Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

«Տիեզերքն Աստուծո ձեռագործն է». Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց

Սիրելինե՛ր, կրոնը մարդ էակի մեջ այն ապրումն է, որ ասում է իրեն. «Դու մարդ ես այնքան, որքան ինքդ քեզ ճանաչում ես որպես, Աստծու կողմից, կյանքդ ստացած էակ, եւ դու չես կյանքի տերը, դու տնտեսն ես կյանքի: Կյանքի պարգեւիչը Տերն Ինքն է։ Եվ դու, իբրեւ մարդ, որ դիտում ես այս բնությունը, դիտում ես Աստծու ստեղծագործությունը, ի՞նչ ես մտածում այդ ստեղծագործության մասին, ինչպե՞ս ես վերաբերվում նրան: Այն քո ստեղծածը չէ, այն Աստուծո գործն է: Դու օժտված ես այդ ստեղծագործությունն արժեւորելու, նրան իմաստաւորելու եւ կյանքի երջանկությունը ձեռք բերելու համար, օժտված ե՛ւ տրամաբանությամբ, ե՛ւ զգացականությամբ, ե՛ւ կամային զորությամբ եւ բոլոր այն հատկանիշներով, որ քեզ բնորոշում են որպես մարդ էակ»։

Երեւակայեցեք՝ ի՜նչ գեղեցիկ խոսք է ասել մի գիտնական. «Տիեզերքն Աստուծո հանդերձն է, Աստուծո հագուստը»: Իսկ ես ասում եմ. «Տիեզերքն Աստուծո ձեռագործն է»։ Նայի՛ր տիեզերքին: Եվ, ինչպես Աստվածաշունչն է ասում, «երկինք պատմեն զփառս Աստուծոյ»։ Մենք ինչպե՞ս կարող ենք չմտածել, մեր անձից վեր, մեր մարդկային գոյությունից վեր, մի այնպիսի ամենակարող ուժի մասին, որ ծնունդ է տվել այս ստեղծագործությանը եւ մարդ էակին։

Աստված անիմանալի է, անքննելի է, անզննելի է, անտարազելի, անհաս, անսկիզբ ու անվախճան է։

Տեսեք, գործածելի բառեր, որոնք սկսվում են «ան» ժխտական մասնիկով։ Մենք չենք կարող Աստուծո ինչ լինելը, էությունը, ինչությունը, այսպես պիտի ասեմ, ճանաչել, որովհետեւ Աստված առարկա չէ, որ ենթակա լինի մեր զննությանը։

Ես ձեզ պիտի պատմեմ մի պատմություն, որ ինքնին շատ բառացուցական է, իմաստալից եւ թելադրողական։

Մի օր, մի անապատի մեջ, ուղտի քարավաններ առաջնորդող, մարդը, մի անգլիացի գիտնականի տանում էր անապատի խորքը՝ հնագիտական պեղումների։ Երեկոյան, երբ արեւը մայր մտավ, քարավանի ուղտապանը մի փոքրիկ գորգ գցեց գետնի վրա, եւ, որովհետեւ ինքն իսլամական կրոնքի հավատացող էր, դարձավ արեւի կողմը, ծունկի եկավ գորգի վրա եւ աղոթեց։ Անգլիացի գիտնականը դարձավ նրան եւ հարցրեց. «Ի՞նչ ես անում»։

«Աղոթում եմ»,- լսվեց պատասխանը։

- Ո՞ւմ ես աղոթում։

- Աստծուն։

- Տեսնո՞ւմ ես Աստծուն։

- Ո՛չ։

- Բա եթե չես տեսնում, ինչպե՞ս ես աղոթում։

Եվ շփոթության մատնվեց այդ պարզ իսլամ հավատացյալը։ Երբ հաջորդ առավոտ արթնացան եւ վրանի տակից դուրս եկան, հանկարծ անգլիացի գիտնականը դարձավ եւ այդ ուղտապան պարզ մարդուն ասաց. «Երեկ գիշեր այստեղով ուղտեր են անցել։ «Որտեղի՞ց իմացար»,- հարցրեց ուղտապանը։

Գիտնականը դարձավ եւ ավազի վրայ ցույց տվեց ուղտի ոտնահետքերը։ «Է՜, ուղտը տեսա՞ր»,- հարցրեց ուղտապանը։

«Ո՛չ»,- ասաց գիտնականը,- բայց նրա հետքը տեսա»։

Այդպես էլ տիեզերքն է Աստուծո հետքը, Աստուծո փառքը պատմող զորությունը։ Մենք ինչպե՞ս կարող ենք երեւակայել այս տիեզերքը եւ մարդ էակին՝ առանց նրա հեղինակի մասին մտածելու։

Տեսեք՝ շատ գիտնականներ այս մասին արտահայտվել են։ Ես ավելին ասելու կարիքը չեմ զգում: Բայց մի հիմնական ճշմարտության մասին պետք է շեշտեմ այս մեր զրույցի ընթացքում։ Այն է, որ մենք, իբրեւ մարդ էակ, օժտված լինելով տրամաբանության զորությամբ, բանականությամբ, որոշ երեւույթներից հետեւություններ ենք անում: Ինչպես ֆրանսիացի մեծ գրողն է ասել՝ «ինչպե՞ս կարող եմ ես ժամացույցը պատկերացնել, առանց ժամագործի, ինչպե՞ս կարող եմ ես ոչնչից առաջ եկածը երեւակայել, երեւակայել մտքի զորությամբ, որ կարգ, օրենք լինի, առանց այդ օրենքը հաստատող գերագույն պատճառի, իմացականության»։

Մարդն անկարող է տիեզերքն, ինքն իրեն ըմբռնել՝ առանց Աստուծո: Փիլիսոփաները, իմաստասերներն այս մասին շատ են գրել։ Այսպես, օրինակ, Արիստոտելն ասել է, որ ամեն բանի սկզբնական պատճառը, չպատճառված պատճառն Աստված է եւ Նրանից են պատճառվել բոլոր մյուս գոյությունները։ Եվ, հետեւաբար, կրոնքը մարդկային կյանքի մեջ պիտի ներկա լինի միշտ այնքան ժամանակ, քանի դեռ մարդն ապրում է այս աշխարհի վրա։