Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Ամենամեծ խաբեբան ինքն իրեն խաբողն է, ամենակույրը` աչքերը լույսի դեմ փակողը, և մեռած է նա, ով մերժում է կյանքը

Չգիտե՞ք` անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն:

Եվ դուք, գոնե ոմանք, այդպիսիք էիք. բայց լվացվեցիք, մաքրվեցիք, արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով (Ա կորնթ. 6; 9-11)։

Փարիսեցի չլինենք և նկատենք, որ շարքային բամբասողն ու ատելի արվամոլը հավասարապես չեն ժառանգելու արքայությունը, այդուհանդերձ, բամբասողը` բանսարկուն, զրկվում է արքայությունից, մինչդեռ պղծագործը հարուցում է Աստծո արդար ցասումը. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ:

Եթե մեկն Աստծու տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի. որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որը դուք եք» (Ա կորնթ. 3;16-17): «Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն ստացել եք Աստծուց. և դուք ձեր տերը չեք, քանզի մե՛ծ գնով գնվեցիք: Փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ» (6;19-20): 

Աստծո սուրբ խոսքին հակառակ, առաջին ֆեմինիստական շարժումների հետ սկսեցին քարոզվել այլասերվածության ու ամենաթողության հետ սահմանակցող ազատության և սեփական մարմինը տարերայնորեն տնօրինելու մարդկային իրավասության թյուր գաղափարները, որոնց լոզունգները հանդիպում ենք գրեթե ամեն քայլափոխի:

«Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև», «ճնշված, խեղճուկրակ, իրավազուրկ» կանանց իրավունքների պաշտպանությունը վերաճեց համատարած այլասերվածության քարոզի:

ԱՄՆ-ում Սքոթ Լավլի անունով մի մարդ զբաղվում է ԼԳԲՏ շարժման քարոզչության և առաջխաղացման վիճակագրությամբ և բացահայտել է այսպիսի մի փուլային օրինաչափություն, որ հիշեցնում է օվերտոնյան պատուհանները: Այլասերվածության քարոզը և ներդրումը երկրների քաղաքական և սոցիալական օրակարգում կատարվում է հինգ փուլով.

1. տոլերանտություն. սա, ըստ էության, այլասերված անձի իրավունքն է` հանգիստ թողնվելու, նրանց գոյությունը հանդուրժելը, նրանց չնկատելը, նրանց բացահայտ հակահասարակական կենսակերպի և գաղափարների դեմ որևէ քայլ չձեռնարկելը:

2. Ընդունումը արդեն իրավահավասարությունն է այլ քաղաքացիների հետ, այսինքն` եթե հանդուրժում են, կարող են նաև ընդունել իրենց` որպես հասարակության մաս:

3. Ընդունելուն հաջորդում է ճանաչման փուլը, որը ենթադրում է նրանց դավանած «արժեքների» առաջխաղացում հասարակության կողմից, որն արդեն ընդունել է նրանց:

4. Երրորդ փուլին հետևում է ստիպողական մասնակցությունը նրանց միջոցառումներին։

5. Այս` վերջին փուլով սահմանվում են պատիժներ հասարակության «անհնազանդ» մասի համար:

Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ սկսվում է մեր վզին փաթաթվող «նորին գերազանցություն» հանդուրժողականությունից: Եթե հանդուրժում ենք, դուռ ենք բացում մյուս փուլերի համար, չենք հանդուրժում` պիտակավորվում ենք նորագույն մի հասկացությամբ` որպես «հոմոֆոբ», և ինքներս ենք վերածվում հալածվող ու մերժվող փոքրամասնության: Այսպես է հասարակության մեջ առկա ցանկացած արատավոր երևույթի դեպքում, երբ կա այդ երևույթի հովանավորչություն: Իսկ այսօր արատավոր երևույթների հովանավորները շատ վերևից են «շվաք գցում» և Արդարության Արեգակից քողարկում իրենց խավարասեր հովանավորյալներին: Ամեն ինչ թույլատրվում է օրենքով, իսկ գուցե «օրենք» հորջորջվող նրա ծաղրանմանակմա՞մբ. «Գիտենք, որ օրենքը լավ է, եթե մեկն այն գործադրի օրինավոր կերպով:

Բայց այս բանը թող իմանա, որ արդարների համար չէ օրենքը, այլ՝ անօրենների և անհնազանդների, ամբարիշտների և մեղավորների, անմաքուրների և պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, պոռնիկների, արվամոլների, մարդագողերի, ստախոսների, սուտ երդվողների, այլև ամեն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետության, վարդապետություն, որ համապատասխանում է երանելի Աստծու փառավոր Ավետարանին, որին և հավատարիմ եղա ես» (Ա Տիմ. 1;8-11):

Աստծո Խոսքը հավաստում է, որ օրենքը մարդուն բարու և ողջախոհության մեջ առաջնորդելու համար է, բայց մենք այսօր տեսնում ենք, որ օրենքը հովանավորում և խրախուսում է նրանց, ում պետք է որ դատապարտեր ու պատժեր, և հալածում ու պատժում է նրանց, ում պետք է որ ընդհանրապես չանհանգստացներ:

Ամեն ինչ սկսվում է մարդու սխալ սահմանումից: Աստվածախոս առաքյալը խոսում է Աստծո պատկերն ու նմանությունը ունեցող, կյանքի և արարչագործության պսակ մարդու մասին, իսկ մեր օրերում, երբ խոսում են «մարդու իրավունքների» մասին, նկատի ունեն էվոլյուցիայի պրոդուկտ հանդիսացող մարդուն` ինքնաժխտման սաղմեր արտադրող մարդուն, կյանքը մերժող մարդուն, «վերջին օրերի» մարդուն:

«Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմ. 3;1-5, 3):

«Բայց նախ այս բանն իմացե՛ք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների. և պիտի ասեն` ՈՒ՞ր է Նրա գալստյան խոստումը» (Բ Պետ.3;3-4):

Ամենամեծ խաբեբան ինքն իրեն խաբողն է, ամենակույրը` աչքերը լույսի դեմ փակողը, և մեռած է նա, ով մերժում է կյանքը:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Երեցկին, Գորիս)
Աղբյուր՝ Irates.am: