Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Վարպետի պաշտելի մայրը…

Իսահակյանի ճակատագիրն ինքնին կարծես որոշել էր մոր ու որդու հարաբերությունների դրամատիկ էությունը: Նախ որդին, հազիվ 17-ը բոլորած, մեկնում է օտար երկիր ուսումը շարունակելու, ապա որդու վերադարձից հետո, կարոտը դեռ չառած՝ բանտ ու աքսոր, շարունակ հետապնդումներ ու էլի բանտ, այնուհետև արդեն քաղաքական վտարանդիություն ու հավերժ բաժանում պաշտելի զավակից: Այս բաժանումները շատ ծանր են եղել ու երկարատև երկուսի համար էլ: Այդ ամենի վկայությունն են նաև այդ տարիներին գրված ստեղծագործությունները:

Պանդխտության մեջ գտնվող որդին, դեգերելով օտար, ամայի ճանապարհներին, անհուն սիրով և քնքշանքով է հիշում հայրենիքում թողած մորը, երբեմն մտքով թռչում է դեպի հայրենի եզերքը, դեպի պաշտելի մայրը, իր հոգու ցավը, կոտրված սրտի տառապանքը նրան հայտնելու և խոցված սրտի վերքերը բուժելու համար…

Հեռվում թողած հայրենի եզերքը նրա հոգում հաճախ էր ձուլվում մոր կերպարի հետ և հառնում որպես մի չքնաղ բանաստեղծություն…

Առաջին գրքի` «Երգեր ու վերքերի» հրատարակությունից մինչև վերջին ժողովածուն, վերջին ստեղծագործությունը, Իսահակյանի ստեղծագործությունները թաթախված են պաշտելի մոր՝ Ապլայի լուսավոր կերպարով:

Ալմաստ Ղլտճյանի կերպարն անմահացած է հայ գրականության մեջ, իսկ Իսահակյանի՝ մորն ուղղված բանաստեղծությունները վաղուց արդեն մտել են մայրական սիրո համաշխարհային պոեզիայի մեջ:

Ալմաստ (Ապլա) Ղլտճյանը ծնվել է 1833թ. Ալեքսանդրապոլում՝ Ղլտճյան Գաբրիել հաճի աղայի ընտանիքում: Ղլտճյանների ընտանիքը գաղթել էր Կարսից և բնակություն հաստատել Ալեքսանդրապոլում:

1850թ. Ալմաստն ամուսնացել է Բայազետից գաղթած Նիկողայոս աղայի որդու՝ Սահակ Իսահակյանի հետ: Նա ամուսնացել է 17 տարին դեռ չբոլորած և շատ շուտով դարձել Իսահակյանների տան բարի պահապանը, մեծ տան սիրտն ու հոգին:

Ահա, թե ինչպես է վարպետը հիշում իր ծնողներին.

«Ահա՛ հայրս ու մայրս: Հայրս լուրջ դեմքով, բարի ու պատկառելի. Մայրս սրբուհու պատկերով, անուշ, վշտոտ ու գթառատ….»:

Կրտսեր Նիկողայոս Իսահակյանը մի առիթով պատմել է, թե ինչպես Իսահակյանների տան տղամարդիկ մի անգամ իրենց ուղտերի քարավանով գնում են Պարսկաստան՝ ապրանք առնելու: Վերադառնում են մեկ ամսից: Հարսները գալիս, համբուրում են տղամարդկանց ձեռքերը: Ալմաստը մի ամսվա նշանած է լինում, Սահակին էլ լավ տեսած չի լինում քողի տակից: Ձեռքերը համբուրելով մոտենում է վերջինին: Նրա ձեռքն էլ է համբուրում խոնարհաբար: Ու երբ մի զվարթ քրքիջ է ծայր առնում, շփոթված, կարմրած հարսին բացատրում են, որ այդ վերջին երիտասարդը Սահակն է՝ իր նշանածը… Ի՞նչ իմանար խեղճ հարսը, ե՞րբ էր երես առ երես տեսել…:

Ընտանիքում զավակները յոթն էին` Ալեքսան, Գևորգ, Ռուբեն, Փեփրոնե, Մկրտիչ, Գրնովաբե, Ավետիք:

Ընտանիքի բարեկամ Գարեգին Լևոնյանն իր հուշերում գրում է. «Տան մեջ թե՛ իր տղաների, թե՛ հարսների ու աղջիկների վրա մեծ ազդեցություն ուներ ամենից սիրված մայրիկը՝ Ալմաստ խանումը: Նա միշտ էլ առանց ծածկելու մյուսներից ասում էր, որ ինքը ամենից ավելի սիրում է իր Ավետիքին»:

Ավետիքը Իսահակյանների վերջին զավակն էր: Եղբայրներն ու քույրերն արդեն հասուն մարդիկ էին, ընտանիք ունեին: Երբ ընտանիքի անդամները երեկոյան հավաքվում էին ճաշի, փոքրիկ Ավետիքին հաճախ մոռանում էին կանչել: Վարպետը հաճախ է հիշել այդ մասին. «Տանը մի որևէ սենյակում խաղում էի կամ գրքեր թերթում, մեկ էլ Ապլաս, արցունքն աչքին գալիս էր. «Վա˜յ, քոռանամ ես, էլի Ավոյիս մոռացել եմ ճաշի կանչել»: Ու նախատելով ինքն իրեն տանում էր ճաշասենյակ»:

Իսահակյանի ստեղծագործություններում, հուշերում, անհասցե նամակներում գերիշխում է պաշտամունքի հասնող սերը մոր նկատմամբ:

Հեռավորությունն ու տարիներն ավելի ամուր են դարձրել մոր և որդու հոգեկան կապը: Ամենադժվարին պահին անգամ՝ բանտում, աքսորի ճանապարհին, պանդխտության տարիներին Վարպետի աչքերի առջև մշտապես հառնել է մոր սուրբ պատկերը և նոր ուժ տվել նրան …

Իսահակյանի համար մայրը և՛ երկրային, և՛ երկնային էակ էր, ով որդու ցաված սրտի միակ մխիթարանքն էր, ով ամբողջ հոգով, սրտով կապված էր իր զավակի հետ, զգում էր նրա վիշտը, ցավն ու մտահոգությունը: Այդ է վկայում Վարպետի ողջ պոեզիան…

Ստեղծագործություններից շատերում մոր կերպարն ասես միաձուլված է Մայր հայրենիքի պատկերին, և հենց Ապլայի կերպարի մեջ միահյուսված, ամբողջացած է հայ կնոջ գթասրտությունը, կարեկցելու կարողությունը, խոհեմությունը, առաքինությունը…

Իսահակյանը շատ բան է վերցրել մորից` անսահման բարություն ու անմիջականություն, գթասրտություն ու կարեկցանք յուրաքանչյուր մարդու հանդեպ…

Թե՛ բանաստեղծություններում, թե՛ առօրյա կյանքում, Ապլայի պատգամները մշտապես ուղեկցել են Վարպետին:

Տարիներ հետո հիշելով Շուշիկին, Վարպետը գրել է. «Ա˜խ, …. ես սիրեցի Շուշիկին, ես սիրեցի նրան, ինչպես իմ մայրիկին….»:

Աղբյուր՝ Մագաղաթ․am: