Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Մետաքսե

Մետաքսե (Մետաքսե Պողոսյան, դեկտեմբերի 23, 1926, Արևշատ - օգոստոսի 10, 2014, Երևան), ճանաչված հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից։

Մետաքսեն ծնվել է Արթիկի շրջանի Արևշատ գյուղում։ Վաղ տարիքում որբացել է և մեծացել է Գյումրու մանկատանը։ 1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1958 թվականին՝ ԽՍՀՄ Գրողների միությանը կից Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտը:

Որպես նավաստի աշխատել է «Լիպեցկ» շոգենավում, որով եղել է Եգիպտոսում և Ալբանիայում։ 1963 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1989-1991 թվականներին՝ Հայաստանի Մայրության հիմնադրամի փոխնախագահը, 1992-1995 թվականներին՝ արցախյան պատերազմում զինվորների աջակցության հանձնաժողովի նախագահը։

Մետաքսեն երեք տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, որոնցից են՝ «Զգույշ, սիրտ է», «Սերը հավատ է». «Արցունքները չեն ծերանում», «Հազար ու մի սեր», «Երբ ես գալու, Տեր» և 1995 թվականին հրատարակել է «Շամիրամ» պոեմը։ Մանկական գրքերից են «Մաքրասեր Լիլիթը», «Լիլիթը և բադիկները», «Աչիկի և Վաչիկի զրույցը», «Ճստիկը» գրքերը։ Մոսկվայում հրատարակվել է ռուսերեն «Ճակատագիր», «Կյանքի գրկում», «Հազար ու մի սեր» գրքերը։

Մետաքսեն թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, չեխերեն, մակեդոներեն, լեհերեն, բուլղարերեն, ռուսերեն, սերբերեն և ուրիշ լեզուներով։ Մետաքեն թարգմանել է ռուս բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինայի «Բանաստեղծություններ», սլովակ Միրոսլավ Վալեկի «Հեռավոր հանդիպում», ռումին դասական Թուդոր Արգեզիի «Խորհրդավոր սաղմոս» բանաստեղծական գրքերը և մակեդոնացի Սլավկա Մանևայի «Ջիջի» մանկական պատմվածքների գիրքը։ Նա, որպես պատվիրակ մասնակցել է պոեզիայի միջազգային մի շարք փառատոների և իր ստեղծագործություններով բարձր է պահել հայ պոեզիայի հռչակը։

1985 թվականին ԽՍՀՄ գրողների պատվիրակության կազմում Մետաքսեն եղել է Իտալիայում և Սիրակուզա քաղաքի «Լացող Տիրամայր» հյուրանոցում, արժանացել է Աստծո տեսիլքին, որը ներշնչել է բանաստեղծուհուն Հայաստան վերադառնալուց հետո գրելու «Ամենափրկիչ», «Հովհաննես Մկրտիչ» և «Աստծո տեսիլք» պոեմները, որոնք առանձին գրքերով հրատարակվել են հայերեն և անգլերեն լեզուներով։ 2003 թվականին Մետաքսեն այդ պոեմներն ուղարկել է Վատիկան, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին նամակում՝ պատմելով Սիրակուզայի տեսիլքը։ Պատասխան նամակում Հռոմի Պապը գրել է, որ իր աղոթքների մեջ հիշելու է բանաստեղծուհու անունը և «Աստծո օրհնանքները շռայլորեն ցողում է նրա վրա»

Վախճանվել է 2014 թվականին օգոստոսի 11-ին։

Պարգևներ

ՀՀ ՊՆ ոսկե և «Զորավար Անդրանիկ» մեդալներ, 1998:

Արցախի ազատագրման գործում ունեցած ավանդի համար ոսկե մեդալ, 2004:

Մովսես Խորենացու մեդալ, 2008:

«Հայկ նահապետից հետո» հաղորդաշարը ՄԵՏԱՔՍԵԻ մասին