Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Վարդան Արեւելցի․ Գովեստի խօսք` ուղղուած Սուրբ Գրիգոր Լուսաւորչի որդիներին ու թոռներին

Վարդան Արևելցի (հիշատակվում է նաև որպես Վարդան Գանձակեցի, Աղվանից Վարդան, Վարդան Կիլիկեցի, Վարդան Մեծ, Վարդան Պատմիչ, Վարդան Վարդապետ ((մոտ 1200, Գանձակ) - 1271, Խոր Վիրապ)), պատմագիր, մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ։

Կրթություն է ստացել Նոր Գետիկի վանքում (աշակերտել է Մխիթար Գոշին), այնուհետև՝ Տավուշի Խորանաշատի վանքում՝ Վանական Վարդապետի մոտ։ Կարգվել է վարդապետ, իսկ 1235 թվականին՝ րաբունապետ, ծավալել է ուսումնագիտական բեղմնավոր գործունեություն։ Հիմնել է Կայենաբերդի Սուրբ Անդրեաս վանքի դպրոցը և այնտեղ զբաղվել ուսուցչությամբ (1235–39 թթ, 1252–53 թթ)։ 1239 թվականին ուխտագնացության է մեկնել Երուսաղեմ, վերադարձին այցելել է Կիլիկյան Հայաստան, հանդիպել Հեթում Ա թագավորի և Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու հետ։ Մասնակցել է Սսի 1243 թվականի ազգային-եկեղեցական ժողովին, այնտեղ սահմանված կանոնները 1245 թվականին բերել Հայաստան՝ հայ «արևելյան» վարդապետներին։ 1248 թվականին դարձյալ մեկնել է Կիլիկիա՝ իր հետ տանելով «արևելյան» վարդապետների պատասխան թուղթը։ Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի համահեղինակությամբ գրել է հայությանն ուղղված «Թուղթ խրատական»-ը և Հռոմի պապի դավանաբանական գրության պատասխանը, մասնակցել Սսի 1251 թվականի ժողովի ընդունած կանոնների մշակմանը։ 1252 թվականին վերադարձել է Հայաստան, գումարել Հաղպատի և Ձագավանի եկեղեցական ժողովները, հիմնել Սաղմոսավանքի, Թեղենյաց մենաստանի, Աղջոց վանքի, Խոր Վիրապի, Հառիճի վանքի, Խորակերտի դպրոցները։ Խոր Վիրապում նրան աշակերտել են միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործիչներ Գևորգ Սկևռացին, Հովհաննես Երզնկացի Պլուզը, Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Գրիգոր Բալուեցին և ուրիշներ։

Վարդան Արևելցին իր գրական մեծ վաստակի և հոգևոր-կրթական գործունեության շնորհիվ մեծ ճանաչում է ունեցել միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում։ Ժամանակակիցները նրան մեծարել են «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով։ Իսկ Գրիգոր Տաթևացին նրան ներկայացրել և պատվել է «Մեծն Վարդան» անունով։