Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն» (Իմաստ. Սողոմոնի 6:17)

Խոնարհության մասին. Սուրբ Անանիա Նարեկացի

Արդ, հարցրեցիր, թե որո՞նք են կատարյալ խոնարհության տեսակները, որ ստանում է մարդը, և խնդրեցիր գրել դրանք:

Ինչպես առաքյալն է ասում. «Ամենայն խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լավ համարեցե´ք, քան ինքներդ ձեզ» (Փիլիպ. Բ 3): «Ամենայն» խոսքից պարզ է, որ խոնարհությունը շատ տեսակներ ունի: Կան մարդիկ, որ խոնարհության սակավ տեսակներով են օժտված, կան, որ շատ տեսակներով, կան, որ բոլորով են օժտված:

Խոնարհության առաջին տեսակն այն է, որ ամեն մարդ ինքն իրեն անարժան համարի, ինչպես մաքսավորը, որ չէր կամենում աչքերը երկինք բարձրացնել, ինչի համար էլ Տերը գովեց նրան:

Խոնարհություն է հնազանդ լինելը, երբ մարդն իրեն պահում է որպես ծառա և սպասավորում ընկերոջը, ինչպես առաքյալն է ասում. «Հնազանդվեցե´ք միմյանց Քրիստոսի երկյուղով» (Եփես. Ե 21):

Խոնարհություն է սուգն ու արտասուքը, երբ մարդը, թեպետ չի համարվում ծառա և բարի գործեր է կատարում, սակայն թանխանձանքով է հույս փայփայում ստանալ արքայությունը: Սրա համար է Տերն ասում. «Երբ կատարեք այն բոլորը, ինչ հրամայված է, ասացեք, թե` Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անել, այն արեցինք» (Ղուկ. ԺԷ 10):

Խոնարհություն է, երբ մարդը հանդուրժում է իր եղբորը բարկության պահին և ինքն իրեն է համարում մեղավոր, քանի որ զայրանալն ու հակադարձելը հպարտություն է: Սողոմոնն ասում է. «Ամբարտավան մարդը չի դիմանում նախատինքների» (հմմտ. Առակ ԺԲ 2):

Խոնարհություն է լռությունը, երբ մարդն իրեն արժանի չի համարում առաջ գալ և խոսել բազմության առջև, ինչպես որ Տերն է ասում. «Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում» (Հովհ. Է 18):

Խոնարհություն է, երբ ընկերոջդ մեծարում են, իսկ քեզ անտեսում, և դու չես տրտմում, այլ մտածում ես, թե` «Արժանի չեմ անգամ նրան, ինչ ունեմ»: Սողոմոնն ասում է. «Մի´ ձգտիր հասնել հարուստին, այլ չափավոր պահիր քո անձը և Տիրոջ առաջ շնորհ կգտնես» (հմմտ. Առակ. ԻԳ 4):

Խոնարհություն է, երբ մարդն իր ընկերոջը ոչ թե որպես ծառա ունի, այլ ինքն է նրան սպասավորում, ինչպես Տերն է ասում. «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» (Մատթ. Ի 28):

Խոնարհություն է, երբ մարդը տեսնում է ընկերոջ սխալը և չի բամբասում, նրան չի դատում, այլ ասում է, թե՝ «Ես հանցավոր եմ, և ուրիշին չեմ կարող դատել»: Սրա համար է Տերն ասում. «Մի´ դատեք, որ չդատվեք» (Մատթ. Է 1):

Խոնարհություն է սիրել եղբորը, քանի որ սիրո պատվիրանները հետևյալներն են՝ խոնարհվել ընկերոջ առջև, հիվանդության ժամանակ ցավակից լինել, տրտմության ժամանակ մխիթարել, անձդ նրան ծառայեցնել: Իսկ հպարտն այդպես չի վարվում, և հարկ չի համարում խոնարհվել եղբոր առջև, այլ ինքն իրեն մյուսներից գերակա է համարում: Սրա համար է գրված, թե. «Խոնարհությունը որպես աղ համեմիչն է բոլոր առաքինությունների, իսկ ուր չկա սեր և խոնարհություն, այնտեղ ընդհատված և մերժված է առաքինությունը»:

Խոնարհություն է, երբ բարի գործ ես անում, անընդհատ չես հիշում այն և հպարտանում, ինչպես փարիսեցին, այլ քո մեղքերն ես հիշում և խոնարհեցնում միտքդ, ինչպես որ առաքյալն էր իր անձը մեղավոր համարում և ասում. «Հայհոյիչ էի և թշնամի, բայց գտա ողորմություն» (Ա Տիմ. Ա 13): Դարձյալ ասում է. «Ետևում մնացած բարի գործերը մոռացել եմ և ձգտում եմ դեպի առաջ» (Փիլիպ. Գ 13):

Խոնարհություն է, երբ մարդիկ քեզ փառավորում են և պարգևներ տալիս, սակայն ինքդ քո անձն անարժան ես համարում, այլ Աստծուն ես փառավորում և գոհանում` ասելով. «Սա Քո ողորմությունից է և ոչ թե իմ արժանիքներից»: Սողոմոնն ասում է. «Ինչպիսի մեծության էլ հասնես, դու քեզ խոնարհ պահիր, և Տիրոջ առաջ կգտնես ողորմություն և շնորհ» (Առակ. ԺԶ 3):

Խոնարհություն է, երբ վշտի ես հանդիպում կամ նեղության մեջ ես, չես տրտմում, այլ Աստծուց գոհանում ես, թե` «Ես ոչ թե այսքանին, այլ շատ պատիժների եմ արժանի իմ մեղքերի պատճառով, և օրհնյալ է Աստված, Ով ինձ վշտի արժանացրեց այս անցավոր կյանքում և մահկանացու մարմնում»: Առաքյալն ասում է. «Համակերպվում եմ նեղությունների և վշտերի և չարչարանքների, որովհետև, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթ. ԺԲ 10):

Խոնարհություն է հասարակ հանդերձը, երբ չես հագնում թանկագինն ու փառավորը, քանի որ մարդիկ հադերձներին են նայում, ինչի համար էլ գրված է. «Մի´ զարդարվեցեք զգեստներով, փափկություններով և շքեղություններով, որոնց գեղեցկությունը ապաշնորհ է» (հմմտ. Ա Պետրոս Գ 3):

Խոնարհություն է, երբ օրը խաղաղությամբ է անցնում, և երեկոն իջնելիս գոհանում ես Աստծուց, թե` «Շատերը մարդկանցից, նաև սրբերից հոգսաշատ են և աղքատ, իսկ ես, որ անարժան եմ, ինձ հաց և կերակուր տվեցիր, և օրս խաղաղությամբ անցկացրիր: Դա քո ողորմությունից է, և ոչ իմ արժանիքներից»: Սրա համար է մարգարեն ասում. «Ո՞վ եմ ես, Տեր իմ, Տեր, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ այսքան սիրեցիր» (Բ Թագ. Է 18):

Խոնարհություն է, երբ կամենում ես բարի գործ կատարել, քեզ կարող չես համարում սկսելու և իրականացնելու, այլ Աստծուց ես խնդրում շնորհ և օգնություն, թե՝ «Օգնիր ինձ` տկարիս, որ կարողանամ Քեզ հաճո լինել»: Ինչպես և Տերն է ասում. «Ով բնակվում է իմ մեջ, և ես նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհ. ԺԵ 5):

Խոնարհություն է, երբ սիրտդ զայրանում է, արգելում ես ցասումը և քեզ արժան չես համարում եղբորդ ընդդիմանալ: Սողոմոնն ասում է. «Խոնարհն ունի աղաչական խոսք, իսկ հարուստը հանդուգն պատասխան է տալիս» (Առակ. ԺԸ 23):

Խոնարհություն է, որ ոչ միայն սիրում ես նրանց, ովքեր փառավորված են մարդկանցից, այլև աղքատին ես խոնարհվում և պանդուխտին մխիթարում: Այսպես և Տերն էր վարվում. Պիղատոսը խոսեց, իսկ Նա պատասխան չտվեց, սակայն ավազակի հետ մեծ գթով խոսեց և պարգևներ տվեց, երբ կույրերն աղաղակում էին, նա կանգնեց և մոտենալով՝ նրանց աչքերը բացեց:

Խոնարհություն է, որ միայն քո կամքով չես գործում, այլ խրատ ես վերցնում առաջնորդներից և վարդապետներից, ինչպես Մովսեսն, ով անլուր չմնաց Հոթորի խրատին, այլ ընդունեց և կատարեց այն:

Խոնարհություն է, երբ մարդն ամեն նենգ իրողություններից սարսափում և զգուշանում է, չի հպարտանում՝ ասելով, թե ով կհաղթի ինձ: Սողոմոնն ասում է. «Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, իսկ ինքնավստահ հպարտը որոգայթն է ընկնում» (հմմտ. Առակ ԺԷ 10):

Խոնարհություն է, երբ բարիք ես գործում, խորհում ես, թե` «Ոչ թե իմ անձով և իմ զորությամբ կատարեցի, այլ Աստծո օգնականությամբ», ինչպես առաքյալն է ասում. «Ոչ թե ես, այլ Աստծո շնորհը, որ ինձ հետ էր» (Ա Կորնթ. ԺԵ 10):

Խոնարհություն է, երբ չես կամենում առաջ ընկնել և ավելի բարձր աստիճան ստանալ, քան ունես, այլ առաջնորդների կարգածն ես ընդունում, ինչպես առաքյալն է ասում. «Ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ նա, ում Տերն է գովում» (Բ Կորնթ. Ժ 18):

Արդ, բոլոր առաքինությունների հիմքը խոնարհությունն է, և բոլոր սրբերը խոնարհությամբ են հաճելի եղել Աստծուն: Աբրահամը խոնարհ էր և ասում էր. «Ես հող եմ և մոխիր» (Ծննդ. ԺԸ 27): Սրա համար էլ նահապետների գլուխը դարձավ: Այսպես և Դավիթն էր ասում. «Ես որդ եմ և ոչ թե մարդ, մարդկանց համար նախատինք եմ» (Սաղմ. ԻԱ 7): Սրա համար էլ Աստծուց մարգարեության շնորհ ստացավ և կոչվեց ժողովրդին թագավորելու: Այսպես և Եսային էր ասում. «Վա՛յ ինձ, ես պիղծ շուրթեր ունեմ» (Ես. Զ 5): Սրա համար էլ կոչվեց աստվածաբան և մարգարե: Այսպես և Հովհաննես Կարապետն էր ասում. «Արժանի չեմ արձակելու Նրա կոշիկների կապերը» (Հովհ. Ա 27): Սրա համար էլ արժանացավ Քրիստոսին մկրտելու: Այսպես և Պետրոսն էր ասում. «Ինձնից հեռու գնա, Տեր, որովհետև ես մեղավոր մարդ եմ» (Ղուկ. Ե 8): Սրա համար էլ երկնքի բանալիները ստացավ և եկեղեցու հիմքը դարձավ: Այսպես և Պողոսն էր ասում. «Առաքյալ կոչվելու արժանի չեմ ես» (Ա Կորնթ. ԺԵ 9): Սրա համար էլ երկինք բարձրացավ և դրախտը տեսավ:

Արդ, խոնարհությունն է առաքինությունների գլուխը, որի համար էլ մարգարեն ասում է. «Խոնարհ հոգին է պատարագն Աստծո, սուրբ սիրտն Աստված չի արհամարհում» (Սաղմ. Ծ 19): Եվ Եսային ասում է. «Ես ում եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից» (Ես. ԿԶ 2): Եվ Տերն Ինքն ասում է. «Ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա» (Մատթ. ԻԳ 12): Եվ Պողոսն ասում է. «Ամենայն խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լավ համարեցեք, քան ինքներդ ձեզ» (Փիլիպ. Բ 3): Եվ վարդապետներից այնքան վկայություններ կան խոնարհության մասին: Եվ ոչ ոք այնքան սիրելի չի Աստծուն, որքան նա, որ խոնարհվում է, և իր անձը հետին է համարում հանուն Քրիստոսի, Ում վայել է փառք և իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամէն:

(Բնագիրը` «Մատենագիրք Հայոց»)

Գրաբարից փոխադրեց` Լուսինե ԹՈՒՄԱՆՅԱՆԸ,

Մաշտոցի անվ. Մատենադարանի գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու

Աղբյուր՝ «Շողակն Արարատյան»