Այսպէս է ասում Տէրը. «Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում» (Կորնթացիներ 13:4)

Մխիթար Գոշ. «Օրենքները մարդու համար են, ոչ թե մարդը՝ օրենքների»

Միջնադարյան իրականության մեջ հազվադեպ է, որ հասարակ ծագմամբ մարդն այնպիսի գործ արած լինի, այնպիսի ժառանգություն թողած, որը դարակազմիկ նշանակություն է ունեցել: Հայ իրականության մեջ նման գործիչ է գիտնական, օրենսդիր, հասարակական գործիչ, հոգևորական, մանկավարժ և առակագիր Մխիթար Գոշը:

Մխիթար Գոշի կենսագրությունը համեմատաբար լավ է ուսումնասիրված՝ շնորհիվ իր աշակերտի՝ Կիրակոս Գանձակեցու թողած տեղեկությունների:

Մխիթար Գոշը ծնվել է 1120-ական թվականներին՝ հայոց արևելից Գանձակ քաղաքում:

Ապագա օրենսդիրը նախնական կրթությունը ստացել է հայրենի Գանձակում: Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ կյանքը նվիրելով հոգևոր գործունեությանը: Ուսումնառության առումով Մխիթար Գոշի բախտը բերել է, նրա ուսուցիչը միջնադարի անվանի գիտնական, վարդապետ Հովհաննես Տավուշեցին էր:

Ութ տարի ուսանելուց հետո Գոշը հայ առաքելական եկեղեցու վարդապետ է կարգվում: Սակայն դա բավական չէր Մխիթար Գոշի համար, և ուսումնատենչ այրը մեկնում է Արևմուտք՝ Կիլիկիա՝ շարունակելու ուսումը: Նա գնաց Սև լեռան վարդապետանոց, ուր թաքցնելով իր ով լինելը՝ դարձյալ սովորեց ու երկրորդ անգամ ստացավ վարդապետի կոչում: Այդ տարիներին Սև լեռան վարդապետանոցը հռչակավոր էր ոչ միայն Հայաստանում. այնտեղ ուսանելու էին մեկնում անգամ հեռավոր երկրներից:

Շուտով Մխիթար Գոշը վերադարձավ ծննդավայր ու անցավ հոգևոր գործունեության: Սակայն որակյալ ուսում ստացած վարդապետին փշերով ընդունեց ժամանակի հետադիմական կղերականությունը: Գոշի և Աղվանից կաթողիկոս Ստեփանոսի հարաբերությունները սրվում են: Կաթողիկոսը հալածանք է սկսում գիտնականի նկատմամբ: Մխիթար Գոշը ստիպված տեղափոխվում է Արցախ՝ Հաթերքի Վախթանգ իշխանի մոտ՝ Խաչեն: Սակայն Արցախում նա երկար չմնաց և ի վերջո՝ տեղափոխվեց Գետիկի վանք: Սակայն Գետիկի վանքում էլ երկար չմնաց. երկրաշարժից ավերվում և քարուքանդ է լինում վանքը:

Չցանկանալով տեղում վերականգնել վանքը՝ Մխիթար Գոշն Իվանե Զաքարյանի հանձնարարականով եկեղեցու շինարարության համար որոնեց մեկ այլ վայր: Նա տեղանքն ընտրեց Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում, որտեղ էլ 1188 թ. հիմնադրվեց Նոր Գետիկի վանական համալիրը:

Շուտով Մխիթար Գոշը Նոր Գետիկում վարդապետանոց է բացում, որտեղ կրթվել են ականավոր հայ մտածողներ Վանական վարդապետը, Կիրակոս Գանձակեցին և այլք: Այնքան մեծ էր Գոշի հռչակը, որ շատերն էին երկրի տարբեր ծայրերից գալիս աշակերտելու նրա մոտ:

1196-1198 թթ. Մխիթար Գոշն ուխտագնացության է մեկնում Երուսաղեմ:

Գոշի հեղինակությունը արագ աճեց Զաքարյանների շնորհիվ: Նա Զաքարե Զաքարյանի խոստովանահայրն էր ու խորհրդատուն: 1205 և 1207 թթ. Զաքարե Զաքարյանը Լոռիում և Անիում եկեղեցական ժողովներ հրավիրեց:

Բանն այն է, որ հայ-վրացական դաշնային պետության մեջ հայ և վրաց եկեղեցիների անհաշտության պատճառով ճեղքեր էին առաջացել: Հարկ էր լուծել մի քանի դավանաբանական խնդիրներ, որոնք էապես տարբեր ընկալում ունեին երկու եկեղեցիների կողմից: Եվ Զաքարե Զաքարյանը հենց այդ պատճառով հրավիրեց ժողովները:

Հայոց տիրակալները՝ Զաքարեն և Իվանեն, դեմ չէին եկեղեցիների մերձեցմանը, սակայն հայոց արևելքի վարդապետները՝ Մխիթար Գոշի գլխավորությամբ, ընդդիմացան այդ ծրագրին և խափանեցին Զաքարեի և Իվանեի ծրագիրը, ինչը մեծ լարվածություն առաջացրեց երկրում:

1184 թ. Մխիթար Գոշն ավարտեց իր գլուխգործոցը՝ «Գիրք Դատաստանին»:

Այն բաղկացած է նախաբանից և բուն դատաստանագրքից՝ շուրջ 251 հոդվածներով:

Դատաստանագրքում Մխիթար Գոշն ամրագրում է պետական իշխանության դերը` այդ գործում առանձնահատուկ դերակատարություն վերապահելով եկեղեցուն, որը հանդես է գալիս կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

Մխիթար Գոշի դատաստանագրքում ներառված են քրեական, քաղաքացիական, սոցիալական իրավունքի մասին հոդվածներ, որոնք մինչ օրս շատ օրենսդրական ժողովածուների հիմքում են:

Ըստ այդմ՝ այս գրքում մեղքն ու հանցանքը ընկալվում են 2 իմաստով՝ կրոնական և իրավական: Հետևաբար, Գոշը նախատեսում է պատժի 2 տեսակ՝ հոգևոր-եկեղեցական (բանադրանք, ապաշխարություն, աստիճանազրկում) և մարմնական-նյութական (մահապատիժ, մարմնական պատիժներ, ազատազրկում, դրամական տույժեր):

Գոշը նաև հատուկ հոդվածներով սահմանում է կանանց իրավունքները: Նա դատաստանագրքով հատուցում է սահմանում կանանց ծեծող, նվաստացնող ամուսինների համար, ինչը հսկայական առաջընթաց է միջնադարի իրավունքի տեսանկյունից:

Նա առաջնորդվել է իր իսկ հռչակած «օրենքները մարդու համար են, ոչ թե մարդը՝ օրենքների համար» սկզբունքով:

Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» լատիներեն համառոտ թարգմանությամբ գործածության մեջ մտավ լեհահայոց գաղութում: Շատ չանցած` այն թարգմանեցին և կիրառեցին Ղրիմի թաթարները: XVIII դարի կեսերին Աստրախանի հայ համայնքը դրա հիմքի վրա կազմեց նոր օրենսգիրք, որը հաստատվեց ցարական կառավարության կողմից: XVIII դարի վերջին վրաց արքայազն Վախթանգը (հետագայում` Վախթանգ 6-րդ թագավոր) այն թարգմանել տվեց վրացերեն և գործածության մեջ դրեց ողջ Վրաստանում: Այն կիրառվել է նաև Հնդկաստանում, Սուդանում:

Պակաս կարևոր չէ Մխիթար Գոշի առականին, որով նա պատկերում է միջնադարյան հայ իրականությունը, սոցիալական, դասային հարաբերությունները: Գրքում նա զետեղել է 190 առակ: Սա հայ իրականության մեջ առաջին արձակ ստեղծագործությունն է, որ ներկայացված է գեղարվեստական, այլ ոչ պատմագիտական ժանրով: Մխիթար Գոշի առականին 1790 թ. տպագրվեց Վենետիկում, ապա թարգմանվեց ռուսերեն և ֆրանսերեն:

Առակների կարևոր նշանակություններից մեկն այն է, որ դրանով միջնադարում ծնվեց հայ աշխարհիկ գրականությունը, պատմական, կրոնական ժանրից զատ ունեցանք նաև աշխարհիկ գրականություն:

Բացի «Դատաստանագիրքն» ու «Առականին»՝ Գոշը ևս տասը աշխատությունների հեղինակ է. նա գրել է «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարք հայրապետացն Աղուանից» աշխատությունները, աղոթքներ, առակներ։

Ուշագրավ է «Յայտարարութիւն» գրությունը` ուղղված Զաքարեին և Իվանեին, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմել հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով տարածված բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովուրդների համակեցության վրա, ինչպես նաև` «Շարք հայրապետացն Աղուանից» գործը, որ եզակի աղբյուր է Հայոց Աղվանքի XI-XIII դարերի պատմության ուսումնասիրության համար:

Մխիթար Գոշը մահացավ 1213 թ. Նոր Գետիկում և թաղվեց տեղում: Նրա մահից հետո հայ ժողովուրդը Նոր Գետիկի վանական համալիրն անվանակոչեց նրա անունով՝ Գոշավանք:

Մխիթար Գոշի գործունեությունը հակիրճ, բայց դիպուկ է բնորոշել հայ անվանի արևելագետ Հովսեփ Օրբելին. «Թեև Մխիթար Գոշի առակներում պատմական անձերի անուններ չեն հիշվում, նրանցից շատերը երբեմն ավելի շատ բան են տալիս Հայաստանի պատմությունը ճիշտ հասկանալու համար, քան իրար կրկնող միջնադարյան ժամանակագիրների տասնյակ էջերը»:

Վահե Լոռենց

Աղբյուր՝  Ankakh.com։