Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Անկախությունը որպես առաջնայնություն համարողներս փոքրաթիվ էինք․․․

Հոգևորականն անկախականի իր պայքարի, «Միացման» և «Միացումից» հետոյի մասին

Մեր զրուցակիցն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

-1988 թվականի փետրվարի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական առաջին զանգվածային ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով: Իսկ արդեն փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի` Հայաստանի հետ և տեղի ունեցավ արցախյան առաջին ցույցը Երևանում: Բայց հետո Ազատության հրապարակում հնչող «Միացումից» հեռացանք և ունեցանք Անկախ Արցախ և Անկախ Հայաստանի Հանրապետություն, երբ նույնիսկ միացման ակտ կար ընդունված: Սրա քաղաքական և ռազմական հիմնավորումների մասին լսել ենք, ըստ Ձեզ՝ սրանից դուրս այլ բաժանարար գիծ կա՞ր, Ազատության հրապարակում կանգնած շարքային քաղաքացին նույնպե՞ս գնաց սրան:

- Ես չեմ ցանկանում ո՛չ քաղաքագիտական և ո՛չ այլ մեկնաբանություններ անել, որովհետև դա իմ ոլորտը չէ և ո՛չ էլ հավակնություն ունեմ: Միայն կասեմ, որ այդ օրերին զգացմունքը զիջեց ռազմավարությանը և գրեթե անիրականանալի տարածքային նկատվող պահանջը վերածվեց ճիշտ գնահատված ազգերի ինքնորոշման պայքարի: Անշուշտ, մեր բոլորի փափագն ու ձգտումն է մի օր տեսնել Արցախը վերջնականապես միացած Մայր Հայաստանին և, բնականաբար, ոչ միայն Արցախը: Ես չէի ասի բաժանարար գիծ, այլ տարբեր մոտեցումների և ռազմավարության հարց կար: Մենք բնականից գնացինք Անկախ և Ազատ Հայաստանի հռչակմանը՝ հաշվի առնելով նաև ընդհանուր աշխարհում տեղի ունեցող զարգացումները: Ամեն դեպքում Անկախությունը որպես առաջնայնություն համարողներս շատ փոքրաթիվ էինք՝ ԱԻՄ-ի գլխավորությամբ, այդուհանդերձ, սա մի ընդհանուր պայքար էր Արցախի պահանջատիրությունը ևս վերածելով բռնատիրության դեմ համազգային պայքարի:

- Ավելի քան 25 տարի անց երկրի ներսում «Միացման» պայքարի անհրաժեշտություն կա, երբ Արցախի անկախության միջազգային գործընթաց գոյություն ունի, որը որոշակի արդյունքներ է արձանագրել: Որքանո՞վ ենք պատրաստ Հայաստան-Արցախ վերամիավորմանը՝ քաղաքական ղեկավարություններից մինչև շարքային քաղաքացի, հոգևորական:

- Միացման ցանկությունը միշտ եղել և լինելու է, դա կարծում եմ մեր վերջնանպատակը պիտի լինի: Սակայն հարց է, թե ի՞նչ և ինչպիսի՞ ճանապարհով կամ ճանապարհներով պիտի կարողանանք հասնել այդ նպատակին: Այս պահին ես ինչպիսի ցանկություն էլ հայտնեմ, դա լինելու է իմ սահմանափակ պատկերացումներին համապատասխան, և բնականաբար, պարտադիր չէ՝ ճիշտ: Այսուհանդերձ, կարծում եմ սա երկար գործընթաց է և կարծես թե աշխարհի զարգացման տրամաբանությունն էլ շեշտադրումը կատարում է մարդու իրավունքի և ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Հետևաբար՝ եթե այսօր ռազմավարությունը պահանջում է այդ ճանապարհով ընթանալ, ապա պետք է ամեն ջանք ներդնել այն իրականություն դարձնելու նաև Արցախի համար: Սակայն եթե վաղը փոխվի այդ մտայնությունը, մենք պիտի կարողանանք փոփոխել նաև մեր մարտավարությունը: Փաստացի Արցախը և՛ անկախ է, և՛ Հայաստան է, կարծում եմ, որ մենք իրավական լուծումների ճանապարհը պիտի կարողանանք գտնել:

-Այստեղ, թերևս, չմոռանանք բերձորյան «բաժանման» միջադեպը և դրանից հետո հնչած մտքերը, թե բարոյական իրավունք չկա Արցախը ՀՀ-ի մարզ համարելու, ներքին խնդիրներին խառնվելու: Այս ամենը չի՞ հեռացնում «Միացումը», թեպետ, բոլորն ասում են այն մի օր լինելու է: Բայց չէ՞ , որ յուրաքանչյուր գործընթացից առաջ պետք է հոգեբանական պատրաստում լինի:

- Ցավում եմ բերձորյան միջադեպի համար իր ամբողջության մեջ: Ինչպես քիչ առաջ նշեցի՝ ինչպիսին էլ լինեն մեր մեկնաբանությունները, պատկերացումներն ու զգացմունքները, այդուհանդերձ, իրավագիտական առումով Արցախի Հանրապետությունը փաստացի իրականություն է և եթե այդ գաղափարն այսօր արդյունավետ է պետական, համազգային ընդհանուր շահի տեսակետից, ուրեմն բոլոր միջոցներով պիտի նպաստենք նրա առավել ամրապնդմանն՝ անկախ նրանից, թե որ դաշտում ենք գտնվում և քաղաքական ինչ հայացքներ ունենք: Ես անձնապես հոգեբանական որևէ խնդիր չեմ տեսնում, սա ավելի քաղաքական, ռազմավարական, մարտավարական և այլ հանգամանքներով պայմանավորված հարց է:

- Դուք մասնակից եք եղել շարժմանը, եղել անկախական, այն ժամանակվա այսպես ասած՝ նախախորհրդարանի անդամ, ըստ այդմ՝ տեսել եք իրական առաջնորդների և հերոսների: Սխալ չէ՞, որ այսօր ամեն օր հերոսներ և չհերոսներ ենք փնտրում, այն դեպքում, երբ հերոսը մեր կողքին է, մեզանից հեռու չէ, երբ անընդհատ առաջնորդ ենք փնտրում, ոչ թե բարձրացնում, երբ սահմաններ ենք գծում՝ ով է իրական հերոսը, մտավորականը, հոգևորականը, քաղաքացին, և սա տեղավորում ենք հաճախ մեր քաղաքական նախասիրությունների, տրամաբանության և հանգամանքների մեջ:

- Գիտեք, «անկախական» եզրը այն օրերին (ես և իմ ընկերները 17-18 տարեկան էինք) մեր՝ ԱԻՄ-ի անդամների կամ անկախությունը որպես մեր բոլոր հարցերի լուծումների ճանապարհ առաջնորդների և առաջարկողնեի հասցեին արտասանվող հեգնական արտահայտություն էր, իսկ մեզ համար պատիվ էր: Ունեինք «Անկախության Պատը» Ազատության հրապարակում, որը կարծես մի մեծ ու բաց պատի թերթ լիներ բազմահարյուր գրություններով: Այնտեղ նաև հսկայական պաստառով կախված էր Տերունական աղոթքը՝ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ սկզբնավորությամբ: Մասնակցում էինք նախ «Անկախություն», ապա «Ինքնորոշում», «Սվոբոդա» թերթերի և «Հայրենիք» ամսագրի պատրաստման և տարածման աշխատանքներին: Այսօր իմ շատ մտերիմների մեծ մասն այդ տարիների իմ ընկերներն են՝ իրենց ընտանիքներով: Ցավոք, նաև շատերը զոհվեցին մեր ազատամարտում: Պետք է նշեմ, որ ոչ թե ես եմ եղել Նախախորհրդարանի անդամ, այլ Նախախորհրդարանը ԱԻՄ-ի նախաձեռնությունն էր՝ պատրաստվելու անկախությանը: Այն շատ բուռն քննարկումների, գաղափարական տարբերություններով հանդերձ զանազան կազմակերպությունների մի հրաշալի հարթակ էր: Աստիճանաբար անկախության գաղափարը դառնում էր շատերի գիտակցությունը և, բնականաբար, անկախության առաջնորդների ընդհատակից դուրս եկած և փառապանծ ճանապարհ անցած Ազգային Միացյալ Կուսակցության անդամների Պարույր Հայրիկյանի, լուսահոգի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի, Մեխակ Գաբրիելյանի, Սուսաննա Ավագյանի, Ազատ Արշակյանի, լուսահոգի Աշոտ Նավասարդյանի, Գևորգ Միրզոյանի գլխավորությամբ և շնորհիվ, ովքեր այդ օրերին ոչ թե ընդդիմացան Արցախյան շարժմանը, այլ համբերությամբ և իմաստուն համադրմամբ կարողացան փաստել անկախ Հայաստանի անհրաժեշտության մասին: Այն ժամանակ ամեն ինչ նոր և մի տեսակ եթերային էր, համատարած լծված էինք արտաքին թշնամու դեմ՝ բոլոր հնարավոր միջոցներով:

Դժբախտաբար, սա մեր հոգեբանությունն է կամ աշխարհի կարգը, որ հերոսները ողջ չեն լինում: Նույնիսկ Հիսուսին իր քարոզչության ընթացքում անընդհատ փորձում էին ներկայացնել որպես իրենց ծանոթ հյուսնի որդի, բայց հերոսացրեցին Խաչի վրա մահանալու պահին, երբ ապշահար հարյուրապետը չդիմացավ խոստովանելու ճշմարտությունը: Այն օրերին ոչ ոք հերոս չէր փնտրում մեր միջավայրում: Մեր հերոսները անցյալում էին, ինչպես այսօր ենք նայում ետ և այնտեղ ենք փորձում գտնել նրանց:

Մյուս կողմից էլ մեր ընկալումներում արժանիորեն հերոս ենք համարում մեր ազատամարտիկներին՝ կռված տղաներին միայն: Իսկ ի՞նչ անվանենք այն փոքրիկ երեխաներին կամ տարեցներին, ովքեր դիմացան և դիմանում են կյանքի զրկանքներին, որոնց անուններն իսկ հայտնի չեն: Միթե՞ նրանք հերոսներ չեն, որոնց չենք էլ նկատում: Ամփոփելով միտքս, ցանկանում եմ շեշտել, որ դժբախտաբար այսօր փորձում ենք ամեն ինչ համահարթեցնել, գնահատել իրականությունը ոչ թե այնպես ինչպես կա՝ խորքային վերլուծություններ կատարելով, այլ տեսնել այնպես ինչպես մեզ է հարմար՝ համապատասխան մեր դիրքորոշումներին կամ կողմնորոշումներին: Դրա համար էլ հերոսները մեր շրջապատում «ձեռնտու» չեն: Այսօր կամ հայհոյանք է, պարսավանք կամ փառաբանություն և չափազանցություն: Իրական մեկնաբանված, գնահատված վերլուծված միտքն ու վերաբերմունքը մղվում է լուսանցք: Այդ պատճառով էլ հերոսի կերպարը ոչ թե վերածվում է հավաքականության սեփականության, այլ լավագույն դեպքում անհատական մեկնաբանության:

- Ի՞նչ դիրք պիտի բռնի եկեղեցին, հոգևորականն այս իրողությունում, օրինակ՝ Վրաստանի հոգևոր առաջնորդը բավականին ակտիվ է և անգամ մի հարցման արդյունքում ազդեցիկ քաղաքական դեմքերի շարքում առաջնային տեղում էր: Ո՞րն է այն «կարմիր գիծը», որը չպետք է հատվի և որին պիտի հասնել:

- Նախ ցանկանում եմ շեշտել, որ Հայ Եկեղեցու համար տարածքային բաժանում գոյություն չունի և այս տրամաբանությամբ էլ Արցախի թեմը ներքին թեմական միավոր է և ոչ թե սփյուռքյան: Եկեղեցաբանորեն եկեղեցին չի միջամտում քաղաքական գործընթացներին: Իր դարավոր փորձառությամբ Եկեղեցին մշտապես հանդես է եկել որպես ժողովրդի միասնության երաշխավորը և, հետևաբար, ցանկացած գործընթաց, որ կվտանգի այդ միասնությունը, մանավանդ հասարակական գիտակցության մեջ՝ անկախ քաղաքական հայացքներից, մղելու է եկեղեցուն համապատասխան քայլեր ձեռնարկելուն: Ասեմ նաև, որ իմ հետաքրքրություններից դուրս է Վրաստանի իրավիճակի քննարկումը, համենայնդեպս, իմ համեստ գնահատմամբ միայն տարածքային ամբողջականության կորուստը բավարար է չնախանձելու Վրաստանի այսօրվա կացությանը, որում ինչպես դուք եք նշում իր «բավականին ակտիվ» մասնակցությունն է ունեցել Վրաստանի հոգևոր առաջնորդը:

- Եկեղեցին պատասխանատու չէ՞ երկրում տիրող հոգևոր կամ բարոյահոգեբանական մթնոլորտի համար, հավատացյալների, քաղաքացիների հոգևոր դիմադրողականության, որն այսօր շատ թույլ է: Մենք ամեն օր երիտասարդների ինքնասպանության մասին ենք լսում, որոնք, երբեմն, որևէ լուրջ խնդիր չեն էլ ունենում, այսինքն՝ խնդիրը ապագա, ապրելու իմաստ չտեսնելու մեջ է: Այսօր որքանո՞վ է հոգևորականը «կույրի» աչքին ձեռքերը դնում, որ նա տեսնի, որ մարդուն ծառերի պես չտեսնի:

- Եկեղեցին իր կացնահարված ժառանգությամբ և սահմանափակ միջոցներով փորձում է կարելին անել հենց բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման համար: Բավարար են արդյո՞ք ջանքերը՝ չեմ կարծում: Այդուհանդերձ, հաշվի առնելով նաև թե՛ արտաքին և թե՛ ներքին ազդեցությունները, հստակ ուղղորդումն ու շահարկումները նպատակադրված կերպով ուղղված են խարխլելու նրա հեղինակությունը: Մի կողմից Եկեղեցին անընդհատ միտված է իր ներքին կյանքի վերանորոգությունը կատարել, իսկ մյուս կողմից` ստիպված դիմագրավելու բազմաշերտ հակաքարոզչական արշավին: Կան արդյո՞ք թերություններ՝ անշուշտ կան, որոնք մշտական վերլուծության, գնահատումի և քննարկման առարկա պետք է լինեն: Սակայն անզեն աչքով իսկ նկատելի է հոգևոր զարգացումը: Ցավոք, չի խոսվում այն բոլոր իրագործումների մասին, որոնք տեղի են ունենում հենց Եկեղեցու գործունեությանն առնչված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Պարզ ասում եմ՝ ընդունեն կամ չընդունեն հստակ ծրագրված քաղաքականություն է վարվում կոտրելու հասարակական կյանքի հոգևոր հիմնասյունը՝ Եկեղեցին, որը հատուկ է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին: Այս առիթով ցանկանում եմ վերհիշեցնել Ավարայրի ճակատամարտից առաջ Ղևոնդ Երեցի խոսքը, որն այսօրվա իրականությունից չի տարբերվում. «Հեռացնենք մոլորեցնողների խավարային խորհուրդները, ովքեր եղկելի և ողորմելի են, մանավանդ, նրանք ովքեր կամավորապես են կուրացած և երբեք ճշմարտության ճանապարհը չեն գտնելու»:

Այս ասելով հանդերձ, բոլոր կառուցողական քննադատությունները, որոնք բխում են ազնիվ զգացումներից բնականաբար ընդունելի են, իսկ մնացած բոլոր ցեխարձակումները ծառայում են վերը նշված նպատակին:

- Քանի որ թեման «միացումն» ու «բաժանումն» է,պատմության մեջ ե՞րբ է եղել եկեղեցի-քաղաքացի, քաղաքացի-հոգևորական միասնություն, երբ բաժանում, այսօր դեպի միացում ենք, թե՞ ...

- Նույնիսկ տոտալիտար ռեժիմների ժամանակ նման բաժանում գոյություն չի ունեցել: Այսօր շատ ավելի մերձեցում է տեղի ունենում, հատկապես՝ երիտասարդության և հոգևորականության կապի առումով, կարծում եմ սա հենց ինքնին հանգիստ չի տալիս հակառակորդին՝ ինչ գույնով ու տեսքով էլ նա լինի:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Փետրվար 11, 2015