Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Մկրտիչ Պեշիկթաշլյան (օգոստոսի 18 1828, Կոստանդնուպոլիս - նոյեմբերի 29 1868, Կոստանդնուպոլիս), արևմտահայ բանաստեղծ, դրամատուրգ։

1834-1839 թթ. սովորել է Բերայի Մխիթարյան դպրոցում, 1839-1845 թթ.՝ Իտալիայի Պադուա քաղաքի Մուրադյան վարժարանում, որտեղ աշակերտել է դրամատուրգ Պետրոս Մինասյանին, Արսեն Բագրատունին:

1845 թ. վերադարձել է Կ.Պոլիս, ծավալել մանկավարժական-հասարակական լայն գործունեություն։ Եղել է ժամանակի նշանավոր մանկավարժներից մեկը։ Հայոց լեզու և գրականություն, ֆրանսերեն է դասավանդել Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում։ Մեծ դեր է խաղացել օտարախոս հայ մանուկներին մայրենի լեզու ուսուցանելու գործում։ Մկրտիչ Պեշիկթաշլյանի ջանքերով է հայերեն սովորել ապագա վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը: 1846 թ. Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Համազգյաց ընկերությունը, որի գաղափարական ղեկավարն է եղել։ Եղել է հայ նոր քնարերգության և արևմտահայ կանոնավոր մշտական թատրոնի հիմնադիրը։

1856 թ. Օրթագյուղի Լուսավորչական վարժարանի սրահում տրվել են նրա կազմակերպած թատերախմբի առաջին ներկայացումները՝ Պեշիկթաշլյան՝ «Կոռնակ», Մետաստազիո՝ «Թեմիստոկլես», Պետրոս Մինասյան՝ «Խոսրով Մեծ»։