Այսպէս է ասում Տէրը. «Որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ» (Ղուկասի 12:2-3)

Վիլյամ Սարոյանի որդին հոր հիվանդության և իրենց բարդ հարաբերությունների մասին

Երեկ երեկոյան քույրս՝ Լյուսին, հեռաձայնեց և հայտնեց, որ հորս փաստաբանը՝ Արամ Գևորգյանը, զանգահարել է իրեն և տեղեկացրել, որ հայրս մեռնում է քաղցկեղից: Սկզբում նա առաջագեղձի քաղցկեղ ուներ, որը, ակներևաբար, կարող էր բուժվել, բայց նա չհետևեց իրեն և այն տարածվեց դեպի լյարդը, իսկ հիմա հասել է ոսկորներին:

Ես անմիջապես գիտակցեցի, որ այս լուրը իմանալուց առաջ մեր միջև եղած տարաձայնությունները այլևս կորցրեցին իրենց նշանակությունը:

Անցյալ սեպտեմբերին նրան ասել էին, որ նա չի բոլորի 1981 թվականը: Նա չուզեց հիվանդանոց գնալ և մինչև այժմ ոչ մի նկատելի ցավ չուներ, թեև Լյուսին ասաց, որ գիշերները ինչ-որ ցավ է զգում:

Նա յոթանասուներկու տարեկան է, ապրել է առողջ, երկար կյանք: Նախանցյալ գիշեր ես կարդում էի նրա մի գիրքը, որը հրատարակվել է միայն հինգ տարի առաջ. «Որդիները գալիս ու գնում են, մայրերը՝ հարատևում»: Դա շատ լավ գիրք էր՝ գրված Սարոյանի վերելքի ժամանակաշրջանի մակարդակով: Էդուարդ Հոկլենդը այդպես էր գնահատել այս գիրքը «Նյու Յորք թայմզի» գրախոսությունների բաժնում, մի բան, որ շատ դուր էր եկել հորս:

Հիմա, նրա հիվանդության մասին կցկտուր ասվածը ճշտում է ինձ ու Լյուսիին (հավանաբար, իր բժշկից և փաստաբանից բացի, մենք առաջինն էինք, որ իմացանք այդ մասին): Ըստ երևույթին՝ նա ցանկացել է, որ այժմ մենք իմանանք այդ մասին, թեև հավանաբար նա տագնապել է կասկածներով, թե մենք ինչպե՞ս կընդունենք այդ լուրը, հատկապես ես, քանի որ վերջին չորս տարիների ընթացքում ոչ մի կապ չեմ ունեցել իր հետ:

Թեև, ինչքան էլ տարօրինակ հնչի, պիտի ասեմ, որ այդ ժամանակահատվածում մեր միջև եղած անջրպետը ավելի փոքր է եղել, քան երբ մենք հարաբերվում էինք իրար հետ: Հեռվից ես կարողանում էի ավելի սիրել ու հարգել նրան, մի բան, որ առաջներում ինձ չէր հաջողվում, երբ տեսնում ու գրում էի նրան: Իրականում նա շատ ամաչկոտ ու ներամփոփ է՝ ի հակադրություն իր հասարակական կյանքի: Երեք տարի, տարեկան մի քանի անգամ, մեկ կամ երկու ժամով, նա այցելում էր մեզ, և ինձ թվում էր, թե ահա ուր որ է կխախտվի սահմանը, և մենք կմտերմանանք…

Հենց այն ժամանակ էլ, 1978 թվականին, ես ավտովթարի ենթարկվեցի, ջախջախվեց ոտքիս կոճը: Այս առիթով ես մի հիմար և հանդիմանական նամակ ստացա նրանից: Նա ենթադրում էր, թե ես սխալ էի վարել մեքենան, գուցե եղել էի թմրադեղի ազդեցության տակ և այլն: Մինչդեռ պարզից էլ պարզ էր, որ մի մոտոցիկլ յոթանասուն մղոն արագությամբ ուղիղ գալիս էր ինձ վրա: Երբ առաջին անգամ տեսա մոտոցիկլը, արդեն մեկ մեքենայի հեռավորության վրա էր ինձանից, և այն բախվեց ինձ: Երբ ստացա հորս նամակը, անմիջապես պատասխանեցի, բայց հետո որոշեցի չուղարկել պատասխանը, որովհետև այլևս չուզեցի գործ ունենալ այդպիսի չոր, իմ նկատմամբ վստահությունը հիմնահատակ կործանող անձնավորության հետ:

Սա չի նշանակում, թե իմ նկատմամբ կասկածի ոչ մի հիմք չուներ նա կամ որևէ մեկը, բայց երբ ընկած ես, չես ուզում լսել այդ մասին:

Հիմա ես ուզում եմ նրան մենակ չթողնել, կանգնել նրա կողքին: Նա կարողացել է ճիշտ վարվել, և ես ուրախ եմ, որ նա իրեն չի ենթարկել քաղցկեղի բուժման հիվանդանոցային նվաստացնող պրոցեդուրաներին: Ես հստակորեն զգում եմ, որ նա պատրաստ է դիմակայել մահը և գիտի ինչպես մեռնել, և մենք՝ Լյուսին ու ես, պետք է պարզապես անենք ինչ որ կարող ենք, որպեսզի նա հանգիստ մեռնի:

Իր պարագային մահը բնական բան է: Նա արել է այն, ինչ պետք է աներ, և, միևնույն ժամանակ, նրա կյանքի այս վերջին փուլը ինձ համար հույժ կարևոր է, ես պետք է ներկա լինեմ այդ փուլին, սովորեմ նրանից:

Երեկ գիշեր, Լյուսիի հեռախոսազանգը լսելուց հետո, ես կանգնեցի հյուրասենյակում և պատմեցի կնոջս՝ Հեյլինին և երեխաներին հորս վիճակի մասին՝ առարկայորեն վերլուծելով այն, գուցե մի քիչ սառնասրտորեն: Հանկարծ Հեյլինը ասաց, որ մեր ավագ դուստրը՝ Ստրոուբերրին, որը տասը տարեկան է, շատ հուզված է:

- Քաղցրիկս, շա՞տ ես տխուր, - հարցրի ես:

- Այո, - ասաց նա և հեծկլտալով փլվեց բազմոցին:

Ես ստույգ չգիտեմ՝ իմ հա՞յրը, թե՞ իմ դուստրը շարժեցին իմ սիրտը, բայց իմ աչքերը լցվեցին արցունքով, և ես գնացի ու գրկեցի նրան:

- Հիշո՞ւմ ես պապիկին, - հարցրի նրան:

- Անշո՛ւշտ, - ասաց նա:

Նրա վշտի պարզությունը մեծ թեթևացում եղավ ինձ համար:

Ապրիլի 15, 1981 չորեքշաբթի

Երեկ Լյուսին զանգեց և հաղորդեց այն լուրերը, որ հորս բժիշկը՝ դոկտոր Ջիբելյանը հայտնել է Ֆրեզնոյից: Նա մանրամասն զեկուցել էր այդ օրվա հորս վիճակի մասին և ասել, որ երեկ նրան քննելիս նկատել էր, որ դրությունը վատացել է: Բժիշկը հույս չուներ, որ նա երկու ամսից ավել կապրի, կարող է նույնիսկ շաբաթների հարց լինել: Մինչ այդ, բժիշկը քրոջս հավաստիացրել էր, որ նա մեկ տարվա կյանք ունի, մի քիչ ավել, մի քիչ պակաս:

Նա ասել էր, որ հորս լյարդում մեծ ուռուցք կա, որը թույն է արտադրում:

Ես այդ կասկածը ունեցել էի: Ես երեկ Լյուսիին ասացի, որ եթե հիմա հայրիկը, թեկուզ կողմնակի ճանապարհով, թույլ է տալիս, որ մարդիկ իմանան իր հիվանդության մասին՝ այն երկար ժամանակ գաղտնի պահելուց հետո, ուրեմն դա նշանակում է, որ նա գիտակցում է մահվան մոտիկությունը:

Լյուսին այսօր Բեվըրլի Հիլսից քշելու, գնալու է Ֆրեզնո, որպեսզի օգնի նրան ինչով կարող է: Վաղը մենք գնալու ենք ամբողջ ընտանիքով, տեղավորվելու ենք մի պանսիոնատում, և ես իմ որդու՝ Արմենակի հետ, որը չորս տարեկան է, և որին հայրս ամենաքիչն է տեսել, գնալու ենք հորս մոտ: Եվ եթե նա ցանկություն հայտնի տեսնելու Հեյլինին, Ստրոուբերրիին և Կրիմին, ապա կգնանք բոլորով: Գուցե նման այցելությունը նրան շատ հոգնեցնի:

Հեյլինը ասաց, որ ուզում է հիվանդի մոտ լինել ամբողջ ընտանիքով, եթե, անշուշտ, նա փափագի տեսնել մեզ:

Հնարավոր է, որ հիվանդի համար ավելի հեշտ լինի նրանց ընդունել հիմա, քան հետագայում:

Ֆրեզնո հասնելուց և հորս տունը գնալուց հետո Լյուսին զանգեց և ասաց.

- Արամ, մոռացի՛ր այս ամենը:

Հետո ես լսում էի նրա հեծկլտոցը: Նա Լոս Անջելեսից քշել-եկել էր Ֆրեզնո՝ հետը բերելով ամբողջ մի զամբյուղ ուտելիք և սրտում՝ ամենալավ ու ջերմ զգացումներ, բայց հայրս վիրավորել էր նրան շատ դաժանորեն և նրան դուրս արել տնից:

Ֆրեզնոյում շատ շոգ էր, քույրս հեռախոսախցիկում կանգնած լաց էր լինում ու խոսում ինձ հետ:

Նա հիվանդի դռանը մոտենալուց առաջ անուշահոտություն էր քսել վրան, որովհետև քրտնել էր ավտոմեքենայում, և հայրս նրան ասել էր, որ այդ հոտը արագացնում է իր մահը:

Լյուսին զամբյուղը թողել էր դռան առաջ և դուրս եկել տնից:

Ես այնքան լավ ծանոթ եմ հորս հոգու այդ սև թույնին, որ այսօր կլանել էր քրոջս: Ինչքա՜ն երկար եմ ես ճանաչել այդ թույները իմ կյանքի սկզբնավորությունից ի վեր, ես նույնիսկ հասկանում եմ պատճառը, այնուամենայնիվ ինձ համար շատ դժվար է ներել նրան:

Հիմա նա մեռնում է: Եվ սա միակ հասկանալի պատճառն է, որ ես վերանայեմ իմ վերաբերմունքը և տեսնեմ նրան, որովհետև նա շնչում է մի լունավոր, անդամալուծող օդ, որը որևէ պահի գուցե կարելի լինի փոխարինել մեր միջև իսկական օդով: Նա մի մարդ էր, որ իր յոթանասուներկու տարիներից վաթսունինն ապրել է այս թույների հետ, այս մեծ մահաթրթիռների հետ, և հիմա ահա նա մեռնում է, բայց այդ թույները դեռևս իր մեջ են և վերջին օրերին գուցե ավելի են ուժեղացել:

- Բայց սա Վիլիամ Սարոյանն է, «Մարդկային կատակերգության» և «Քո կյանքի ժամանակը» գործերի հեղինակը, հայ հիանալի, խենթ բանաստեղծը, կյանքն ու բոլորին սիրող մարդը, - այսպես են խոսում մարդիկ նրա մասին:

Ես էլ Արամ Սարոյանն եմ, նրա երեսունյոթ տարեկան որդին, և ահա, ամբողջ կեսօրից հետո հին, ընդարմացած զգացումը նորից գլուխ է բարձրացրել իմ մեջ, և մինչ մեր այցելության ժամը մոտենում է, դեռևս մինչև Լյուսիի հեռախոսազանգը, աճում է, ուժեղանում: Քրոջս զանգը միայն ավելի գրգռեց այդ զգացումը: Երբ գիտես, որ ոչնչով չես կարող կասեցնել, շրջել նրանից բխող ատելության, դաժանության և հիստերիկ բարկության հոսքը, որի համար ոչ մի առիթ չես տվել, ուզում ես քո մեջ թմրեցնել որդիական ամեն մի զգացմունք:

Ի վերջո, մարդկային կյանքը շատ փոքր բան է՝ համեմատած այսպիսի մի բարկության խորությունների հետ: Ես, քույրիկս և մայրս էլ բարկանում ենք, բայց ոչ ոքի վրա բաց չենք թողնում մեր զայրույթը: Դեռևս մենք այնքան խելացի չենք, ինչպես մեր հայրը, եթե մենք զայրանանք, գուցեև չկարողանանք զսպել մեզ և տառացիորեն սպանություն գործենք, բայց հայրս սպանում է հոգեպես, հոգեբանորեն, ինչպես նա դա արեց այսօր Լյուսիին:

Իսկապես նա սարսափելի խելացի մարդ է, ավելի խելացի, քան ամենախելացի իրավաբանը, որից նա զզվում է:

Սարսափելի խելացի մարդ, որովհետև,վերջիվերջո, կռվարար մարդը պետք է խելացի լինի, որպեսզի նրան վախկոտի տեղ չդնեն: Նա պետք է իր կռիվներն ընտրի զգուշությամբ, որպեսզի այդ մասին չիմանա այն անձը, որը հավասար մրցակից է և կարող է կռիվը փոխադարձել: Եվ իմ հայրը չափազանց խելացի էր և չափազանց զգույշ:

Նա որպես թիրախ ընտրեց իր կնոջը, որդուն և դստերը:

Ես մի խնդիր ունեմ: Շատ ծանր մի խնդիր, որի հետ չգիտեմ ինչպես վարվեմ: Անցած տարիների ընթացքում ես փորձել եմ տարբեր մոտեցումներ, բայց խնդիրը մնում է խնդիր, ինչպես էլ որ նրան մոտենամ: Հարցն այն է, թե ես ինչպես ասեմ, որ այն ճշմարտության մի կոտորակը չթվա, այլ երևա իր ամբողջ խելացնոր ճշմարտությամբ:

Որովհետև այդ ճշմարտությունը իմ էության ամենախորքում է թաքնված:

Անհրաժեշտ կամքը չկա, որ իմ հոգու խորքում ճշմարտությունը ինքնասպանություն գործի: Առկա է միայն ժամանակի դանդաղ սահքը՝ բաղկացած ցերեկային և գիշերային րոպեներից: Եվ հոգին, պարփակված իր երկրային անոթի մեջ, նման է լուսամուտի առջև կանգնած մի երեխայի, որ դուրս է նայում՝ ոչ մի բանի…

Ոչ մի տեղ չնայող երեխա- սա է, ինձ թվում է, այն խորունկ դասը, որ հայրս իր խոսակցական լեզվով և գրություններով, իր գրքերով ուսուցանել է ինձ և ուրիշների, մեզ փոխանցել իր ուժը և իր կյանքի խղճալի կատաղությունը:

Ես խոսում եմ մի մարդու մասին, որի հայրը մահացել է, երբ ինքը երեք տարեկան էլ չկար: Նա այդ ժամանակ մեկուկես տարով փոքր էր իմ որդուց՝ Արմենակից, որին անվանել են իր պապիկի հոր անունով:

Նրա հայրը մահացել է կույր աղիքի պայթյունից, որը տեղի է ունեցել, երբ նա խմել է իր կնոջ՝ Թագուհու կողմից իրեն մատուցված մի բաժակ ջուրը: Կինը գիտեր, որ նրան ջուր չի կարելի, որ դա նրան կարող է սպանել, բայց, ըստ երևույլին, չէր կարողացել դիմադրել նրա թախանձանքներին: Այնպես որ, իր մայրը որոշ առումով սպանել էր հորը:

Արմենակը գեղեցիկ տղամարդ էր, ուներ Հին երկրից բերած մեծ բեղեր և եղնիկի աչքերին նմանվող խոշոր, վեհերոտ աչքեր: Նա Հայաստանում ձեռնադրված քրիստոնյա քարոզիչ էր և այնքան լավ էր տիրապետում անգլերենին, որ շուտով ջերմ բարկամություն հաստատվեց նրա և Նյու Յորքի պատվելի Ուիլյամ Ստոնհիլի միջև: Նրա անունով էլ կոչվեց իմ հայրը, չորս երեխաներից միակը, որ ծնվել էր Ամերիկայում:

Արմենակը շուտով հաստատեց համայնքային իր ծուխը՝ գլխավորելով Նյու Ջըրսիի Պետերսոն քաղաքի հայկական ուղղափառ եկեղեցին: Այս աշխատանքը գտնելուց անմիջապես հետո նա Հին երկրից բերել տվեց կնոջը և երեխաներին:

Բայց Թագուհին չուզեց ապրել Պետերսոնում: Նա ցանկանում էր գնալ Ֆրեզնո, որտեղ բիթլիսցի բազմաթիվ հայեր կային, և որոնք գրում էին, որ Արմենակը այնտեղ կունենա իր համայնքային սեփական ծուխը:

Եվ այսպես , վերջիվերջո, ընտանիքը տեղափոխվեց Ֆրեզնո, որտեղ 1908 թվականի օգոստոսի 31-ին ծնվեց իմ հայրը:

Բայց այդտեղ համայնքային ծուխ չկար կամ գոնե այն չափի, որով Արմենակը կարողանար իր ընտանիքի ապրուստը ապահովել:

Նա մեռնում էր գրեթե ամբողջ մարմնով մեկ տարածված քաղցկեղից, բայց դեռևս բացարձակ շփոթմունքի մեջ էր, հոգեբանական տառապանքի մեջ և, հավանաբար, զգայուն վերաբերմունքի կարիք էր զգում:

Նա ատում էր իր կնոջը, որովհետև գուրգուրանքից զուրկ է մեծացել, նրա զգացմունքային պահանջները չեն բավարարվել: Դա նրան դառնացրել է, սովորել ապրել միայնակ, փակ կյանքով:

Հիմա նա մի ծեր մարդ է, պառկած Ֆրեզնոյի իր առանձնատանը, և մեռնում է քաղցկեղից: Դուստրը եկել է նրան խնամելու, կատարելու իր որդիական սրբազան պարտքը: Գուցե դա նրան տարօրինակ է թվացել, ուստի և չի ընդունել նրան, նրան թվացել է, թե նա շահադիտական նպատակ է հետապնդում և ասել է.

- Դու եկել ես շահագործելու իմ մահը…

(շարունակելի)

Աղբյուր՝ Vnews.am