Այսպէս է ասում Տէրը. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը» (Օրենք 30:19)

Տրամաբանություն և ռացիոնալիզմ

Մի քանի տարի առաջ ռուսական հումորային մի հաղորդում էի դիտում։ Դերասաններից մեկն ասաց, որ կուզեր երկրում ստեղծված իրավիճակը ինչ-որ կերպ պահպանել՝ save անել, ու իշխանությունը Ժիրինովսկուն տար։ Նրան հետաքրքիր էր, թե ինչ կլինի այդ դեպքում։ Դե save արած ֆայլն էլ պետք էր, որ եթե հանկարծ Ժիրինովսկին ձախողեր, ամեն ինչ հնարավոր լինի վերականգնել։ Ռուսների բախտը չբերեց՝ նրանք այդպես էլ չապրեցին Ժիրինովսկու իշխանության բերկրանքը։ Իսկ ահա մենք… դուխով և հպարտ առաջ գնացինք, սկի ֆայլն էլ save չարեցինք։ Ավանդույթ է՝ ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամը չէ։ Բայց խելահեղ այս ընթացքի մեջ ռացիոնալության որոշ հատիկներ պետք է պահպանել։

Եկեք անկեղծ խոսենք. ամեն ինչ կարող էր և դեռ կարող է շատ ավելի վատ ընթացք ունենալ։ Այո, Փաշինյանը հենց Ժիրինովսկու ոճի գործիչ է։ Բայց քաղաքական ներկապնակում նա ամենավատը չէ։ Անկասկած ամենավատը չէ։ Ահաբեկիչ չէ, կամ, ասենք՝ Խզմալյան։ Այո, մինչ վարչապետ դառնալը, ինքն էլ էր այնպիսի հայտարարություններ անում, որոնց հիմքում բացառապես ամբոխահաճությունն էր։ Մի կողմ էր թողնված երկրի շահը, նպատակահարմարությունը, պարզ տրամաբանական հաշվարկը և վերջապես՝ իրատեսությունը։ Բայց, կարծում եմ, այն ժամանակ Փաշինյանի հավակնություններն էլ էին այլ՝ առավելագույնը մի քանի տեղ խորհդարանում։ Ինչպես ասում են, մարդը ենթադրում է, Աստված՝ կանխորոշում։

Արդյունքում ստեղծվեց մի վիճակ, երբ երկրի ամենասուղ ռեսուրսը տրամաբանությունն ու ռացիոնալիզմն են։ Օրվա լրահոսն եմ նայում՝ ապշում։ Մի ցուցարար վրդովված հայտարարում է, որ Մանվել Գրիգորյանին բանտ տանելը իր համար այնքան կարևոր խնդիր է, որ անգամ չի կարողանում իր քրոջ հոգեհանգստին գնալ։ Ասում է. «Քուրս մահացած, դիակը տունը, չեմ կարում գնամ, ժողովրդի հետ կանգնած եմ»։ Նույն ինքը՝ Տիգրան Խզմալյանը, ցույց է անում Գյումրու ռազմաբազայի դիմաց ու պահանջում, որ Թուրքիայի հետ սահման պահող ռուսական զորքերը դուրս բերվեն Հայաստանից։ Մարդկանց մի ստվար զանգված մարդասպան Մհեր Ենոքյանի հերոսացման գործին է լծված… ու այդպես շարունակ։

Մտածում եմ՝ վարչապետ Փաշինյանն էլ պետք է որ դժգոհ լինի այս վիճակից։ Չի կարող այս աղմուկը չխանգարել նրան։ Դա բացառված է։ Հեղափոխությունն արդեն արված է, դե ֆակտո և դե յուրե հասել է իր ավարտին, հիմա պետք է հանդարտվել ու աշխատանքային ռեժիմի անցնել։ Տրամաբանության ու ռացիոնալիզմի ռեսուրսը վերականգնելու խիստ անհրաժեշտություն կա։ Իշխանությունը փողոցից պետք է վերադառնա աշխատասենյակ և վերջապես զբաղվի իր անմիջական պարտականություններով։ Հակառակ պարագայում՝ աղետն անխուսափելի է։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ