Այսպէս է ասում Տէրը. «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի» (Ղուկաս 11:31-32)

28 տարի առաջ այս օրը Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը:

Հռչակագրում նշված է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:

ՀՀ Անկախության մասին հռչակագիրը բաղկացած է 12 կետից:

Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից՝ խորհրդարանը 1991թ. սեպտեմբերի 21-ին որոշեց Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ընտրողների 99,5 %-ը քվեարկել է անկախության հռչակման օգտին՝ 95% մասնակցության պարագայում։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ ՀՀ սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։

Նշենք, որ հռչակագրի տեքստն ընթերցել է ՀՀՇ-ական պատգամավոր Արամ Մանուկյանը։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ հռչակագիրն ընթերցելիս ծնկները դողացել են։

Աղբյուր՝ Panorama.am: