Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Մատյան Ողբերգության․ Բան Լ

Ա
Եվ արդ, թող ճշմարտվի քո խոսքը,
ողորմած Աստված դու բոլորի,
Ներող և օրհնյալ` այն մեղավորի մասին,
Որը մի օրում բազմաթիվ անգամ
գայթելով` վերջապես դարձի կգա
զղջացած,
Թեկուզ այդ լինի իր վերջին շնչում
Եվ կամ չարություն գործած միջոցին:
Մանավանդ որ դժնյա կցորդս այս
անձնիշխանական`
Մի մարտիկ է միշտ, խաբող շողոքորթ,
ստության հարած,
Ըստ առակողի` հողմեր արածող,
Դժվարբռնելի փախչող` հաստողից,
Որսողին գերի` մոլեկան մարմնիս,
Ներհակ տնկակից, որի պատճառած
վարանումների
Որքանությունը դո՛ւ գիտես միայն:
Սակայն մեղքերին հաջորդում են խիստ հուսահատական և տաժանակոծ,
Բազմավաղելի հո՜ւյժ ողորմագին
բարձրաձայն ողբեր,
Արցունքով գրված և ի գութ շարժող
թառանչներ թշվառ,
Որոնք մեղքերով տագնապողը, Տե՜ր,
տարածում է քո առջև ամոթահար:

Բ
Եվ որպեսզի կրկնաբանությունս
շատախոսության չհասնի
Ու չդառնա ավելի ողբալի, քան այս,
Ասեմ, թե նա արքայություն չէ, որ
համարձակվում է խնդրել քեզանից,
Այլ միայն թեթևացում տանջանքների.
Ոչ թե կհուսա բնակվել լույսի մեջ
ապրողների հետ,
Այլ` խավարի մեջ, գերեզմանականների
հետ, զգայական շնչով.
Ոչ թե բարձրերի, այլ խորտակվածների և բեկյալների հետ լինել.
Հոգնաբեկ է նա իր հանգստի մեջ և
խրախճանքում` տրտում,
Դեմքով ժպտուն է և մտքով` խոցված. Երեսը ծիծղուն, և աչքն արտասվագին.
Առերևույթ սփոփված է ձևացնում իրեն,
Իսկ արտասուքը սրտի դառնությունն է
վկայում:

Գ
Իր երկու ձեռքում երկու ըմպանակ, մեկն
արյամբ լցված և մյուսը` կաթով.
Եվ վառվող երկու բուրվառ ունի նա, մեկը
խունկով լի, մյուսը` ճենճերով.
Անոթներ երկու, մեկը քաղցրությամբ
լեցուն և մյուսը` դառնությամբ.
Մի զույգ բաժակներ երկու նյութով լի,
մեկը արտասուք և մյուսը` ծծումբ.
Մատների ծայրով բռնած երկու տաշտ`
գինի մեկի մեջ ու մյուսում լեղի:
Տեսողության դռներ իրարու ներհակ`
մեկը լաց լինելու և մյուսը
սխալվելու տրամադիր.
Իրար հակառակ երկու հալոցներ, մեկն
արծարծում է և մյուսը` մարում.
Երկդիմի նայվածքներ` մեկը ողոքիչ և
մյուսն անխնա բարկությամբ լեցուն.
Դեպի վեր պարզած երկու բազուկներ`
մեկն հարվածելու, մյուսը մերժելու.
Դեմք` երկու տարբեր արտահայտությամբ - տխուր ու ցասկոտ.
Մեկի փոխարեն երկու կշտամբանք`
ներկայի համար և ապագայի.
Ապավինումներ կասկածելի` մեկը «գոնեե և մյուսը «թերևսե.
Մի բերանի մեջ երկակի բարբառ` մեկը
եղկություն, մյուսը խռովանք.
Միևնույն սրտում երկու զգացմունք` մեկը
կասկածելի հույսի և մյուսը ճշգրիտ
կորստյան.
Ամպ լի լրթագույն, ահագնատեսիլ կրկնակ
տեղումով` մեկը սուր նետեր և մյուսը`
քարեր.
Որոտում ահեղ երկու բերումով` կարկուտ ու կրակ
Ցավագին գիշեր երկու վշտով լի` լալու ու մահվան
Սուգի առավոտ երկու գոչյունով` մեկը
սաստի և մյուսն սպառնալիքի.
Արևներ երկու` երկու կողմերից - մեկը

Դ
Եթե մի բռունցք բարձրանա հանկարծ,
կարծում է` իրեն է հարվածելու.
Իսկ եթե երկարի ձեռք պարգևաձիր` նա
ինքը իրեն համար հույս չունի:
Երբ մեկը պարծենում է, կորանում է նա,
Եվ երբ գլուխը բարձր են պահում`
ընկճվում է.
Երբ չար արարքներ են հիշվում` հեծում է.
Երբ սրբերի մասին է խոսվում` ամաչում է.
Հանդերձյալի մասին պատմվելիս`
երերում է.
Երբ մեկից օրհնվի հայտնապես` ծածուկ
անիծում է իրեն.
Երբ գովեստ լսի մեկից` կշտամբում է իրեն պարսավանքով.
Երբ նախատվի սաստկապես` գտնում է
նա այդ իրավացի.
Եթե ուժգին ծաղրվի` համարում է այդ
սակավ հատուցում նա իր
բազմաթիվ մեղքերի համար.
Եթե լսի նա` իր մահն են ուզում` ասում է
«այո՛ե և կրկնում դարձյալ.
Եթե երկնքից մահ ու շանթ ճայթի` իր
դեմքն հազիվ է բաձրացնում վերև:
Իր իրավունքների մատյանն է գոցված,
Պատասխան տալու հույսն է կտրված,
Համարձակության ճամփան է փակված:
Չէր դանդաղի նա լինել անձնասպան,
Եթե չլիներ այդպիսի կորուստն անփրկելի քայլ:
Արդարև վա՜յ այն մեղավորին,
Որ տարակուսյալ կկանգնի երկու
ճամփաների վրա, ըստ իմաստունի
հոգելից խոսքի:

Ե
Եվ արդ, ինչպե՞ս չես ողորմում,
բարեգութ,
Այսքան ողբաձայն ու կողկողագին
հեծեծանքներիս,
Դու այս խոսքով բարձրացար, ասելով,
թե` «Ես ողորմած Տե՜ր եմե: Ահա՛ չարության դեմ գերուս` կա քո
բարությունը,
Մահապարտիս դառնության դեմ` քո
քաղցրությունը,
Կորուսյալիս գտնելու համար` քո
ճառագայթը,
Հանդուգնիս մոլության դիմաց` քո
ողորմությունը,
Վնասակարիս խստության դիմաց` քո
հեզությունը,
Կործանվածիս օգնելու համար` քո աջը,
Ընկղմվածիս դուրս բերելու համար` քո
ձեռքը,
Անողջանալի վերքերիս բժշկության
համար` քո մատը,
Ահաբեկվածիս պաշտպանության համար` քո ոգին,
Ապերախտիս վստահացնելու համար` քո երկայնամտությունը,
Ամենադաժանիս օծման համար` քո
զորությունը,
Մեղավորիս քավության համար` քո
հրամանը,
Փախչողիս ապավինության համար` քո ոտքը,
Դուրս սլացողիս պատսպարության
համար` քո բազուկը,
Վրիպածիս առաջնորդության համար` քո լույսը,
Տարակուսյալիս հնարավորության
համար` քո հանճարը,
Անիծյալիս դարձյալ ստանալու համար`
քո օրհնությունը,
Վհատյալիս քաջալերության համար` քո
խրախույսը,
Վշտացյալիս մխիթարության համար` քո
բաժակը,
Նեղյալիս ընդարձակության համար` քո
կամքը,
Ատելուս կանչելու համար` քո սերը,
Սասանյալիս հաստատության համար` քո խոսքը,
Հոգով վիրավորվածիս համար` քո արյան կաթիլը,
Անտես ցավերս ցրելու համար` քո
ակնարկությունը,
Հուսահատվածիս վերընտրության
համար` քո իշխանությունը, Կտրվածիս պատվաստելու համար` քո
կցորդությունը,
Մահվան խավարով ծածկվածիս համար`
շողդ կենսատու,
Խռովյալիս հանդարտության համար` քո
խաղաղությունը,
Վայրագորեն օտարացածիս համար` քո
ողջույնը,
Մոլորվածիս դարձի բերելու համար` քո
ձայնը,
Զի դու ես տիրում բոլորին քո գթությամբ,
Եվ չկա քո մեջ խավարի մասնիկ,
Եվ չկա բարություն առանց քեզ,
Եվ քեզ է վայելում փա՜ռք
հավիտյանս, ամեն