Այսպէս է ասում Տէրը. «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի» (Ղուկաս 11:31-32)

Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ»

Սույն թվականի ապրիլի 13-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը «Շահեն Մեղրյան» բարեգործական հիմնադրամի հետ միասին հանրությանն է ներկայացրել համատեղ ջանքերով նկարահանված «Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ»» փաստավավերագրական ֆիլմը:
 
Լայնամետրաժ ֆիլմը Արցախի Շահումյան շրջանի բնակիչների, ինքնապաշտպանական ջոկատների անդամների, ծանր ժամանակաշրջանի ականատեսների հիշողություններով ներկայացնում է 1992 թվականին Շահումյանի անկման, բնակիչների տարհանման պատմությունը, նրանց անցած ճանապարհը, հայրենի հողի հանդեպ կարոտը, ինչպես նաեւ նվիրյալ հերոսներին:
 
Ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2017թ. գարնանը։ Ֆիլմն ամբողջությամբ պատրաստ է եղել արդեն այս տարվա հունվարի վերջին։
 
Ֆիլմը պատրաստել են Նաիրա Նադրյանը, Հրաչյա Դեմիրճյանը, Արման Ղարաջյանը, Զինավոր Մեղրյանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը և այլք։ Ստեղծագործական թիմը խորհրդատվության համար հատուկ շնորհակալություն է հայտնում «Եղնիկներ» ջոկատի անդամ Կամո Հարությունյանին (Թոքի Կամո)։
 
«Շահումյանը իմ մանկության ամենավառ հուշերից մեկն է։ Հայրս հաճախ էր այնտեղ գնում, ինչի արդյունքում մեր ընտանիքը մանրամասն տեղեկացվում էր Շահումյանի զարգացումներով։ Շահումյանի անկումը կյանքիս ամենադժվար օրերից էր։ Հիմա էլ, երբ մտովի վերադառնում եմ այն օրերի հիշողություններին, հասկանում եմ, որ Շահումյանի խնդիրը ակտուալ է և պետք է այդպսին մնա։ Ֆիլմը հենց այդ ակտուալությունը շեշտելու և դրա կարևորությունն ընդգծելու փորձ է։ Շահումյանի հարցըպետք է վերադառնա բանակցային օրակարգ։ Այն պետք է նոր կարևորություն ստանա մեր դիվանագիտության համար»։
Հրանտ Մելիք-Շահնազարյան, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար։
 
«Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ»» ֆիլմը խոսուն վկայություն է Շահումյանի դեպքերի մասին, որը միանշանակ հետապնդում է հանրության առավել լայն զանգվածի, այդ թվում՝ նաեւ միջազգային հանրության ուշադրությունը այս հարցին սեւեռելու նպատակ: Ֆիլմի հեղինակները նշում են, որ այն կթարգմանվի նաև ռուսերեն, իսկ հետագայում՝ նաեւ անգլերեն: Ստեղծագործական թիմն իր առջև խնդիր է դրել հասնել նրան, որ Շահումյանի հարցը հնարավորնիս տարածվի և դառնա հետազոտողների, քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների ամենօրյա զբաղմունքներից մեկը։
 
 
«Ֆիլմի առաքելությունը Շահումյանի մասին պատմությունն այն սերնդին հասցնելն է, որը ծնվել է Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում, և չի տեսել իր հայրենի երկրամասը: Երիտասարդների հետաքրքրասիրությունը հարատև պայքարի է վերածվելու, և Շահումյանն անպայման վերադառնալու է տուն»:
Զինավոր Մեղրյան, «Շահեն Մեղրյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն։
 
Այսօր Matyan.am-ը իր ընթերցողների և համացանցի օգտվողների ուշադրությանն է ներկայացնում «Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ»» փաստավավերագրական ֆիլմը։ Այն արդեն հասանելի է բոլոր հետաքրքրվողներին։ Սպասելու ենք ձեր արձագանքներին։
 


Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ» (Մաս Առաջին)

 


Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ» (Մաս Երկրորդ)