Այսպէս է ասում Տէրը. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը» (Օրենք 30:19)

Վահագն Դավթյան․ «Պատմությունը պատ չէ, որ կարողանան վրայից քերել, ջնջել, կամ սվաղել արյունոտ կնիքները»

...«Լեգենդ չէ, ոչ , այլ պատմություն:

Արյունոտ սուլթան Ֆաթին ձին քշել, մտել է Այա - Սոֆիա՝ աշխարհի քրիստոնեական ամենափառահեղ տաճարներից մեկը, սրի է քաշել այնտեղ պատսպարված անզեն ու անպաշտպան մարդկանց, տաճարն արյան բաղնիք է դարձրել, հետո կռացել, ձեռքը թաթախել է արյան մեջ ու դրոշմել Այա- Սոֆիայի պատին:

Ո՛չ միայն Այա -Սոֆիայի պատին, արյունոտ սուլթանների հետագա ամբողջ տիրապետությունն արյունոտ ձեռքերի կնիքներով է վավերացվել:

Բայց Այա -Սոֆիայի վրա կա նաև մի այլ կնիք՝ Անիի հռչակավոր ճարտարապետ Տրդատի ձեռքի կնիքը:

Երբ դեռ Այա- Սոֆիան քրւստոնեական տաճար էր, փլվել է նրա հոյակապ գմբեթը: Շատերն են փորձել վերականգնել, բայց հնար չեն գտել: Տրդատ ճարտարապետին են հրավիրել, և նա հայկական գմբեթների թմբուկային սկզբունքը կիրառելով, վերականգնել է գմբեթը, որ կանգուն է մինչև օրս:

Երկու հետք, երկու կնիք, երկու գործելակերպ ու ապրելակերպ:

Ես չգիտեմ Այա -Սոֆիայի պատին դեռ կա՞, դեռ մնու՞մ է սուլթանի արյունոտ ձեռքի կնիքը, որ ամենաարյունոտն է, ամենադաժանը, ամենաահավորը...

Բայց պատմությունը պատ չէ, որ կարողանան վրայից քերել, ջնջել, կամ սվաղել արյունոտ կնիքները: Պատմությունը , նույնիսկ ամենահինը, կենդանի մարմին է, և վրան մնում են բոլոր վերքերի սպիները, իսկ սպիներն անջնջելի են:

Վահագն ԴԱՎԹՅԱՆ

Աղբյուր՝ Վահագն Դավթյան