Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Մարշալ Համազասպ Բաբաջանյան

Համազասպ Բաբաջանյանը զորապետ է, ռազմական գործիչ, Խորհրդային Միության հերոս (1944 թ.) և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (1975 թ.):

Համազասպ Բաբաջանյանը 1925 թ-ին ընդունվել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցը, գերազանցությամբ ավարտել է 1929 թ-ին, երբ այն արդեն տեղափոխվել էր Թիֆլիս և կոչվել Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոց: 1942 թ-ին ավարտել է Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները, 1948 թ-ին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: 1939-40 թթ-ին մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին:

Հայրենական մեծ պատերազմի (1941-45 թթ.) սկզբին մայոր Բաբաջանյանը նշանակվել է հրաձգային գնդի հրամանատար, մասնակցել Մոսկվայի ուղղությամբ Սմոլենսկի շրջանում մղված մարտերին, Ելնյայի ազատագրմանը, Օրյոլի պաշտպանությանը: Նրա գունդն առաջիններից է արժանացել գվարդիականի կոչման: 1942 թ-ի սեպտեմբերից, որպես մեքենայացված բրիգադի հրամանատար, Կալինինյան ռազմաճակատում մասնակցել է Ռժևի շրջանի ռազմական գործողություններին, 1943 թ-ի հուլիս-օգոստոսին՝ Կուրսկի ճակատամարտին:

1943 թ-ի վերջին, Կիևի ազատագրումից հետո, նրա բրիգադը կարևոր դեր է խաղացել Կազատին երկաթուղային հանգույցը ազատագրելիս, 1944 թ-ի հունվարին մասնակցել է Պրոսկուրով-Չեռնովցիի ռազմական գործողությանը, Տեռնոպոլի շրջանից հաղթական երթով հասել է Դեսնա և գետանցել: 1944 թ-ի օգոստոսից մինչև պատերազմի ավարտը եղել է 1-ին տանկային բանակի 11-րդ գվարդիական տանկային կորպուսի հրամանատարը: 1945 թ-ի սկզբին կորպուսը 1-ին բելոռուսական ռազմաճակատում մասնակցել է Վիսլա-Օդեր ռազմական գործողությանը, մարտին՝ 2-րդ բելոռուսական ռազմաճակատում` Հյուսիսային Պոմերանիայում թշնամու ուժերի ջախջախմանը և Բեռլինի գրոհին: 1945 թ-ի հունիսին Բաբաջանյանին շնորհվել է զրահատանկային զորքերի գեներալ-մայորի, իսկ 1967 թ-ի հոկտեմբերին՝ մարշալի կոչումներ:

Պատերազմից հետո Բաբաջանյանը եղել է բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար, Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար (1959-67 թթ.), զրահատանկային զորքերի ակադեմիայի, խորհրդային բանակի զրահատանկային զորքերի պետ (1969 թ-ից): Ընտրվել է ԽՍՀՄ (1962-70 թթ.), ՌԽՖՍՀ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր: Եղել է Ելնյա, Զալեշչիկի և Գդինյա քաղաքների պատվավոր քաղաքացի: 1981 թ-ին հրատարակվել է Բաբաջանյանի «Հաղթանակի ճանապարհներ» (ռուսերեն) հուշագրությունը: Նրան է նվիրված Յակով Սադովսկու «Ծառայությունն այսպիսին է՝ հաղթել» (ռուսերեն՝ 1983 թ., հայերեն՝ 1986 թ.) երկը:

Բաբաջանյանի անունով են կոչվել դպրոցներ ու փողոցներ Մոսկվայում և Երևանում: Նրա ծննդավայրում բացված Մարտական փառքի թանգարանը, որտեղ ներկայացված էին նաև Բաբաջանյանի և Հովհաննես Բաղրամյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցանմուշներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հուշարձանը գյուղի վերջնական հայաթափումից (1987 թ. հուլիս - 1988 թ. նոյեմբերի վերջ) հետո ոչնչացվել են: