Այսպէս է ասում Տէրը. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը» (Օրենք 30:19)

1966 թվական. «… իմ երկրորդ հայրը՝ Հովհաննես Շիրազ»

«1960-ական թվականներին ասպարեզ էր եկել մի երիտասարդություն, որին դեռ այն ժամանակ անվանում էին զարթոնքի սերունդ: Այդ սերունդը Հայաստանի բուհերում, մասնավորապես Երևանի պետական համալսարանում, դպրոցներում, տեխնիկումներում և գործարաններում դաստիարակվել էր հայ գրականությամբ և պատմությամբ, արհամարհում էր խորհրդային բռնություններն ու ազատախոհության համար սահմանված պատիժները, բարձրաձայն խոսում էր իրենց ոտնահարված ազգային արժանապատվության և մարդկային իրավունքների մասին»:

«Ես գնացի Կոմիտասի այգի. 1966, ապրիլի 24» գրքում գրականագետ, բանասիրության գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը նախքան 1966 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած դեպքերի մասին իր հիշողությունները ներկայացնելը, նկարագրել է 1960-ական թվականներին Հայաստանում տիրող մթնոլորտը, նաև 1965 թվականի ապրիլի 24-ը:

«Այս մթնոլորտում ձևավորվեց ու 1965 թվականի ապրիլի 24-ին իրականացվեց Մեծ Եղեռնի 50-ամյակին նվիրված ցույցը, որն իր բնույթով եզակի էր խորհրդային երկրի պատմության մեջ, այնքան ինքնաբուխ և եզակի էր, անսպասելի ու նշանակալից, որ մոսկովյան «Իզվեստիա» օրաթերթը մայիսյան համարներից մեկում տպել էր համաժողովրդական ցույցի երևանյան մի դրվագի լուսանկարը՝ մոտավորապես այսպիսի մակագրությամբ՝ «Երևանում հայ ժողովուրդը կազմակերպել էր բազմահազարանոց ցույց, որով վճռաբար բողոքում էր Վիետնամում ամերիկյան ագրեսորների կատարած ոտնձգությունների դեմ»:

***

Հաջորդ տարի արդեն պետությունը գիտեր իր անելիքը: Իր դաշնակցի դեմ համաժողովրդական ընդվզումը կանխելու համար նա ձեռնարկել էր անվտանգության բոլոր միջոցառումները՝ տնային կալանքով չեզոքացվում էին հեղինակավոր գրողներն ու մտավորականները, ոստիկանական միջոցներով ցրվում էին բոլոր հավաքները, քիչ թե շատ աչքի ընկած երիտասարդները դիտվում էին ենթադրյալ կազմակերպիչներ: Շրջափակել էին Կոմիտասի անվան զբոսայգին ու բանտարկության սպառնալիքով արգելում էին անգամ պանթեոնում Կոմիտասի գերեզմանին ծաղիկ դնել: Պետական մեքենան գրեթե անվրեպ գործեց 1966 թվականի ապրիլի 24-ին և հենց Լենինի հրապարակում խափանվեց սկսվող միտիգն ու երթը:

Սպանդարյանի միլիցիան նախ գրանցում, ապա դատարանի մեծ դահլիճում հավաքում էր իր ուժերի ներածին չափով բոլոր բռնվածներին, որ դատավճիռ կարդա: Դատարանի որոշումն էր՝ «1966 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքի Լենինի անվան կենտրոնական հրապարակում թույլ է տվել խուլիգանական արարքներ, տրորել է խոտեր, ծաղիկներ, խախտել փողոցային երթևեկության կանոններն ու պետական կարգերը, որի համար Սպանդարյանի շրջանային դատարանը նրան դատապարտում է 15 օրվա ազատազրկման»:

Անմիջապես տեղափոխեցին կալանավայր: Մեզ՝ «հող ուզողներիս» (այդպես էին մեզ կոչում միլիցիոներները) տարան կողքի սենյակներից մեկը խուզելու: Նոր-նոր ծիծաղում էինք մեր վիճակի, խուզած գլուխների վրա, բայց չհասցրեցինք կատակել, որովհետև միլիցիոներները մեզ հետ չար կատակ արեցին. մասամբ բավարարելու համար մեր հողային պահանջն, ամեն մեկիս պսպղուն գլխին մի դույլ հող լցրեցին, թե հող եք ուզում, առեք:

Մի օր հայրս եկավ ինձ տեսության: Խոսելուց հետո վերադարձա խուց: Պատրաստվում էինք քնել: Մեկը եկավ ու կրկին ասաց, որ հայրս եկել է տեսության: Սա արդեն տարօրինակ թվաց: Տագնապի մեջ էի: Աչքերիս մի պահ չհավատացի. այստեղ էր բանաստեղծ Հովհաննես Շիրազը: Ողջագուրվեցինք:

- Միլիցիոներները չէին հավատում, որ դու իմ տղան ես, քննիչ Լևոնը ճանաչում էր ինձ, գիտեր մեր մտերմության մասին: Պետին համոզեց թույլ տա մեր հանդիպումը:

Ընկերներս ավելի ջերմացան՝ իմանալով, որ «երկրորդ հայրս» Հովհաննես Շիրազն էր:

Ապրիլի 29-ին մեզ արձակեցին: Գնացինք համալսարան և միայն այնտեղ տեսնեք, թե ովքեր էին բանտարկվածները եղել: Հավաքել էր խուզված գլուխների բազմություն: Պարզվեց, որ նոր նշանակված ռեկտոր Մկրտիչ Ներսիսիյանի միջնորդությամբ և Կենտկոմի նորանշանակ քարտուղար, Հակով Զուրաբյանին հաջորդող Անտոն Քոչինյանի միջամտությամբ են մեզ պատժաժամկետից շուտ ազատել:

Մայիսմեկյան տոնակատարությունն էր: Մասնակցինք: Ում մազերը խուզած էր, բերետ էր դրել: Կառավարական տրիբունայի առջևից անցնելիս վեր նետեցինք մեր բերետները և հրապարակը կարծես մի պահ խուզված գլուխներով լցվեց», - այսպես է նկարագրում գրականագետ, բանասիրության գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը 1966 թվականի ապրիլի 24-ն ու դրան հաջորդած մի քանի օրերը:

Աղբյուր՝ Panorama.am: