Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Ճշմարտության նահատակը

«Ահա ես կուղարկեմ իմ պատգամավորին քո առջևից, որ քո առաջ ճանապարհը պատրաստի» (Մատթեոս 11:10):

Նա առաքվեց քարոզելու և ճանապարհ պատրաստելու Քրիստոսի գալստյան համար: «Եվ ինչպես երկրի թագավորի ժամանման առթիվ հարթեցնում են ճանապարհները, զարդարում քաղաքը, նույնպես էլ մենք պարտավոր ենք խոստովանությամբ և ապաշխարությամբ մեր միտքն ու զգայարանները մեղքերի մացառուտներից մաքրելուց, հոգին աղոթքներով ու պահքով զուգելուց հետո միայն ընդառաջ գնալ երկնային տիրակալին» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

Նա լուսաբացի այն փայլող «աստղն» էր, որ իր լուսառատությամբ գերազանցեց մյուս աստղերին և կանխավետեց հոգևոր «արևով»՝ Քրիստոսով լուսավորված բարեբեր օրվա առավոտը:

Նա այն «ամենաճշմարիտ քարոզիչն» էր, որ իր քարոզներով նախապատրաստում էր ժողովրդին՝ ընդունելու վաղուց սպասվող Փրկչին-Մեսիային և ձգտում էր Նրա առջև ներկայացնել պատրաստ ժողովուրդ:

Նա՝ Տիրոջ նախակարապետը, մարգարեներից մեծագույնն էր, քանի որ դեռևս չծնված, իր մոր՝ Եղիսաբեթի որովայնում նախօրոք ազդարարեց Տիրոջ ծնունդը ու երկրպագեց Նրան:

Նա՝ խոսքով մարգարեն, գործով՝ առաքյալը, շնորհով՝ մկրտիչը, կոչումով՝ ավետարանիչը և ինչպես ասում է Եսային. Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ Ճանապարհները և հարթեցրե՛ք մեր Աստծո շավիղները» (Եսայի 40:3):

Իսկ Մաղաքիան՝ «Ահա ուղարկում եմ իմ պատգամաբերին, որ իմ առջև ճանապարհ պատրաստի» (Մաղաքիա 3:1):

Նա Քրիստոսին նախորդած և Նրա գալուստը վկայող ամենամեծ մարգարեն՝ Հովհաննես Մկրտիչն է: Ինքը՝ Տերը, նրա մասին ասել է, որ նա ավելին է «քան մարգարեն», և որ «կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել» (Մատթեոս 11:11):

Հովհաննես Մկրտչի ծնունդը խիստ նշանակալից է իր խորհրդավորությամբ ու գեղեցկությամբ. նա աշխարհ եկավ աստվածապաշտ ու սրբակյաց ծնողների ջերմեռանդ աղոթքներով:

Ծնողների մահից հետո Հովհաննեսը մնաց մենակ և վաղ հասակից անապատը դարձավ նրա կրթիչն ու դաստիարակը: Նա մեծացավ վայրի ու անբերրի անապատում՝ խստակրոն կյանքով, պահքով ու աղոթքներով, աստվածաբույր խոհերով նախապատրաստելով իրեն մեծագույն ծառայությանը:

Այսպիսով, երբ «ժամանակը լրացավ», հանդես եկավ մարդկությանը ծառայելու մեծ անապատականը և իր կոչումին հնազանդ սկսեց պատրաստել մարդկանց Ավետյաց Փրկչին ընդունելու համար: Նա շուրջ 30 տարեկան էր, երբ Հոգու մղումով հայտնվեց Հորդանանի ափերի մոտ: Այդ ժամանակ Երուսաղեմի ողջ շրջակայքից գալիս էին նրա մոտ մկրտվելու և իրենց մեղքերը խոստովանելու:

Անապատում կանչողի ձայնը անընդհատ ազդարարում էր դառը ճշմարտությունը թե՛ ժողովրդին, թե՛ իշխանություններին:

Նա մերկացնում էր բոլոր կոչումների ու դիրքերի տեր մարդկանց արատները ու պահանջում էր ճշմարտության շավղով քայլել:

Նա հրապարակավ, բացեիբաց դիմակազերծում էր փարիսեցիներին, սադուկեցիներին՝ ցույց տալով նրանց իրական տեսքը:

Նա ազատորեն խոսում էր հռոմեացի զինվորականների հետ, որ այդքան հալածանք ու վիրավորանք էին տարել հրեաների նկատմամբ:

Աստծո օրենքի նախանձախնդիրը, մարդկային մեղքերը մերկացնողը և ապաշխարության քարոզիչը՝ Հովհաննես Մկրտիչը, չլռեց և ազատորեն խոսեց անգամ թագավորի՝ Հերովդեսի հետ, որն անզգամությամբ ամուսնացել էր իր հարազատ, դեռևս կենդանի եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ Հերովդիայի հետ: Արքայական հարկի տակ կատարված այդ մեղքը մեծ գայթակղություն էր, և Հովհաննեսը, որպես Աստծուց առաքված, խիզախորեն ասաց. «օրինավոր չէ, որ դու նրան իբրև կին ունենաս»:

Այդ պատճառով Հերովդիան՝ Անտիպասի կինը, թշնամացավ Հովհաննես Մկրտչի հետ: Հերովդես Մեծը զրկել էր իր եղբորը՝ Փիլիպպոսին, ժառանգությունից: Վերջինիս ինքնասեր կինը տանջվում էր նվաստացումից և երազում էր իշխանության մասին: Երբ 26թ. Անտիպասը հյուր էր եղբոր տանը, Հերովդիան կարողացավ հմայել չորրորդապետին: Նա հիսուն անց էր, բայց սիրահարվեց իր բարեկամուհուն և որոշեց ամուսնանալ նրա հետ: Քիչ չէին այդ քայլին գնալու արգելքները: Հարկավոր էր ամուսնալուծվել առաջին կնոջից, որն իր դաշնակից, Նաբաթեայի արքա Արետաս IV-ի դուստրն էր: Իմանալով Անտիպասի ծրագրերի մասին՝ նրա կինը փախավ Նաբաթեա՝ հոր մոտ: Այդ բանը հասցրեց Արետասի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման: Հերովդեսի արարքը հենց Հուդայի երկրում արժանացավ միահամուռ դատապարտության. Հերովդիան իր ազգականուհին էր և եղբոր կինը: Այսպիսով, չորրորդապետը կրկնակի էր խախտում օրենքը (Ղևտական 18:6,16; Բ Օրենք 25:5-10): Սակայն Տիրակալին ոչինչ չէր կարող կանգնեցնել:

Հերովդեսը չուներ բարոյական ուժ մերկացնելու Հովհաննես Մկրտչին, նրան վախեցնում էր մարգարեական ձայնը, քանի որ մարգարեն իր իշխանության համար սպառնալիք էր համարվում: Հերովդեսը ոչ այդքան վախենում էր Աստծուց, որքան մարդկանցից, ինչպես ասում է Մատթեոս ավետարանիչը. «Հերովդեսն ուզում էր սպանել Հովհաննեսին, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ մարդիկ նրան ընդունում էին որպես մարգարեի» (Մատթեոս 14:5), որպեսզի ժողովուրդը նրա դեմ դուրս չգա և խռովություն չբարձրացնի, նա միայն բանտարկեց մարգարեին:

Հովհաննես Մկրտիչը բանտում երկար մնաց, իր մոտ էին գալիս իր աշակերտները: Նա, Աստծո օրենքի համաձայն, նրանց բարեգործության էր մղում, ավետում էր արդեն աշխարհ եկած Մեսիայի գալուստը, Ում մոտ և ուղարկում էր իր աշակերտներին հետևյալ հարցադրումով. «Դո՞ւ ես Նա, որ գալու էր, թե՞ մեկ ուրիշին սպասենք» (Մատթեոս11:2): Հովհաննես Մկրտիչը գիտեր, թե ո՞վ է Հիսուս, բայց դա արեց, որպեսզի իր աշակերտներն իրենց աչքերով տեսնեն Քրիստոսի կողմից գործված հրաշքները և վերջնականապես համոզվեն, որ Քրիստոս աշխարհի Փրկիչն է:

Բանտարկվածը Հերովդիայի համար շարունակում էր մնալ վտանգավոր: Հերովդիան նրա հետ հաշվեհարդար տեսնելու առիթ էր փնտրում, բայց գիտեր, որ իր թուլակամ ամուսինը հազիվ թե Հովհաննեսին դատապարտելու կամ կախաղան բարձրացնելու վճիռ կայացներ: Ի վերջո, հայտնվեց երկար սպասված առիթը:

Հերովդեսի և Հերովդիայի չարիքների գլուխ-գործոցը եղավ Հովհաննեսի անպարտ արյունը:

Հերովդեսն իր ծննդյան օրն էր նշում, և Մահերոնի պալատում պատվավոր շատ հյուրեր էին հավաքվել՝ զորապետեր և Գալիլիայի ավագանին: Խնջույքի թեժ պահին սրահի մեջտեղում հայտնվեց Սաղոմեն՝ Հերովդիայի դուստրը, որն իր կրակոտ ասորական պարով անասելի ցնծություն պարգևեց բոլորին: «Ուզիր ինձանից ինչ-որ կամենում ես»,-բղավեց հարբած ու խանդավառված չորրորդապետը: Հյուրերի ներկայությամբ նա խոստացավ պահել աղջկա ուզած ցանկությունը կատարելու համար տված իր երդումը: Սաղոմեն, խորհրդակցելով մոր հետ, կրկնեց Հերովդիայի հուշած բառերը՝ «Ուզում եմ, որ հիմա, իսկույն սկուտեղի վրա ինձ տաս….Հովհաննես Մկրտչի գլուխը»:

Անտիպասի դեմքը խոժոռվեց: Մարգարեն միշտ հարգանք էր ներշնչել իր նկատմամբ, նա խղճի խայթոց էր զգում, հասկանալով, որ իր առջև Աստծո մարդ է՝ մարգարե, ով չի ձգտում փառքի և հարստության, չի փնտրումը իրենը, այլ ասում է ճշմարտությունը, բայց և այնպես արքայի հրամանով դահիճի ձեռքը նրան հասավ: Հռոմեացիները, իրենց հերթին, չէին սիրում անդատարան հաշվեհարդարները: Սակայն Հերովդեսը, ցանկանալով պահել երևելի հյուրերի ներկայությամբ տված խոստումը, իր թիկնապահին հրամայեց իջնել զնդան: Վերջինս սուրը ձեռքին մտավ զնդան և զարհուրեց՝ տեսնելով Հովհաննես Մկրտչին աղոթելիս. «Անիծյալ լինի այն օրը, որ ես ծնվեցի, քանզի եթե կտրեմ սրբի գլուխը, վայ է ինձ, իսկ եթե չկատարեմ հրամանը, ապա թագավորը կսպանի ինձ»: Իսկ Հովհաննեսը պատասխանեց. «Ե՛կ, որդյա՛կ և առ իմ գլուխը, ինչպես որ ես եղա կարապետը կենդանիների համար Տիրոջ առաջ, նույնպես պիտի գնամ Տիրոջ առջևից և ավետիս տամ ննջեցյալներին` Օծյալի գալստյան և դժոխքի ավերման համար»: Շուտով նա վերադարձավ Հովհաննեսի արյունաթաթախ գլուխը ձեռքին: Այն դրեցին սկուտեղի վրա, և Սաղոմեն զարհուրելի նվերը մատուցեց իր մորը:

Այսպես մահացավ «կանանցից ծնվածներից մեծագույնը»: Աշակերտները մարգարեի մարմինը վերցրեցին և ամփոփեցին գերեզմանում:

Աստծո կողմից տրված պատուհաս համարվեցին այն չարիքները, որ պատահեց Հերովդեսի, Հերովդիայի ու նրա աղջկա հետ: Պատմվում է, որ ձմեռ օրով Սաղոմեն ցանկանում էր անցնել սառած գետի վրայով, ինչպես անվնաս անցնում էին շատերը: Սակայն, հանկարծ սառույցը ճեղքվում է և աղջիկը ընկնում է մինչև պարանոցը գետի մեջ: Տագնապալի շարժումներից սառույցը դանակի պես կտրում է նրա գլուխը: Բոլոր տեսնողներն ու լսողները ահով են լցվում, որովհետև գիտեին, թե նրա պատճառով կտրվեց Հովհաննես Մկրտչի գլուխը:

Հայ եկեղեցին Սբ. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակությունը նշում է Սբ. Զատկին հաջորդող շաբաթ օրը:

Մարգարեներից Սբ. Հովհաննես Մկրտիչը, ով եղավ Աստծո ձայնը, որ հնչում էր դատարկ հոգիների համար, ողջ կյանքում պայքարեց հանուն ճշմարտության և նահատակվեց հանուն ճշմարտության:

Ճշմարտության ճանապարհը հարթողը խոնարհաբար և բացահայտ ասում էր Ճշմարտությունը. «Ով ինձնից հետո է գալու, ինձնից ավելի հզոր է, որի առաջ կռանալով՝ նրա կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ» (Մարկոս 1:7):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am