Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Փախստականի հուշերից՝ հայաթափությունն Ադրբեջանում պետական ծրագիր էր

Հեռավոր 1948, 1949 թվականներն էին: Բանակից զորացրվելուց հետո աշխատում էի Բաքվում հիդրոտեխնիկայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտում վորպես միկրոկլիմայագետ: Ականավոր հողագետ Դոկուչաևի անվան մրցանակի դափնեկիր ակադեմիկոս Վլադիմիր Վոլոբուեվի և Ռուսաստանի վաստակավոր մելիորատոր Սեմյոն Կորոբկինի ղեկավարությամբ գիտական արշավախմբի կազմում մասնակցում էի Մուղանում բամբակենու և Լենքորանում թեյի պլանտացիաներում տարվող ուսումնասիրութուններին, որոնց նպատակն էր ճշտել արհեստական անձրևացման մեթոդով կատարվելիք ոռոգման ռեժիմները:

Գիտարշավախմբի մասնակիցների մեծ մասը հայեր էին՝ հողագետ Պետրոս Զուբիեթյանը, ինժեներ մելիորատորներ Արարատ Շահգելդյանը, Էլեոնորա Օգանեզովան, մեխանիզատոր Սերգեյ Դանիելյանը, տեխնիկներ Ռուզաննա Աղաջանովան, Սեդա Ավանեսովան և միայն երկու ադրբեջանցի՝ հիդրոտեխնիկ Հուսեյն զադեն և մատակարարող-վարորդ Ալի Ալիեվը:

Աշխատում էինք դժվարագույն պայմաններում մայիսից-հոկտեմբեր, կիզիչ արևի տակ շրջապատված մոծակներով, օձերով, կարիճներով, խմում էինք պղտոր ջուր, սնվում էինք նորմավորված անորակ մթերքով (խմոր սև հաց, չզտված բամբակի սև գույնի ձեթ): Մուղանի սովխոզում բանվորների մեծ մասը նախկին կալանավորներ էին:

Ակադեմիկոս Վ. Վոլոբուեւի առաջարկությամբ գործերս ներկայացրեցի Ադրբեջանի Գիտությունների Ակադեմիայի ասպիրանտուրայի բաժին «լճաբանություն» մասնագիտությամբ սովորելու համար:

Ասպիրանտուրայի բաժնի ադրբեջանցի վարիչը փաստաթղթերս երկար թերթելուց հետո հայտարարեց՝ «Вас не можем принять» ես հիշեցրեցի, որ Հայրենական պատերազմի հաշմանդամ զորացված սպա եմ, ունեմ որոշակի արտոնություն: Նա վրդովված փաստաթղթերս ինձ հրեց ասելով՝ «Ай киши нам кадро нужны»: Հասկացա, որ ասպիրանտական տեղերը միայն ադրբեջանցիների համար են: Վիճելն ավելորդ եր, փաստաթղթերս վերցրեցի և դժգոհ դուրս եկա:

Մտորումների մեջ եմ՝ ուրեմն Ադրբեջանում հայը ասպիրանտուրայում սովորելու իրավունքից պաշտոնապես զրկված է, հետևաբար եթե ես կյանքում կարող եմ «քարը քարի վրա դնեմ» ապա ինչու դա չանեմ իմ հայրենիքում՝ Հայաստանում: Այս միտքը կայծակի նման փայլեց: եկա տուն և գրեցի մի նամակ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի քարտուղարությանը, որ ես որպես մասնագետ ցանկանում եմ աշխատել Հայաստանում:

Շուտով ստացա պատասխան Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի կենսաբանական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղար Հովնաննես Գյոդակյանի ստորագրությամբ, որը առաջարկում էր ինձ մեկնել Երևան բանակցությունների:Այդպես, ես դեռևս 1950թ. որպես առաջին «փախստական» լքեցի Բաքուն (փառք Աստծո առանց արյան և արցունքների):

Ինձ ստսնձնեցին Երևանի ագրոօդերևութաբանական կայանի պետի պաշտոնը զուգահեռաբար ավարտեցի ասպիրանտուրան, խորացա ագրոկլիմայագիտության, էկոլոգիայի, քարտեզագրության և այլ բնագավառներում, հրատարակեցի բազմաթիվ աշխատություններ, պատրաստեցի տասնյակ մասնագետներ և 1997թ. ընտրվեցի Գյուղատնտեսական Գիտությունների Ակադեմիայի թղթակից-անդամ:

Ես հասա իմ նպատակին՝ կարողացա ուժերիս չափով հայրենիքում «քարը քարի վրա դնել»: Կարծում եմ նման ճակատագիր կարող է ունենալ յուրաքանչյուր փախստական կամ հայրենադարձ հայ:

Պրոֆեսոր Մկրտչյան Ռիանոս

Աղբյուր՝ Aravot.am: