Այսպէս է ասում Տէրը. «Ես եմ դուռը. ով իմ միջով մտնի, կփրկվի։ Կմտնի ու դուրս կգա և արոտավայր կգտնի» (Հովհաննես 10:9)

Պերճ Պռոշյան «Հացի խնդիր»

► Նահապետական պարզ սովորություններն օրըստօրե անհետանում են, բարեկամություն, հարևանություն սուրբ բառերն իրանց նշանակությունը միմիայն քաղաքավարության ձևերի մեջ են պահում. էլ չկա այն ընտանեկան կապը, որ օտարներին միմյանց հետ մի տան պես պահում էր, խոր գյուղերումը, որպես և իցե, այժմ կտեսնես նախկին քաղցրության ստվերը, իսկ քաղաքներումն ու մեծամեծ գյուղերումը՝ երբե՛ք: Մի անմխիթար ապագա է գուշակում մեզ այս բանը:

► Մարդս չի իմանում, թե վաղն յուր գլխին ի՞նչ պետք է գա, նա, որ այսօր երջանիկ է, չի մտածում, թե կարող է մի տարուց, մի ամսից, մի ժամից հետո վերջին թշվառը դառնալ: Անպատսպար չքավորը, որ յուր կյանքը անբախտության շղթայի մեջ կաշկանդված է համարում, հանկարծ մի չնչին պատճառից տեսնում է իրան երջանկության ծայրին կանգնած։ Բայց այսպիսի հազարավոր օրինակները, մեր աչքի առաջին ամեն օր պատահած կյանքի փոփոխությունները մարդուս վերա սակավ տպավորություն են անում, բախտավորը էլ վաղվան համար չի ուզում մտածել, անբախտն էլ իրան հավիտյան կորած t համարում: Եթե մարդս այս բանը կարողանար առանց ուշադրության թողնել, եթե աղքատը չհուսահատեր յուր ներկա դառն դրության վերա, եթե հարուստը միշտ աչքի առաջ ունենար այս փոփոխությունները, այսքան զեղծումներ չէին պատահիլ, տնանկությունը արհամարհած չէր չինիլ, իրավունք, արդարություն և պարտաճանաչություն իրանց նշանակությունը պահպանած կլինեին և մարդկությունը յուր բռնելիք ընթացքից չէր շեղվիլ:

► Մարդուն տված է գործել, աշխարհքիս բարիքը վայելելու, երջանիկ կյանք անցնելու համար քրտինք թափել, տքնիլ, գլուխը վտանգի ենթարկել, բայց արդարության դեմ չմեղանչել, ուրիշի ունեցածը անուղղակի միջոցներով չհափշտակել, ծուռն և պարսավելի ճանապարհով արծաթի ու փառքի համար անձնուրաց և ընկերադավ չլինել, այս բաները ներելի չեն հոգեկան և մտավոր արարածին։

► Ճշմարիտ է այն խոսքը, թե մարդուս գլխավոր դատավորն յուր խիղճն է. նրանից արդար և ոչ մի դատաստան անող չի եղել ի սկզբանե անտի և չի էլ լինելու, ի՛նչ գործում ևս՝ բարի կամ չար, խիղճը քեզանից անբաժան է, տեսնում է արածներդ և յուր վճիռն ամենքից առաջ տալիս է, կամ դափնի պսակ և կամ հանցավորի սև կնիք է դնում ճակատիդ։ Ոչ մի վճիռ, կարելի է ասած, այնպես զգալի չի լինում, ինչպես մարդուս ներքին դատավորի, ամենքին իրան է հայտնի, թե ինքն ինչու՞ այսօր խիստ ուրախ է, կամ ի՞նչ կնճիռներ են պատել նրա երեսին, կուզես փակվիր սենեկումդ, կուզես անկողնի մեջ մտիր, գլուխդ վերմակի տակը կոխիր, եթե դու քո դատավորի առաջին սևերես ես, մի սուր խայթոց թակում է սիրտդ, իսկ եթե պարզերես՝ մի հրճվանք, մի ուրախություն փառավորում է քեզ։

Աղբյուր՝ Գրքամոլ