Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Գանձայի պոեզիայի Տերյանական օրերից

1983- ի հուլիսի 24-ը Գանձայում ավանդական Պոեզիայի Տերյանական օրվա հիմնադրման 15- ամյակն էր:
Բազմության ոգևորությունն աննկարագրելի է, երբ հայտարարվում են ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, հոգևոր երգերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի և Էջմիածնի ճեմարանի ու պետհամալսարանի դասախոս Խորեն Պալյանի անունները: Վերջինս ասում է. «Մինչև մենք ներկայանանք մեր երգով, ցանկանում եմ ասել, որ մենք առաջին անգամն ենք լինում այս սրբացած հողի վրա, վայելում ենք այս երկրի օդն ու ջուրը, նաև ջերմ հյուրընկալությունը: Թույլ տվեք օգտագործել առիթը և Լուսինեի ու իմ անունից խորին շնորհակալություն հաղորդել այսօր այստեղ գտնվելու հիմնական «մեղավոր», մեր մտերիմ բարեկամ Նինա Հարությունյանին: Ճիշտ է, միշտ էլ երազել ենք լինել այստեղ, մասնակցել մեծն Տերյանի պոեզիայի օրվան, սակայն ամեն անգամ տարբեր պատճառներ ու դժվարություններ են մեջտեղ եկել. Դե, գիտե՛ք, համերգներ, հյուրախաղեր: Այս տարի Նինան մեզանից ամիսներ առաջ խոսք առավ, որ այս օրերին որևէ այլ հրավեր չընդունենք: Եվ, եկանք, որի համար անչափ գոհ ենք: Թույլ տվեք կատարել մի քանի երգ»:

Օդում թևածում են Կոմիտասի ու Եկմալյանի չքնաղ մեղեդիները, որոնք թափանցում են հանդիսատեսի հոգու խոր ծալքերը, վերացնում, կտրում են աշխարհից ու առօրյայից և մարդուն ակամա մտածել են տալիս, թե՝ ուրիշ ժողովուրդներ, որ չունեն այս երաժշտությունը, ինչպե՞ս են ապրում աշխարհում:

Համերգն աննախադեպ էր: Ժամանել են Հայաստանի հեռուստառադիոպետկոմի կամերային երգչախումբը՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1986 թվականից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կոչումով) Վահան Տերյանի Արամ եղբոր թոռ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ղեկավարությամբ և Վրաստանի «Մետեխի» ֆոլկլորային համույթը:

Վահան Տերյանի Գանձայում գտնվող Տուն-թանգարանի այցելուների մատյանում գրված է.

«Եղանք այս սրբավայրում, որը խորհրդանշում է մեր ժողովրդի բազմադարյան աննման քնարերգության փոքրիկ մեկ մատուռը, խոնարհվեցինք Տերյանի և Տերյան գերդաստանի խնկելի հիշատակների առջև:Հարգենք և գնահատենք մեր սեփական արժեքները, որոնք ամբողջ աշխարհի մշակութային արժեքների անբաժանելի մեկ մասնիկն են:
Փա՛ռք հայ ժողովրդի մշակույթին ու մշակներին:

Կոմիտասյան սիրով՝ Լուսինե Զաքարյան, Խորեն Պալյան»:

ՆԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «Վահան Տերյանի տուն- թանգարանը» տարեգրությունից:

(Նկարում՝ Նինա Հարությունյանը, Խորեն Պալյանը, Լուսինե Զաքարյանը, Վլադիմիր Աբաջյանը Հայաստանի պատվիրակության խմբում Գանձայում )

Աղբյուր՝ ՄԱԳԱՂԱԹ․AM