Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Մխիթար Գոշ․ Դատաստանագիրք

ԳԼՈՒԽ Է

ՎԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՈՒՄՆ Է ԿԱՅԱՆՈՒՄ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՄ ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԵՐԿՈՒ ԿԱՄ ԵՐԵՔ ՀՈԳԻ ԸՆՏՐՎՈՒՄ

Հարկավորությունից ելնելով դատաստանի ժամանակ վկաներ են պետք, որպեսզի դատախազներին հակառակելու ժամանակ դատավորը նրանց միջոցով կարողանա խնդիրը լուծել, որովհետեւ անհավատալի
չափերի է հասնում դատաստանավորներին դատավորների ձեռքը մատնելը եւ եթե հնար ունենային նրանց հրի էլ կմատնեին: Նաեւ ոսոխները նրանցով (վկաներով) առավել, քան դատավորներով, սկսում են զիջել, երբ վկաները կաշառքով վարձված չեն լինում եւ դատավորը նրանց ավելի հավատարիմ է գտնում:

Վկաների հավատարմությունը որոշեն նրանց վարքերից, որովհետեւ անհրաժեշտ է, որ նրանք ճշմարտախոս եւ անկաշառ լինեն եւ այդպես գան ատյան: Նրանք չլինեն դատախազի ազգականները, իսկ թե ազգականներն են դատախազի, այդժամ բազում մարդկանց վկայությամբ նախ թող հաստատվի նրանց հավատարմությունը: Ընտրվեն երկու-երեք վկաներ, այնպես, ինչպես արեգակն ու լուսինն են երկնքի կառուցված լինելու մասին վկաներ:

Երկրորդ, վկաները երբ ծերունիներ են, նրանց առավել պատիվ է տրվում: Բայց պարտավորություն է ցույց տալ, թե քանի տարեկանն է լավ վկայի տարիքի համար: Երեք տարեկան տղան նոր է խոսում, յոթ տարեկանին ուսման են տալիս, տասնչորս տարեկանին (արտ) սերմնացանելու, քսան տարեկանին՝ զինվորության, քսանհինգ տարեկանին ձեռնադրում են քահանա: Արդ, պարտավորություն է քսանհինգ տարեկանին ընտրել վկայության համար, որովհետեւ թե Աստծու առջեւ է հավատարիմ գտնվում եւ ի զորու է վկա լինել մարդկանց համար բարու եւ չարի հարցերում եւ նաեւ առավել հավատարիմ է լինում դատավորների առջեւ: Իսկ քսան տարեկանը, որ հասակ է որդեծնության, հավատարիմ է լինում առեւտրի, վաճառքի մեջ, որովհետեւ իր անձն ու սերմը վաճառում է կնոջը եւ այդպես է գնում իր կնոջը եւ ամուսնության մեջ հավատարիմ է: Այս տարիքը հավատարիմ է գնել ու վաճառելու մեջ:

Իսկ երբ պատահի, որ վկաներից մեկը քսանհինգ տարեկան լինի, իսկ մյուսը ծեր եւ երկուսն էլ լինեն հավատարիմներ. երիտասարդը ծերի կողքին՝ ուղիղ կլինի ճանապարհը նրա: Իսկ թե վկաներից երկուսը կամ երեքը քսանհինգ տարեկան են, ընդունելի է:

Իսկ ըստ ազգերի կրոնների պարտավորություն չէ, որ անհավատները վկաներ լինեն քրիստոնյաների վրա, թեպետեւ արդարներ լինեն եւ թվով շատ, որովհետեւ դեւերին չընդունեց Քրիստոսը եւ նրանց չլսեց, թեպետեւ արդար վկայեցին, որովհետեւ նրանց ճշմարտությունը խառնակ է եւ սուտ: Այս նաեւ Պողոս (առաքյալն) էլ չընդունեց, որ նրանց հետ մեկ միաբանություն չկարծվի: Նաեւ հերձվածողներին եւս (քրիստոնյաների վրա վկա չընդունել), որովհետեւ երբ Տիրոջ համար ճշմարիտ վկաներ չեն, ինչպե՞ս պիտի կարողանան մեզ համար լինել: Բայց նրանց, միմյանց վրա վկա լինելն ընդունելի է, եթե հարկ լինի:

Իսկ կանանց վկայությունը ընդունելի չէ, բացի վկայության լրաբերներից, ինչպես որ Տիրոջ հարության լուրը չորս կանայք բերեցին երկու առաքյալներին, եւ նրանք հաստատեցին Տիրոջ հարությունը, վկաներ լինելով ճշմարիտ հարությանը Տիրոջ: Այսպես էլ, եթե այնպիսի դեպք պատահի, որ կանայք են վկաները եւ այդ կանայք ճշմարիտ վարք ունենան, ապա թող հավատարիմ այրերին պատմեն եղելությունը եւ հավատարիմ ճանաչվի վկայությունը այս կանանց այդ այրերի միջնորդությամբ: Բայց ատյանի առջեւ չկանգնեն կանայք, այնպես, ինչպես որ իշխանություն չէ տրված նրանց ո՛չ քահանայելու, ո՛չ նվիրելու, ո՛չ հնձան գործելու, ո՛չ խանութում նստելու եւ ո՛չ էլ այրական հագուստ հագնելու, ըստ կանոնների, այդպես էլ իշխանություն չէ նրանց ո՛չ դատելը եւ ո՛չ վկայություն տալը, բացի միայն այնքանը, որ նախօրոք նշեցինք:

...Կանանց դյուրագրգռության պատճառով նրանց (վկա լինելը) երկբայելի է: Սակայն արժան է, երբ կանայք են վկայություն տալիս կանանց վրա, քանի որ բազմաթիվ են այն դիպվածները, որ նրանց մերձ ու ըմբռնելի են, իսկ այրերի համար՝ ո՛չ: Եվ այս դեպքում էլ վկաները պարտավոր են լինել ամեն կողմի համար երկու հոգի:

Ամեն հասակում՝ լինի ծեր, երիտասարդ, թե մանուկ, որ վկայում են Աստծուն՝ ընդունելի է, ինչպես որ Բեթղեհեմի մանուկներն էին վկայում, վկայում էր սուրբ Կիրակոսը, Ստեփանոս նախավկան եւ բազում այլոք: Բայց մարդկային վկայության առումով ավելի լավ է քսանհինգ տարեկանի եւ ծերերի վկայությունները, որովհետեւ Աստված սրտերին է նայում, իսկ մարդը՝ երեսին ու տեսքին: Իսկ թե ինչո՞ւ են երկու կամ երեք հոգի վկաներ ընտրում, ոչ թե ավելի շատն
ենք խոտելի կոչում, այլ որպես ամենապակաս թիվ նրանց համար, ինչպես որ գրված է՝ երկու կամ երեք վկաների միջոցով հաստատվի ամենայն բան: Որովհետեւ դյուրին է մեկ ախտակիր վկայի համար սուտ խոսելը, իսկ երկու կամ երեքի դեպքում՝՝ ո՛չ:

Եվ որպեսզի դատավորն էլ իմանա, որ եթե երկու վկաների միջոցով է բանն հաստատվում, այդտեղից ճշմարտությունը քաղի: Բայց պարտավորություն է վկաների համար տեսնելն ու լսելը, ա-
պա վկայելը, որովհետեւ լավ է տեսնելը, քան լսելը եւ ճշմարիտը վկայել մարդկանց առաջ եւ Աստծուց իրենց պարգեւն ստանալ: