Այսպէս է ասում Տէրը. «Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում» (Կորնթացիներ 13:4)

Երվանդ Ալեքսանդրի Լալայան

Երվանդ Ալեքսանդրի Լալայան (մարտի 25,1864, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 2, 1931 կամ փետրվարի 24, 1931, Երևան, ԽՍՀՄ), հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ։

1885 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում՝ որպես ուսուցիչ։ 1894 թվականին, ավարտելով Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժինը, ստացել է սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան և 6 ամիս աշխատել Վիեննայի Մխիթարյանների մոտ։ Վերադառնալով Անդրկովկաս 1895-1897 թվականներին դասավանդել է Շուշու թեմական դպրոցում։ Այստեղ համախմբելով ժամանակի լավագույն գիտական ուժերի հետ (Մանուկ Աբեղյան, Թորոս Թորամանյան, Հրաչյա Աճառյան, Լեո, Լեոն Մելիքսեթ-Բեկ, Ս. Լիսիցյան, Խ. Սամուելյան, Ս. Զելինսկի ևն)՝ ձեռնամուխ է եղել «Ազգագրական հանդես»ի ստեղծմանը (առաջին գիրքը լույս է տեսել 1896 թվականին)։

1900 թվականի նոյեմբերի 21-ին Թիֆլիսում կազմակերպել է Ազգագրական հրատարակչական ընկերությունը, իսկ 1906 թվականին՝ Հայոց ազգագրական ընկերությունը։ Ընկերության կազմակերպած թանգարանը Լալայանի ջանքերով 1921 թվականին Թիֆլիսից փոխադրվեց Երևան։ Լալայանը դարձավ թանգարանի առաջին վարիչը։

«Ազգագրական հանդես»-ում պարբերաբար լույս են տեսնում նրա «Ջավախք», «Վարանդա», «Սիսիան», «Ղափան», «Գանձակի գավառ», «Բորչալուի գավառ», «Վասպուրական», «Գողթան գավառ», «Վայոց ձոր», «Նախիջևան կամ Նախճավանի ոստիկանական շրջան», «Զանգեզուր», «Նոր Բայազետի գավառ կամ Գեղարքունիք», «Ծիսական կարգերը հայոց մեջ» (1901-1916) աշխատություններն ու բազմաթիվ հոդվածներ։ Լալայանը հավաքել և հրատարակել է չափազանց արժեքավոր բանահյուսական նյութեր. «Ազգագրական հանդես»-ում, առանձին գրքերով՝ «Ջավախքի բուրմունք» (1892), «Հոբոս» (1903), «Մոլլա-Նասրէդոինը» (1904), «Պառավաշունչ» (1911), «Մարգարիտներ հայ բանահյուսության» (3 հ., 1914-1915) գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ, առածներ։ Լայնածավալ պեղումներ է կատարել Շարուր-Դարալագյազի, Նախիջևանի, Նոր Բայազետի գավառներում, Շրեշ բլուրում, Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում, Էլարում (Աբովյան)։

Արարատ հեռուստաընկերության «Հայորդիներ» հաղորդաշարը Երվանդ Լալայանի մասին։