:

Մի՛ լար, մի՛ թույլ մազերդ հովուն տարտըղեր,
Մի՛ լար, մի՛ խեղճ գլուխըդ վար կործաներ.
Ճանճցիր դուն քեզ, ժողվե՛ ավյունդ ցիրցան,
Հերի՛ք ուժերդ օտար տան սյուն կանգնեցան:

Հանգի՜ստ դժգույն եղբայրներուն, որ ինկան,
Ելի՛ր, օրհնե՛ մեզ, տարածե մեր վրան
Թևերդ անհուն: Թող մեր արյունն ու հոգին
Քու արևուդ մատաղ ըլլան ու ցամքին:

Մութին մեջեն պիտի ցցվիս հաղթական,
Աչքերդ աստղեր պիտի դառնան ու ցոլան.
Վերքերդ վարդ պիտի ըլլան հոտավետ
Ու լույս պիտի թափի ճերմակ մազերեդ:

Պիտի կանգնիս ճամփաներուն բերանը,
Պիտի քանդես Բռնության սև խորանը.
Ոտքի՛ ելիր, ցավերդ երկունքն են հսկա,
Ով Մա՜յր, աշխա՛րհ մը ծոցիդ մեջ կխլըրտա: