Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Հանուր Հայության Հատուկ Հավատո Հանգանակ

Լիարժեք հայը բարոյական, սրտացավ հայն է, նա, որ ուրախանում է մյուսների հաջողություններով, ով ո՛չ միայն չի խոչընդոտում իր ազգակցի անհատական, համայնական ու մասնագիտական կյանքի կազմակերպմանը, կարճ ասած՝ կայացմանը, այլև իր ուժերի ներածի չափով, անձնապես և հասարակապետական կառավարման ընձեռած հնարավորությունների շրջանակներում, նպաստում ու արդյունավորում է ամեն կոնկրետ անձի առաջընթաց ինքնադրսևորմանը: Ընդսմին՝ ազգային ինքնության հիմնարար կոչվող չափորոշիչները՝ էթնիկ ծագում, ընդհանուր հայրենիքի գաղափար, լեզու, պատմություն, մշակութային ժառանգություն, կրոն, գենոտիպ, արյունակցություն և այլն, ընդամենը կողմնարդյունք են և ածանցյալ նշանակություն ունեն ազգային ինքնության հաստատագրման առումով:

Դրանցից մեկի կամ մյուսի բացակայությունը պատճառ չէ տվյալ անձին ընդհանուր երամից դուրս թողնելու համար:

Իսկ բարոյականություն ասվածը թեև հանելուկ է, բայց ո՛չ անլուծելի առեղծված: Դա շատ հեշտ է պարզել. Նրանք, որ նախանձախնդիր են սեփական հասարակապետական կառույցի շրջանակներում ներհամայնքային, հանրային կյանքի կազմակերպմամբ, առաջընթացը խոչընդոտող առկա խնդիրների վերհանմամբ, մրցակից ազգերի ու պետությունների հետ փոխհարաբերություններում շահագրգիռ ու ներգործուն դերակատարության ստանձմամբ, մի խոսքով՝ սեփական հաջողությունների ու ձախողումների անաչառ, քննական վերաիմաստավորմամբ ու հանուն երջանիկ ապագայի կերպափոխվելու պատրաստակամությամբ, այդպիսիք բարոյական ու սրտացավ հայեր են: Սա՛ է այս հանելուկի լուծման բանալին: Այստեղ լուծման կարոտ առեղծվածն այն է, որ չափորոշիչների սահմանման հարցում դեռևս կարիքը կա Հանուր Հայության Հատուկ Հավատո Հանգանակի ընդունման, որի հիմնակաղապարը պետք է խարսխված լինի հետևյալ հինգ գերպարտադիր դրույթների վրա.

Ա. վաճառականներին հեռու պահել երկրի կառավարման ղեկից,

Բ. փառամոլներին պարտադիր ձրի բուժման տալ,

Գ. հարստության կուտակման անհագուրդ մոլուցքով վարակվածներին ախտահարել,

Դ. սեփական անլիարժեքության բարդույթով տառապողներին ցույց տալ հավերժի հետ առնչակցության ճշմարիտ ճանապարհը,

Ե. իսկ մնացածներին և բոլորին առհասարակ առերեսել կյանքի ու մահվան, որ է՝ սերունդների հերթափոխի սրբազան խորհուրդի հետ:

Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ