Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ խոտորվեք և մի՛ գնացեք ունայն կուռքերի հետևից, որոնք ոչ մի օգուտ չեն բերում և չեն կարող ազատել. չէ՞ որ դրանք ունայն են» (Սամուել 12:21)

Հովհան Մանդակունի. Պատվիրանի գլուխը սերն է

Սատանայի բոլոր չար խորհուրդները, բոլոր ախտերի բազմությունները լցվում են նրա մեջ, ով սրտով հաստատված չէ սիրո մեջ, որովհետև սատանայական ախտերի գլուխը անձնասիրությունն է. նրա վրա են շարվում բոլոր ախտերի բազմությունները, քանի որ անձնասերը երբեք ընկերասեր լինել չի կարող: Իսկ պատվիրանի գլուխը սերն է, և նրա վրա են շարվում բոլոր առաքինությունները, քանի որ ընկերասերը չի փնտրում իր կամքը, այլ [կամենում է] ընկերոջ համար հաճելին և բարին անել, նաև Աստծու պատվիրանի համար ծառայության է տալիս իր անձը, որովհետև գիտի, որ Աստծու պատվիրանի լրումը սերն է: Եվ բոլոր առաքինությունները, որ առանց սիրո են [գործվում, արժեք չունեն]. երկնային առագաստի դռները փակվում են նրանց առջև, և նրանք լսում են այն սոսկալի ձայնը, թե` «Չե՛մ ճանաչում ձեզ» [Մատթ. ԻԵ 12], և գեհենի կրակին են մատնվում պոռնիկների ու մարդասպանների հետ. «Որովհետև, ասում է, ով ատում է իր եղբորը, մարդասպան է» [Ա Հովհ. Գ 15]: Իսկ նա, ով չարակնում ու նախանձում է, ո՜ր խավարի մեջ պիտի գնա և կամ ո՜ւր պիտի սուզվի, ինչպիսի՜ տանջանքներով պիտի խաշվի ու մաշվի: Քանզի ախտերի սկիզբը նախանձն ու չարակնությունն են. նրանցո՛վ սատանան ընկավ փառքերից, նրանցո՛վ Ադամը ելավ դրախտից, և ա- նեծքն ու քրտինքը, փուշն ու տատասկը, մահն ու մեղքը տիրեցին Ադամի բոլոր ծնունդներին, նրանցո՛վ Կայենը ե- րերման ու ահուդողի մատնվեց: 


Սուրբ Հովհան Մանդակունի, Ճառեր, Սիրո, մախանքի և նախանձի մասին, Էջմիածին, 2008